
ԹԵՀՐԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԿԱՍԿԱԾ ՈՒՆԵՆ, ՈՐ ԵՐևԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԻՐԵՆ ԾՈՒՂԱԿԸ ԳՑԵՆ ՈՒ ՆԵՐՔԱՇԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ․ Հարութ Առաքելյան (տեսանյութ)
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել իրանագետ, Միջին Արևելքի հարցերով փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը․
«Վերջին օրերին Իրանը քաղաքական դիսկուրսը փոխել է։ Եթե առաջ ասում էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարմիր գիծ է, ապա հիմա տեսնելով Հայաստանի պասիվությունը այլ դիսկուրս է առաջ տանում։ Ավելի շատ ասում են, որ Իրանի սահմանի մոտ կան սիրիացի ահաբեկիչներ, որոնք վտանգում են իրենց ազգային անվտանգությունը։ Հավանաբար Իրանը դիտարկում է Նախիջևան և Արցախի՝ իրեն սահմանակից գրավյալ հատվածներ մտնելու սցենարը, նույն կերպ, ինչպես Թուրքիան Սիրիայում բուֆերային գոտի ստեղծեց՝ քուրդ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով։
Իրանը հիմա հայ-ադրբեջանական հակամարտությունը դիտարկում է իր համար որպես ծուղակ, ոչ թե որպես սպառնալիք։ Հայկական կողմի պասիվությունը Թեհրանում տարակուսանք է առաջացնում։ Իրենք չեն հասկանում, թե ինչպես կարող է թշնամին մտնել երկրի տարածք ու իշխանությունը ոչինչ չանի»,-նշել է իրանագետը։
Առաքելյանը տրամաբանական ու ճիշտ է համարում ՀՀ-Իրան ռազմատեխնիկական աջակցությունը։ Օրինակ իրանական ԱԹՍ-ների ձեռքբերումը, դրանք էֆեկտիվ են ու էժան, կանխարգելիչ դեր կխաղան, Հայաստանի թշնամիները մինչև հարձակվելը կմտածեն արժե, թե ոչ։ Նաև այդպիսով Իրանը մեսիջ կհղի Անկարային ու Բաքվին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
դեպի ետ