ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՐԻՆԸ ՄՇԱԿՈՂ ԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Հունվարի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի տեղեկատվական անվտանգության ռազմավարության դոկտրինը մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ։ Ինչպես REGNUM լրատվական գործակալությանը հաղորդել են Անվտանգության մամուլի ծառայությունում, Բաղդասարյանը, նշելով երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման նշանակությունը, ներկայացրել է հիմնական մոտեցումները տվյալ հարցի նկատմամբ։
Տեղեկատվական անվտանգության դոկտրինի մշակումը նախատեսված է ազգային անվտանգության դոկտրինով, ինչպես նաև 2009թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի ծրագրով։ Դոկտրինի մշակումը կնպաստի Հայաստանի տեղեկատվական անվտանգության համակարգի ձևավորմանը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման և դրա անվտանգության ապահովման գերակայությունների որոշմանը ՀԱՊԿ շրջանակներում։ Աշխատանքային խմբի անդամները կարծիքներ փոխանակեցին փաստաթղթի կառուցվածքի, սույն ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտության, Հայաստանի տեղեկատվական անվտանգության սպառնալիքների մասին։ Քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր։
Բաղդասարյանն աշխատանքային խմբին հանձնարարեց մինչև փետրվարի 15-ը ներկայացնել իր նկատառումները տեղեկատվական անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ։ Նա նշեց, որ շահագրգիռ կառույցների տեսակետները պարզելուց հետո փաստաթղթի մշակման աշխատանքին կներգրավվեն նաև ԶԼՄ և քաղաքացիական հանրության ներկայացուցիչները։
http://www.regnum.ru/news/armenia/1114350.htmlդեպի ետ