• am
  • ru
  • en
Версия для печати
14.06.2023

ՍԱՆՁԱՐՁԱԿ ԽՐԱԽՃԱՆՔ` ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ՊԱՀԻՆ

   

Մեր հայրենակիցներից շատերը դիտել են «Երևանի թքող տղա» Ալեն Սիմոյանի կազմակերպած ճոխագույն ցինիկ խնջույքի տեսանյութը: Նայել են ու հայհոյել, քանզի իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա թքած Ալենը այս խրախճանքով ցուցադրաբար թքել է ամբողջ հանրության վրա:

ՆԵՄԵՍԻՍԻՑ ՍԱՐՍԱՓԱԾՆԵՐԸ

Իսկ հիմա` դրվագ նույն Ալենի հրապարակային խոսքից: Ստորև ներկայոցվող մեջբերումն ընթերցելուց առաջ ընթերցողը թող հեռու տանի կանանց և երեխաներին, քանզի հաստատ հայհոյելու է ու շատ թունդ: «Ես ինքս սխալ եմ համարում Նեմեսիսի արձանի տեղադրումը, որովհետև դա պետական քաղաքականություն չէ ու չի կարող լինել»,– հունիսի 13–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով, արտադատական կարգով հարց լուծելը չի կարող պետական քաղաքականության գիծ լինել. «Չասեք, որ այն-տեղ որևէ դատարանի որոշում կա, դա մեր դատարանի որոշումը չէ, արտադատարանական կարգով որևէ պետության ներկայացուցիչ կամ որևէ պետություն չի կարող հարց լուծել, ու դա չպետք է խրախուսվի»:

Հասկանալի է, թե ինչու է Նեմեսիսի հուշարձանից խրտնում կապիտուլյանտների և պետական դավաճանների կուսակցության ցանկացած ներկայացուցիչ, առավելևս` Ալենի պես բարձրաստիճանը: Նրանք շատ լավ գիտեն, որ Նեմեսիսի մարտիկները, օրհնվի նրանց լուսեղեն հիշատակը, մահապատժի են ենթարկել ոչ միայն պանթուրքիստ դահիճների պարագլուխներին, այլև «յան» ազգանունով դավաճաններին: Եթե դատական համակարգն արդեն գործնականում դարձրել են իրենց գրպանի գործիք, և սովորական դատարանով ցանկացած գործընթաց իրենց ձեռնտու է և կառավարելի, ապա Նեմեսիսի կոթողը, որ մշտապես աչքի առաջ է, կենդանի հիշեցում է, որ կան դատեր, որոնք դատարաններին վստահել չի կարելի: Եվ համա-ձայն ենք իրավագետ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, որ չգրված օրենքները, բնական իրավունքի նորմերն ավելի բարձր են, քան գրված օրենքը...

Լավ, մի պահ կտրվենք այդ` փիլիսոփայական խորք ունեցող հարցերից և անեկդոտ հիշենք.

— Երվանդ ջան, տղաս, ինչի՞ ես Կենսաբանության քննությունից լիկվիդ ընկել:

— Դե դասախոսը հարցրեց՝ կարո՞ղ ես ասել որևէ անասունի տեսակ, որը հանդիպում է միայն Հայաստանում: Ես էլ ասեցի՝ մեր հարևան նիկո-լական Պողոսը, լիկվիդ գցեց:

— Փաստորեն դասախոսդ հումորի զգացում չունի:

— Չգիտեմ ունի, թե չէ, բայց հաստատ նիկոլական ա:

Այդ «հարևան Պողոսի» թևավոր խոսքը ժամանակին շրջանառության մեջ էր մտել ՔՊ–ական Բաբկեն Թունյանի թեթև ձեռքով: Սակայն հիմա Թու-նյանը «տվել–անցել» է այդ «հարևան Պողոսից», ոչ ավել, ոչ պակաս առաջարկելով մեկ տուփ ծխախոտի գինը դարձնել 5000 դրամ: Ինչպես նկա-տում է Ռեֆորմիստների առաջնորդ Վահան Բաբայանը. «Էս մարդիկ ինչքան ուժ ունեն ուզում են վատություն անել շարքային քաղաքացուն, հիմա սրան բա ո՞նց չհարցնեսմ հիմա քո հարևան Պողոսը քեզ ի՞նչ կասի, երբ իրեն ասես, որ ծխախոտը դարձնում եք 5000 դրամ: Էս ժողովուրդը ձեզ էնպես է մերժելու, որ 100 տարի ձեր անունը չեն ուզելու լսեն, ա՛յ ողորմելի»: Էս մարդիկ... բայց մի՞թե սրանք մարդ են, պարոն Բաբայան` թերևս միայն ֆիզիոլոգիապես:

