• am
  • ru
  • en
Версия для печати
12.05.2009

ԴԵՊԻ ՇՈՒՇԻԻ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆՈՂ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Руский

   

Լևոն Միքայելյան

01_Mer_Haxtanaknery (original)«Տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին,
տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ. բայց
ավելի շատ այն է, որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե հաղթված»։

451թ. Ավարայրի ճակատամարտից առաջ իր զինվորներին Վարդան Մամիկոնյանի կոչից

Ինչո՞ւ էինք ոգով ընկճվում հաղթանակներից հետո

Հավանաբար, դեռ երկար մենք (հնարավոր է նաև մեր սերունդները) կխորհենք թվում է՝ հայ հոգեկերտվածքի համար դարերի ընթացքում ստեղծված այն անհասկանալի հանգամանքի շուրջ, որ բաղձալի անկախության ձեռբքերումից հետո մեր երկրում տիրապետող դարձան ոչ թե ազգային ինքնագիտակցության, ազգային հպարտության և ինքնահարգանքի բուռն աճի բնական գործընթացները, այլ մոլորվածության, անկման, պարտվողականության տրամադրությունները, որ հայերի մեջ տարածված էին, հատկապես, Ցեղասպանությունից հետո և աստիճանաբար հաղթահարվում էին վերջին տասնամյակներին։ Իհարկե, կատարվածը չէր կարող ինքն իրեն տեղի ունենալ. այն իշխանությունների վարած հակազգային պաշտոնական, նպատակաուղղված գաղափարախոսության և քաղաքականության հետևանքն էր։

Հասարակությունը, որ Ղարաբաղյան շարժմանը նախորդող տարիներին, հայրենական և համաշխարհային պատմության մեջ կարողացել էր ցուցադրել ազգային ոգու և միասնության, հպարտության և ինքնահարգանքի հազվագյուտ բարձունքներ, պատրաստ էր լուծել նորանոր և էլ ավելի բարդ համազգային խնդիրներ, ինչն էլ դրսևորվեց Արցախյան պատերազմի ընթացքում։

Սակայն այդ հասարակությունը հանկարծ հայտնաբերեց և, չցանկանալով հավատալ սեփական աչքերին, աստիճանաբար համոզվեց, որ ժողովրդի հոգուն այդքան հարազատ հայրենասիրական հռետորականությունը նրա երեկվա կուռքերի շուրթերին նվիրական զգացմունքների ընդամենը նենգ շահարկում էր, սոսկ իշխանությունը զավթելու և այլ մութ նպատակների հասնելու գործիք։ Դա այնքան ցնցող էր, որ շատերը երկար ժամանակ չէին կարողանում գիտակցել (ոմանք չեն կարողանում գիտակցել առայսօր) կատարվածը, ինչին, ի դեպ, խանգարում էր նաև հոգեբանական այն հանգամանքը, որ մարդիկ ընդհանրապես դժվար են ընդունում սեփական մոլորությունները, հատկապես սույն դեպքում, երբ պահանջվում էր հստակ ըմբռնել, որ մոլորված էին ոչ թե Ղարաբաղյան շարժման (որն իսկական էր և պատմական այդ պահի համար անխուսափելի) նպատակների և իդեալների, այլ ընդամենը այն մարդկանց հարցում, ովքեր այս կամ այն կերպ հայտնվել էին այդ շարժման ղեկին։

