
ՌՈՒՍԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԱՄՐԱՆՈՒՄ ԵՆ
Այնուամենայնիվ, անկախ Ալիեւի եւ Նիկոլի մոտեցումներից, կա տարածաշրջանում ստեղծված կոնկրետ պատկեր, առանց որի նրանք վերջնական որոշումներ հազիվ թե կարողանան կայացնել (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=256698&l=am): Այսինքն, ինչքան էլ Արեւմուտքը փորձում է առաջ տանել Հայաստանն ամբողջությամբ մանկլավիկային դաշտ տեղափոխելու սցենարը, տարածաշրջանային ներկա իրավիճակում դա որքանո՞վ է ռեալ կամ հեռանկարային:
Այս օրերին մտահոգիչ ազդակներ են գալիս Իրանից: Ըստ իրանական վերլուծական աղբյուրների. «Սիոնիստական լրատվամիջոցներն ակնարկում են, որ Իսրայելը պատրաստվում է հանկարծակի էսկալացիայի հյուսիսում: Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կնշանակի զանգվածային պատերազմ, որի պատասխանատվությունը կկրի Իսրայելը»: Ընդ որում, թեեւ Ադրբեջանից հնչեց հայտարարություն, թե իրենք չեն պատրաստվում Իսրայելին հարթակ տալ՝ Իրանի վրա գրոհելու համար, սակայն, լավ իմանալով, որ Ալիեւը ցանկացած պահի կարող է խոսքը փոխել, իրանական նույն աղբյուրները միանգամից թերհավատորեն ընդունեցին ասվածը: Սակայն փաստը, որ նման հայտարարություն եղավ, հուշում է, որ Բաքուն փորձում է գոնե հրապարակային հարթակում Իրանի դեմ հարձակման իսրայելյան հռչակված ծրագրերից դիստացիա պահել, այսինքն, Իսրայելի հետջ անվերապահ եղբայրությունը, առավել եւս դա ի ցույց դնելը համարում է ամենաքիչը ոչ իրեն ձեռնտու, եթե ոչ` վտանգավոր: Դա էլ հուշում է, որ Բաքուն մեծ տարածաշրջանի իրողությունները փորձում է անուշադրության չմատնել, որն արդեն իսկ հետաքրքիր հետեւությունների տեղիք է տալիս:
Հաշվի առնելով նաեւ, իհարկե, այն հարցը, թե, վերջապես, ռեա՞լ է Իսրայելի հարձակումն Իրանի վրա: Վերջին ժամանակներս Իսլամական Հանրապետությունը ռազմական տեխնիկա-տեխնոլոգիաների տեսանկյունից այն կարգի բարձր մակարդակ ի ցույց դրեց, որ առանց ԱՄՆ-ի ուղիղ մասնակցության, Իսրայելը հազիվ թե նման քայլի գնա: Իսկ ԱՄՆ-ի մասնակցության մասին ենթադրելու որեւէ հիմք այս պահին պարզապես չկա: Ընդհակառակը, ներամերիկյան իրողությունները խոսում են լուրջ ճգնաժամային իրավիճակի մասին, անգամ պետական դեֆոլտի հարցում չգիտես էլ այս անգամ կկարողանա՞ն պայմանավորվել, թե՝ ոչ: Դրանից հետո նախագահական ծանրագույն ընտրությունների փուլ է, որի մեջ Բայդենը մտնելու է աննախանձելի հնարավորություններով: Գումարած Ռուսաստանի, Չինաստանի հետ հակամարտությունը: Չէ, այս ծանրագույն դերով հանդերձ, Ի-րանի դեմ պատերազմելու հեռանկարները ծայրահեղ մշուշոտ են:
