
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍԸ ՆԻԿՈԼԵՆՔ ԵՆ. Դավթյան
«Իրավունքի» զրուցակիցն է ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ:
— Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս հայտարարել է, թե միջազգային կազմակերպությունները, փաստորեն, լիովին համաձայնվել են Ղարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշման հետ: Այդ դեպքում` Հայաստանի համար այլեւս միջազգային կառույցներն ի՞նչ արժեք ունեն, կամ մենք՝ միջազգային կառույցների համար:
— 2021թ.-ի վերընտրվելուց հետո` Հայաստանի ոչ հայկական իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, պաշտոնական մակարդակում տարբեր հայտարարությունները, կապված Արցախի՝ հայերի կողմից օկուպացված լինելու, նաեւ տարբեր բնակավայրերի ոչ հայկական լինելու խնդրի մասին կեղծ օրակարգեր ներմուծելը, հետո ավելի ուշ Պրահայում եւ դրանից հետո արեւմտյան հատվածում ստորագրված փաստաթղթերում, այդ թվում նաեւ՝ վերջին շրջանում ստորագրված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման տխրահռչակ հայտարարությունը բոլոր հիմքերը տալիս են միջազգային կազմակերպություններին համաձայնելու Բաքվի դիրքորոշման հետ: Այստեղ խնդիրը ոչ թե միջազգային հանրությունը կամ միջազգային կազմակերպություններն են, այլեւ Հայաստանի ոչ հայկական կառավարության՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու մեջ է: Հետեւաբար, երբ տեսնում են ղարաբաղյան հակամարտության 25 տարիների ընթացքում Հայաստանի դիրքորոշումը կտրուկ փոխվել է Նիկոլի վերընտրվելուց հետո, հատկապես 2021թ.-ից հետո, բնական է, որ միջազգային հանրությունը չի կարող այս հանգամանքի հետ հաշվի չնստել: Հատկապես, երբ Ադրբեջանի կողմից բազմիցս նշվել է, որ Հայաստանը տարածքային ամբողջականություն է ճանաչել, կան նաեւ պաշտոնական տարբեր արձանագրումներ, որոնց, բնականաբար, միջազգային կազմակերպությունները հետեւում են: Ի նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի եւ իր ուսապարկերի հայտարարությունները` կապված Արցախից հրաժարվելու եւ Արցախի խնդիրը էապես նվազեցնելու հարցում: Ուստի` բնական է, որ իրենք այս ամենը դիտարկելով` հասկանում են, որ Հայաստանի ոչ հայկական կառավարությունը համաձայնել է ադրբեջանական օրակարգի հետ, եւ Ալիեւի նման դիրքորոշումը այս հիմքից է բխում:
— Նա նաեւ նշել է, թե Արցախի խորհրդարանը պետք է լուծարվի, եւ «տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, ու հնարավոր է նրանց ներողամտություն ցուցաբերվի», մի՞թե ինչ-որ հովանավորյալների ազդեցությամբ է Ալիեւն այսչափ սադրում հայերին, ո՞րը պետք է լինի մեր կողմից իրենց նկատմամբ կիրառվող զսպօղակը:
— Քանի դեռ խնդիրներն Արցախի շուրջ լուծվում են հօգուտ Ադրբեջանի, բնականաբար, այդ հարցում մեծ դեր ունի Հայաստանի այսօրվա կառավարությունը, հետեւաբար՝ Ալիեւի կողմից աստիճանաբար պահանջների սեղմումը վերջնական նպատակին հասնելու հիմնական քայլերից մեկն է: Որպեսզի կարողանա Արցախի իշխանության լեգիտիմության հարցը դնի մեծ հարցականի տակ, հարկավոր է երկու հանգամանք. առաջին՝ սոցիալական լուրջ խնդիրների հետեւանքով անընդհատ հայտարարություններով փորձի համոզել Արցախի հասարակությանը, թե Արայիկ Հարությունյանն այլեւս լեգիտիմ չէ, եւ պետք է նրան հեռացնել: Կասի օրինակ՝ արցախահայերն իմ բնակիչներն են, ես պետք է իրենց անվտանգությունը ապահովեմ ու զորք մտցնեմ Արցախ, սա դիտարկումներից մեկն է: Ճիշտ է, այնտեղ կան ռուս խաղաղապահներ, բայց երբ բանը հասնի նրան, որ սոցիալական բունտ լինի, այդ բունտն ուղղված կլինի նաեւ ռուս խաղաղապահներին, իրենց գործառույթների թերի կատարմանը, չնայած, այնուամենայնիվ, որոշակի բացատրություն կա, թե ինչո՞ւ է այդ ամեն ինչը թերի իրականացնում: