• am
  • ru
  • en
Версия для печати
14.04.2023

ԵՎՐԱՆԻԿՈԼԱԹՈՒՐՔԵՐԻ «ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄԸ» ԵՎ ՄԵՆՔ

   

Տեղ գյուղի մատույցներում ռազմագործողություններից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո ցցուն դարձավ մի խայտառակ իրողություն` որ եվրադիտորդներն իրենց զեկույցներն ուղարկում են Բրյուսել և Բաքու, իսկ Երևանին ուղարկում են երեք մատի կոմբինացիա: Ու այդ տարօրինակությունը ամրագրված չէ որևէ փաստաթղթով: Գումարած դրան` այդ եվրաշպիոնները կտրուկ հրաժարվեցին որևէ դիտարկում կատարել Տեղ գյուղում: Այսինքն` եվրադիտորդները սոսկ արձանագրում են, թե ինչպե՞ս է թուրքը վերաձևում ՀՀ սահմանը...

«ԲԱՆԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՌՆՈՆ

Պարզ տրամաբանությունը հուշում է` եվրաշպիոնների այդ վարքագիծը չի կարող լինել ինքնագլուխ, չի կարող լինել առանց պայմանավորվածության: Թերևս, Պրահայում Շարլ Միշելը, Նիկոլը և Նիկոլի «կիրթ ընկերը» լավ էլ բանավոր պայմանավորվել են, թե ինչ պետք է տեղի ունենա Սյունիքում: Մասնավորապես, անուղղակի դա հաստատում է և ԱԽՔ Արմեն Գրիգորյանը. «Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի... Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը նախապես ծրագրված էր և հենց այդ տրամաբանության մեջ էր»: Հետաքրքիր է, ընդհանրապես քանիսի՞ հետ կապիտուլյանտն ունի բանավոր պայմանավորվածություններ...

Աշխարհաքաղաքական մեծ խաղացողների` անգլոսաքսերի, եվրոպացիների, ռուսների հետ հաստատ ունի, անվիճելիորեն բանավոր պայմանավորվածություններ ունի Անկարայի և Բաքվի հետ, բայց հաստատ դրանով չի սահմանափակվում: Ու թերևս հենց այդ բանավոր պայմանավորվածությունների «մեծ ծաղկեփունջն» է ապահովում, որ այդ ճիվաղը մինչև հիմա իշխանության է: Քանզի եթե նա իշխանազրկվի, կամ կներեք արտահայ-տության համար` սատկի, ապա այդ բանավոր պայմանավորվածությունները միանգամից կհայտնվեն արտաքնոցում: Իսկ յուրաքանչյուր պայմա-նավորվածության թիկունքում պայմանավորվածության մյուս կողմի մեծ կամ ոչ այնքան մեծ շահերն են, այլապես կապիտուլյանտի աթոռի և/կամ գլխի համար ոչ ոք նույնիսկ կոտրված լումա չէր տա: Ու արդյունքում ստացվում է այն աշխարհաքաղաքական պոռնոգրաֆիան, որի մեջ ապրում ենք:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ԱԺ-կառավարության հարցուպատասխանի վերաբերյալ շատ ուշագրավ դիտարկում ունի. «ԱԺ-ում Աբրահամյան Տիգրանը, հարցերը ճիշտ կառուցելով ու քպ-ական ուսապարկերի սադրանքներին չտրվելով, կարողացավ մի շատ կարևոր խոստովանություն քաշել ՊՆ փոխնախարարից:

«Ցուցմունքների մեջ խճճվելով» փոխնախարարն ի վերջո հայտարարեց, որ հայ և ադրբեջանցի զինվորականների «բանակցությունները» (երեկ այդպիսի մի «բանակցություն» ավարտվեց 4 հայ տղերքի զոհվելով և 6 վիրավորով մեզ համար) սահմանազատմամբ զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի գործունեության մի մասն է:

Այսինքն` թուրք-նիկոլական դաշինքն առանց ոչ մի թուղթ ստորագրելու (կամ գուցե գաղտնի ստորագրելով, չգիտեմ) արդեն սահման է գծում:

Ու հենց այդ պատճառով են ադրբեջանցիք էսպես բացեիբաց, լկտիաբար մեր հողում ամրանում ու դեռ մի բան էլ պահանջներ ներկայացնում»:

Ահա և բացատրությունը, թե ինչու և՛ ամբողջ ՔՊ-ն, և՛ Նիկոլն անձամբ ստանձնել էին ազերի դիվերսանտների փաստաբանությունը, ինչու հանցավոր անգործության էին մատնվել ԱԱԾ-ն և ոստիկանությունը... Ինչպես նկատում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը. «Աճանանում (Կապան) ադրբեջանցի մարդասպան ահաբեկչի ձերբակալումը ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ևս մեկ, հավելյալ ապացույց է, որ հայության ազգային-հասարակական շահերն սպասարկող կառավարություն չկա: Կառավարության թիվ 1 պարտականությունն է անվտանգության ապահովումը: Եթե նա դա չի անում, իսկ նա դա չի անում ու չի անում արդեն երկար ժամանակ ու հետևողակա-նորեն ու դիտմամբ, և այնքան դիտմամբ, որ նույնիսկ ինքն է խոստովանում այդ մասին, ուրեմն կառավարություն չկա, ուրեմն չկա, ինչքան էլ այսօր այդ բառակապակցությունը ծիծաղելի հնչի, քաղաքացիական պայմանագիր այդ կառավարության ու քաղաքացիների միջև, չկա լեգիտիմություն՝ անկախ նրանից, թե ԿԸՀ ինչ թիվ է նկարել վերջին ընտրություններին: Քաղաքացիները իրենց ընտրված լիազորների միջոցով, ցանկացած պահի իրավասու են սահուն իշխանափոխություն իրականացնելու՝ չսպասելով հերթական համապետական ընտրությունների»:

Քաղաքացիների կողմից դիվերսանտ-մարդասպանին բռնելն էլ խառնեց Նիկոլի և ամբողջ թրքահպատակ խունտայի հաշիվները, և պատահական չպետք է համարել, թե ինչու ոստիկանները այդ երիտասարդ քաղաքացիներին օգնելու փոխարեն մի բան էլ «կպրճկվել» էին նրանց: Զի որևէ ձևով ազերի բաշիբոզուկներին խանգարելու կամ վնասելու հանձնարարություն չունեին, եթե չասենք հակառակը:

«ՆԱԽԿԻՆԱՑԱՎԸ»` ԽՈՒՆՏԱՅԻ ՄԻԱԿ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԱՊԱՎԵ՞Ն

Սակայն Նիկոլի վարքագծից լավ էլ երևում է, որ նյարդային է և անհանգիստ: Անձրևանոց նետած կինը ահազանգ էր, որ հանրությունն անկանխա-տեսելի պոռթկումներով է հղի: Նաև դա բարենպաստ է թարախապալարը պայթելուն` ազդեցիկ անհատների և կառույցների կողմից օգնելու համար` ներդնելով համապատասխան ռեսուրսներ: Եվ Նիկոլը հասկանում է` անգամ եթե կարողանա ապահովել քաղաքական և լրատվական դաշտի տոտալ վերահսկողություն (իսկ դա ակնհայտորեն չի կարող), միևնույն է` ապավովագրված չէ «սև կարապներից»: Հիշում եք, չէ՞, որ դեռ 2022-ին Արմեն Աշոտյանը կանխատեսել էր «սև կարապների» հայտնության անխուսափելիությունը...

