• am
  • ru
  • en
Версия для печати
27.04.2023

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՌԱՐԿԱ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ. Մանասյան

   

«Իրավունքի» զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ:

«ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ Է ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ»

– Հայաստանը տարիներ շարունակ սպասում էր, որպեսզի ԱՄՆ նախագահներն արտաբերեն «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտաբերեց արդեն երկրորդ անգամ, ի՞նչ կտա այն մեզ, եթե հաշվի առնենք, որ ցեղասպանությունը հայերի նկատմամբ շարունակվում է, արցախահայությանը էթնիկ զտում է սպառնում, ինչը ԱՄՆ նախագահը, կարծես, չի էլ նկատում:

– Տարիներ շարունակ ամերիկահայ համայնքը եւ Հայ Դատը պայքարել են, որ Միացյալ Նահանգների նախագահները արտաբերեն այդ բառը, եւ նույնիսկ այն բանից հետո, երբ Կոնգրեսը արտաբերել էր, նախագահը դա չէր ընդունում, եւ, ի վերջո, Բայդենը ընդունեց այն: Նախորդ տարիների փորձը մեզ ի՞նչ է հուշում, որ այդքան էներգիա մենք ծախսում էինք, որպեսզի այդ բառն արտաբերվի (չնայած ճիշտ են արել, պայքարել են, դա հասարակական կարծիքի համար կարեւոր է), սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ թեման քաղաքական առեւտրի առարկա են դարձրել ԱՄՆ նախագահները ու թեկնածուները` խոստանալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե իրենք ընտրվեն: Նախագահ Ռեյգանից սկսած` բոլոր նախագահները այդ խոստումը տվել են, բայց հետեւողական չեն եղել: Հայտնի է Ռեյգանի խոսքն այն մասին, որ «Սպիտակ տնից այդ խնդիրը այլ կերպ է երեւում»: Ի վերջո, Բայդենն այդ բառը արտաբերել է, բայց ասենք ասաց, ի՞նչ է այն մեզ տալիս: Իհարկե, հայկական համայնքի համապատասխան շրջանակներն աշխատում են այն ուղղությամբ, որ դա դասագրքերում տեղ գրավի, սակայն պետական մեծ քաղաքականության դեպքում, ենթադրվում է, որ պետք է օրենք լինի, որը պատժելի համարի ցեղասպանության հերքումը: Նույնիսկ այդ դեպքում էլ, մենք չպետք է մեր հույսը դնենք այդպիսի հայտարարությունների վրա, որովհետեւ քաղաքական իրական դաշտում հարցերը լուծում են ոչ թե հայտարարությունները, այլ, ցավոք, ուժն է իշխում:Այսինքն՝ այդ ճակատում այսքան ներդրումներ անելը պետք է կապվի ռեալ արդյունքների հետ, հասցվի այն աստիճանի, որպեսզի դրանք ստանան օրենքի ուժ, ռեալ քաղաքականության մեջ ներգրավվի եւ ոչ թե հայտարարեն ու գնան: Շատ պետություններ են հայտարարել, Ռուսաստանն էլ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Անգլիան 1915թ.-ին է ասել, որ դա ցեղասպանություն է` հանցագործություն մարդկության դեմ, սակայն դրանից հետո ոչ մի բան չի եղել, հենց Մեծ Բրիտանիան է շարունակաբար արգելափակել հայկական հարցի քննարկումը կամ ղարաբաղյան հարցի քննարկումը 44-օրյա պատերազմի ընթացքում: Այնպես որ, ռեալ պոլիտիկի դաշտում մենք պետք է գնահատենք այդ հայտարարությունները, եւ ոչ թե քաղաքական ռոմանտիզմի տեսակետից:

– Ի վերջո, քանի՞ կոպեկի արժեք ունի այս հայտարարությունը, եթե 21-րդ դարում արցախահայությունը էթնիկ զտման է ենթարկվում, մարդկանց սպանում են սեփական հողում, ու ԱՄՆ նախագահը լռում է:

– Նույնիսկ պատերազմի օրերին Արեւմուտքը լռում էր, եւ ոչ մի իրական բան չարեց` բացի ափսոսանքի հայտարարություններից, որովհետեւ նրանց գլոբալ քաղաքականության դաշտում ձեռնտու չէ այս պահին Ադրբեջանին նեղացնել, որտեղից ինքը գազ է ստանում: Մենք այստեղ էլ դա պետք է հաշվի առնենք: Ահա թե ինչու մեզնից պահանջվում է սթափ քաղաքական մտածելակերպ, ոչ թե քաղաքական ռոմանտիզմով տառապենք, այլ չոր հաշվարկ է պետք:

«ՆԱԽԻՋԵՎԱՆՆ ԷԼ, ԱՐՑԱԽՆ ԷԼ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ, ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ՉԵՆ ԿԱԶՄԵԼ»

– ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւի նախագիծ: Որքանո՞վ է հավանական, որ այս բանաձեւն իրականություն կդառնա:

– Գլոբալ քաղաքականության համատեքստում է այն դիտվելու: Ադամ Շիֆը անձ է, իսկ դեպարտամենտը, նախագահը, սենատը կարող են այլ դիրքորոշում ունենալ: Ինչպես գիտենք, ցեղասպանության թեմայով մոտիկ է եղել պահը, որպեսզի կոնգրեսը դա ընդունի, եւ չի ընդունվել, վերջին պահին կասեցվել է: Այնպես չէ, որ մենք հիմա կարող ենք մեծ հույսեր կապել դրա հետ, չնայած` ես դեմ չեմ, որ այդ թեման անընդհատ արծարծվի, որովհետեւ եթե մենք դա չենք անում, ընդհանուր մեր ձախողումների փաթեթում ավելացնում ենք նաեւ տեղեկատվական ճակատի պարտությունը:Մենք նույնիսկ ցեղասպանության մասին ճիշտ չենք խոսում: Ընդունված է 1915թ.-ը անվանել ցեղասպանության տարի, բայց այն ընդամենը խորհրդանշական թիվ է: Ասում են` 1915-1923թթ.-ին Օսմանյան կայսրությունում… բոլոր բառերը սխալ են, որովհետեւ՝ ո՛չ 1915-ին է սկսել, ո՛չ 1923-ին է վերջացել: Թուրքիան շարունակել է ցեղասպանությունը, 1915թ.-ից առաջ համիդյան օսմանյան կայսրությունն է դա արել, եւ այն չի եղել միայն Օսմանյան կայսրությունում: Օսմանյան զորքերը հասել են Բաքու, ամբողջ ճանապարհին հրկիզել են, կոտորել են հայկական գյուղերը, բայց մենք մեխանիկորեն արեւմտահայության հետ ենք կապում, դա եղել է Հայոց ցեղասպանություն, ոչ թե արեւմտահայոց: Մենք Բաքվի ջարդերը` 30 հազար հայերի կոտորածի մասին գրում ենք, բայց չենք ասում, որ դա գլխավոր ապացույցն է այն բանի, որ Օսմանյան կայսրությունը տարել է պետական քաղաքականություն հայերի ցեղասպանության: Իրենք էլ ասում են` մենք մեր սահմանամերձ գոտուց հեռացրել ենք հայերին, քարավաններով ապահով տարել ենք, բայց ավազակներ, քրդեր հարձակվել, կոտորել են այդ հայերին, մենք մեղք չունենք, բայց երբ ասում ես` բա Բաքվի՞ կոտորածը, ոչ թե ավազակախմբերի, այլ կանոնավոր բանակի կողմից: Սա ամենահզոր ապացույցն է, որ մենք մինչ օրս չենք ասում, մենք տարանջատել ենք Հայոց ցեղասպանությունը երկու մասի. մեկի մասին խոսում ենք, մյուսի մասին` լռում: Մեր քաղաքական գիտակցությունը խոցելի է այդ հարցերում, երբ մենք բանաձեւերը չենք ձեւակերպում այնպես, որ դրանք ադեկվատ, համարժեք ձեւով արտացոլեն իրողությունները:

– Ի՞նչ է սպասվում արցախահայությանը, միջագային հանրությունն այստեղ անելիք ունի՞, թե՞ մեր դիվանագիտությունն է կաղում, որ այս «արդյունքներն» ենք գրանցում:

– Մեր դիվանագիտությունը մոռացել է միջազգային իրավունքի մասին եւ անընդհատ նոր դե ֆակտո իրավիճակներից է խոսում: Բանն այն է, որ այդ անցյալում թողած փաստաթղթերից հզոր փաթեթ ունենք, որը ցույց է տալիս, որ ԼՂՀ-ն հռչակել է ադրբեջանական հանրապետությանը չպատկանող տարածք, միջազգային իրավունքի տեսակետից այդ տարածքները Ադրբեջանին չեն պատկանում: Այս գլխավոր փաստարկը թողած` պայքարել ենք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար, երբ այդ իրավունքը ճանաչված է եղել մի երկու-երեք անգամ: Հիմա էլ կոնկրետացել են Ալմա Աթայի հռչակագրի վրա: Մի անգամ հարց չեն տալիս, թե Բաքուն ի՞նչ կարգավիճակով է ներկայացել Ալմա Աթա: Բանն այն է, որ ինքը 1991թ.-ի օգոստոսին հրաժարվել էր լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը եւ վերականգնել էր իր պետականությունը օգոստոսի 30-ից մինչեւ հոկտեմբերի 18-ը, երբ ընդունվել է պետական անկախության սահմանադրական ակտը, թե ես Խորհրդային Ադրբեջանի հետ կապ չունեմ, Ռուսաստանը օկուպացրել է, ես վերականգնում եմ 1918-20թթ.-ի ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը: Հիմա գնացել է Ալմա Աթա, որպես ադրբեջանական դեմոկրատական հանրապետությո՞ւն, որտեղ Ղարաբաղ չի եղել, թե՞ եկել է Սովետական Ադրբեջանի կարգավիճակով, որտեղ նույնպես չի եղել: Նա ո՞ր կարգավիճակով է եկել, մինչեւ հիմա այդ հարցը չենք բարձրացնում, ո՞վ է ինքը որպես իրավասուբյեկտ, միջազգային հարաբերությունների դաշտում ի՞նչ սուբյեկտայնությամբ է օժտված: Եթե դու այն Ադրբեջանն ես, մենք այնտեղ չենք եղել, եթե դու Սովետական Ադրբեջանն ես` Խորհրդային տարիների օրենքներով ես կարող էի անկախություն հռչակել, եւ դու էլ ճանաչել ես այդ իրավունքը: Չենք ասում, բայց ամենածանր պահերին էլ պետք է իրավունքից խոսենք, Ալմա Աթայում ի՞նչ ես ճանաչել: Նախիջեւանն էլ, Արցախն էլ, միջազգային իրավունքի տեսակետից, հետխորհրդային Ադրբեջանի մաս չեն կազմել:

Ս. Ասատրյան
iravunk.com


դեպի ետ