
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՐԵՆ ԶԲԱՂՎԱԾ Է ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՄԲ. Բոզոյան
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր եռակողմ հանդիպմանը ու ողջունել Երեւանի ու Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում: Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ:
«ԵԹԵ ԻՐԱՆԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԱՎՏՈՄԱՏ ՄՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆԸ»
– Ըստ Ձեզ` ի՞նչ առաջընթացի մասին է խոսում Սալիվանը, եթե փաստացի ոչ պատերազմական իրավիճակում զոհվում են հայ զինվորներ, խաղաղ բնակիչ, եւ թշնամին առաջ է շարժվում մեր հողում ու հաստատվում:
– Անկեղծ ասած, չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ այդպիսի փաստ էլ չկա, եթե իրենք ինչ-որ բան գիտեն, թող հայտարարեն, թե ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը: Եթե այդպիսի փաստ կա, ապա մենք բոլորս պետք է հասկանանք ու քննարկենք, թե ինչ հերթական զիջման է գնացել Հայաստանը: Եթե դա մերկապարանոց հայտարարություն է «փիառի» համար, դա այլ խնդիր է, կարծում եմ` կսպասենք մի քանի օր, ու ամեն ինչ պարզ կդառնա:
– ԱՄՆ ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու բանակցությունների հարցում ինչպե՞ս եք գնահատում:
– ԱՄն ջանքերը, իրենց շահերի տեսակետից, ինձ համար հասկանալի է, իրենք փաստացի պատերազմի մեջ են գտնվում Ռուսաստանի հետ, իրենք բոլոր ճակատներում պայքարում են ՌԴ-ի դեմ. ուկրաինական ֆրոնտում, տնտեսական պատժամիջոցների առումով, այդ թվում` նաեւ մեր տարածաշրջանում: ԱՄՆ գլխավոր նպատակն է մաքսիմալ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում եւ միաժամանակ թույլ չտալ, որպեսզի տարածաշրջանում ուժեղանա Իրանի ազդեցությունը: Հասկանալի պատճառներով ԱՄՆ շահերը 180 աստիճանով հակադրված են Հայաստանի շահերի հետ, որովհետեւ Հայաստանի անվտանգությունը շաղկապված է երկու սյուներով` իրանական եւ ռուսական, եթե այս երկրների ազդեցությունը վերանում է տարածաշրջանում, ավտոմատ մտնում է թուրքական ազդեցությունը: Եվ, ըստ էության, Միացյան Նահանգները, իհարկե, իրենք վատ բան չեն ուզում անել Հայաստանին, բայց իրենց շահերը ուղղված են մեր շահերի դեմ: Փաստացի ստացվում է այնպես, որ իրենց շահերը համընկնում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի հետ: Դա ակնհայտ է, եւ հաշվի առնելով այդ հանգամանքը` Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում:
«ՎԱՂԸ ՄՅՈՒՍ ՕՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ՈՐ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՊԵՏՔ Է ՓԱԿԵԼ»
– Նման ծանր իրավիճակում ռազմավարական գործընկերներին փոխելը ի՞նչ կարժենա Հայաստանի համար:
