
ԲԱՔՈՒՆ ԿՐԱԿԻ ՀԵՏ Է ԽԱՂՈՒՄ ԵՎ ՓՈՐՁՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Միջազգային հարաբերությունների որոշ ագրեսիվ դերակատարներ փորձում են օգտվել ներկայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերից ու աշխարհակարգի փոփոխության գործընթացից՝ իրենց տարածաշրջանային հավակնություններն իրականություն դարձնելու համար։ Այս օրինաչափությունն է գործում կոնկրետ Թուրքիայի ու Ադրբեջանի դեպքում, որոնք ձգտում են առաջ մղել պանթուրքական օրակարգը։ Եվ քանի որ պանթուրքական ծրագրերին խոչընդոտում է Հայաստանը, ապա թուրքադրբեջանական անթաքույց պլանների մեջ է մտնում Հայաստանի տարածքի՝ մասնավորապես Սյունիքի բռնազավթումը, որի միջոցով Թուրքիան ուղիղ ցամաքային կապ կհաստատի Ադրբեջանի հետ, ապա նաև կներթափանցի Միջին Ասիա։
Այդ է պատճառը, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» դուրս չի գալիս թուրք-ադրբեջանական արտաքին օրակարգից։ Եվ վերջերս Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի ընթացքում ևս Ալիևն առիթը բաց չթողեց կրկին խոսելու «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Սակայն պանթուրքական այս ծրագրերը միայն Հայաստանի դեմ ուղղված չեն։ Դրանցում Իրանը քայքայելու ու «Հարավային Ադրբեջանն» Իրանից պոկելու նպատակադրումներ են նախանշվում։ Դրանով է պայմանավորված, որ Իրանից հայտարարություններ են հնչում, թե իրենց համար անթույլատրելի է տարածաշրջանում առկա սահմանների փոփոխությունը։ Անցյալ տարի Այաթոլա Խամենեին Էրդողանի հետ հանդիպմանը կոնկրետ դեմ արտահայտվեց հայ-իրանական սահմանի արգելափակմանը։
Եվ չնայած Իրանի զգուշացումներին, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ մի կողմից փորձում է առաջխաղացում ունենալ Հայաստանի տարածքում և նոր հողեր օկուպացնել, իսկ մյուս կողմից էլ՝ ադրբեջանական ղեկավարությունը երկրում բորբոքում է հակաիրանական տրամադրություններ։ Դրա հետ է կապված նաև այն, որ Ալիևի կլանը պարբերաբար իրանական լրտեսների ձերբակալման շոուներ է կազմակերպում, ճնշում շիա հոգևորականության այն ներկայացուցիչներին, որոնք Իրանի հետ կապեր ունեն։ Բայց քանի որ Թեհրանին ամենից շատ անհանգստացնում է այն, որ Ադրբեջանն ակտիվություն է դրսևորում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ, ապա իրանական կողմը ձեռնամուխ է լինում երկրի հյուսիսային շրջաններում, հատկապես Ադրբեջանին սահմանակից վայրերում իրանական զորամիավորումների կուտակմանը ու պարբերաբար զորավարժությունների իրականացմանը։
Իսկ երբեմն էլ կոշտ ուղերձներ են հնչում իրանական ռազմական բարձր ներկայացուցիչների շուրթերից։ Օրինակ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի վերջին առաջխաղացումից հետո ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին նշեց, թե տարածաշրջանում պետական սահմանների փոփոխություններն անօրինականություն են։ Դրանով Իրանը Ադրբեջանին հասկացնում է, որ չի ընդունում սահմանային առաջխաղացում ունենալու Բաքվի ագրեսիվ գործողությունները, իսկ անհրաժեշտության դեպքում իրանական կողմը կարող է արձագանքել։ Բայց ադրբեջանական գործողությունների հետ կապված ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարի հայտարարությունը տարածաշրջանային ավելի լայն կոնտեքստ էր ընդգրկում, որտեղ խոսք կար նաև տարածաշրջանային այլ խաղացողների ներգրավվածության մասին։
Իրանցի պաշտոնյան մասնավորապես նկատել է սիրիացի ահաբեկիչների առկայության մասին, որոնք տարածաշրջան են տեղափոխվել Արցախյան պատերազմի ժամանակ, և Իրանը չունի որևէ հիմնավոր ապացույց՝ տարածաշրջանից այդ տարրերի հեռանալու վերաբերյալ։ Ինչպես բոլորս գիտենք, Արցախում ահաբեկիչների առկայությունը Թուրքիայի նախաձեռնության արդյունքն է։ Այսինքն, Թեհրանն ակնարկում է պարզ ու թափանցիկ Իրանի և Հայաստանի դեմ գործողություններին թուրքական ներգրավվածության մասին։ Հայաստանը անընդհատ բարձրաձայնել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի տարածքում ահաբեկիչ գրոհայինների որջեր են ստեղծվել։ Եվ փաստացի Իրանը ևս ահազանգում է, որ այդ ահաբեկիչները կարող են օգտագործվել ոչ միայն Հայաստանի, այլ նաև իր դեմ ու իրավիճակի ավելի ընդգրկուն ապակայունացման պատճառ դառնալ։
Մյուս կարևոր ուղերձը, որը փոխանցեց իրանական հրամանատարը, այն է, որ Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան։ Սա զգուշացում է Ադրբեջանին, քանի որ այդ երկրի ու Իսրայելի համագործակցությունը հակաիրանական հողի վրա այնքան է խորացել, որ արդեն Իսրայելի արտգործնախարարը հայտարարում է, թե իր ադրբեջանցի գործընկերոջ հետ պայմանավորվել է ստեղծել Իրանի դեմ ընդհանուր ճակատ։ Փաստացի Ադրբեջանը իրեն լիովին տեղափոխում է հակաիրանական գծի մեջ, սակայն Բաքուն թերագնահատում է Իրանի հնարավորությունները։
Նույնիսկ Արևմուտքն է ստիպված լինում հաշվի նստել Իրանի հետ, իսկ այդ երկրին սահմանակից Ադրբեջանը ձգտում է փորձել Թեհրանի համբերությունը: Այնինչ, Իրանն արդեն ցույց է տվել, որ նույնիսկ պատժամիջոցների առկայության պայմաններում կարելի է զարգանալ ու հզորանալ։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Իրանը վերջին շրջանում համաձայնության եկավ իր տարածաշրջանային գլխավոր մրցակցի՝ Սաուդյան Արաբիայի հետ, իսկ այս իրողությունը հնարավորություն է տալիս Թեհրանին, որպեսզի այն ռեսուրսները, որոնք ուղղվում էին ի հակադրություն Սաուդյան Արաբիայի Եմենում շիա հութիներին աջակցելու ուղղությամբ, արդեն կենտրոնացնել երկրի հյուսիսային սահմաններին։ Այնպես որ, Ադրբեջանը կրակի հետ է խաղում։
Արթուր Կարապետյան
past.am
դեպի ետ