• am
  • ru
  • en
Версия для печати
19.05.2023

ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԻՆՔՆԱԿՈՉ «ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ».Աբգար Ափինյան

   

«Իրավունքը» զրուցել է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնաժողովի նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ:

– Պարոն Ափինյան, երկրում տարվող հակառուսական քարոզչության մասին ի՞նչ կարծիք ունեք: Ըստ Ձեզ՝ ո՞րն է նպատակը:

– Լրատվամիջոցներն ազգային դեմքերին չեն ճանաչում (կամ չեն ընդունում) եւ ասպարեզը տվել են «քաղաքական երեխաներին»: Սա շատ վտանգավոր ավանտյուրա է, որի հետեւանքներն արդեն զգացնել են տալիս: Իրար հաջորդող մեր տարածքային կորուստները դրա վկայությունն են: Եթե նկատել եք, ազգային խնդիրների մասին արտահայտվում են հիմնականում ինքնակոչ «փորձագետները», իսկ ազնիվ ու հայրենասեր մտավորա-կանների կարծիքը շարունակում է մնալ «ձայն բարբառո հանապատի»: Մեր ժողովուրդը չի կարող «հակառուսական» դիրքորոշում ունենալ՝ ինչպես չունենք եւ չենք կարող լինել հակաեվրոպական կամ ընդհանրապես հակա…Մենք մեկ թշնամի ունենք՝ հետամնաց մի ցեղ, որ առայժմ օգտվում է քա-ղաքական մեր վարիչների անմիաբանությունից եւ անհեռատեսությունից:

– Գաղափարական փոփոխությունների ու հարմարվողականության մասին Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

– Հարմարվողականությունն այլ խոսքով մեյմունությունն է, որ արժանի է միայն արհամարհանքի: Իսկ գաղափարական փոփոխությունների հետեւանքով այսօր դարձել ենք անդեմ մի երկիր՝ ահա ինչու մեզ ոչ ոք չի հասկանում: Պետք է գործադրվեն բոլոր քաղաքական գործիքները, պետք է ակտիվ շփումներ լինեն ժողովրդական դիվանագիտության բնագավառում: Բայց մեր Հայաստանն այսօր վերածել են խոսողների երկրի՝ գործ անող չկա: Մեր մտավորականության ձայնը լսելի չէ ո՛չ կառավարության, ո՛չ էլ ընդդիմության կողմից: Մինչդեռ մեկ ամսում կարելի էր ե՛ւ Բերձորի մի-ջանցքը բացել, ե՛ւ ամուր պահել Հայաստանի ու Արցախի սահմանները:

Մեր լրագրողների թեթեւ ձեռքով բոլոր գրչակները հռչակվեցին գրող, մշակույթի ոլորտի կողքով անցնողները՝ մշակույթի գործիչ: Ահա եւ քաղում ենք այս քամահրական վերաբերմունքի պտուղները: «Մշակույթի գործիչը» բարձր պատվանուն է, որ միայն արժանիներին պիտի տրվի: Եվ եթե այսպես դատենք, կտեսնենք, որ ունենք սքանչելի մշակութային գործիչներ, որ արժանապատվություն ունեն, որ երբեք չհարմարվեցին: Բայց նրանց ա-նունները դուք չեք գտնի «նոմենկլատուրային» ցանկում: Զարմանալի, անհավանական բան պիտի ասեմ՝ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ չեն ճանաչում եւ չգիտեն ո՛չ տաղանդավոր գրողներին, ո՛չ էլ մշակույթի գործիչներին…

– Մայիսի 25-27-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Գրքի երեւանյան փառատոնը: Դուք մասնակցելո՞ւ եք այդ փառատոնին:

– Երբեք չենք մասնակցել, քանի որ հրավեր չենք ստացել… Ինչպես երջանկահիշատակ Արմեն Մարտիրոսյանը կասեր՝ ասպարեզը այստեղ էլ տվել են «Ճ» կլասի գրողներին…

– Համահայկական գրողների միությունն առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի:

– Ոչ ոք չի պատկերացնում, թե ի՛նչ բերկրանք է աշխատել միայն տաղանդավոր գրողների հետ: Շաբաթ կամ կիրակի չունենք, միշտ աշխա-տանքի մեջ ենք՝ այցելություններ մարզեր, զորամասեր, գյուղեր, գրադարաններ, բուհեր… Երբ լուր առանք, որ հանձնում են Բերձորն ու Աղավնոն, Համահայկական գրողների միության խիզախ անդամներով այնտեղ էինք՝ մեր պայքարող ժողովրդի կողքին… Հետո մեկնեցինք Սյունիքի մարզ՝ եղանք Սիսիանում, Գորիսում, Կապանում, Քաջարանում… Հիմա մեզ նորից են կանչում՝ գնալու ենք: Բարության, սիրո, ուժի, քաջության տիեզերք է իմ ժողովրդի հոգին՝ խոնարհվեք նրա առաջ, որ ինքներդ զորանաք: Եղանք լեգենդար Շուլավերում, տեսանք Թումանյանի տունը, եղանք դպրոցներում՝ հի-մա մեզ նորից ենք կանչում, գնալու ենք, իրենց ուզած այբբենարաններն էլ արդեն ձեռք ենք բերել՝ մեր Շուլավերի առաջին դասարանցի փոքրիկներին առանց նվերների չենք թողնի…

Բայց ամենից ոգեւորիչ նորությունը Երեւանի պետհամալսարանից սպասեք՝ մի խումբ հայրենանվեր ուսանողներ Երիտասարդական շարժում են սկսել Բանասիրական ֆակուլտետում, որը շուտով կտարածվի մյուս ֆակուլտետներում եւս, կհասնի Մանկավարժական համալսարան եւ այլ բուհեր՝ պատրաստում ենք մտավորական նոր սերունդ… Թող մեր քաղաքական գործիչներն օրինակ առնեն հայ գրողներից՝ մենք չենք խոսում, գործ ենք անում…

Նունե Զաքարյան
www.iravunk.com


դեպի ետ