– Գիտե՞ք, ինձ համար ծիծաղելի է այս իրավիճակը, երբ հասարակությունը բուռն քննարկում է մի բան, որը տեսանելի ու հասկանալի է աշխարհի բոլոր շրջանակների համար: Աշխարհը զարմացած է հայ ժողովրդի տոլերանտ պահվածքով, թե ինչպես է իր ղեկավարը ոչնչացնում սեփական պետությունը: Արդեն սկսում եմ ամաչել, որ ՀՀ քաղաքացի եմ, որովհետեւ մարդիկ ուղղակի ապշում են ու ասում` հասկանում եք չէ՞, ինչու ցեղասպանվեցիք Օսմանյան կայսրությունից: Երկրի ղեկավարը բացահայտորեն զբաղված է պետական դավաճանությամբ, ինքը չի թաքցնում դա եւ հրապարակավ հայտարարում է, որ սովորել է, որ իրեն դավաճան են անվանում, ինչո՞վ են զբաղված Հայաստանի մնացած բոլոր շրջանակները: Անկեղծ ասած, ապշած ու զարմացած եմ, թե այս ժողովուրդը ո՞նց է պատրաստվում գնալ ինքնաոչնչացման ու կործանման ճանապարհով:
– Հայաստանը երկրաշարժի ժամանակ օգնեց Թուրքիային, մեր փրկարարներն անգամ կյանքեր փրկեցին, կարծես, փոխարենը Թուրքիան հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցրեց, ինչպե՞ս կմեկնաբանեք այս վերաբերմունքը:
– Կարծում եմ` նման տիպի մանր հարցերը, որ քննարկվում է հայկական տիրույթում, ցույց է տալիս, թե ինչ տիպի անտեղյակ է հայ հասարակությունը: Դրանք մանր հարցեր են, երկրաշարժ էր, եւ Հայաստանը պետք է օգնություն տար, դա տրամաբանական էր եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող հումանիտար ընդհանուր դրույթ էր: Դա քննարկելը, երբ Հայաստանի կործանման գործընթաց է գնում, ուղղակի վիրավորական է: Հասկանում եմ, որ ինչ աստիճանի շեշտադրումների պակաս կա հասարակության մեջ, դրա պատճառը Հայաստանի քաղաքական վերնախավն է: Մեկնաբանել, քննարկել, թե Հայաստանը ճիշտ է անում, թե` սխալ` Թուրքիային աջակցելով, ծիծաղելի է: Քննարկման գլխավոր խնդիրը պետք է լինի այն, թե ի՞նչ բանակցություններ է վարում Հայաստանի այսօրվա գործող կոչվող ղեկավարը, որն, ըստ էության, ոչնչացման ճանապարհով է տանում արցախահայությանը` որպես առաջին քայլ, եւ կասկածի տակ է դնում Հայաստանի անվտանգությունն ընդհանրապես: Բայց Հայաստանում ամեն ինչ քննարկում են, բացի այդ գլխավոր խնդրից: Հարակից խնդրները, երբ քննարկում են, շեղում է հասարակությանը: Թուրքիան փակել է օդային տարածքը շատ պարզ ու հասկանալի պատճառներով: Տարիներ առաջ, երբ հայ-թուրքական հարաբերություններ չկային, մարդիկ գնում հանգստանում էին Թուրքիայում, ոչ մի խոչընդոտ չկար, բեռնափոխադրումներ կար Թուրքիայի ու Հայաստանի սահմանում, օդային տարածքը բաց էր, եւ, ըստ էության, այսօր Թուրքիան տեսել է, որ Հայաստանը գնում է ինքնաոչնչացման ճանապարհով, իրենք էլ են զարմացած եւ հասկանալով, որ այդ պրոցեսը պետք է բաց չթողնել` փորձում են ավելի կոշտ լինել` ծիծաղելի պայմաններ դնելով: Այսինքն՝ ինքնանվաստացման գործընթացքը այն աստիճանի է հասել, որ վաղը մյուս օր Թուրքիան կարող հայտարարել, որ Ծիծեռնակաբերդը պետք է փակել, որպեսզի մենք կարողանանք ձեզ հետ խոսել: Հասարակությունը օր առաջ պետք է որոշում կայացնի` պատրաստվու՞մ է ինքնացեղասպանվել, թե՞ ոչ, այսպիսի խնդիր է դրված:
