
ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐԸ ԽԵՂԴԵԼՈՒ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Յուրաքանչյուր քաղաքական գործիչ հանրության դատին է ներկայանում ապագայի իր տեսլականով։ Եթե նման տեսլականը բացակայում է, ապա այդ գործչի՝ հանրային վստահությանն արժանանալու շանսերն էականորեն փոքրանում են։ Դրանով էր պայմանավորված, որ պարտված ղեկավար լինելով հանդերձ՝ Փաշինյանը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանդես եկավ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով։ Նա փորձում էր այդ կարգախոսի ներքո ձևակերպել այն տեսլականը, որ ինքը, կրկին իշխանության գալով, բացառելու է նոր պատերազմը և «խաղաղության դարաշրջան» է բացելու, որի արդյունքում Հայաստանը զարգացման համար նոր ժամանակահատված է ստանալու։
Այսինքն, Փաշինյանի ներկայացրածի այլընտրանքը լինելու էր նոր պատերազմը և նոր պարտությունը, որի հետ կապված ժողովրդի շրջանում վախեր էին առաջացել։ Սա էր այն հիմնական քաղաքական «հաղթաթուղթը», որը թույլ տվեց Փաշինյանին նորից վերընտրվել։ Այնուամենայնիվ, Փաշինյանի վերընտրվելուց արդեն երկու տարի է անցել, բայց ոչ միայն խաղաղության տեսլականը մշուշոտ է, այլև նոր պատերազմը բացառված չէ։ Հակառակորդը պարբերական սադրանքների միջոցով ավելացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը և փորձում է իր պայմանները թելադրել։ Իսկ այս ամենը ճանապարհ է հարթում նոր կապիտուլ յացիայի համար, որն արդեն կարող է արձանագրվել նոր փաստաթղթի ստորագրման միջոցով։
Բնականաբար, եթե նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլ յացիոն համաձայնագրի ստորագրմանը հաջորդող իրադարձությունների ժամանակ Փաշինյանին հաջողվեց մի կերպ իշխանությունը պահպանել, ապա այս անգամ նրա համար շատ դժվար է լինելու կրկին «նույն գետը մտնելը»։ Ուստի, եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը տեղի ունեցավ հասարակության համար անհայտ պայմաններում, երբ հանրությունն ուղղակի կանգնեց կատարված փաստի առաջ, ինչը նաև էմոցիոնալ պոռթկման պատճառ դարձավ, ապա ներկա փուլում Փաշինյանը փորձում է հնարավորինս նախապատրաստել հասարակությանը «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը՝ անկախ նրանից, թե հայկական կողմի համար որքան ծանր պայմաններ կարող են դրանում արձանագրվել։ Ընդ որում, կրկին շահարկելով հանրության շրջանում նոր պատերազմի հետ կապված վախերը՝ Փաշինյանը խաղաղության պայմանագրի կնքումը փորձում է ներկայացնել որպես չարյաց փոքրագույնը, որը կարող է տեղի ունենալ։
Ու նա անընդհատ շոշափում է հանրային տրամադրությունները, որպեսզի ստուգի, թե ինչպես են ընկալվում պարտության հետ համակերպվելու և Արցախը Ադրբեջանին թողնելու իր թեզերը։ Իսկ երբ նա տեսնում է, որ լուրջ դիմադրություն չկա, ապա փորձում է օվերտոնի պատուհանի միջոցով հանրային օրակարգ ներմուծել իր գաղափարները։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե նախկին որևէ ղեկավար հրապարակային հայտարարեր, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Իսկ հիմա այդ ամենը նորմալ է ընկալվում։ Դրա համար էլ Փաշինյանի թիմակիցները գլուխ են գովում, թե նա միակ ղեկավարն է, որը նման հայտարարություն է արել, ու դրանից հետո մարդիկ դուրս չեն եկել փողոց իրենց անհամաձայնությունն արտահայտելու։ Սակայն այս պահին բողոքի բացակայությունը չի բացառում, որ վաղը կարող է դիմադրության օջախներ ձևավորվեն, որոնք լրջագույն խնդիրներ կարող են ստեղծել իշխանությունների համար։ Բայց իշխանությունները հաշվի են առնում, որ դիմադրությունը չի կարող իրական տեսք ստանալ, եթե ժամանակի ընթացքում դրան վերաբերող գաղափարներ ու մոտեցումներ չգեներացվեն։
Ուստի, պատահական չէ, որ ինչքան մոտենում է խաղաղության պայմանագրի կնքման պահը, այնքան իշխանությունները ավելի մեծ արագությամբ են սեղմում քաղաքական ռեպրեսիաների պտուտակը։ Ամբողջովին այս տրամաբանության մեջ կարող է տեղակայվել մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ նոր քաղաքական հետապնդումների ալիքը, ովքեր կարող են կշռադատված ու փաստարկված քննադատություններ հնչեցնել, ազգային շահերի դիրքից հանդես գալ, որի արդյունքում հանրային տրամադրություններում կարող է փոփոխություն առաջանալ։ Փաստացի հիմիկվանից դիմադրության հնարավոր օջախները ճնշելու խնդիր է դրված, որպեսզի այս անգամ Փաշինյանը հանգիստ հրապարակայնորեն մասնակցի խաղաղության պայմանագիր անունով կապիտուլ յացիայի ստորագրմանը ու հանրության առաջ հանդես գա խաղաղություն բերողի լուսապսակով, այլ ոչ թե վախից թաքնվի բունկերում։
Մի կողմից էլ՝ քաղաքական հետապնդումների միջոցով նա կգոհացնի Ադրբեջանին ու Թուրքիային՝ ասելով, թե՝ «տեսեք, չեմ թողնում, որ ռևանշիստները գլուխ բարձրացնեն, դրա համար անհրաժեշտ է, որ աջակցեք իմ իշխանությանը»։ Ու պատահական չէ, որ կոնկրետ Թուրքիայից իր անձի վերաբերյալ սիրառատ ակնարկներ են հնչում։ Կարծես թե, Փաշինյանի իշխանությունը ճակատագրի մատուցած նվերն է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Դրա համար էլ 2021 թվականին, երբ ՀՀ ԶՈւ ԳՇ-ն Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, Թուրքիայի պաշտոնական շրջանակները մեկը մյուսի հետևից Փաշինյանին աջակցող հայտարարություններով էին հանդես գալիս։
Այդ ե՞րբ էր ՀՀ ներքաղաքական կյանքն այդքան հետաքրքրել Թուրքիային։ Եվ արդեն անցյալ տարի Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը դրվատում էր Փաշինյանին՝ նշելով, թե նա գործընթացը լավ է տանում՝ չնայած սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին։ Իսկ ներկա փուլում Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալության արարողությանը, իսկ Թուրքիայի նախագահն էլ Բաքու կատարած իր այցելության շրջանակներում հայտարարում է, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Փաշինյանն իր խոսքից հետ չի կանգնում։ Շատ հետաքրքիր «գովեստներ» են, ինչ խոսք...
Արտակ Գալստյան
past.am
դեպի ետ