Գաղափարախոսական գործոնի վերարժեքավորում

Գլոբալ քաղաքականության հիմնական դերակատարների` ԱՄՆ-Մեծ Բրիտանիա և Ռուսաստան-Չինաստան զույգերի միջև այսօր ծավալվել է դասական աշխարհաքաղաքական հակամարտություն։ Նման պարագայում առաջին պլան են մղվում գաղափա-րախոսական խնդիրները։ Հատկանշական է, որ 2006թ. ԱՄՆ «Ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթուղթը սկսվում է «Ամերիկան պատերազմական վիճակում է» բառերով, որոնցից հետո անմիջապես ամրագրվում է. «Ներկայիս վտանգը նոր տոտալիտար գաղափարախոսությունն է, որը հենվում է ոչ թե աշխարհիկ փիլիսոփայության, այլ կրոնական պատկերացումների վրա»։
ԱՄՆ-Մեծ Բրիտանիա
Իրենք՝ անգլոսաքսերը, մշտապես կարևորել են գաղափարախոսության նշանակությունը: Ժամանակակից ամերիկյան պատկերացումների համաձայն՝ գաղափարախոսությունն ազգային անվտանգության տարբեր ոլորտների վերաբերյալ հայեցակարգերի փոխլրացնող համախումբ է։ Սակայն մինչև 2000թ. սկզբները անգլո-ամերիկյան քաղաքական ընտրանին խուսափում էր օգտագործել «գաղափարախոսություն» եզրը. համարվում էր, թե դա թույլ կտար զուգահեռներ անցկացնել իրենց և կոմունիստների, նացիստների միջև (վերջինների առումով հարկ է նշել, որ անգլոսաքսոնյան գաղափարախոսական մոտեցումներում գրեթե բոլոր այլազգիներն այս կամ այն չափով որպես մրցակից են ընկալվում)։
Ներկայումս Արևմուտքում «գաղափարախոսություն» եզրը լեգիտիմացվել է, այն արծարծվում է ամերիկյան պաշտոնական փաստաթղթերում, քաղաքագիտական գրականությունում. ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, գաղափարախոսական խնդիրների վերաբերյալ լույս է տեսել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի ծավալուն աշխատությունը։ Նման ակտիվությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ «մնացյալ աշխարհը», իր հերթին, անգլոսաքսոններից սովորել է, թե ինչպես պետք է վարել գործերն այդ խիստ կարևոր ոլորտում։ Այլ խոսքերով` ատլանտյան գաղափարախոսության համար ներկայումս մրցակցային իրադրություն է ձևավորվել։
Ռուսաստան
Գաղափարախոսության դերի վերագնահատում է կատարվում նաև Ռուսաստանում։ Հարկ է հիշել, որ այդ տերության գաղափարախոսական հենքը վերջին 80 տարիներին 2 անգամ հիմնովին ոչնչացվել է։ Միևնույն ժամանակ, ռուսաստանյան ընտրանին գիտակցում է, որ առանց գաղափարախոսական համակարգի՝ չի կարող արդյունավետ լինել ներկայիս աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում։ Նման համակարգն անհրաժեշտ է ոչ միայն ատլանտյան գաղափարախոսության դեմ պայքարում, այլև այսօր «մեծ եղբոր» դեր կատարող և հարուստ գաղափարախոսական ավանդույթներ ունեցող Չինաստանի հետ հարաբերություններում։ Հանգամանքների այդ համախումբը պարտադրում է Կրեմլին շուտափույթ շտկել իրավիճակը գաղափարախոսական ճակատում։
Հունիսին Մոսկվայում տեղի է ունեցել փակ հավաք Պուտինի աշխատակազմի որոշ ներկայացուցիչների, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ընտրանու և արևմտյան առաջատար փորձագետների մասնակցությամբ։ Այդ հավաքին հրավիրվել էին հանրահայտ գիտնականներ և վերլուծաբաններ Իմանուել Վալերստայնը (ԱՄՆ), Արիել Կոհենը (ԱՄՆ), Ալեքսանդր Ռառը (Գերմանիա), Գեորգի Դերլուգյանը (ԱՄՆ) և այլք (մոտ 10 հոգի)։ Հանդիպումը կազմակերպել էր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Կրեմլի գլխավոր գաղափարախոս Վլադիսլավ Սուրկովը։