Իհարկե, ՀՀՇ քայքայիչ հակազգային գաղափարախոսությունը հակասում էր հասարակության տրամադրություններին, որը համառորեն փորձում էր, մասնավորապես, օգտվելով ազատ ստեղծագործելու և գրահրատարակության ընձեռված հնարավորությունից, շարունակել մոռացված կամ նախկինում արգելված ազգային հոգևոր արժեքների որոնումը, բայց դրանք, որպես կանոն, նեղ շրջանակի մարդկանց սեփականությունն էին մնում՝ անհրաժեշտ հանրային արձագանք չստանալով։ Պաշտոնական գաղափարախոսության («Մեր ուժը մեր թուլության մեջ է») և հայ իրականության միջև առկա աղաղակող հակասությունն առավել ցայտուն արտահայտվեց այն բանում, որ հայրենասիրական զգացումներով առաջնորդվող ժողովուրդը ինքնամոռաց մարտնչում էր մարտի դաշտերում, իսկ իշխանությունները ձևացնում էին, թե ոչ մի պատերազմ էլ չկա, հետևաբար՝ չկան նաև հաղթանակներ։ Արդյունքում՝ իշխանությունները ժողովրդից հափշտակեցին հաղթանակը։ Հավանաբար, առաջին անգամ համաշխարհային պատմության մեջ հաղթական պատերազմը ծառայեց ոչ թե ազգային ոգու թռիչքին, հաղթանակած ժողովրդի զգացման համապարփակ հաստատմանը, բանակի և պատերազմի մասնակիցների հերոսականացմանը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, այլ հասարակության առավել բարոյալքմանը, որը թունավորվում էր խաղաղասիրության և «խաղաղարարության» տրամադրություններով։

Եթե ողջ աշխարհի աչքի առջև մեր օրերում հայ ժողովրդի տարած հաղթանակն էր ապահերոսականացվում և նսեմացվում, ապա էլ ինչ խոսես պատմական, ռեալ և լեգենդար հաղթանակների մասին։ Կատաղի գրոհ էր մղվում (և շարունակում է մղվել) հայոց պատմության՝ ազգային ինքնագիտակցության և ամենահաղթ ազգային ոգու հուսալի հենարանի (ինչպես բոլոր ժողովուրդների մոտ է) վրա։ Գլոբալիստական բոլոր կանոններով ազգը զրկվում է սեփական պատմությունից, պատմությունը՝ հերոսականությունից։ Առանց ամոթի նշույլի ներշնչվում է, հատկապես երիտասարդությանը, թե իբր հայ ժողովուրդը իր պատմության ողջ ընթացքում խեղճ ու թույլ է եղել, «պատերազմներում ոչ մի հաղթանակ չի տարել» և այլն։

Այնինչ, անաչառ հայացքը չի կարող չնկատել այն դրական միտումները, որոնք վերջին տասնամյակում դժվարությամբ, բայց անշեղորեն հաստատվում են մեր իրականության մեջ։ Երբեմն անգամ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում հաղթահարված են կորստի և անկախության առաջին տարիներին սերմանված տրամադրությունները, թե ամենուրեք իշխում է ազգային արժեքների և իդեալների գերակայությունը... Ավաղ, արմատական բեկումն առայժմ տեղի չի ունեցել։ Եվ պատճառն այն է, որ իրականացվող գործողություններից և միջոցառումներից շատերն ընկալվում են որպես առանձին, անգամ պատահական երևույթներ՝ չմիաբանված ոչ ամբողջական պետական գաղափարախոսությամբ, ոչ ծրագրով։ Իսկ ցանկալի բեկմանը հասնելու համար անհրաժեշտ են ծավալուն նախագծեր, առաջին հերթին՝ կրթական, որոնք կլինեն խորապես կշռադատված և նպատակասլաց ու համարժեք ձևով կդիմակայեն հակազգային գաղափարախոսական ագրեսիայի տեխնոլոգիաներին։

«Առանց պատմության ժողովուրդ չկա», պնդում էր Կարամզինը 200 տարի առաջ։ Բայց այս ճշմարտությունը եվրոպացիներից դեռ հազար տարի առաջ գիտեր հայոց պատմահայր Մովսես Խորենացին, ով ստեղծել է ոչ միայն պարզապես Հայաստանի առաջին գրավոր պատմությունը, այլ նաև, ինչը, թերևս, ավելի կարևոր է, հայոց պատմության ազգային մեկնակերպը։ Այսօր մեզ հարկադրում են նահանջել Մովսես Խորենացու, նրա զինակիցների և հետևորդների ստեղծած ավանդույթներից, որոնք հայ են պահել մեր ազգը հազարամյակների ընթացքում։ Հարկադրում են հրաժարվել սեփական պատմությունից և առաջին հերթին նրա ազգային մեկնակերպից։ Այս վտանգը կանխելու համար մենք ինչ-որ նոր բան հորինելու կարիք չունենք, մենք պետք է պարզապես շարունակենք մեր սեփական ավանդույթները, և ոչ միայն պատմագրության, այլ նաև ընդհանրապես հայագիտության մեջ, հետևողականորեն և անզիջում հաստատենք սեփական պատմության ազգային մեկնակերպը։ Բնականաբար, արդի և օբյեկտիվ ճշմարտությանը չհակասող ձևերով։

