
ՇՊԻՈՆՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՀԱՄԵՑԵ´Ք
Վերջին սահմանային միջադեպը կարող էր ծիծաղելի լինել, եթե այդքան ողբերգական երանգավորում չունենար: Այսպես, պարզվում է, որ ազերիները, ռազմական հանդերձավորմամբ, կարող են հանգիստ թափանցել Հայաստանից ներս, գալ-հասնել բնակավայրեր, անգամ, ըստ հրապարակային աղբյուրների, մտնել տները, ուտել-խմել, զգեստափոխվել, դուրս գալ գյուղամեջ... Ու միայն այդքանից հետո մեկին հայտնաբերում են, նրա հետ եղածների մասին էլ ձայն ու ծպտուն չկա:
ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵ՛Ք
Իհարկե, կարող է եւ սա պատահականություն լինել. մարդ են, սարերում մոլորվել են, մարդաշատ վայրեր չեն, եւ կարողացել են առաջանալ: Չնայած, այս պատմության դետալներից մեկը կարո՞ղ է պատահական լինել: Այն հրապարակային լուրը, որ ազերիները հանգրվանել են հենց այն տանը, որտեղ մեկ ամիս առաջ եղել էր Նիկոլի կինը: Նաեւ այն, որ ազերիները Սյունիք ներթափանցեցին հենց այն օրը, երբ այդ վայրերում էր նաեւ Նիկոլը՝ «հերոսաբար» պաշտպանվելով իր վրա նետված հովանոցներից:
Բայց եթե անգամ այս ամենից մի կողմ ենք թողնում բոլոր տրագիկոմեդիկ եւ կասկածելի դետալները, մեկ է, պատկերը մնում է ծայրահեղ մռայլ: Այն է, Հայաստանի սահմաններն այն աստիճանի թափանցիկ են, որ ով ուզի, երբ ուզի եւ ինչ նպատակի համար ուզի, կարող է ներթափանցել մեր տարածք: Ընդ որում, Սյունիք, որի անվտանգության թեման ներկայումս դրված է ամենայն սրությամբ: Ստացվում է այսպես. թշնամուն պետք է լրտեսե՞լ Սյունիքի պաշտպանության համակարգը, բարի գալուստ, դռները լայնորեն բաց են, զգացեք ձեզ ինչպես սեփական տանը: Ու սրանից հետո զարմանում ենք, որ Հեյդարովիչը Սյունիքն իր «պապենական բոստանն» է համարում:
Չնայած, այս ամենին զուգահեռ եւս մեկ ցնցող դրվագ ի հայտ եկավ, որը ցույց է տալիս, որ Ալիեւն անգամ կարիք չունի մեր տարածքները լրտեսել. առանց նրա էլ, այն էլ Նիկոլի հատուկ հրավերով, ամեն բան լրտեսում եւ սկուտեղի վրա մատուցում են Բաքու: Նկատի ունենք Նիկոլի հրավի-րած «եվրաառաքելության» ցնցող խոստովանությունը:
Այսպես, Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովը, պարզվում է, որ դժգոհ է ԵՄ առաքելության՝ Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի մոտ ներկայությունից, դեռ մի բան էլ պնդում է, թե՝ դա անհանգստու-թյուն է առաջացնում Բաքվում: Այս մասին նախօրեին հայտնեց «Politico»-ն: Եվ, անկեղծ ասած, չես էլ հասկանում, թե ազերիներն այդ ինչից են դժգոհ: Բանն այն է, որ, ըստ լրատվամիջոցի, ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը բացատրել է, որ ի-րենք եւս զարմացած են, թե Բաքվի հետ հարաբերություններում ԵՄ-ն «այլ սցենարի հույս ուներ»: Հաշվի առնելով, որ Բրյուսելը Ադրբեջանի հետ կիսվում է տեղեկատվությամբ՝ Հայաստանում սահմանին պարեկության մասին. «Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկության եւ այլնի մասին, քանի որ չենք ցանկանում որեւէ խնդիրներ»:
Ամբողջացնենք պատկերը. Նիկոլը սույն եվրոպացիներին հրավիրել է Հայաստան, նրանք անարգել շրջում են հայաստանյան սահմաններին, կարող են ֆիքսել ամեն ինչ՝ պաշտպանության համակարգը՝ իր ողջ խորությամբ, պաշտպանական գոտիները, ուժերի քանակը, զինվածությունը եւ այդպես շարունակ: Այդ ամենը փոխանցվում է Բրյուսել, եւ ահա, պարզվում է, որ այնտեղից էլ «կիսվում են» Բաքվի հետ: Ու թե այս «դրախտային պայմաններից» հետո ինչից են նվնվում ազերիները, իհարկե, զարմանալի է: Առավել եւս, որ դատելով Սադիգովի հետագա մտքերից, ազերիներին ամենեւին էլ միայն հայաստանյան պաշտպանական համակարգի մասին տվյալները չէ, որ հասնում են:
Այսպես, Սադիգովը Politico-ին տված հարցազրույցում ասում է. «Սա երկկողմանի խնդիր է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա եւ խիստ ռազմականացված գոտում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ եւ Իրա-նի սահմանին ավելի մոտ՝ իրանական զինուժը: Այժմ մենք ունենք նաեւ ԵՄ առաքելությունը...»: Այսինքն, բացի հայկական սահմանապահ եւ կանո-նավոր ստորաբաժանումներից, ԵՄ առաքելությունը ստանում է տվյալներ նաեւ ռուս սահմանապահների, ռուսական կանոնավոր ստորաբաժանում-ների, իսկ ավելի հարավում, նաեւ իրանական զինուժի մասին, եւ, իրենց խոստովանությամբ, դրանով եւս «կիսվում են» Ալիեւի հետ: Ու այսքանից հետո էլ Ալիեւի ինչի՞ն է պետք, որ սեփական լրտեսներին ուղարկի Հայաստան:
