
ՆԻԿՈԼԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՆ ՏԱՆՈՒՄ «ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱՐԻ ԿԱՄՔ» ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը նախօրեին հաստատեց, որ մայիսի 14-ին նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Ալիեւի եւ Նիկոլի հանդիպումը: Ընդ որում, եւս մեկ հանդիպում էլ ծրագրված է հունիսի 1-ին՝ Քիշնեւում, այս անգամ արդեն Ֆրանսիայի եւ Գերմանիայի նախագահների մասնակցությամբ:
ՉԾՐԱԳՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Մայիսի 14-ին որեւէ հանդիպման մասին ի սկզբանե խոսք չկար: Դեռ մինչ Բայրամովի եւ Միրզոյանի վաշինգտոնյան հանդիպումը հայտնի էր մի-այն, որ արեւմտյան բլոկը ծրագրել էր միայն Քիշնեւի հանդիպումը: Այն ժամանակ ենթադրվում էր, որ Վաշինգտոնում կհստակեցվի «խաղաղության պայմանագրի» ողջ փաթեթը, որը, այնուհետեւ, հունիսի 1-ին կներկայացվի Ալիեւի ու Նիկոլի ստորագրմանը:
Բայց հետո, դատելով պաշտոնական հայտարարություններից, այն տպավորությունն առաջացավ, որ Վաշինգտոնի հանդիպումների շարքն իրեն մինչեւ վերջ չի արդարացրել: Այսինքն, թեեւ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները մի գլուխ հայտարարում էին «մեծ առաջընթացի» մասին, սակայն ինչպես Միրզոյանի, այնպես էլ Բայրամովի գերատեսչությունը գրեթե նույնանման հայտարարությամբ հանդես եկան, թե` «Նախարարները եւ նրանց թիմերը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:
Թե կոնկրետ որ հարցերի, դեռ կհասնենք: Մինչ այդ, նկատենք. եթե կա «տարամետ դիրքորոշում», ապա դա արդեն իսկ բացառում է որեւէ «խաղաղության համաձայնագիր», մինչեւ այդ «տարամետության» հարցը չլուծվի: Ահա այս ֆոնին, երբ դեռ պաշտոնապես չէր ասվել մայիսի 14-ի հանդիպման մասին, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը նման հայտարարություն հնչեցրեց. «Անցյալ շաբաթ քննարկումները կառուցողական էին, եւ մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները բարդ խնդիրների լուծման գործում զգալի առաջընթաց են գրանցել...»: Չնայած դրան, ըստ Պատելի՝ «լրացուցիչ բարի կամքը, ճկունությունը եւ փոխզիջումը» թույլ կտան մոտենալ խաղաղության համաձայնագրի կնքմանը»:
Թե կոնկրետ ումի՞ց է Պետդեպարտամենտը «լրացուցիչ բարի կամք», իսկ ավելի հասկանալի լեզվով` լրացուցիչ զիջումներ սպասում, երեւի անիմաստ հարց կլիներ, քանի որ պատասխանն ակնհայտ է. Նիկոլից: Նաեւ հաշվի առնելով, որ այս ամենին զուգահեռ նախօրեին նաեւ Բայրամովը հանդես եկավ հայտարարությամբ, թե Հայաստանը «պետք է ավելի շատ ջանքեր գործադրի երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար»: Մանրամասնելով՝ նա ավելացրեց. «Մենք կարծում ենք, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը հիմնված է փոխադարձ ճանաչման եւ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման վրա»:
Կարծես թե այս պատկերին ենք հասնում. Միրզոյան Արոն Վաշինգտոնում չկարողացավ այդ «լրացուցիչ բարի կամքը» դրսեւորել, թերեւս «արդարանալով», որ պահանջվող հավելյալ զիջումների որոշումը կարող է Նիկոլը կայացնել: Այսինքն, կարիք առաջացավ, որ Նիկոլին ավելորդ անգամ Ալիեւի դիմաց նստեցնեն, որ նա, առանց այս ու այն կողմ ընկնելու, այդ որոշումը կայացնի:
«ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ-2»-Ն ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
