• am
  • ru
  • en
Версия для печати
11.05.2023

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑ

   

Մայիսի 14-ին սպասվող Ալիեւ-Նիկոլ հանդիպման ֆոնին (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=255291&l=am) մեկ այլ նյուանս եւս հաշվի առնենք:

Ալիեւը, ակնհայտորեն մտացածին պատճառաբանությամբ, Մոսկվա չմեկնեց: Այսինքն, կա՛մ դրանով փորձեց պարզապես խուսափել Պուտինի հետ հանդիպելուց՝ հասկանալով, թե արեւմտյան սցենարով գնալու ծրագրերի պարագայում ինչ խոսակցություն է լինելու: Կա՛մ էլ, չբացառենք, որ կան կուլուարային հստակ պայմանավորվածություններ, որի դեպքում Պուտին-Ալիեւ հանդիպումը իմաստ չուներ, եւ Մոսկվային պետք էր միայն Նիկոլին ինչ-որ նոր բանել բացատրել: Չնայած, Ալիեւը վերջերս խոսում էր Ռուսաստանում ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման մասին, որն ավելի շատ երկրորդ տարբերակի մասին է ակնարկում: Եվ այստեղ որոշ էական դետալներ եւս պետք է հաշվի առնել:

Նախ, ինչո՞ւ բրյուսելյան այդ հանդիպումը նախատեսվեց հենց մայիսի 14-ին՝ Թուրքիայում ընտրությունների օրը: Իհարկե, կարող է եւ պատա-հական համընկնում է, սակայն քիչ հավանականությամբ: Փոխարենը բավականին տրամաբանական է այն տարբերակը, որ բրյուսելյան հանդիպման նախաձեռնողները կարծում են, որ թուրքական ընտրություններում կարող են այնպիսի զարգացումներ լինել, որոնք կազդեն ինչպես Ալիեւի, այն-պես էլ Նիկոլի տրամադրության վրա, եւ փորձում են մինչ այդ ինչ-որ արդյունքների հասնել:

Եվ իրոք, կա փորձագիտական լուրջ կարծիք, որ անկախ ընտրությունների արդյունքներից, մայիսի 15-ին ներթուրքական իրավիճակը կարող է պայթել՝ ընդհուպ քաղաքացիական պատերազմի աստիճան: Կհաղթի Էրդողանը, արեւմտյան «գունավոր» սցենարներ կգործադրվեն, կհաղթի ընդդիմությունը, Էրդողանն իր թիմը փողոց կհանի: Իսկ նման պայթյունը, իհարկե, կազդի ինչպես Ալիեւի, այնպես էլ Նիկոլի ծրագրերի վրա: Եվ եթե ամերիկացիները ցանկանում են մինչ այդ արդյունքների հասնել, ապա պետք է ամենաուշը մայիսի 14-ին դա կյանքի կոչեն:

Հաշվի առնելով նաեւ, որ հետագա ուշացումն էլ ավելի մեծ խնդիրներ կարող է ստեղծել՝ ելնելով ուկրաինական իրողություններից: Այնտեղ, կարծես թե, արդեն որոշված են ուկրաինական բանակի հակահարձակման ժամկետները: Բայց չնայած դրան, էլի կասկածելի է մնում դրա արդյունավետությունը: Օրինակ, ուկրաինական դեռ քիչ թե շատ արժանահավատ աղբյուրներ խոսում են բրիտանական հետախուզության տվյալների մասին, ըստ որի, ռուսական բանակը ուկրաինական բանակում մասնավորապես 500 հազարանոց կոնտինգենտ ունի, մոտ 4,7 հազար տանկ եւ համարժեք այլ սպառազինություն, որն ուկրաինական հակահարձակման ենթադրվող ուժերին անգամներով է գերազանցում: Իսկ ձախողված հակահարձակումը, ինչ խոսք, արդեն երկարաժամկետ կտրվածքով կազդի Ալիեւի եւ Նիկոլի տրամադրությունների վրա:

Վերջապես, ուշագրավ պատկեր ներկայացրեց նաեւ Թեհրանին մոտ կանգնած փորձագիտական աղբյուրը՝ գնահատելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Աղբյուրը, ելնելով իրանա-սաուդյան հարաբերությունների վերականգնումից եւ Արաբական լիգային Սիրիայի անդամակցության վերահաստատումից, հետագա զարգացումների այս թեզերն է առաջ տանում.

«– Պարսից ծոցի երկրներից, Իրաքից ու Սիրիայից էներգետիկ ռեսուրսներ փոխանցելու Թուրքիայի ծրագիրը փլուզվեց: Իրան-Իրաք-Սիրիա միջանցքն ավարտվեց Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ: Այս առանցքին կմիանան նաեւ Պարսից ծոցի երկրները:

– Հնդկաստանը եւ Ռուսաստանը շտապում են ավարտին հասցնել «Հյուսիս-Հարավ» միջանցքը, մինչդեռ Չինաստանը շտապում է ավարտին հասցնել «Արեւելք-Արեւմուտք» նախագիծը:

– Իրանն ու Ռուսաստանը շատ են ցանկանում կրկին հարեւաններ դառնալ Կովկասում:

– Միջանցքների պատերազմը թուլանում է, եւ Իրանի դիրքը՝ որպես Արեւելքի եւ Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի խաչմերուկ, հաստատվել է:

– Այսօրվանից ավելի շատ նորություններ կլինեն երկաթուղային գծերի ավարտի մասին, եւ յուրաքանչյուր երկիր կփորձի ճանապարհ գտնել դե-պի Իրան…»:

Այն, որ ներկայացված իրավիճակը իր հսկայական ազդեցությունն է թողնելու նաեւ Հայաստան-Ադրբեջան ուղղության վրա, ընդ որում, ամենա-մոտ ժամանակներս, միանշանակ է: Եվ, հասկանալի է, որ պատահական չէ ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ալիեւի շտապողականությունը հայաս-տանյան ուղղությամբ: Չնայած, ներկա գլոբալ փոփոխությունների պարագայում այդ շտապողականությունը հանգուցալուծում կդառնա՞: Առավել եւս, որ դրանով Արցախից ռուսական զորքերը դուրս չեն գալու:

Քերոբ Սարգսյան
iravunk.com


դեպի ետ