• am
  • ru
  • en
Версия для печати
31.05.2023

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ «ՆՈՐ» ԷՐԴՈՂԱՆԻՑ

   

Կարո՞ղ է կամ կցանկանա՞ Մոսկվան՝ Արցախը վերցնել պաշտոնական վերահսկողության տակ: Երկրորդ հարցի պատասխանը, թերեւս, կասկածներ չի հարուցում: Իհարկե՝ կցանկանա: Հենց դա է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դիրքերը պաշտպանելու բանալին, եւ Արցախն իր վերահսկողության տակ պահելու դեպքում միանգամից կնվազեն այն գործոնները, որոնք Մոսկվային փորձում են տարածաշրջանից դուրս մղել: Սակայն այս տեսակետը գործում է, քանի դեռ Մոսկվան չի ստացել դիրքերը տարածաշրջանում պահելու այլ հաստատուն երաշխիքներ:

Կարո՞ղ է: Այս հարցի պատասխանը, թերեւս, առաջին հերթին կախված է ոչ թե ԱՄՆ-ից, այլ՝ Թուրքիայից:

Թուրքիայի ավարտված ընտրությունները, իհարկե, մի շարք հարցերի պատասխան տվեցին՝ բայց նաեւ օրակարգում այլ հարցեր պահելով: Փաստը, որ Էրդողանին առաջինը շնորհավորողների թվում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ապա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պու-տինը, թերեւս հերթական ակնարկն էր, թե աշխարհաքաղաքական թեւերից որը ինչ սպասելիքներ ուներ թուրքական ընտրություններից: Էրդողանը, իհարկե, Մոսկվայի համար ամենահաճելի նախագահներից չէ: Բայց ներկա իրավիճակում Մոսկվայի համար շատ ավելի կարեւոր է, որ Էրդողանը փորձում է ինքնուրույն քաղաքական կուրսով շարժվել, ոչ թե սպասել Վաշինգտոնի հրամաններին: Դա կարող էր փոխվել ընտրությունների արդյուն-քում, եթե հաղթեր ընդդիմությունը, որի պարագայում շատ ռեալ էր դառնում ՌԴ-ի դեմ Թուրքիայի մասնակցությամբ երկրորդ ճակատի բացումը: Իհարկե, Էրդողանի հաղթանակի պարագայում եւս այդ ռիսկը միշտ էլ կա, սակայն՝ չափավոր, կառավարելի: Առավել եւս, երբ այս հաղթանակի մեջ զգացվում էր ինչպես Թեհրանի, այնպես էլ Մոսկվայի շունչը՝ ի տարբերություն Վաշինգտոնի բացահայտ հակաէրդողանական գործունեությա-նը:

Ամբողջ հարցն այս պահին այն է, թե հասնելով հաջողության, Էրդողանը կարո՞ղ է գնալ մինչընտրական կուրսի կտրուկ փոփոխության՝ Մոսկվա-Թեհրան ուղղությունից դեպի ամերիկյան ուղղություն: Այստեղ, իհարկե, կարեւոր է, թե ընտրություններից հետո, ի վերջո, ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Թուրքիայում:

Տնտեսական իրողությունները, մեղմ ասած, շարունակում են ծանր մնալ: Այսինքն, Էրդողանի հաղթանակի հայտարարման պես թուրքական լի-րան դոլարի նկատմամբ հերթական հակառեկորդը գրանցեց: Իսկ փոխարժեքի կայունությունը պահելու համար հնարավորությունները շատ փոքր են: Մասնավորապես, Թուրքիայի պետական պահուստների մակարդակը ընկել է զրոյից էլ ցած (գրաֆիկում), որը, իհարկե, հնարավորություն չի տալու լիրային ինտերվենցիոն աջակցություն ցուցաբերել: Եվ այս դեպքում առաջ է գալիս հարցը, թե ներքին ֆինանսական վիճակը կարգավորելու համար Թուրքիան չի՞ գնա ԱՄՆ-ի հետ գործարքի:

