
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՓՐԿՎԵԼ ՀՐԴԵՀԻՑ 15 ԶԻՆՎՈՐՆԵՐԸ․ ԻՆՉ ՆՈՐ ՎԱՐԿԱԾԻ ՎՐԱ Է ԸՆԹԱՆՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ․ մանրամասներ
Ազատ գյուղի 15 զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով դատաբժշկական եզրակացություններից մեկի համաձայն՝ ժամկետայինների մի մասը շմոլ գազից և այրվածքային շոկից են մահացել, իրավապահները դեռ քննում են կրակի տարածման, կացարանից զինծառայողների դուրս գալու հնարավորության հանգամանքները։ Իսկ ծնողներն ավելի քան 3 ամիս է՝ ուզում են իմանալ՝ ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել հրդեհից առաջ։ Դեպքից ժամեր անց շրջանառության մեջ մտած պաշտոնական վարկածին չեն հավատում, թե կապիտանը վառարանն է ուզել թեժացնել, ինչից հրդեհ է բռնկվել։ Պաշտոնական վարկածի մասին առաջինը հենց վարչապետն էր խոսել։
Արդյո՞ք բացի պաշտոնական վարկածից այլ, օրինակ, դիվերսիոն փորձի վարկած եւս քննվում է հարցի պատասխանը փորձեցինք պարզել ըստ պաշտոնական վարկածի, հրդեհի պատճառ դարձած կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան ՀՈՎՍԵՓ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով փաստեց հետեւյալը․
- Այ՛ո, բացի պաշտոնական վարկածից այլ վարկածի վրա են այս պահին շատ լուրջ քննություն տանում, չեմ կարող քննության գաղտնիությունից ելնելով այլ մանրամասներ հայտնել։ Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ քննությունը շատ դանդաղ է ընթանում, ակնհայտ է, որ զինվորները ի վիճակի չեն եղել դուրս գալու, պարզապես չեն կարողացել, ինչո՞ւ չեն կարողացել, ինչո՞ւ բացահայտված չեն այս հանգամանքները, տուժողները սա են ասում, մենք էլ ենք դա ասում և դա ասում ենք ոչ թե նոր, այլև ասում ենք արդեն երեք ամիս։
Հարցին, եղե՞լ են առերեսումներ ողջ մնացած զինվորների եւ կապիտանի միջեւ փաստաբանը ընդգծեց․
– Կապիտանը ցուցմունք տվել է, մանրամասն պատասխանել է քննիչի բոլոր հարցերին, բայց առերեսումներ դեռ չեն եղել։ Վաղը դատարանը եւս երկու ամսով Եղիշեի կալանքը երկարացնելու միջնորդությամբ կդիմի դատարան։
Իլոնա Ազարյան
www.iravunk.com
դեպի ետ