
ԱՆԳԱՄ ԱՅԴ ՆՈՒՅՆ ԹՄԲԿԱՀԱՐՎՈՂ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ, ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ, ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ, ՆՄԱՆ ԳԱՂԱՓԱՐ․ ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյան
Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունի պաշտոնական Արցախը միջազգային հանրությունից, հաշվի առնելով, որ մինչ միջազգային հանրությունը հայտարարություններից այն կողմ որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել մինչ օրս: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հետ, ով արձանագրեց հետեւյալը․
– Մենք մեկ անգամ եւս հայտարարությամբ ահազանգում ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները եւ դրանից առաջ հնչեցված հայտարարությունները էթնիկ զտումներ իրականացնելու եւ Արցախը առանց հայերի թողնելու նպատակ են հետապնդում։ Մենք ահազանգում ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը պատրասվում է ուժի սպառնալիքի ներքո հասնել իր նպատակներին։ Ցավոք, միջազգային հանրությունից գործուն քայլեր չենք տեսնում, խոսվում է խաղաղության պայմանագրի մասին, Արեւմուտքի կողմից տարածաշրջանում խաղաղության եւ կայունության մասին, բայց մենք եւս մեկ բարձրաձայնում ենք, որ խաղաղության այն ճանապարհը, որն իրենք են առաջարկում՝ անհնար է, չի լինելու նման խաղաղություն, դա ակնհայտ է, դա փաստ է։
– Պարոն Հարությունյան, ԱԺ ԱՀ խմբակցությունները Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ վերստին հորդորեցին չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից: Եվ սա այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանը` վարչապետի շուրթերով բազմիցս այլեւս հայտարարել է, որ շեղվել եւ շեղվելու են բոլոր հայտնի որոշումներից:
– Մենք ԱԺ ԱՀ հինգ խմբակցություններով պաշտոնական դիրքորոշում ենք ներկայացրել, որ մեզ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու է պարբերաբար հղում առվում չստորագրված կամ աշխատանքային փաստաթուղթ համարվող Մադրիդյան սկզբունքների վրա։ Մենք չենք հասկանում նպատակը, թե ինչ նպատակով է անընդհատ հղում արվում չստորագրված փաստաթղթի վրա, կամ եթե դա այդպիսի լավ փաստաթուղթ է եղել, ապա ինչո՞ւ նույն Ադրբեջանը այն չի ստորագրել։ Այսինքն, խոսում են աշխատանքային մի փաստաթղթի մասին եւ այդ փաստաթղթի վրա հիմնվելով փաստում են ինքնորոշման իրավունքի չեզոքացման մասին, սա պարզապես անընդունելի է։ Եվ եթե անընդհատ խոսում ենք Մադրիդյան սկզբունքներով ինքնորոշման իրավունքի չեզոքացման մասին, ապա թող պատասխանեն՝ այդ դեպքում 30 տարի ի՞նչ էինք բանակցում։ Մենք ինքնորոշվել ենք 1991թվ․ եւ որեւէ փաստաթղթով, անգամ այդ նույն թմբկահարվող Մադրիդյան սկզբունքներով, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, չի ընդունվել նման որոշում, նման գաղափար։ Խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, իսկ մենք անընդհատ հակադրում ենք դրան, որ Արցախի հանրապետությունը ԽՍՀՄ-ից առանձնացած Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականության հետ որեւէ կապ չունի, դրանք առանձին ստեղծված պետություններ են ԽՍՀՄ օրենսդրության համաձայն։ Եվ այս պարագայում խոսել, որ Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ուղղակի անպատասխանատվություն է, չկա նման ստորագրված փաստաթուղթ։ Կամ անըդհատ խոսում են 1991թ․-ի Ալմա-Աթայի հռչակագրի մասին, բայց չի խոսվում, որ ՀՀ-ն դա ընդունել է հենց Լեռանային Ղարաբաղի վերաբերյալ վերապահումներով, սա անընդունելի է, ուղղակի անընդունելի է։
– Պարոն Հարությունյան,Ալիեւը կրկին սկսել է վերջնագրերով խոսել, մասնավորապես օրերս վերջինս բառացի սպառնացել է, որ Ղարաբաղի հայերը «կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր փնտրեն»։
– Ես էլ պատասխանում եմ՝ մենք որեւէ տեղ չունենք այստեղից գնալու, սա մեր պատմական հայրենիքն է, իսկ1918-1920թթ․ Սովետական միությունը ստեղծելու ժամանակ Արցախը Ադրբեջանին բռնակցելը, չի նշանակում, որ Արցախը կարող է կամ եղել է պատմական ձեւով Ադրբեջանի կազմում։ Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական եւ մենք չենք պատրաստվում բռնապետի վերջնագրերով հրաժարվել մեր ինքնորոշման իրավունքի վերջնական պայքարից։
Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
iravunk.com
դեպի ետ