
ՌԴ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, կողմերն ընդգծել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը, հայտնում է ria.ru-ն։
Երեքշաբթի ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Երևանում խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ։ Գալուզինը առանձին զրույց է ունեցել նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ խորհրդակցությունները նախանշել են «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան»։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են շարունակել շփումները։ Կողմերը նշել են նաև ռուս-հայկական երկխոսության զարգացումը, համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության աճը և առևտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկան։
«Գոհունակություն է արտահայտվել միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի և Հայաստանի միջև համակարգվածության աստիճանից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
դեպի ետ