• am
  • ru
  • en
Версия для печати
03.06.2023

ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՐԱ՞ՐԸ

   

Ի սկզբանե տարակուսանքների տեղիք էր ալիս հարցը, թե էլ ի՞նչ պետք է Ալիեւն ու Նիկոլը քննարկեն Մոլդովայում, երբ Նիկոլն արդեն զիջել է ամեն բան, ինչը կարող էր զիջել: Նկատի ունենք այս փուլում, քանի դեռ «խաղաղության պայմանագիր» են ստորագրում: Եվ ահա, Քիշնեւ այցի նախօրեին ԱՄՆ-ն հասկացնել տվեց, թե Նիկոլից ուրիշ ինչ են սպասում:

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ

Այսպես, հանդիպման նախօրեին Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերն իր գերատեսչության անունից տարածեց հայտարարություն, որտեղ նախ իհարկե նոր լոլոներ են, թե` Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ հունիսի 1-ին Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը կառուցողական կլինի՝ բանակցային սեղանին առկա խնդիրների խաղաղ կարգավորման տեսանկյունից: Իսկ այս միտքն ակնարկում է, թե մասնավորապես ինչ «կառուցողականության» ակնկալիք կա. «Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները շարունակվել են: Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության: Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը եւ մենք ողջունում ենք նախագահ Ալիեւի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու մասին»,- նշել է Միլլերը:

Այսպիսով, պետքարտուղարությունում այն մտքին են, որ արցախահայերը համաներման կարիք ունեն, այսինքն, որ Արցախի կարգավիճակի թեման պետք է փակել համաներման տեսքով: Այն դեպքում, երբ Նիկոլը մինչ այս քարոզում էր Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների հարցը, թե` Հայաստանը գործ չունի, թող Ադրբեջանն ու Արցախն իրենք բանակցեն եւ ինքնուրույն լուծեն իրենց հարցերը: Ահա, ԱՄՆ-ն էլ պարզ ցույց տվեց, թե կոնկրետ ինչ բանակցություն են ակնկալում` գնան Բաքու, ծնկաչոք ներողություն խնդրեն, իսկ Ալիեւը նրանց կհամաների: Համաներվում են հանցագործները, եւ այս հայտարարությամբ պետքարտուղարությունը պարզ ցույց տվեց, որ արցախահայերին համարում է հանցագործներ: Սրանով մնացած բոլոր թեմաները` Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ, արցախահայության իրավունքներ եւ այլն ԱՄՆ-ն զրոյացնում է. եթե «հանցագործ» են, ապա առավելագույնը, որին պետք է սպասեն, համաներումն է:

Մի կողմ թողնենք ինքնորոշման իրավունք եւ նման միջազգային այլ տերմինները, որոնք ԱՄՆ-ն (ինչպես Կոսովոյում) օգտագործում է իր շահին համապատասխան: Պարզապես ֆիքսենք` սրանով ԱՄՆ-ն եւս մեկ անգամ ուղղակիորեն հաստատեց, որ իր միակ նպատակը Արցախի եւ արցախահայության լիակատար, անվերապահ անցնումն է ադրբեջանական վերահսկողության տակ, ինչը, ի դեպ, պարզ ցույց տվեց նաեւ Ալիեւը` Արցախի ղեկավարությունից պահանջելով ողջ պետական համակարգը կազմալուծել եւ ծնկաչոք իր մոտ գալ:

Ինչո՞ւ է ԱՄՆ-ին հենց այդ տարբերակը պետք, սա էլ է պարզ. կա ռուսական զորքերին հանելու գերխնդիր: Իհարկե, սա նորից բերում է ավելի վաղ մեր քանիցս հայտնած մտքին, որ պաշտոնական Ստեփանակերտի միակ ռեալ քայլը կլիներ հենց այս պահին նախագահի, ԱԺ-ի եւ կառավարության անունից միասնական դիմում հղելը Մոսկվային` խնդրելով, ինչպես օրինակ Մերձդնեստրում է, Արցախը վերցնել պաշտպանության տակ: Մինչդեռ այս միայն ծանրացող իրավիճակում առավելագույնը, որ լսվում է պաշտոնական Ստեփանակերտից, դա «ազգովին կռվել-մեռնելու» սցենարն է: Ընդ որում, երեւի լավ հասկանալով, որ քանի դեռ Հայաստանում Նիկոլ կա, դա իրականում վերածվելու է «չկռվել-հեռանալու» սցենարի: Սրան էլ գումարած, երբ նաեւ Արցախում չեղած պաշտոնների համար են շարունակում իրար կոկորդ կրծել, ապա այս ամենը նորից ու նորից կասկածներ է առաջացնում կա՛մ արցախյան ղեկավարության ադեկվատության, կա՛մ, ինչպես 44-օրյա պատերազմում, մինչեւ վերջ «նիկոլյան ուղիով» գնալու պատրաստակամության մասին:

