«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ»
Ցանկացած քաղաքակրթության հարատևում, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է ռազմական մտքի բարձր մակարդակով և, իհարկե, պատերազմելու, հաղթանակելու կամքով ու կարողությամբ: Այս համատեքստում բացառություն չէ Հայկական քաղաքակրթության պատմությունը. այն նաև զարգացած ռազմարվեստի և հաղթանակների շարունակական ամբողջություն է: Մինչդեռ պետք է ընդունել, որ չնայած ռազմական ոլորտին առնչվող արժեքավոր պատմական վկայություններին և արդի առանձին հետազոտություններին, մեր հաղթանակների համակարգված վերլուծաբանական պատմությունն ըստ արժանվույն չի լուսաբանվել և չի ներկայացվել հայ ու միջազգային հանրությանը: Դա, ըստ մեզ, թերացում է ոչ միայն պատմագրության տեսանկյունից. Հայոց ռազմարվեստի վերաբերյալ հանրության իրազեկումն անխուսափելիորեն նպաստելու է արդի Հայության լայնախոհ և հաղթանակող, հոգեբանական բարդույթներից զերծ ինքնության վերաձևավորմանը: Մասնավորապես, այս հանգամանքներն ու խնդիրներն էին, որ դրդեցին մեզ ձեռնամուխ լինել «Մեր հաղթանակները» խորագիրը կրող նախագծի իրագործմանը:
Նախագծի շրջանակներում ներկայումս հրատարակվում է «Մեր հաղթանակները» քառահատորը, որի հիման վրա նախատեսվում է կազմել Հայ ռազմարվեստի հանրագիտարան: Նախատեսված է թարգմանել այդ հրատարակությունները` մեր ռազմարվեստն օտարալեզու հանրությանը ներկայացնելու նպատակով: Ենթադրվում է նաև, որ վերոնշյալ աշխատությունները հիմք են հանդիսանալու բազմաժանր շարժանկարային և թվային ձևաչափեր ստեղծելու համար:
Ընթերցողին առաջարկվող առաջին հատորում, որը հեղինակային խմբի եռամյա աշխատանքի արդյունքն է, ներկայացված է Ք.ա. 3-րդ հազարամյակից մինչև Ք.հ. 3-րդ դարն ընդգրկող պատմական շրջանը: Մոտ ժամանակներս լույս կտեսնի «Մեր հաղթանակների» երկրորդ հատորը, ուր տեղ են գտել 4-10-րդ դդ. ռազմական զարգացումները: Զուգահեռաբար հրատարակության են պատրաստվում աշխատության երրորդ (11–17-րդ դդ.) և չորրորդ հատորները: Վերջինում կներկայացվեն նաև Արցախյան պատերազմում մեր տարած փայլուն և համոզիչ հաղթանակները:
Ակնհայտ է, որ նման ծավալուն նախագծում թերացումները գրեթե անխուսափելի կլինեն. դա վերաբերում է հատկապես Ք.ա. 3-րդ և 2-րդ հազարամյակների շրջանին, որտեղ առկա է պատմական վկայությունների որոշակի պակաս: Բոլոր պարագաներում մեր հանրությունից ակնկալում ենք և՛ դիտողություններ, և՛ նախագծի արդյունավետ իրագործմանն ուղղված աջակցություն:
«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ» գիրքը կարելի է ձեռք բերել «Գրքերի աշխարհ» (հասցե՝ ք.Երևան, Մաշտոցի պողոտա, 20) և «Նոյյան տապան» (հասցե՝ ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2) գրախանութներից։
դեպի ետ