ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ» ԳՐՔԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Լույս է տեսել «Հայերը եւ Բաքուն» գրքի ռուսերեն հրատարակությունը: «Այս գիրքը հակաքարոզչական բնույթ ունի: Այս աշխատանքը պատասխան է ադրբեջանական կողմի այն զեղծարարություններին, որոնք հրատարակվում են եւ լայնորեն տարածվում ամբողջ աշխարհում»,- ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ եւ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, գրքի հեղինակ Խաչատուր Դադայանը հոկտեմբերի 18-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ, որին ներկա էին նաև գրքի խմբագիրներ՝ «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը և Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Խ.Դադայանի խոսքով, այս հրատարակությունը մեխանիկական թարգմանություն չէ հայերենից, այլ լրամշակվել է վերջին մեկ տարվա ընթացքում նոր փաստաթղթերի, աղբյուրների ուսումնասիրման արդյունքում: Գիրքը հրատարակվել է պետպատվերի շրջանակներում, այնտեղ ընդգրկված են հեղինակի 6 տարվա ընթացքում կատարած աշխատանքները, նա օգտվել է 87 հայերեն եւ ռուսերեն աղբյուրներից: Ըստ հեղինակի` գիրքն ունի մի քանի շերտավորումներ, սա զուտ պատմական ուսումնասիրություն չէ, այլ նաեւ քաղաքագիտական: Այն Բաքվի հայ համայնքի պատմությունն է` 1850-1920 թթ.: Գրքում ներկայացված են 1918թ. Բաքու մտած թուրքական զորքերի և ադրբեջանցի ջարդարարների կողմից ոչ միայն հայ համայնքին, այլեւ այլազգիներին պատճառած վնասները: 1918թ. Անգլիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրասիայի կողմից ստեղծված դաշնակից տերությունների վերստուգիչ հանձնաժողովի կողմից բնակչությանը կոչ է արվել մարդկանց ներկայացնել ցուցակներ` կրած նյութական վնասի վերաբերյալ: Վճարման վերջնական գումարը կազմել է ավելի քան 453 մլն ռուբլի, որը պետք է վճարվեր Թուրքիայի կողմից: Կրած վնասի վերաբերյալ փաստաթղթերը պահվում են Հայաստանի ազգային արխիվում: Գրքում ընդգրկված են նաեւ Բաքվում հայերի կենսագործունեության վերաբերյալ տեղեկություններ տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ բնագավառներում:
«Հայերը եւ Բաքուն» գիրքը հրատարակվել է 500 օրինակ տպաքանակով: Առաջիկայում նախատեսվում է լույս ընծայել նաեւ անգլերեն հրատարակությունը:
www.armenpress.amդեպի ետ