Կա՞ այլ տարբերակ, բացի նշված երկուսից: Եթե ինչ-որ այլ գերհանճարեղ բան են մտածել, որը ներկայացված պարզ տրամաբանությունը կարող է գլխիվայր շրջել, հիմա ճիշտ ժամանակն է ներկայացնելու: Բայց, անկեղծ ասած, կասկածում ենք, որ ինչ-որ մեկը «համախմբվենք, ազգովին պայքարենք»-ից զատ այլ բան կասի: Իսկ դա, ինչպես առնվազն 2020թ. նոյեմբերից մինչ այս պահը ժամանակաշրջանի փորձն է ցույց տալիս, դար-ձել է ամենաանհավանական սցենարներից մեկը: Վկայություններից մեկն էլ այն է, որ հիմա էլ Հայաստանում արդեն մի 10-15 «համազգային» շարժում է ստեղծվել, բոլորն էլ «ազգափրկիչ», բոլորն էլ նույն բանին միտված, բայց յուրաքանչյուրը «միակ ճիշտն» է, իսկ մյուսները՝ «դավաճաններ»:

ՌՈՒՍՆԵՐԸ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՆԱՀԱՆՋԵԼ

Հաջորդ տխուր փաստն այն է, որ անգամ հիշատակված միանշանակ հայտարարությունից հետո Նիկոլը (արեւմտամոլների ողջ ոհմակին չմոռա-նանք), երբ մեկնեց ԱՄՆ-ի հովանու տակ «բանակցելու», դրանով հերթական անգամ ապացուցեց, որ աշխատում է պետքարտուղարության մատնանշած բացահայտ հակահայկական ծրագրի օգտին:

Բայց նաեւ ակնհայտ է, որ այդ ծրագիրն ամենեւին էլ միայն Արցախի հայաթափումով չէ, որ կավարտվի: Հեղինակավոր քաղաքագետ, «Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Սեմյոն Բաղդասարովը շարունակում է առաջ տանել այն պնդումը, որ Արցախի հանձնումը կհանգեցնի հայ ժողովրդի ոչնչացմանը այս տարածքում. «Հայաստանի ղեկավարությունից ով առաջարկի հանձնել Լեռնային Ղարաբաղը, նրա անունը պետք է ներառվի հայ ժողովրդի ցեղասպանության կազմակերպիչների ցուցակում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Հարավային Կովկասի կորուստը եւ ՆԱՏՕ-ի հենակետի ստեղծումը իբր «Զանգեզուրի միջանցքի» տեսքով, որն Իրանը իրավամբ անվանում է ՆԱՏՕ-ական, կհանգեցնի հարավում հակառուսական տրամադրությունների ի հայտ գալուն եւ ամրապնդմանը: Սա Հյուսիսային Կովկասի սահմանն է, սա Սեւ ծովն է: Սա հսկայական աշխարհաքաղաքական սպառնալիք է Ռուսաստանի համար, եւ ոչ բոլորն են դա հասկանում: Ես մտավախություն ունեմ, որ արդեն ուշ է, եւ վերադառնալու տեղ չի լինի, իսկ Գյումրիում բազայի, Էրեբունիում ավիաբազայի առկայությունը ոչ մի առավելություն չի տալիս: Ցանկացած պահի դա կարող է չեղյալ համարել նույն Հայաստանի ղեկավարությունը, որն ակնհայտորեն վեկտորը տանում է դեպի Արեւմուտք»,- հավելել է Բաղդասարովը:

Ամեն դեպքում, նաեւ չմոռանանք, որ սա արեւմտյան ծրագիրն է, որը, կամա թե ակամա, նաեւ Նիկոլն ու Ալիեւն են առաջ տանում: Բայց միա-ժամանակ, այն իրոք «հսկայական աշխարհաքաղաքական սպառնալիք է Ռուսաստանի համար», եւ եթե անգամ «ոչ բոլորն են դա հասկանում», ապա մեկ է, հասել ենք այն փուլին, որ չհասկացողներ արդեն հազիվ թե մնան: Այն պարզ պատճառով, որ ՌԴ-ի առաջ եւս սկսել է պարզ ուրվագծվել երկընտրանք: Այսինքն, եթե ծրագիրն ավարտվում է, ընթացքից «կարգավորվում» են նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, ապա ռուսները, հասկանան, թե՝ ոչ, կանգնելու են կա՛մ զորքերը հեռացնելու, կա՛մ ինչ-որ այլ, թեկուզեւ բացահայտ ուժային միջոցներով մնալու ընտրության առաջ: Գումարած, միանշանակ Իրանը եւս հասկանում է այդ հեռանկարը, նաեւ, թե դա իր համար ինչ ծանրագույն խնդիր է դառնալու, ինչքան էլ որ այս պահին տարածաշրջանային դիրքերը վերելքի փուլում են: Իսկ դա նշանակում է, որ Ալիեւը, որքան էլ որ Էրդողանը մնում է իր պաշտոնին, չի կարող աչքաթող անել այն ռեալ վտանգը, որ ռուսները, ինչպես շատ հաճախ է պատահել, վերջին պահին կդիմեն նույն քայլին. երբ ձախողում են դիվանա-գիտությունը, իրավիճակը կարգի բերելու համար գործում է բանակը:

