
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՒԴԱՅԻ ԱՐԻԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ
Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց հայրապետական իր պատգամը, մասնավորապես ընդգծելով. «Հուդայական մատնությունները շարունակվելու են, քանի դեռ չեն դադարում ուրանալ Աստծուն ու սրբությունները, արժեզրկել հայրենիքի նվիրական գաղափարը։ Մինչդեռ պետություն, հասարակություն եւ ընտանիք ամուր ու զորեղ են, երբ խարսխվում են աստվածադիր պատգամների, անանց արժեքների վրա, որոնք բարօրության ուղենիշ են եւ առաջնորդում են երկնային զորակցությամբ արդյունավորելու ջանքերը՝ ի խնդիր ժողովրդի ապահովության, առաջընթացի ու բարգավաճման»:
Հատկապես այս հատվածը մեջբերեցինք, քանի որ սաղմոսերգու դարձած Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հուդա Իսկարիովտացուն՝ միայն թե հայտնի ռոք-օպերայի կոնտեքստում: Նա սոցցանցում հրապարակել է «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» հայտնի ռոք օպերայից Հուդա Իսկարիովտացու հատվածը, որն արտահայտում է իր մերժումը Քրիստոսի աստվածության: Սա նույնիսկ առաջացրել է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրդովմունքը, որոնք արտահայտել են իրենց կարծիքը քրիստոնեական հավատամքին հակասող իբրեւ շնորհավորանքի վերաբերյալ:
Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության փորձագետ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆԻ գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերայի՝ Հուդայի արիայի հրապարակումն այդքան մակերեսային չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:
«Հայտնի ռոք-օպերան իրականում ընդհանուր քիչ բան ունի Նոր Կտակարանի հետ: Դրանում պահպանվել է միայն սյուժեի ընդհանուր գիծը, մինչդեռ փիլիսոփայությունը գրեթե ամբողջությամբ վերանայված է: Այսպես՝ մյուզիքլն ավարտվում է ոչ թե Քրիստոսի հարությամբ, այլ մահով: Դրանով իսկ ընդգծվում է ստեղծագործության հակակրոնական բնույթը: Ու առհասարակ, այն ոչ թե Աստծո Որդու, այլ մարդկանց մասին է: Ինչ վերաբերում է Հուդային, ապա մյուզիքլում այն որեւէ ներքին բովանդակային կապ չունի աստվածաշնչյան Հուդայի հետ: Մասնավորապես, մյուզիքլում նա չի ցանկանում դավաճանել Հիսուսին, պարզապես հասկանում է, որ եթե նա չանի դա, ապա ե՛ւ Ուսուցչին, ե՛ւ աշակերտներին հոշոտելու է ամբոխը: Հուդան մեծ աղետ է կանխատեսում, դրա համար է գնում դավաճանության՝ կարծելով, թե դրանով կմեկուսացնի ու արդյունքում կփրկի Հիսուսին: Երեսուն արծաթն այստեղ պահպանված են զուտ որպես սյուժետային գծի արտաքին կոմպոնենտ: (Քրիստոնեության կայացման գործում Հուդայի դերակատարման մասին է գրում նաեւ հանճարեղ Բորխեսը իր՝ «Հուդայի դավաճանության երեք տարբերակները» էսսեյում)», - մանրամասնել է Դավթյանը:
Ըստ քաղաքական գիտությունների դոկտորի, իր էջում տեղադրելով Հուդայի արիան ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է արդարանալ. «Այո, դավաճանություն եղել է, բայց եթե ես այն չգործեի, կլիներ ավելի մեծ աղետ»: Այսինք՝ դավաճանությունը տվյալ դեպքում միայն արտաքին, ֆորմալ տեսանկյունից է դավաճանություն: Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մեզ դիտարկել այն որպես ինքնազոհություն: Հաշվի առնելով այն, թե ինչ մեծ նշանակություն են տալիս այս պսեւդո-իշխանությունները տարատեսակ սիմվոլներին՝ չեմ բացառում, որ Հուդայի արիայի հրապարակման նպատակը հենց դա էր»:
Հրանտ Սարաֆյան
iravunk.com
դեպի ետ