Բայց կա այս մեդալի հակառակ երեսը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=257024&l=am), որի մասին կարելի էր նկատել նաեւ Էրդողանին ուղղված Պուտինի շնորհավորական ուղերձում: Պարտադիր սիրալիրություններից հետո Պուտինն այս առաջնային միտքն էր դրել ուղերձի տակ. «Ուզում եմ հաստատել հրատապ հարցերի շուրջ երկկողմանի, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգերով մեր կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը: Մեծ նշանակություն ենք տալիս համատեղ նախագծերի հետեւողական իրականացմանը, նախեւառաջ «Ակույու» ԱԷԿ-ի կառուցման եւ Թուրքիայի տարածքում գազային հաբ ստեղծելու նախագծերին»: Այսինքն, Պուտինը շեշտը դնում է իրական տնտեսության վրա, որը, իհարկե, Թուրքիայի համար շատ ավելի հեռանկարային է, քան ԱՄՆ-ի հնարավոր դոլարային վարկերը: Թուրքիան դեպի Եվրոպա գազային հաբ դարձնելը հենց այն մեգանախագծերից է, որը կարող է արդեն մոտ հեռանկարում էապես բարձրացնել տնտեսական կայունությունը: Գումարած, եթե դրա օգտին աշխատի նաեւ Իրանի էներգառեսուրսը: Վերջապես, էներգետիկ մեգանախագծի հայտ ներկայացրեց նաեւ Իրաքը, որը չէր կարող լինել առանց Իրանի: Այսինքն, Պարսից ծոցից մինչեւ Թուրքիայի սահման կառուցվելու է կոմունիկացիոն ամբողջական համակարգ, որը կարող է ծոցի գոտով ամերիկյան վերահսկողությամբ ծովային ուղիներով տեղափոխվող էներգառեսուրսները շրջել դեպի ցամաք՝ Թուրքիա-Եվրոպա ուղղությամբ: Թե ինչ վնաս կարող է դա դառնալ ԱՄՆ-ի համար եւ ինչ օգուտ՝ Թուրքիայի, կարելի է պատկերացնել:

Այսքանից զատ, Թուրքիան հնարավորություն ունի մասնակցել նաեւ «Հյուսիս-Հարավ» եւ չինական «Մետաքսի ուղի» նախագծերին, էլի որպես Եվրոպա խոշոր տարանցիկ կենտրոնի դերով: Այսինքն, Էրդողանին է մնում ընտել՝ ո՞ր տնտեսական համակարգին է նախապատվություն տալու՝ BRICS-ին, թե` G7-ին:

Եթե այս իրավիճակը տեղափոխում ենք հայ-ադրբեջանական հարթակ, ապա այստեղ աշխարհաքաղաքական իմաստով պատահական չէ, որ առաջնային դիրքեր է բարձրանում հենց կոմունիկացիաների թեման: Այդ թվում՝ Ռուսաստանը կպահպանի՞ անվտանգային վերահսկողի դեր գոր-ծարկվող կոմունիկացիաների ծրագրերում, թե՞ ԱՄՆ-ը դեռ էլի կկարողանա բլոկավորել դա: Հաջորդը, Սյունիքով անցնելիք երկաթուղին, անկախ նրանից, թե ինչ անվանմամբ կլինի, կծառայի ամերիկյան կամ թյուրքական Արեւելք-Արեւմո՞ւտք, թե՝ «Հյուսիս-Հարավ» աշխարհաքաղաքական սկզբունքին: Այս հարցերի պատասխանները, թերեւս, կարող են նաեւ այս շաբաթ լինել՝ կոմունիկացիաների հարցով փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ծրագրված հանդիպմանը: Սակայն այս պահին այդ մասին չէ խոսքը: Այլ, թե Էրդողանն այս ամենին ո՞ր կողմից է շարունակելու մոտենալ՝ BRICS-ի՞, թե` G7-ի հետ համագործակցության տեսանկյունից, ըստ այդմ՝ կգնա՞ կովկասյան հարթակում ՌԴ-Իրանի հետ սրացումների, թե՞ կնախընտրի կոմպրոմիսային տարբերակը:

Այս դիրքերից ավելի հավանական տեսք ունի կոմպրոմիսային տարբերակը: Բայց մյուս կողմից այն, որ ՌԴ-ն որոշեց նաեւ Սյունիքում հյուպատոսարան հիմնել՝ դրանով, ինչպես Իրանը, հասկանալի ակնարկ հղելով Անկարային եւ Բաքվին, ակնարկում է, որ դեռ վատագույն սպասելիքներ ունի այդ թեւից: Ու դա հասկանալի է. քանի դեռ ուկրաինական պատերազմի ելքը չի դարձել միանշանակ, ցանկացած փոփոխություն հնարավոր է:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