«ԱՅԴ ՄԱՐԴՈՒՆ ՊԵՏՔ Է ՎՌՆԴԵԼ ԱՅԴ ԱԹՈՌԻՑ, ԱՐԴԵՆ ԱՄՈԹ Է, ԺՈՂՈՎՈՐԴԸ ԽԱՅՏԱՌԱԿՎԵԼ Է ԱՄԲՈՂՋՈՎԻՆ»
– Լուծումը ո՞րն է, Փաշինյանն էլ հայտարարեց, որ սեղանին կա փաստաթուղթ, ամեն ինչ ավարտվա՞ծ է, թե՞ դեռ պայքարի հույսեր կան, կամ ի՞նչ կարող է պարունակել այդ փաստաթուղթը:
– Լուծումը այդ մարդուն վռնդելն է:
– Այսինքն՝ լուծումը իշխանափոխությու՞նն է, թե՞ դիվանագիտական դաշտում մենք դեռեւս կարող ենք փրկել իրավիճակը:
– Եթե երկրի ղեկավարը պետական դավաճան է, ի՞նչ դիվանագիտական լուծման մասին է խոսքը, մարդը բացահայտ հայտարարում է, որ ինքը չի խորշում, որ իրեն համարում են դավաճան, մարդը պատրաստվում է զբաղվել այդ գործով, դուք ի՞նչ եք ուզում: Այստեղ մի խնդիր կա, այլ խնդիր չկա, այդ մարդուն պետք է վռնդել այդ աթոռից, արդեն ամոթ է, ժողովորդը խայտառակվել է ամբողջովին: Այսքանից հետո խոսել, որ հայ ժողովուրդը պահանջում է ցեղասպանությունը ճանաչել, ուղղակի ծիծաղելի է աշխարհի համար: Այսպիսի ինքնանվաստացման գործընթաց, որ հայ ժողովուրդը ապրել է արդեն, ի՞նչ դիվանագիտական խնդիրներ կարող են լուծել, երբ այդ մարդը իշխանության ղեկում է գտնվում:
– Իսկ այստեղ ընդդիմությունը անելիք չունե՞ր, չպե՞տք է քայլեր ձեռնարկեին, համախմբեին ժողովրդին: Տպավորություն է, որ ֆեյսբուքյան գրառումներից զատ ոչինչ չի արվում:
– Ողորմելի վիճակ է, նրանք այլեւս ինձ համար դադարել են որպես քաղաքական ներկայացուցիչներ համարվել, որովհետեւ այս պայմաններում նրանց գոյությունը ցույց է տալիս, որ, ըստ էության, նրանց պատասխանատվությունը պակաս չէ գործող ղեկավարից: Նրանց պահվածքը, անզորությունը, թուլությունը, ամեն ինչը ցույց է տալիս, թե ինչ վիճակի մեջ է գտնվում այսօրվա երկիրը: Հայաստանում պետք է «սրբել», այսպես կոչված, քաղաքական դաշտը, նոր քաղաքական վերնախավ ձեւավորել, որը կկարողանա վռնդել այդ մարդուն իշխանությունից եւ վերջապես ամբողջական խայտառակությունից ու ցեղասպանությունից փրկել այս ժողովրդին:
– Անդրադառնանք արցախահայությանը, ի՞նչ է սպասվում մեր հայրենակիցներին Արցախում:
– Միայն ու միայն ցեղասպանություն, եթե այդ մարդը մնա պաշտոնում, միայն այդ մարդուն վռնդելուց հետո կարելի է խոսել արցախահայության փրկության մասին: Եթե ամեն րոպե այդ մարդիկ կանգնած են ցեղասպանության առաջ, ուղղակի ժամանակն աշխատում է արցախահայության դեմ, ինչքան շուտ խնդիրը լուծվի, այնքան ավելի շուտ այդ մարդիկ կփրկվեն: Եթե ուշանանք, արցախահայությունը կցեղասպանվի կամ կտեղահանվի, հետո հերթը կհասնի Սյունիքի հայությանը, հետո` ամբողջական Հայաստանին:
Ս. Ասատրյան
iravunk.com
դեպի ետ