• am
  • ru
  • en
Версия для печати
04.05.2023

ՄԻԱԿ ԻՐԱԿԱՆ ՈՒԺԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԵԼ. Սաֆրաստյան

   

Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքները կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին ու ներքաղաքական մարտահրավերների վրա, ո՞ւմ է ձեռնտու անվտանգ Հայաստանը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ, արեւելագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:

«ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ»

— Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» ասվածից հետո արդյո՞ք կփոխվի:

— Կարծում եմ` հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ Թուրքիայի համար առանձնապես կարեւոր չէ, այլ կարեւոր է Հայաստանից ստանալ այն, ինչ որ պահանջում է, միայն դրանից հետո պատրաստ է կարգավորել հարաբերությունները, իսկ ի՞նչ է պահանջում. այն, ինչ-որ տասնամյակներ շարունակ պահանջել է, հիմա դրան էլ ավելացել է «Զանգեզուրի միջանցքը»: Թուրքիայի գերագույն նպատակն է՝ Հայաստանից ստանալ ինչ-որ մի գին, այդ գինը ստանալուց հետո՝ նոր կարելի է մտածել հարաբերությունները կարգավորելու մասին:

— Ի՞նչ ակնկալել Թուրքիայում նախագահական ընտրություններից: Տարբեր կարծիքներ են հնչում, որ օրինակ՝ գործող նախագահ Էրդողանը չընտրվի, այլ ընտրվի ընդդիմության թեկնածուն, կարող է Հայաստանի համար օրակարգային հարցեր փոխվել:

— Հայաստանի նկատմամբ սկզբունքորեն փոփոխություն չի լինի, որովհետեւ այն քաղաքականությունը, որ Թուրքիան վարում է Հայաստանի նկատմամբ, տասնամյակներով է վարել՝ 1991թ.-ից, երբ ճանաչեց Հայաստանի անկախ պետությունը, բայց հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայտարարեցին, թե ինչ-որ խնդիրներ կան, որ պետք է պարզաբանեն Հայաստանի հետ հարաբերություններում, դրանից հետո նոր դիվանագիտական հարաբերություններ հաստատեն: Սա է ընդհանուր թուրքական վերնախավի մոտեցումը՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն: Դրա հիմքում հետեւյալ գաղափարն է, որ Հայաստանը ավելի շատ է շահագրգռված նորմալ հարաբերություններ ունենալ, քան Թուրքիան, եւ քանի որ ավելի շատ է շահագրգռված, պետք է ինչ-որ գին վճարի: Եվ այս մոտեցումն ունի ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը: Ընդդիմությունը, եթե գա իշխանության, որն ավելի շատ է կապված Միացյալ Նահանգների հետ, կարող է մի քիչ ավելի փափուկ քաղաքականություն վարել՝ սկզբունքորեն չհրաժարվելով այդ գնից, որովհետեւ ամերիկացիները վաղուց ուզում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորեն, իսկ ընդդիմությունը քանի որ նրանցից ավելի մեծ կախման մեջ կլինի, կփորձի մի քիչ ավելի «ճկունություն» ցուցաբերել: Այսինքն՝ այդ գինը կմնա, բայց գուցե ավելի քիչ լինի, բայց սկզբունքորեն փոփոխություն տեղի չի ունենա:

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՆ ԻՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՎԵՐՑՆԵԼՆ Է»

— ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ալիեւի հետ հեռախոսազրույցում անդրադարձել էր հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին՝ խոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը այս հարցում: Նա նաեւ անդրադարձել էր Բերձորի միջանցքին ու մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերին: ԱՄՆ-ը այս պահին կարո՞ղ է դրական միջամտություն ունենալ:

— Հայ-թուրքական հարաբերությունների առումով ամերիկացիների մոտեցումները 1991-92 թթ. նույնն է, որ իրենք կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Փորձել են միջնորդի դեր ստանձնել, երկու անգամ հարաբերությունները կարգավորել են, չի ստացվել, օրինակ՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ ամերիկացիներն էին, ըստ էության, միջնորդի դեր ստանձնել, երբ բանակցություններ էին տեղի ունենում Շվեյցարիայում: Հիմա այս անգամ էլ ընդդիմությունը եթե գա իշխանության, կարող է մի քիչ ավելի ճկուն լինի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման բնագավառում՝ ելնելով ամերիկացիների ճնշումներից, ուրիշ բան ամերիկացիները հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում անել չեն կարող:

— Ադրբեջանի ծրագրերը որքանո՞վ կարող են կախված լինել Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքներից: Օրինակ, եթե նախագահ փոխվի, թեկուզ ժամանակավոր, Ադրբեջանի ծրագրերը կհետաձգվե՞ն:

— Կարծում եմ՝ Ադրբեջանը կորցնում է իր ինքնուրույնությունը, ավելի շատ է դառնում գործիք, տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը իրականացնելու համար: Այդ գործընթացը կանգ չի առնի, ուղղակի, ընդդիմությունը իշխանության գալով՝ ի տարբերություն Էրդողանի, որն իր արտաքին քաղաքական նպատակներն ագրեսիվ կերպով է հետապնդում, ընդդիմությունը կփորձի ավելի մեղմ ձեւով այդ ամենն անել: Բայց ես չեմ կարծում, որ լիովին հրաժարվի մեր տարածաշրջանում այն ռազմավարական նպատակից, որը Թուրքիան դրել էր իր առջեւ դեռեւս 30 տարի առաջ: Թուրքիայի նպատակը մեր տարածաշրջանում Հարավային Կովկասը իր հսկողության տակ վերցնելն է, իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ դարձնելն է, եւ Ադրբեջանը հենց դրա համար օգտագործվում է Թուրքիայի կողմից: Այս նպատակները դրվել է դեռեւս այն ժամանակ, երբ անգամ Էրդողանի կուսակցությունը գոյություն չուներ:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԶԻՋԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»

— Թուրքիայի այս նպատակին միջազգային կառույցները, գերտերությունները, խոշոր խաղացողները չե՞ն հակազդի, այդքան հե՞շտ կլինի Թուրքիայի համար տարածաշրջանում հասնել իր նպատականերին:

— Իհարկե, հեշտ չէ, 30 տարի ձգտում-ձգտում է, մինչեւ հիմա խնդիր կա լուծելու, առաջինը Հայաստանն ու Արցախն է, որ խանգարել են Թուրքիային այդ նպատակին հասնելու, դրա համար էլ ամեն ինչ ուղղված է Արցախի, հետո Հայաստանի դեմ: Իսկ միջազգային կառույցներն առանձնապես հետաքրքրված չեն, որովհետեւ՝ Հարավային Կովկասը առաջին հերթին հետաքրքրում է Ռուսաստանին ու վերջին շրջանում` Իրանին: Ռուսաստանը տասնամյակներ շարունակ, մեր տարածաշրջանում ունեցել է միանձնյա ազդեցություն, գնալով այդ ազդեցությունը թուլանում է, վերջին պատերազմից հետո սկսեց ավելի տեսանելի թուլանալ Ռուսաստանի ազդեցությունը, որովհետեւ զբաղված է Ուկրաինայով: Թուրքիան հիմա փորձում է դրանից օգտվել, բայց, իհարկե, Ռուսաստանը երբեք չի համաձայնի Հարավային Կովկասը զիջել Թուրքիային, դա բացառված է: Իր բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանը կփորձի այն ազդեցությունը, որը դեռեւս ունի, պահել: Մենք տեսնում ենք նաեւ, որ Իրանը ակտիվացրել է իր տարածաշրջանային քաղաքականությունը՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, որովհետեւ եթե Թուրքիան, Ադրբեջանը կարողանան վերցնեն իրենց ձեռքը Սյունիքը, նշանակում է, որ Իրանը կորցնում է երկընտրանքային ճանապարհ աշխարհի եւ Եվրոպայի հետ կապվելու համար: Իհարկե, այն, որ հայտարարություններ են հնչում, որտեղ Իրանի դիրքորոշումը պարզորոշ արտահայտված է այդ հարցում, դրանք միանգամայն համապատասխանում են Իրանի քաղաքականությանը, ուղղակի կասկածում եմ, որ գործը հասնի դրան: Իրանը, չեմ կարծում, որ զինված ուժեր կկիրառի այդ խնդիրը իր ցանկացած ձեւով լուծելու համար: Ամեն դեպքում, Իրանը իր բոլոր հնարավորություններն օգտագործում է ու կօգտագործի, բացի զինված ուժերից, որ այդ ծրագիրը չիրականանա: Մնացածների համար Հարավային Կովկասը չունի մեծ նշանակություն՝ այն առումով, որ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար այն է կարեւոր, որ այստեղից նավթն ու գազը դուրս գան եւ հասնեն Արեւմուտք: Իհարկե, Թուրքիան Արեւմուտքի մաս է կազմում, եւ Արեւմուտքի համար ավելի ձեռնտու է, որ Հարավային Կովկասում գերիշխողը լինի Թուրքիան եւ ոչ թե Ռուսաստանը: Բայց չեմ կարծում, որ Արեւմուտքը Թուրքիային կաջակցի իր այդ նպատակը իրականացնելու համար, ուղղակի, կհետեւի, բայց եթե հաջողվի, չի էլ խանգարի Թուրքիային: Մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ Ռուսաստանը զբաղված լինի, եւ որոշ դեպքերում այնպես չի վարվում, ինչպես մենք կցանկանայինք, բայց միակ իրական ուժը Հարավային Կովկասում Ռուսաստանն է, որը կարող է մեզ պաշտպանել, ուրիշ ոչ մի ուժ չկա:

Ս. Ասատրյան
iravunk.com


դեպի ետ