Քաղաքագիտական-վերլուծաբանական այդ հեղինակավոր խմբի հավաքի նպատակն էր «Եդինայա Ռոսիա» կուսակցության գաղափարախոսական որոշ դրույթների փորձագիտական քննարկումը և այդ կուսակցության նախընտրական լայնածավալ PR ռազմավարության մշակումը։ Հավաքի ընթացքում որոշվել է, որ «Եդինայա Ռոսիա»-ն այսուհետ որակվելու է որպես պահպանողական։ Կուսակցության նման «իմիջը» պետք է հետևողականորեն ներկայացվի ԶԼՄ-ում։ Նկատենք, որ այդ որոշումն ավելի քան օպերատիվ է սկսել իրագործվել. ռուսաստանյան ԶԼՄ-ում արդեն հայտնվել են վերլուծական և քարոզչական բնույթի հոդվածներ, որոնցում «Եդինայա Ռոսիա»-ն դիտարկվում է որպես ռուսաստանյան քաղաքական մշակույթի ավանդույթները պահպանող և զարգացնող կազմակերպություն։ Նշենք, որ համաձայն Սուրկովի հրապարակային կանխատեսումների՝ այդ կուսակցությունը նվազագույնը դեռ 12 տարի Ռուսաստանում պետք է լինի առաջատարը։ Ակնհայտ է, որ այդ հայտարարությունը պարունակում է PR տարրեր, սակայն այն արտահայտում է նաև Պուտինի թիմի մտադրություններն ապագայի հանդեպ։
Վլադիսլավ Սուրկովի մոտեցումները
Կրեմլի այսօրվա հիմնական գաղափարախոսին, նկատի ունենալով վերջինիս ազդեցությունը և հեղինակությունը Վ.Պուտինի աշխատակազմում, ոմանք անվանում են «երկրորդ Սուսլով»։ Սակայն Սուրկովն անհամեմատ ավելի ճկուն անձնավորություն է։ Հատկանշական է, որ նա իրեն համարում է կուբացի հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի գաղափարախոսության կրողը։ Նա հանդես է գալիս ունիվերսալ ժողովրդավարության վերաբերյալ ամերիկյան պատկերացումների դեմ՝ փորձելով ապացուցել, որ այդ խնդրում պետք հաշվի առնել ազգային առանձնահատկությունները։ Այսօր կրեմլյան գաղափարախոսները շրջանառության մեջ են մտցրել ինքնիշխան ժողովրդավարություն եզրը (որն օրերս հնչեցրեց նաև ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Իվանովը): Նման բանավեճերը և մոտեցումները հիշեցնում են խորհրդային տարիները, երբ շատ էր քննարկվում այն, թե ինչ չափով կարող է ազգային բաղադրիչն առկա լինել կոմունիստական գաղափարախոսությունում։
Սուրկովն ակտիվորեն ձևավորում է ռուսաստանյան գաղափարախոսական համակարգը, որը, համաձայն ամերիկյան դեղատոմսերի, պետք է ներկայացնի ամենազանազան բնագավառներին ուղղված հայեցակարգերի մի համախումբ։ Նա օրերս նշել է, որ, «անհնարին է միայն վարչարարությամբ պահպանել այն, ինչը պետք է պահպանվի ապագայի տեսլականով, իդեալներով և հոգևոր արժեքներով»։. Այս թեզը խիստ կարևոր է, քանի որ Ռուսաստանի ոչ միատարր ժողովրդին միայն վարչարարական միջոցներով կառավարելու փորձը, ինչպես հայտնի է, երկու անգամ հանգեցրել է հեղափոխության` դրանից բխող հայտնի հետևանքներով։
Ներկայումս այդ երկրի իշխանությունները փորձում են պետական կառավարման խնդիրների մի մասը լուծել ԶԼՄ-ում վարվող հատուկ քարոզչական տեխնոլոգիաների միջոցով։ Մասնավորապես, տեղեկատվության համաձայն, պլանավորվում է ստեղծել հեռուստաֆիլմերի և հաղորդումների շարքեր, որոնց միջոցով հանրությանն անուղղակիորեն «կներշնչվեն» որոշակի մոտեցումներ պետության, իշխանության, բանակի և այլ կառույցների նկատմամբ։ Դատելով ռուսաստանյան հեռուստաֆիլմերի բովանդակությունից՝ այդ ոլորտում արդեն որոշակի աշխատանք է կատարվում։