Իսկ ԱԺ–ում Նիկոլի վերջին «բենեֆիսը» իր 55 րոպեանոց լայվով Աշոտյանն ախտորոշեց. «Նիկոլ. կլինիկական ստախոսը»: Նաև արձանագրեց, որ Նիկոլի երեսի կաշին պիտանի հումք է զրահապատ ռազմական արտադրանքների համար: Իսկ ամբողջ էությունը հետևյալն էր` ԱԺ ամբիոնից իրեն գժի տեղ դնող կապիտուլյանտը ամեն ինչի մեղքը բարդում էր «նախկինների» վրա:

5 տարի իշխանության ղեկին գտնվելուց հետո «նախկինացավով» տառապելը նշանակում է մի բան` չունենալ փաստարկներ ու բացատրություններ, չունենալ ձեռքբերումներ: Անգամ եթե «նախկինները» ամենավատն էին, դա արդարացում չէ սրանց աղետալի կառավարման: Երևի թե, «նախկինների» դեմ մոլագար ատելությունն էլ դրդապատճառներից մեկն է, թե ինչու ՔՊ-ական ոճրախմբի «քաղաքապետացու» Տիգրան Ավինյանը իրականացնում է մայրաքաղաքի շարունակական ծառասպանդը: Հիմա էլ, երևի թե, Օպերայի շենքի մոտակայքի հաստաբուն ծառերի բներում սրանց աչքին «նախկինների» ստվերն է երևում: Երևի Մոնթե Մելքոնյանն էլ սրանց համար «նախկինների» մարմնացում, որ հալածեցին սկզբում «Ֆեյսբուքում», իսկ հիմա սկսել են ազգային հերոսի պատկերով պաստառները ապամոնտաժել:

Կլինիկական ստախոս հողատուն հասավ անգամ նրան, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում էին Արցախի հանձնում Ադրբեջանին, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում, այլապես ումի՞ց պետք է ինքնորոշվի... Այդ և այլ զառանցանքներին անդրադարձավ դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին: «Ամո՛թ ա էլի, միայն ՀՀ կառավարիչն է ասում, թե «Մադրիդյան սկզբունքները» Արցախը հանձնելու մասին էր»,– արձանագրեց նա, նշելով, որ նույնիսկ Ադրբեջանը դա չի ասում:

«Ո՞վ է ասել, որ իրենք գնում են խաղաղության, դա Ձեր կարծիքն է, իրենց կարծիքն է, իմ կարծիքն այդպիսին չէ: Խաղաղության այդպես չեն գնում, խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ իրենք ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, ցույց տալով, որ այդքան ձախողումներից հետո ադրբեջանցի զինվորը չի կարող մտնել Հայաստանի Հանրապետություն և մի քանի օր շրջել ՀՀ-ում: Այդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության: Եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է, որ այդ փաստաթղթում ևս անտեսվելու է հայկական շահը»,– Նիկոլի «խաղաղության օրակարգի» վերաբերյալ ասաց Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահը չշրջանցեց նաև կապիտուլյանտի կողմից հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, որը Նիկոլը նույնպես փորձում էր գցել «նախկինների» գրպանը. «Ինչպե՞ս… իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և իրենց կարծիքով՝ ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանի Հանրապետությունում: Իր «կառուցողական» գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1–ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին… Ուզո՞ւմ եք այսպես մի 50 հատ շարունակեմ, անիմաստ է ժամանակ ծախսելը, էլ ի՞նչ պետք է աներ…»:

Եվ այդպես` բոլոր ոլորտներում: Ու նաև բարի խորհուրդ տվեց զբաղվել այն միակ գործով, որը լավ էր ստացվում Նիկոլի մոտ. «Թող գնա, նո-րից մի ընդդիմադիր թերթ վերցնի ու սկսի սրա-նրա մասին բանսարկություններ գրել»: Թող սկսի գրել, բայց` գրողի ծոցում, դժոխքում: Եթե իհարկե սատանաները, նրան տեսնելով, դժոխքից չփախչեն:

Հովհաննես Գալաջյան
iravunk.com


դեպի ետ