Թե ուրիշ ինչ պետք է զիջի Նիկոլը, բացի Արցախից, որն արդեն իսկ նվիրել է Բաքվին, կարելի է ինչ-որ բան հասկանալ նաեւ Հարավային Կով-կասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, որը, բնականաբար, պատահական չէ, որ հենց այս պահին ի հայտ եկավ: Այսպես, Կլաարը նախ խոսեց սահմանամերձ գյուղերի մասին, որի հետ կապված վերջին ժամանակներս Բաքվից միանշանակ հայտարարություններ են հնչում: Ըստ Կլաարի. «Կարծում եմ, որ կոնկրետ գյուղերի վերաբերյալ Հայաստանում նույնպես պատկերացումներ կան, թե ինչպիսին է դրանց կարգավիճակը: Սահմանազատման գործընթացում նման հարցերը պետք է անխուսափելիորեն լուծվեն: Բայց ինչ վերաբերում է տարանցիկ երթուղիների հարցին, եւ, մասնավորապես, ձեր նշած՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարանցիկ կա-պին, այդպիսի երթուղու կամ նման երկաթուղի Հայաստանի տարածքում լինելու պարագայում այն պետք է գործի Հայաստանի օրենքներով եւ կանոնակարգերով: Այսպիսի լուծում ունենալը բնական է: Ես վստահ եմ, որ բավականին հեշտ է, կամ պետք է հեշտ լինի կարողանալ առաջ շարժվել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանով անցնող տարանցիկ կապերի համաձայնեցման հարցում: Կարծում եմ, որ սա շահեկան իրավիճակ է, առկա է շահեկան արդյունք բոլոր շահագրգիռ կողմերի համար: Եվ ես հուսով եմ, որ մենք կկարողանանք բոլոր կողմերից որոշակի բարի կամքի դրսեւորման դեպքում իրական առաջընթաց գրանցել այս ոլորտում, քանի որ ես կարծում եմ, որ դա բխում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի շահերից, եթե մենք այդ պարագայում ունենանք երկաթուղի, որը Ադրբեջանից անցնում է Հայաստանով դեպի Նախիջեւան, իսկ Նախիջեւանից շարունակվում է դեպի Գյումրի եւ, ի վերջո, դեպի Կարս: Եթե այն լինի Հայաստանի վերահսկողության ներքո»:
Այսինքն, նախ Նիկոլը պետք է տա անկլավները: Ընդ որում, թեեւ Միրզոյանը մի թեթեւ ակնարկեց, թե բա Ադրբեջանն էլ հայկական գյուղեր է գրավել, բայց տեսանելի չէ այն հեռանկարը, որը կհուշեր, որ Ալիեւը պատրաստակամ է հեռանալ երբեմնի հայկական գյուղերից եւ 2020թ.-ից հետո գրաված սահմանային հատվածներից: Թերեւս, Վաշինգտոնում Արոն փորձել է այդ մասին խոսել, բայց հետո պարզվեց, որ պետք է «լրացուցիչ բարի կամք» դրսեւորել:
Երկրորդը, որն առաջ է տանում Կլաարը, կոմունիկացիաների թեման է: «Եթե այն լինի Հայաստանի վերահսկողության ներքո»: Ակնարկն ակնհայտորեն վերաբերում է նոյեմբերի 9-ի համաձայնագրին, ըստ որի, կոմունիկացիաների անվտանգության ապահովման իրավունքը պետք է ստանձնի ՌԴ-ն: Իրականում հենց դա է «խաղաղության պայմանագրի» ռուսական եւ արեւմտյան տարբերակների առանցքային տարբերություններից մեկը. երկաթուղին կվերահսկեն ռուսները, այն կլինի պաշտպանված թուրք-ՆԱՏՕ-ական բոլոր ծրագրերից, չեն վերահսկի, կդառնա «պրոխոդնոյ դվոր»: Հաշվի առնելով, որ արեւմտյան մոդելով «խաղաղության պայմանագիր» ասվածը գործնականում «Ալեքսանդրոպոլի պայմանագիր-2» է Հայաստանի համար:
Կարո՞ղ է այս կետերի հետ Նիկոլը համաձայնվել: Այս դեպքում առաջին հերթին պետք է պաշտոնապես հայտարարվի, որ չեղարկվում են նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները, եւ, ըստ հայաստանյան փորձագիտական աղբյուրների, նաեւ հենց այդ հարցը կարող է դրվել մայիսի 14-ի հանդիպման օրակարգում:
