
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՆՈՐԻՑ ԻՐ ԻՍԿԱԿԱՆ ԴԵՄՔԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ
Ամեն դեպքում, չմոռանանք, որ ոչ միայն Նիկոլի, այլ նաեւ՝ թուրք-ազերիական տանդեմի համար վերջնական որոշումներ կայացնելը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=258223&l=am) եղել եւ մնում է կախված ԱՄՆ-ի դիրքերից՝ հայ-ադրբեջանական ուղղությամբ: Իսկ ամերիկյան դիրքերի ռեալ ամրացումն իրատեսական է միայն այն դեպքում, եթե Արցախը համաձայնի անցնել Ադրբեջանի կազմ: Հակառակ դեպքում, քանի դեռ ռուսա-կան ուժերը մնում են Արցախի տարածքում, ինչպես քանիցս ենք նշել, անգամ Նիկոլի կողմից Արցախն Ադրբեջան ճանաչելը եւ «խաղաղության պայմանագիր» ստորագրելը հարցի լուծում չէ:
ԱՄՆ-ից եկած հայտարարությունը, թե՝ ողջունում է արցախահայությանը «համաներելու» մասին Ալիեւի մոտեցումը, միանշանակ հաստատեց, թե ինչ պատկերացումներ ունի Վաշինգտոնն Արցախի ապագայի մասին: Ու պատահական չէր, որ Ստեփանակերտը ծայրահեղ բացասական ռեակցիա ցուցաբերեց այդ մոտեցման հանդեպ: Այդպիսով, դա Պետդեպարտամենտի կողմից ակնհայտորեն սխալ քայլ էր, որից հետո ոչ միայն էլ ավելի ակտիվացավ կոմունիկացիաների թեման, այլ նաեւ բավականին թուլացած ԱՄՆ-ի հովանավորած «Բրյուսելի ձեւաչափը»: Ամեն դեպքում, այդ ձեւա-չափով Մոլդովայի վերջին հանդիպումից այն տպավորությունն էր, որ Ալիեւին եւ Նիկոլին կանչել են, բայց խոսելու բան պարզապես չունեն:
Դատելով ընթացիկ իրողություններից, այն տպավորությունն է, որ Պետդեպարտամենտի այդ սխալ քայլին հաջորդում է եւս մեկը: Այսպես, երեկ «ՌԻԱ Նովոստին», մեջբերելով Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրի միտքը, տեղեկացրեց, որ ամերիկացիները նոր քաղաքականության են անցել: Այն է՝ փորձում են ստիպել Արցախի ղեկավարությանը՝ հանդիպել Ադրբեջանի հետ: Ըստ աղբյուրի. «Վերջնագրային տեսքով Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ժամանակներս հանդիպել ադրբեջանական կողմի հետ երրորդ երկրում»: Նման շփումից հրաժարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը սպառնում են՝ տարածաշրջանում ադրբեջանական «հակաահաբեկ-չական գործողություն» իրականացնել, բնականաբար՝ Ադրբեջանի միջոցով: «Ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Այն, որ սա ամենեւին էլ ստուգման ենթակա ինչ-որ պատահական տեղեկություն չէ, հաստատեց այն, որ գրեթե անմիջապես էլ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ-ն: «Մեզ անհանգստացնում է այն տեղեկությունը, որը հայտնվել է մամուլում, որ ԱՄՆ-ն այժմ փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայությունները Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության մեջ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով»:
Այն, որ արցախյան իշխանական համակարգում տեղավորված սորոսածինները մեկ խնդիր ունեն՝ Արցախն Ադրբեջանին կցել եւ փախնել իրենց արեւմտյան վիլլաները՝ դավաճանության արդյունքները լափելու համար, շատ է խոսվել:
Կարելի է նաեւ հասկանալ ՌԴ ԱԳՆ-ի այս քայլը. գաղտնի պահվող տեղեկությունը «լրատվական մանեւրով» բերեցին հրապարակային դաշտ, որը նաեւ Արցախի ոչ սորոսածին ղեկավարությանը զերծ կպահի՝ «ճարահատյալ» երկրի նման վաճառքի հետ համակերպվելու եւ միգուցե՝ մի փոք-րիկ պատառ «ստանալ-թռնելու» գայթակղությունից: Ամեն դեպքում այն, որ արցախյան էլիտան այդպես էլ որեւէ հստակ ռազմավարություն չի ներկայացնում՝ այս ծանրագույն իրավիճակում կոնկրետ քայլերի հետ կապված, նաեւ նման գայթակղության մասին է կասկածներ առաջացնում:
Բայց այս ամենը հրապարակային հարթություն բերելով, ՌԴ ԱԳՆ-ն, թերեւս, մեկ այլ մեսիջ էլ է հղում, այս անգամ՝ ամերիկացիներին: Այսինքն, արցախահայությանն ուղղված ֆիզիկական ոչնչացման նման սպառնալիքը կտա՞ նրանց ցանկալի արդյունքը՝ եթե արցախյան էլիտան հանկարծ ո-րոշի գնալ Ալիեւի առաջ ծնկելու եւ «ներվելու», դա կտանի՞ «ռուսական ուժերի հեռացմանը: Նման իրավիճակում, միանշանակ, ռուսները նաեւ «Բ» պլան ունեն. Արցախի ներկա ղեկավարությունը ճանաչված չէ, եւ «Բաքվի դուռը» մեկնելու դեպքում միշտ էլ մեծ հարց կառաջանա՝ իսկ նրանց ո՞վ է արտոնել՝ Արցախի անունից հանդես գալ: Առավել եւս, որ երբ այդ գաղտնի ընթացքը բերվում է հրապարակային դաշտ, ապա նման քայլը հենց արցախահայության կողմից կգնահատվի որպես դավաճանություն:
Այսպիսով, ԱՄՆ-ի այս քայլը էֆեկտիվ կարո՞ղ է լինել: Ավելի նման է հերթական սխալին: Բայց ահա այն, որ ամերիկացիները մեկը մյուսի ետեւից նման սխալ քայլեր են իրականացնում, դա արդեն մտածելու առիթ է: Հասկանալի է, որ Վաշինգտոնն ամեն կերպ ձգտում է, որ հուլիսի կեսերին ստանա «խաղաղության պայմանագիրը», եւ մինչ այդ պարզապես անհրաժեշտություն է, որ գոնե ձեւականորեն Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ սկսվեն: Եթե ոչ, ապա հուլիսին եւս հազիվ թե փաստաթուղթ ստորագրվի: Իսկ այդ դեպքում շատ ավելի իրատեսական է, որ Նիկոլն այլեւս դիմադրել չկարողանալով, գնա կոմունիկացիաների փաստաթուղթը ստորագրելու ուղղությամբ:
Եթե այսքանին գումարենք նաեւ Ուկրաինայում դեռ այդպես էլ հաջողություն չցուցաբերած հակահարձակումը, ապա նման է նրան, որ Պետդեպարտամենտը շտապում է, այդտեղից էլ՝ նման կոպիտ քայլերը: Բայց նման չէ նրան, որ անգամ սպառնալիքների անցնելով, կարող է քաղաքական ֆոնը հիմքից փոխել:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