• am
  • ru
  • en
Версия для печати
29.06.2023

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՏՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ. Վարդան Ասծատրյան

   

Արցախյան հարցը մինչ օրս հուզում է շատ-շատերին: Մեր հայրենակիցներն արդեն ամիսներ շարունակ գտնվում են շրջափակման մեջ, ինչի հետևանքով արցախցիները հայտնվել են ճգնաժամային իրավիճակի առջև: Այս թեմայի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Ասծատրյան, սովորաբար Ձեր հետ զրուցել ենք գորգերից, բայց այսօր զրուցելու ենք Արցախում տեղի ունեցող իրավիճակից: Ըստ Ձեզ՝ այն ամենը, որ հիմա կատարվում է մեր երկրում, մեր սիրելի Արցախում, դա ինչի՞ հետևանք է:

— Ընդհանրապես, երբ պատերազմում պարտություն ես ունենում, նման իրավիճակ է ստեղծվում: Այսօր Ռուսաստանի խաղաղապահ զորքերն են Արցախում ապահովում եռակողմ պայմանագրի դրույթները: Եվ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի ներկա պատերազմական վիճակից՝ քայլ առ քայլ խախտելով պայմանավորվածությունը և թելադրելով իր «հաղթողի» օրակարգը՝ պարբերաբար ավելացնելով և՛ կինետիկական, և՛ հոգեբանական ճնշումները: Պետք է արձանագրենք, որ շատ պրոֆեսիոնալ ձևով են գործում: Իրենց նպատակն է՝ Արցախի ժողովրդի համար ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ անելանելիությունից ստիպված ինտեգրվեն Ադրբեջանի տնտեսության մեջ կամ լքեն այս տարածքը:

— Ըստ Ձեզ, ո՞րն էր սխալը:

— Ամենաճակատագրական սխալը՝ Արցախը դուրս հանելն էր բանակցային գործընթացից: Հայաստանի իշխանությունները Արցախի տեղը բանակցելով Ադրբեջանի հետ՝ միջազգային հանրության համար օկուպանտի դերում էին հայտնվել: Միջազգային իրավունքն ունի իմպերատիվ իրավական նորմեր, որոնցից երկուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքն է և տարածքային ամբողջականության իրավունքն է: Երկար տարիներ այդ երկու նորմերը ներկայացնում էին որպես իրավաբանական կոլլիզիա, ինչի նպատակն էր մեր հանրությանը մոլորության մեջ մտցնելը: Միջազգային իրավունքի նորմերը (jus cogens) չեն կարող իրար հակասել, պարզապես կիրառվում են ըստ իրավիճակի: Եթե տարածքային ամբողջականությունը խախտվում է ներքին ազգային փոքրամասնության պայքարի հետևանքով՝ կիրառվում է ազգերի ինքնորոշման իրավունքի նորման: Իսկ եթե տարածքային ամբողջականությունն է խախտվում հարևան պետության կողմից, արտաքին ուժերի կողմից՝ կիրառվում է տարածքային ամբողջականության իրավունքի նորման:

Արցախը, 1991 թվականին, համաձայն Խորհրդային Միության սահմանադրության, անկախացել է, ինչպես խորհրդային մնացած պետությունները, դառնալով միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ: Ինչից հետո Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ, որում պարտություն է կրել: Այդ պատերազմում Հայաստանը կողմ չէր հանդիսացել, համաձայն համապատասխան ՀՀ Ազգային ժողովի որոշման: Փաստորեն, ըստ միջազգային իրավունքի, գործընթացը ճիշտ էր ընթանում, բայց հետո, 1990-ականների վերջում, ինչ-ինչ պատճառներից ելնելով, Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: Պատճառների ուսումնասիրությունը թողնենք պատմաբաններին: Երբ Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, մենք այդ հարցում դիվանագիտական հիպոտետիկ պարտություն կրեցինք: Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակից դարձավ միջազգային իրավունքի օբյեկտ: Հենց դրա հետևանքով այս կոնֆլիկտի հանդեպ կիրառվեց «տարածքային ամբողջականության» նորմը՝ ինչն էլ իր հերթին բերեց 2020թ. պարտությանը:

— Իսկ միջազգային հանրությունը լուռ, խուլ և համր է:

— Միջազգային հանրությունը չխառնվեց այս պատերազմին, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, լինելով բանակցային գործընթացի կողմ, ինքնըստինքյան հանդես է եկել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտողը, այսինքն՝ «օկուպանտ»: Մենք մնացինք մենակ, իսկ մեր դեմ Ադրբեջանին միացան ևս երեք պետություն:

Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքականությունը Արցախի հարցով, ըստ միջազգային իրավունքի, տրամաբանական է. անվտանգությունը Արցախում ապահովում են ռուսական խաղաղապահ ուժերը, Արցախը պահպանում է պետության բնորոշ բոլոր ատրիբուտները, և միջազգային հանրությունն ընդունում է արցախահայության այդ տարածքում լինելու իրողությունը և իրավունքը: Ադրբեջանի գործելաոճից երևում է, որ Արցախը ճանաչված է, ու դրա ակնհայտ փաստն այն է, որ այստեղ գտնվում են խաղաղապահ զորքեր: Ադրբեջանի իշխանությունները հասկանում են այդ ամենը և փորձում են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հայերը ինքնակամ լքեն այս տարածքը: Մեր դիվանագիտության խնդիրը այն է, որպեսզի Արցախի իշխանությունները ինքնուրույն բանակցեն Ադրբեջանի հետ՝ ստանձնելով միջազգային սուբյեկտայնությունն իբրև առանձին կողմ:

— Ներկա պահին Ձեր հարազատներն Արցախում են, ինչպիսի՞ն է իրավիճակը:

— Օրինակ՝ եղբայրս այսօր իր ընկերոջ հետ ավտոտնակում քսան լիտր բենզին էր գտել և այնքան էր ուրախացել, որ զանգել է ինձ և պատմում էր: Ահա այսպիսինն է իրավիճակը Արցախում:

Արցախցիների ոգին անկոտրում է: Մենք նման վիճակներում գտնվել ենք պատմության տարբեր հատվածներում և շարունակել ենք ապրել ու արարել այդ հողում: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը հաղթահարելու է այս դժվար պատմական ժամանակաշրջանը:

Նունե Զաքարյան
www.iravunk.com


դեպի ետ