Սակայն այս ուղղությամբ առաջ գնալու դեպքում նիկոլյան խունտան նաեւ պարզ ցույց կտա, որ ընթանում է ոչ թե պարզապես Արցախն ազերիներին հանձնելու, այլ Հայաստանի ոչնչացման գործընթաց` ինչ տարածաշրջանային խաղաղության տակ էլ որ փորձի դա հրամցնել: Իսկ այն դեպքում, երբ Հայաստանում եւ Արցախում, ամեն դեպքում, ռուսական զորքերն են, Իրանը սպառնացել է ամեն մի նման փոփոխության դեպքում միջամտել, իսկ ներհայաստանյան մթնոլորտը, ինչքան էլ պասիվ, սակայն ամեն պահ պայթելու վտանգի տակ է, նման քայլը խունտայի համար կարող է ծայրահեղ վտանգավոր դառնալ:
Մինչ Մոսկվա մեկնելը՝ Նիկոլը վերջնական որոշում ունե՞ր: Հանդիպումների շարքը, որոնք ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գեւորգյանը եւ Վահան Կոստանյանն ունեցան մայիսի 8-ին, որոշ մտորումների տեղիք տալիս է: Այդ օրվա ընթացքում նրանք հանդիպեցին ինչպես Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյի եւ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, այնպես էլ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Թե ինչ է քննարկվել, երեք դեպքում էլ գրեթե նույն պաշտոնական հաղորդագրությունն է. «Մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին…»:
Սակայն նկատենք, որ սրանք այն հարցերն են, որ դեսպանների մակարդակով չէ, որ լուծման ենթակա են: Փոխարենը, եթե ենթադրենք, որ Նիկոլն ուներ որոշակի քայլերի մասին որոշումներ, ապա կարող էր դեսպանների միջոցով այդ մասին տեղեկություն փոխանցել: Եվ երբ դրան հաջորդում է մայիսի 14-ի հանդիպման մասին տեղեկությունը, դա իրոք ամենալուրջ մտավախությունների տեղիք, այնուամենայնիվ, տալիս է:
ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ
Բայց նաեւ կա այն հարցը, թե մայիսի 14-ին ընդառաջ՝ Նիկոլի Մոսկվա այցը կազդի՞ սպասվող գործընթացի օրակարգի վրա:
Այստեղ, թերեւս, արժե մեջբերել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությունը: Այսպես, պատասխանելով հարցին, թե հայկական կողմի համար արեւմտյա՞ն, թե ռուսական հարթակում է ավելի շահավետ պայմաններ եւ առաջարկներ ներկայացվում, ԱԽ քարտուղարը նշեց. «Պայմաններ եւ առաջարկներ արեւմտյան կողմում չեն ներկայացվում: Խաղաղության պայմանագրի վերաբերյալ նախկինում ռուսական կողմն է առաջարկություններ ունեցել: Դրանք հրապարակային հայտնի են, որից մեկը վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետաձգմանը: Ընդհանուր առմամբ, այս պահին բանակցությունները ավելի շատ երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի առաջընթաց գրանցվի…»:
Իհարկե, Գրիգորյանի կողմից ինքնախոստովանական ցուցմունք է, որ ռուսական տարբերակը ենթադրում է «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետաձգում»: Բայց նա կեղծում է. այդ առաջարկությունը «նախկինում» չէ, այն եղել եւ մնում է օրակարգում: Եվ այս դեպքում հին հարցն է՝ այդ դեպքում Նիկոլն ինչո՞ւ է Արեւմուտք վազում:
Բայց վերադառնանք Նիկոլի մոսկովյան այցին: Պուտինի հետ պաշտոնական բանակցություններ այնտեղ չեղան: Սակայն դա չի նշանակում, որ ոչ պաշտոնական քննարկումներ չեն եղել: Եթե ռուսական օրակարգում եղել եւ մնում է հետաձգված կարգավիճակի հարցը, եւ այս դեպքում, երբ մի քանի օրից Նիկոլը, ըստ հայտարարվածի, պետք է մեկնի Բրյուսել, քիչ հավանական է, որ ռուսական կողմը արեւմտյան սցենարով փաստաթղթեր ստորագրելուց բխող հետեւանքների մասին եւս մեկ անգամ իր տեսակետը չներկայացներ նրան: Ու ի՞նչ մոտեցումներ է նա ձեռք բերել մոսկովյան այցից հետո, դա է արդեն պետք պարզել:
Քերոբ Սարգսյան
iravunk.com
դեպի ետ