Կրոնի դերը
Ռուսական նոր գաղափարախոսության մշակման համատեքստում առանձնակի տեղ են գրավում հոգևոր ոլորտի խնդիրները։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ Ռուսական Ուղղափառ եկեղեցին (ՌՈւԵ) այսօր անմիջականորեն և մեծ արդյունավետությամբ սպասարկում է Կրեմլի ներքին և արտաքին քաղաքականությանը։ Օրինակ, «Մեծ ութնյակի» վեհաժաղովի նախօրեին Մոսկվայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կրոնական գործիչների համաժողով, որտեղ մշակված և տեղեկատվական դաշտում լայնորեն արծարծված դրույթները, փաստորեն, ուղղված են ժողովրդավարության և այլ սոցիալ-հոգևոր հասկացությունների վերաբերյալ գոյություն ունեցող պարզունակ պատկերացումների դեմ։
Հոգևոր-քաղաքական ոլորտում տեղի ունեցող գործընթացներից, որոնք իրագործվում են Կրեմլի և ՌՈւԵ-ի համատեղ ջանքերով, ուշադրության արժանի են ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների աննախադեպ բարելավումը (նախկինում դրանց միջև հակասություններն անհաղթահարելի էին թվում) և առանձին խնդիրների նկատմամբ միասնական մոտեցումների ձեռքբերումը։ Ըստ ամենայնի, ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև համագործակցությունն ունի հստակ աշխարհաքաղաքական բովանդակություն և ուղղված է ատլանտյան համակարգի դեմ։
Զուտ հոգևոր ոլորտում ուղղափառների և կաթոլիկների համատեղ ջանքերն ուղղված են անգլո-ամերիկյան բողոքական եկեղեցու ծավալած էքսպանսիայի դեմ։ Հայտնի է, որ այսօր որոշ լրատվամիջոցներ, հրապարակելով բազմաթիվ սկանդալային պատմություններ, տեղեկատվական դաշտում վարկաբեկում են կաթոլիկության և ուղղափառության հավաքական «իմիջը»։ Այդ ֆոնի վրա բողոքական եկեղեցին ավելի հեշտությամբ է կարողանում իրագործել իր ծրագրերը՝ թույլատրելով ամուսնությունները միասեռների միջև, հոգևոր աստիճաններ շնորհելով կանանց և այլն։ Իրագործվում են նաև մասշտաբային նախագծեր, որոնցից պետք է համարել «Դա Վինչիի ծածկագիրը», «Օղակների տերը-Հարի Փոթեր» և շատ այլ ուրիշ ֆիլմերի, գրքերի ստեղծումն ու լայնածավալ սփռումը։ Բնորոշ է, որ որպես հակակշիռ՝ Ռուսաստանում վերջերս արդեն տպագրվել են «հակահարիփոթերական» ուղղվածություն ունեցող մանկապատանեկան գրքեր, որոնցում, ի դեպ, բացասական հերոսներն ունեն հրեական ազգանուններ։
Հետևություններ
Գաղափարախոսական հարցերի առաջնահերթ կարևորումը վկայում է այն մասին, որ ռուսաստանյան քաղաքական ընտրանին թևակոխել է նոր փուլ, երբ մտահոգ է արդեն ոչ թե գոյատևման խնդիրներով, այլ ռազմավարական ծրագրերի իրագործմամբ։ Այդ են վկայում Վ.Պուտինի վերջին ելույթները, որոնցում հիմնական շեշտը դրվում է մարդկային զարգացման հետ կապված երկարաժամկետ ծրագրերի, ռազմական ոլորտի զարգացման և գիտատեխնիկական առաջընթացի ապահովման խնդիրների վրա (այս վերջին խնդիրը հատկապես հրատապ է, քանի որ գիտատար արտադրանքի մասնաբաժինը կազմում է Ռուսաստանի ՀՆԱ-ի մոտ 6%-ը, մինչդեռ արևմտյան երկրներում այն հասնում է մինչև 60%-ի):
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԶՈՐԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ` ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ[04.10.2019]
- ՈՒՅԳՈՒՐԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ[11.08.2019]