Ու հայ մարդկանց հանդեպ ՔՊ–ական ատելության դրսևորումները բազմապիսի են: Չենք սխալվի, եթե ասենք, որ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսը ոչ միայն երիտթուրքերինն է, այլև այս թրքահպատակներինը: Դե եթե չլինի հայաբնակ Հայաստան, չլինի Հայոց պետություն, ապա պետական դավաճանության համար սրանց դատող սուբյեկտ էլ չի լինի: Ինչպես շատ բարեկիրթ նշում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանո-վը. «ՔՊ–ն ու նիկոլիստները հիշեցնում են ծույլիկ աշակերտներին, որոնց համար Երկիր մոլորակը քառակուսի է, իսկ ընդ-դիմադիրներս էլ հիշեցնում ենք այն մանկավարժին, որ փորձում է տգետ աշակերտներին հակառակն ապացուցել: Սրանց հետ բանավիճելն անիմաստ է: Ի՞նչ բանավիճես նրա հետ, ով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառ. կմ տարածքով՝ ներառյալ Արցախը: Դրանց հետ պետք չէ բանավիճել, դրանց պետք է վռնդել»: Հա, նաև պարզ-վեց, թե ինչու ՔՊ–ականները, տեսնելով, որ ծաղրի մեթոդը չի աշխատում, հիմա չարությամբ փորձում են վարկաբեկել ՀՀԿ–ի` «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» խորագրով ստորագրահավաքը: Սոցցանցերում արդեն ի հայտ եկան տեղեկություններ, որ սրանք թաքուն անցկացնում են այլ, վիժվածքային ստորագրահավաք, ավելի ճիշտ` ստորահավաք, մոբիլիզացնելով տականքների, ովքեր ստորագրում են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, արցախցին էլ համարվի Ադրբեջանի քաղաքացի:

Իսկ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ծառասպանդ իրագործած Ավինյան Տիկոյի համար վարձակալում են 60 շտաբային տարածք... Սրանից հետո թող ոչ ոք չհանդգնի մեղադրել «նախկիններին» վարչական ռեսուրս չարաշահելու մեջ, դեռ ոչ մի կուսակցություն Երևանում այդքան շտաբ չի ունեցել: Եթե իհարկե բանը հասնի ավագանու ընտրությունների` ցինիկ ժպիտը դեմքին Էռատո–Աննան հրապարակել է հերթական ֆոտոսեսիան` ծաղիկների ֆոնին: Դառը փորձով գիտենք` որտեղ այդ վհուկը նկարվում է, այդտեղ պատերազմ է գալիս...

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՓՈՐՁԱԴԱՇՏ

2018–ին մեզ դարձրին հրեշավոր էքսպերիմենտի` ի՞նչ կլինի երկրի հետ, որի իշխանության գլուխ բերում են բացարձակ ազգադավ տականքների: Դեռ ողջ ենք, բայց... Թարմ օրինակ` Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի շուրջ հարց ու պատասխանը ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեֆ Բոռելի հետ: Սակայն ԵՄ գլխավոր հանձնակատարն ի ցույց է դնում ցինիկության, հարցերից փախչելու, երկդիմիության, իրեն «շլանգի» տեղ դնելու ողջ արսենալը: Ինչպես նկատում է Արմեն Աշոտյանը. «Նիկոլ վարչապետ ունեցող ազգի վրա կարող են եւ ղժժում են բոլորը…»:

Իսկ հիմա մի ուրիշ փորձարարություն են բերում մեր գլխին Ժիրայր Սէֆիլյանի կուսակցության` ԱԺԲ–ի միջոցով, որը համարվում է ԱՄՆ–ի նախընտրելի թիմերից մեկը: Կայսրությունների ծառաները անտանելի են` օրինակ ԱԺԲ–ական Արա Պապյանն առաջ է տանում թեզը, որ եթե ամերիկամետ չես, ուրեմն «լատենտ» ռուսամետ ես: Կարող ես նույնիսկ ռուսներին չսիրել, միևնույն է` «լատենտ» ռուսամետ ես: Կարող ես պարզապես հայամետ լինես, սակայն սրանց համար հայամետ=ռուսանետ: Սակայն դա «ջհանդամը», ԱԺԲ–ի գաղափարախոս Վարուժան Ավետիսյանը հրապարակել է ՀՀ պետական կառավարումը փոխելու հայեցակարգ` «Ժողովրդավարության վերածննդի Արարատյան մոդել» անունով: Ավետիսյանն առաջարկում է ստեղծել Աշխարհաժողով, որը և կձևավորի իշխանական բոլոր մարմինները. «Կառավարման գիտելիքներ, փորձ և հմտություններ չունեցող քաղաքացիների մեծամասնության համար ընտրական համակարգի հիմնական սկզբունքը պետք է լինի չմիջնորդա-վորված ակտիվ ընտրական իրավունքը: Քաղաքացին պետք է ընտրի այնպիսի մեկին, որին քիչ թե շատ անձամբ ճանաչում և վստահում է: Մեր պատկերացմամբ, յուրաքանչյուր պայմանական 100 քաղաքացու շրջանում կա առնվազն մեկը, որին մյուս-ները ճանաչում ու վստահում են: Նման եղանակով ընտրված պատվիրակները կյանքին և իրենց միջավայրերին առավելապես քաջածանոթ, ժողովրդի կամքն արտահայտող ու փոխանցող շերտն են կազմում»:

Ուսումնասիրելով ամբողջ հայեցակարգը` տեսնում ենք, որ կուսակցությունների դերն այդտեղ գրեթե զրոյական է: Ու թեև դա ներկայացվում է «զուտ հայկական» մոդել, սակայն պարզ է, որ դա ամերիկյան քաղաքական լաբորատորիաներում ստեղծած կառավարման նոր մոդել է: Որը և ուզում են փորձակել Հայաստանի վրա:

Հարգելի՛ ամերիկացիներ, դա փորձարկե՛ք մեկ այլ երկրի վրա, որը ափսոս չէ: Իսկ մեր երկիրն ափսոս է, դա ձեզ համար փորձադաշտ չէ, ուստի` «Yankee, go home»:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