Դրա համար անհրաժեշտ են առաջին հերթին ծավալուն, նորարարական և հանրամատչելի նախագծեր, որոնց ազդեցությունը հանրային գիտակցության վրա առնվազն համարժեք պետք է լինի ապազգայնացնող տեխնոլոգիաներին։

«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ»՝ ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԿՆԱԿԵՐՊ

Նման հիմնարար նախագծերից մեկը, մեր կարծիքով, «Մեր հաղթանակները» նախագիծն է, որն իրականացնում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը։ Նախագիծը նախատեսում է, մասնավորապես, «Մեր հաղթանակները» քառահատորի հրատարակումը, որի հիման վրա ենթադրվում է ստեղծել «Հայ ռազմարվեստի» հանրագիտարանը, ինչպես նաև այդ գրքերի հրատարակումը օտար լեզուներով և տարբեր էլեկտրոնային ձևաչափերով։

Քառահատորը գրվել է ժամանակագրական սկզբունքով. 1-ին հատոր՝ Ք.ա. I-III – Ք.ծ.հ. III հազարամյակներ, 2-րդ հատոր՝ IV-X դարեր, 3-րդ հատոր՝ XI-XVII դարեր, 4-րդ հատոր՝ XVIII դարից մինչև մեր օրերը, ներառյալ Արցախյան հաղթական պատերազմը։ «Մեր հաղթանակները» նախագծի հեղինակն ու ղեկավարն է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Հեղինակային խմբի ղեկավարն է Սուրեն Մարտիկյանը։ 1-ին հատորի հեղինակներն են Սուրեն Մարտիկյանը և պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանը։ Գիտական խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Լ.Դանիելյանը։

Տեղեկացնենք նաև, որ այս եզակի հրատարակության առաջին հատորն արդեն լույս է տեսել։ 2-րդ հատորի աշխատանքներն ավարտվել են, և այն կհրատարակվի մոտ ժամանակներս, զուգահեռաբար աշխատանքներ են տարվում նաև մյուս հատորների վրա։

ՈՐՊԵՍ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ ԲՆԱԲԱՆ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՀԵՏԵՎՅԱԼ ԽՈՍՔԵՐԸ, որոնք նրա իսկ «Պատմության» սկզբնական էջերից մեկում են. «...սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ և ի մերում աշխարհիս և արժանի գրոց յիշատակի»: Սպառիչ և ճշգրիտ բնաբան է: Նույնքան բնական է նաև առաջին գլուխը` «Հայոց ձորի ճակատամարտը (Ք.ա. 2492թ.)»: Մեր առաջին ճակատամարտը և մեր առաջին հաղթանակը: Հայկի հաղթանակը Բելի նկատմամբ:

Առաջին իսկ գլխում արդեն հստակ ի ցույց է դրվել հրատարակության հայտարարված նորարարական առանձնահատկությունը: Մեր առջև իսկապես հայ ռազմարվեստի պատմությունն է: Այստեղ շարադրվում է նաև Մովսես Խորենացու ներկայացրած հնագույն ավանդապատումը, սակայն հիմնական ուշադրությունը հատկացվել է ոչ թե պատմական փաստին, այլ, ըստ էության, ճակատամարտի ռազմական ասպեկտների վերլուծությանը, բնականաբար, V դարի պատմիչի ընկալմամբ: Ողջ պատումն ընդհատվում է հին օրերի ռազմարվեստի առանձնահատկությունների մասին մեջբերվող «տեղեկանքներով» և ուղեկցվում գունագեղ նկարներով, քարտեզներով, գծապատկերներով:

Եվ այսպես ճակատամարտ ճակատամարտի հետևից, դար դարի, գլուխ գլխի հետևից: Հայտնի է, որ պատերազմների պատմությունը պետության պատմությունն է: Այս ճշմարտությունը համոզիչ կերպով հաստատվում է դիտարկվող գրքի բովանդակությամբ, մանավանդ որ զուտ «ռազմական» գլուխներն օրգանապես միահյուսվում են «պատմական» գլուխներին: Այսպես, Հայկի և Բելի ճակատամարտի պատմությունից անմիջապես հետո հաջորդում է «Հայաստանը Ք.ա. III հազարամյակի առաջին կեսին» գլուխը, առանց որի դժվար կլիներ ընթերցողի ընկալումներում միավորել Ք.ա. XXIV, XXIII և XXII դարերի պատերազմները: Այնուհետև հաջորդում է կարևորագույն մի գլուխ` «Մետաղագործությունը, մարտակառքերն ու ռազմական գործը Հայկական լեռնաշխարհում Ք.ա. II հազարամյակում»:

ԱՅՍՊԵՍ Է ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՂՋ ԳԻՐՔԸ: ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՈՒ ՍՅՈՒԺԵՆԵՐԻ ԱՅԴ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ գիրքը Հին աշխարհի, առաջին հերթին Հայկական լեռնաշխարհի և Միջագետքի պատմության գիտելիքների անփոխարինելի աղբյուր է դարձնում, բառիս բուն իմաստով` հայ, և ոչ միայն, ինչպես հայտարարում են հեղինակները, ռազմարվեստի հանրագիտարան: Թվարկենք որոշ գլուխների վերնագրերը, որոնք որոշակի պատկերացում են տալիս գրքում պատմվող ճակատամարտերի և զուգահեռաբար դիտարկվող հարցերի մասին. «Հայաստանը հետախուզական զեկույցներում» (XXI դար), «Հայկազունները` հակաբաբելոնյան դաշինքի առաջամարտիկ», «Հիքսոսների արշավանքը (Ք.ա. մոտ 1710թ.)», «Հայասայի պայքարը խեթական պետության դեմ (Ք.ա. 1340-1310-ական թթ.)», «Արամե. պայքար Ասորեստանի դեմ Ք.ա. 850-840-ական թթ.», «Վանի արքաների արշավանքները Իշպուինիի և Մենուայի օրոք», «Տերության սահմանների ընդարձակումը Արգիշտի Ա-ի գահակալության վերջում», «Հայաստանը` չորս ծովերի տերություն», «Տիգրան Երվանդյան», «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը», «Հայաստանի հզորացումը Արտաշեսյանների օրոք», «Ռազմական բարեփոխումները և հայ-պարթևական պատերազմը (Ք.ա. 87-86թթ.)», «Հայկական տերությունը (Ք.ա. 83-70թթ.)», «Հայ-հռոմեական պատերազմը (Ք.ա.70-68թթ.)», «Վաղարշ Բ. դիվանագետ և զորավար»...

Հավանաբար, արժե առանձին նշել հրատարակության մեջ ներառված ռազմական տերմինների բառարանի մասին, որը, մեր կարծիքով, ինքնուրույն գիտական նշանակություն ունի: Սակայն դա, ինչպես և ողջ հրատարակության պրոֆեսիոնալ գնահատականը թողնենք մասնագետներին: Իսկ մենք մեր կողմից ամենայն վստահությամբ կարող ենք պնդել, որ «Մեր հաղթանակները» նախագիծն այն խիստ անհրաժեշտ և հրատապ խնդրի մարմնավորման օրինակելի փորձն է, որը կարելի է բնորոշել որպես «հայոց պատմության ազգային մեկնակերպի» ստեղծում:

Անհամբերությամբ կսպասենք հաջորդ հատորների և, հասկանալի պատճառներով, ողջ քառահատորի ռուսերեն հրատարակության լույսընծայմանը:


դեպի ետ