Ու այստեղ մեկ այլ հարց էլ է առաջ գալիս. բայց ինչո՞ւ հենց այս պահին ԱՄՆ-ն հայտարարեց Ալիեւին այնպիսի ծայրահեղ քայլում քարտ-բլանշ տալու մասին, ինչպիսին է արցախահայությանը հանցագործներ ճանաչելը: Դա, թերեւս, կարելի է կռահել. Ալիեւը հաստատ պարզ գիտակցում է, որ դիվանագիտությունից զատ, կա նաեւ ռուսական բանակի խնդիրը, եւ ոչ միայն Արցախում գտնվող ուժերի: Նաեւ, որ կարող են դիվանագիտական հարթակում Մոսկվային հասցնել մի վիճակի, երբ, ինչպես Ուկրաինայում, այստեղ եւս միակ հարց լուծողը ռուսները համարեն հենց բանակը: Կասպից ծովից հրթիռները հարվածում են ուկրաիանկան թիրախներին, եւ դա Ալիեւին պետք է, որ հիշեցնի այն մասին, որ ադրբեջանական թիրախները շատ ավելի մոտ են: Ամենրիկացիներին մնում է Ալիեւին առավելագույնը խոստանալ, բայց դա կօգնի՞, դա հարց է: Ամեն դեպքում ֆիքսենք, որ չնայած Նիկոլը զիջում է ամեն բան, բայց նաեւ Քիշինեւում որեւէ փաստաթուղթ չեղավ. հավաքվեցի, նույն բանի մասին նորից խոսեցին եւ ցվրվեցին տներով:

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ՝ «ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ»

Այսպիսով այն, որ ներկայացված դիվանագիտական խաղերին զուգահեռ, Ալիեւն ու Նիկոլը դեռ մնում են մոսկովյան հարթակում, ավելին, ակտիվ քննարկումներ են շարունակում կոմունիկացիաների թեմայով, թերեւս հենց նշված հեռանկարը գիտակցելու օգտին է խոսում: Գումարած, այս գործընթացը վերահսկում է ոչ թե ռուսական դիվանագիտական կորպուսը, այլ անձամբ Պուտինը, ով, իհարկե, «ոչ բոլորն են դա հասկանում»-ի ցանկում չէ:

Եւ այն, որ Մոլդովայի հանդիպման հենց հաջորդ օրը, ինչպես ավելի վաղ ենթադրել էինք,փոխվարչապետները հանդիպեցին Մոսկվայում, հետաքիքիր էր: Հաշվի առնելով, որ ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց. «Այսօր մենք շատ խիստ մոտեցանք խոսելու այն մասին, որ մենք կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ: Ընդ որում, դրանով նաեւ Հայաստանն է ստանում հնարավորություն՝ ապաշրջափակել տեղաշարժը Նախիջեւանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵԱՏՄ այլ երկրներ»: Նաեւ, որ մնում է քննարկել «տեխնիկական դետալներ»՝ կապված. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը հատելու բնույթի հետ: Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կիրականացվի անձնագրային ստուգում, մաքսային հսկողություն եւ հսկողության այլ տեսակներ, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններին»:

Սակայն այս ծրագիրը ենթադրո՞ւմ է ՌԴ-ի կողմից անվտանգության ապահովման բաղադրիչի պահպանումը, որը սահմանված էր նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Թե՞ պարզապես նախատեսվում է թեկուզեւ ռուսների մասնակցությամբ փաստաթղթի ստորագրում, որից հետո Մոսկվային ընդամենը քաղաքավարի շնորհակալություն կհայտնեն, իսկ վերագործարկված երկաթուղին Նախիջեւանից կանցնի Թուրքիա, ու այդքանից հետո էլ մեծ հարցական կմնա՝ Հայաստանը կկարողանա՞ Ադրբեջանով եւ Նախիջեւանով իր բեռները տեղափոխել դեպի Ռուսաստան եւ Իրան: Այս մասին հստակեցում չեղավ ո՛չ առաջին դեմքերի մակարդակով մոսկովյան վերջին հանդիպմանը եւ ո՛չ էլ՝ Օվերչուկի ներկայացված մեկնաբանություններում:

Չնայած, դեռ սպասենք երեկվա եւ փոխվարչապետների հանդիպմանը կուլուարային արդյունքներին Թերեւս, սրանք ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն կտան:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