
ՄԻԱԿ ԳՈՐԾՈՆԸ, ՈՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՆԱՋՆՋՈՒՄԻՑ ՀԵՏ Է ՊԱՀՈՒՄ, ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է. Հարությունյան
«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
— Արցախը շուրջ հինգ ամիս է` գտնվում է շրջափակման մեջ, ի՞նչ է սպասվում արցախահայությանը, եւ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվի:
— Հայաստանյան իշխանությունների ձեռամբ Արցախի ճակատագիրը թողնվեց թուրք-ադրբեջանական տանդեմի իրավասությանը, ողորմածությանը, բարեհաճությանը: Սա փաստ է: Իրողություն է նաեւ այն, որ որեւէ պարագայում խոսել Արցախի Հանրապետության ժողովրդի Ադրբեջանին ինտեգրման մասին, ավելորդ է, քանի որ դա ոչ այլ ինչ է, քան ուղղակի դատապարտել ցեղասպանական գործողությունների: Արդեն հինգերորդ ամիսն է, իսկ վերջին մի շաբաթը խուլ շրջափակում է Արցախի հանդեպ, սա պատերազմական գործողություն է 120 հազար ազգաբնակչություն ունեցող Արցախի դեմ: Մեր իշխանությունների ձեռամբ` նրանք գերեվարված, պատանդ թողնված մարդիկ են: Ադրբեջանը վաղուց արդեն մտածում է, թե 44-օրյա պատերազմի արդյունքներով արցախյան խնդիրը վերջնականապես լուծված է , այլեւս խնդիր` որպես այդպիսին, գոյություն չունի, հետեւաբար այդ խնդիրները, ինչքան հնարավոր է, նա պետք է օգտագործի հայ-ադրբեջանական հարաբերություններում, իր «բանակցային» ռիսկերը ամրապնդելու համար: Սա ակնհայտ է, եւ բոլոր տեսակի հայտարարությունները Հայաստանի վարչապետի կողմից՝ կապված արցախահայության իրավունքների եւ անվտանգության միջազգային երաշխիքների ձեւավորման մասին, այլեւս դատարկ հայտարարություններ են: Միակ գործոնը, որն առայժմ արցախահայությանը ֆիզիկական բնաջնջումից հետ է պահում, ռուս խաղաղապահների ներկայությունն է այնտեղ: Թույլ տվեք նկատել, վերջին շրջանում արդեն սկսել ենք այդ առաքելության արդյունավետության վրա էլ կասկածել: Եթե ռուսական խաղաղապահները Հակարի կամուրջի վրա կարող են ուղեկցել ադրբեջանական զինվորների դրոշ տեղափոխելուն, համաձայնեք, որ առավելագույնս հարցեր են առաջանում: Մի բան պարզ է, որ անկախ նրանից՝ ռուս խաղաղապահները գործում են մանդատո՞վ, թե՞ առանց մանդատի, արդյունավետ են աշխատում, թե` ոչ, նրանց առկայությունը Արցախում, արցախահայությանը ֆիզիկական բնաջնջումից, այս պահի դրությամբ զերծ է պահում:
— Այս ամենը հաշվի առնելով` ինչո՞ւ է հակառուսական տրամադրություն տարածվում, հատկապես ՀՀ իշխանությունների շրջանակների կողմից:
— Հայկական իշխանությունների կողմից հակառուսական տրամադրությունները վաղուց են, եւ նույնիսկ վարչապետը դա չի թաքցնում, բոլորովին պատահական չէ, որ այս բարդ պայմաններում Հռոմի ստատուտի հարցը նորից մտնում է շրջանառության մեջ, սրանք հենց այնպես քայլեր չեն: Ես ինքս Ռուսաստանի քաղաքականության առումով հարավային ուղղությամբ մի շարք հարցադրումներ ունեմ, որոնք, ըստ էության, հիմք են տալիս այդ քաղաքականության արդյունավետությունը կասկածի տակ դնել: Նկատի ունեմ հայ-ռուսական ռազմավարական հետաքրքրությունների ապագայի տեսանկյունից: Փատը մնում է փաստ` բոլոր հավասար պայմաններում, բոլոր պետությունները եւ այդ թվում նաեւ այսօր միջազգային միջնորդների առաքելություն ստանձնած ազդեցիկ խաղացողները, յուրաքանչյուրն այս տարածաշրջանում պետք է պահի հետաքրքրությունները եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը ընդամենը առիթ է, հնարավորություն տարածաշրջանում սեփական ներկայությունը կամ աշխարհաքաղաքական ազդեցությունը ամրապնդելու` ոմանք միջնորդված