Կարճ ասած, որ մեր երկիր ներթափանցած ազերիներն իրոք մոլորվել են, թերեւս ամենահավանական տարբերակն է:
«ԵՎՐԱՇՊԻՈՆՆԵՐԸ»
Սակայն այս ամենը, իհարկե, այլ ենթաշերտ եւս ունի: Ժամանակին, երբ Նիկոլը նոր-նոր էր նախաձեռնել (արեւմտյան ցուցումներով, իհարկե) այդ ԵՄ առաքելություն կոչվածի «ներմուծման» ծրագիրը, քանիցս ենթադրություն հայտնելու առիթ ունեցել ենք, որ դա առաջին հերթին պետք է Ա-րեւմուտքին՝ մեր սահմաններին եւ հարեւանությամբ գտնվող ռուսական եւ իրանական ուժերին լրտեսելու համար: Սադիգովի՝ Politico-ին տված հար-ցազրույցն ուղղակիորեն հենց դա է հաստատում: Հակառակ դեպքում պետք է մտածենք, որ այդ 100 հոգանոց եվրախմբի անդամները, Հայաստանի սահմաններին ազատորեն շրջելով, այն պահին, երբ ինչ-որ հատվածում ռուսների կամ իրանցիների են տեսնում, անմիջապես աչքերն ու ականջները փակում են ու հետո էլ ուղեղներից ջնջում, թե այս-այս մասերում ռուսներ կան:
Նիկոլն իր վերջին հարցազրույցում մեղադրում էր բանակին, թե, տեսեք, ԱԱԾ-ն ինչքան զինվորականի է բռնում, որոնք ծախվել են ազերիներին եւ նրանց ռազմական տվյալներ են վաճառում: Բայց ահա Սադիգովն ու Politico-ն եկան ապացուցելու, որ, մեղմ ասենք, Նիկոլի գործունեության ար-դյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ իրենց գործունեությամբ Հայաստանի անվտանգությանը ոչինչ չտվող եվրադիտորդները ոչ միայն մեր, այլ նաեւ մեր դաշնակիցների մասին տվյալներ են հավաքում եւ փոխանցում: Եվ այստեղ շատ պարզ հարց կա. եվրոպացիներին բերելով, Նիկոլը չէ՞ր գիտակցում նման հեռանկարը: Լավ, մի պահ մտածենք, թե չէր գիտակցում: Իսկ հիմա, երբ նրանք են ուղղակիորեն խոստովանում, գիտակցո՞ւմ է: Նիկոլից զատ, Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվո՞ւմ է գոնե քննել, պարզել, թե այդ ինչ «բոլոր համապատասխան տեղեկություններ» է Բրյուսելը «Ադրբեջանի հետ կիսում»:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Չնայած, միամիտ հարցեր էին, որ եվրոպացիները ՀՀ սահմաններին սովորական լրտեսությամբ պետք է զբաղվեին, կրկնում ենք, ի սկզբանե էր հասկանալի: Առավել եւս, որ հենց իրենք էին պարզ հայտարարում, որ անվտանգային կամ նման հարցերով իրենցից որեւէ բան սպասել պետք չէ, ինչը ցույց տվեց նաեւ երեկվա ազերիների կրակոցներին հաջորդած եվրադիտորդական զրո ռեակցիան: Կարելի է ավելի առաջ գնալ. նիկոլյան թիմը քանիցս հայտարարեց նաեւ Լաչինի միջանցքում եւ Արցախում միջազգային դիտորդներ տեղակայելու մասին, եւ դժվար չէր ենթադրել, որ դրանք այդ հատվածներում կատարելու էին նույն ֆունկցիան, ինչ հիմա Հայաստանի սահմաններին:
Բայց նույնքան արագ էլ հասկացան, որ այդ միջազգային դիտորդներին Լաչինի միջանցք եւ Արցախ խցկելը, գոնե ներկա պահին, անհնար է. այնտեղ ռուսական ուժերն են եւ պարզապես թույլ չեն տա նման փաստացի «լրտեսական» խմբի մուտքը: Հայաստանում եւս, եթե ժամանակին լուծ-վեր ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցը, նորից եվրադիտորդներին պարզապես տեղ չէր գտնվի...
Չնայած, ՀԱՊԿ դիտորդների թեման դեռ մնում է օրակարգում: Նախօրեին այս ուղղությամբ հերթական հայտարարությունը եղավ, այս անգամ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից: Դեսպանը հաստատելով, որ այս պահին էլ ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան, նշեց նաեւ, թե դա հաստատվել է եւ հաստատվում է ամենաբարձր մակարդակով: Նաեւ, որ այժմ այս հարցերը, ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի արտգործնախարարը, մշակման փուլում են: «Կարծում եմ, որ այս ուսումնասիրության արդյունքում մենք կպարզենք, թե ինչ որոշումների ենք հանգելու»:
Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ ՀԱՊԿ առաքելության՝ Հայաստանի տեղակայվելու թեման այս պահին կուլուարային քննարկումների առանցքային հարցերից է: Եվ, իհարկե, այս հարցն ընդամենը դետալներից է, կախված ավելի գլոբալ լուծումներից:
Քերոբ Սարգսյան
iravunk.com
դեպի ետ