Նպատակը՝ հասարակության մոտ առաջացնել բունտ` առ Արցախի իշխանություն, որը կդարձնի իշխանություններին ոչ լեգիտիմ, եւ երկրորդ հանգամանքը՝ ունենալ լավագույն թեկնածու քաղաքական հարթակում, որը կխոսի Ադրբեջանի հետ՝ առեւտուր անելու, երկխոսելու, հարաբերություններ կառուցելու մասին, նրանցից մեկի անունը բոլորիս հայտնի է` Սամվել Բաբայան, որը բազմիցս հայտարարել է, որ իրենց հետ պետք է առեւտուր անենք, շփվենք: Եվ, բնականաբար, այս խնդրից հետո, երբ կստեղծվի լավագույն խոհը քաղաքական հարթակում, կկարողանան նաեւ առաջադրել իրենց ֆավորիտ քաղաքական գործչին` Սամվել Բաբայանին: Խնդրի վերջնական հանգուցալուծումը ես այսպես եմ տեսնում: Այդ երկու խնդիրները պետք է առկա լինեն, որպեսզի իրենք կարողանան ռեալ քայլեր իրականացնեն:
— Շուրջ չորս ամիս Բերձորի միջանցքը փակ է, առհասարակ՝ ի՞նչ է սպասվում արցախահայությանը, եթե Ալիեւը բացեիբաց ասում է, որ «Ղարաբաղի հայերը պետք է ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին», կարելի՞ է եզրակացնել, որ արդեն կա պայմանավորվածություն, որի մասին չի հայտարարվում:
— 44-օրյա պատերազմից հետո` ՀՀ դավադիր իշխանությունները պարբերաբար տարբեր պայմանավորվածություններով տարբեր տարածքներ են հանձնել թշնամուն, ես չեմ բացառում, որ փակ շրջանակներում նման հարց քննարկվել է, եւ անգամ կարող է որոշակի չհրապարակված փաստաթուղթ ստորագրված լինի, հետեւաբար՝ դա բացառել պետք չէ: Ալիեւի հոխորտանքները ակտիվացել են եւ ակտիվանում են միայն այն դեպքում, երբ Հայաստանում լինում է ոչ հայկական կառավարություն, այսինքն՝ անողնաշար, Ալիեւի մատ թափ տալուց վախեցող, սեփական հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ կեղծ սեր ձեւակերպող իշխանություն: Իսկ Ադրբեջանի լավագույն պատմական շանսը Նիկոլենք են, դրա համար իրավիճակը այնպես է ստեղծվել, որ ինքը ավելի ազատ է զգում իրեն այդ հայտարարությունները անելու համար:
— Պարոն Դավթյան, այս իրավիճակում լայնամասշտաբ պատերազմի հավանականություն կա՞:
— Պատերազմի հավանականությունը միշտ էլ եղել է, ուղղակի պետք է հասկանանք, թե այս պարագայում ինչքանով է այն հնարավոր:Պատերազմի համար հարկավոր է մի քանի հանգամանք: Հանգամանք առաջին՝ Հարավային Կովկասում գեոպոլիտիկ ուժերի, օրինակ՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ընդհանուր համաձայնություն ինչ-որ պատերազմի շուրջ, երկրորդ՝ հարկավոր է Հայաստանում այնպիսի իշխանություն, որն իր տված խոստումներից հետ կկանգնի, այսինքն` եթե ավելի ուշ նկատում է, որ այդ խոստումները կարող են իրեն իշխանությունից զրկել, հետ կանգնի իր խոստումից, ինչը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից առաջ, հրաժարվեց բանակցություններից, զրոյական կետից սկսեց, այսինքն՝ ամբողջապես պրոցեսը կազմաքանդեց: Եվ երրորդ՝ ընդհանուր առմամբ, իրավիճակը այնպես դասավորվի, որ բոլոր հարեւան պետություններն իրենց խնդիրներով զբաղված լինեն, այսինքն՝ անտեսեն իրենց ազդեցության գոտում լուրջ պրոցեսները եւ աչքաթող անեն պատերազմի հավանականությունը: Հավանականությունը միշտ բարձր է, քանի այդ երեք կոմպոնենտը չի համախմբվել մեկ կետում: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, հարկավոր է Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, թավշյա հեղափոխության եղանակով, եւ այդ հեղափոխությունը այնպիսի հնարավորություններ ստեղծի Հայաստանի համար, որպեսզի նոր իշխանությունը կարողանա ամրապնդել Հայաստանի սահմանները, կարողանա բանակը բարեփոխել, Արցախի շուրջ խնդիրներն ավելի կենտրոնացված պայքարի միջոցով կազմաքանդել եւ մոբիլիզացնել ամբողջ հայությանը ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլեւ՝ Սփյուռքում:
Ս. Ասատրյան
www.iravunk.com
դեպի ետ