կամ Թուրքիայի, կամ Ադրբեջանի միջոցով, ոմանք` անմիջապես: Ռուսաստանը 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իր ազդեցությունը մասամբ զիջեց թուրքական ազդեցությանը: Հիմա Արեւմուտքը, օգտվելով ռուս-ուկրաինական ճակատում ստեղծված իրավիճակից, որ, ըստ էության, ձեւավորվել է նոր սառը պատերազմի ավելի դաժան դրսեւորումներ, ու Ռուսաստանը հայտնվել է տարածաշրջանի երկու պետություններից կախվածության մեջ` դեպի հարավ տեղաշարժվելու խնդիրներով պայմանավորված, փորձում են Ռուսաստանին ավելի նեղը գցել: Բայց մի բան պարզ է, որ նույնիսկ այդ պարագայում, երբ բոլորը հետապնդում են իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, եթե կա մի պետություն, որի համար Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել անվտանգության ոլորտում, դրանք Ռուսաստանն ու Իրանն են:
— Ի վերջո, որտեղի՞ց ակնկալել օժանդակություն, երբ Արցախում ստեղծված իրավիճակը երկար շարունակվել այլեւս չի կարող:
— Ինչպես Ռուբեն Վարդանյանն է հայտարարում, արցախահայությունը մի ընտրություն ունի` դիմանալ, ոչ ոք այսօր արցախահայությանը չի օգնելու: Մեր հասարակության ընդդիմադիր հատվածը լավագույն դեպքում կարող է բարոյական աջակցություն ցույց տալ, աջակցություն կարող է լինել նաեւ սփյուռքի տարբեր կառույցների կողմից իրենց երկրների վրա ճնշում գործադրելը: Համենայնդեպս, ես ուրիշ ձեւ չեմ տեսնում: Միակ տարբերակը, թեկուզ ատամները կրճտացնելով, դիմանալն է, սա երկար չի կարող տեւել: Սա Արցախի ու Հայաստանի դեմ ուղղված չէ, սա ապտակ է միջազգային հանրությանը, հիմա միջազգային հանրությունը ինչքան կարող է կուլ տալ այս թուքումուրը, ժամանակը ցույց կտա, ես չեմ կարծում, որ սա անսպառ ռեսուրս է: Վաղ թե շուտ միջազգային հանրությունը ստիպված է լինելու հեղինակությունը փրկելու, եւ ստիպված կլինի քայլեր ձեռնարկելու: Մեր հայության բոլոր հատվածների նպատակը, գիտակցումը պետք է լինի այն, որ հայկական պետականության լինելության բանալին Արցախում է, չունենանք Արցախ, չի լինելու Հայաստան պետականությունը:
— Կարծում եք` այս ճանապարհով փորձում են արցախահայությանը վերջնականապես տեղահանե՞լ իրենց բնօրրանից:
— Դա վերջին հաշվով հայրենազրկությունն է, որը նույնպես ցեղասպանություն է: Ալիեւը չի էլ թաքցնում, ասում է` կա՛մ պետք է ընդունեք խաղի մեր կանոնները, կա՛մ թողեք գնացեք: Դրա համար եմ ասում` հիմա հայության խնդիրն է, ցանկացած գնով, առավելագույնս ճնշում գործադրել սեփական իշխանությունների վրա, որպեսզի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեն: Գիտե՞ք, շատ դեպքերում իրենք կանգնած են ընտրության առջեւ, իրենց հարաբերությունները հանուն Արցախի` Ադրբեջանի հետ փչացնե՞ն, լարե՞ն, թե՞ չէ, հանուն այն միավորի, որից հայկական իշխանությունները հրաժարվել են: Համաձայնեք, որ օտար պետությունների համար սա նույնիսկ խնդիր էլ չէ, նրանք կարող է չեն էլ մտահոգվում: Իշխանությունները չէի՞ն պատկերացնում` ինչ իրավիճակի մեջ կարող է հայտնվել Արցախը, երբ ասում էին` Ադրբեջանի անբաժանելի մասն է: Եթե իրենք են ասում, հիմա հեռու մի պետություն ինչո՞ւ նման պարագայում հանուն արցախահայության պետք է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ լարի` այն պարագայում, երբ այդ նույն Ադրբեջանը իրենց համար աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական առումով որոշակի հետաքրքրություն ներկայացնում է, նույնիսկ նրանք ընտրության առջեւ կանգնած չեն: Խնդիրն այլեւս հայության դաշտում է:
Ս. Ասատրյան
www.iravunk.com
դեպի ետ