Մյուս կողմից, փաստ է դառնում այն, որ ԱՄՆ-ն անգամ չկարողացավ լուծել Թուրքիայի իշխանափոխության հարցը, եւ դա այն դեպքում, երբ ի սկզբանե ընդդիմությունն ուներ հաղթելու բոլոր շանսերը: Բայց ահա, բավական է ֆիքսվեր, որ ընդդիմադիր թեկնածուն պատրաստվում է շարժվել ԱՄՆ-ի մատնանշած ուղղությամբ, այդ թվում՝ մտնել Ռուսաստանի հետ բախումների մեջ, որ Էրդողանի «պլինտուսին» հասած վարկանիշը դառնար հաղթական: Ավելին, այն տպավորությունն է, որ անգամ հետընտրական խժդժություններ, էլ չասած՝ քաղաքացիական պատերազմ կազմակերպելու շանսերը ԱՄՆ-ի մոտ հասնում է խիստ ցածր մակարդակի: Փոխարենը, Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է դառնալ ՆԱՏՕ-ի առաջին անդամը, որը կան-դամակցի BRICS-ին, եւ այն տպավորությունն է, որ դա ամենեւին էլ մերկապարանոց հայտարարություն չէ: Գումարած, նույն՝ BRICS-ին միանալու քաղաքական կուրս են վերցրել նաեւ Մերձավոր Արեւելքի արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ու թե այս պարտությունների շարանի դեմ ինչ է անելու ԱՄՆ-ն, ինչքան էլ որ տարածաշրջանում մի քանի ռազմաբազա ունի, դժվար է պատկերացնել:
Մեզանից հյուսիս էլ՝ Վրաստանի վարչապետը, ի պատասխան քննադատությանը, թե ինչու Թբիլիսին չի ցանկանում անդամակցել ԵՄ-ին, պարզ պատասխան տվեց՝ իր երկիրը, որ «մի ամբողջ գլխով ավելի զարգացած է, քան Ուկրաինան եւ Մոլդովան», չի ցանկանում պատերազմ Ռու-սաստանի հետ: Բայց, իհարկե, սա ճշմարտության մի մասն է. պատերազմ չուզելով, կարող էր սառը հարաբերություններ պահել: Սակայն Վրաս-տանը, չնայած ԱՄՆ-ի բաց սպառնալիքներին, գնաց ՌԴ-ի հետ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, ինչն ավելի նման էր Վաշինգտոնին ուղղված մարտահրավերի:
Ուրեմն, տարածաշրջանային այս իրողությունների պարագայում ի՞նչ կուրս կարող են վերցնել Ադրբեջանը եւ Հայաստանը: Ալիեւը, ի դեպ, երեկ առաջին անգամ մասնակցեց ԵՏՄ գագաթաժողովին, ինչը, իհարկե, հեռուն տանող մտորումների տեղիք է տալիս:
Ահա այս ընդհանրական իրավիճակում Նիկոլը կարո՞ղ է 100 տոկոսանոց ամերիկյան քաղաքական կցորդի վերածվել: Միգուցե, բայց անգամ այդ իրավիճակում շատ պարզ հարց է առաջանում՝ իսկ դա ՌԴ-ի հետ պայքարում ԱՄՆ-ին ի՞նչ է տալիս: Հայաստանն այդ դեպքում պարզապես կվե-րածվի աշխարհաքաղաքական այլ հուն մտած կամ մտնել պատրաստվող անկլավի՝ չունենալով որեւէ քաղաքական էֆեկտիվություն: Եվ այն, որ ՀԱՊԿ-ի հետ կապված ողջ սկանդալից հետո Նիկոլը երեկ ԵՏՄ գագաթաժողովում էր, էլի պակաս ակնարկ չէ:
Ասենք, ԱՄՆ-ի համար արդեն անգամ ՌԴ-ի դեմ պայքարը առաջնային չէ: Ամենամեծ վտանգը դարձել է BRICS-ը, առավել եւս՝ ընդլայնվելու եւ սե-փական արժույթ գործարկելու ծրագրերով: Ռուսաստանը, իհարկե, այստեղ էական դերակատար է, սակայն տնտեսական հիմնական բաղադրիչը Չինաստանն է: Եվ այն, որ Վաշինգտոնը թիրախավորումը կտրուկ շրջում է Պեկինի դեմ, իհարկե, հասկանալի է:
Իսկ մեր տարածաշրջանում, երբ թուլանում են Իրանին հարվածելու եւ հատկապես՝ Թուրքիան վերագրավելու հնարավորությունները, ապա Արեւմուտքի համար Հայաստանը, ասենք նաեւ՝ Ադրբեջանն է կորցնում նախկին կարեւորությունը: Իսկ այդ դեպքում, բնականաբար, ամրապնդվում են ռուսական դիրքերը:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