
ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՐՏՎԵԼ ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ․ ԻՆՉ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ․ հայալեզու պարբերականի խմբագիրը մանրամասներ է ներկայացնում
Թուրքիայում մայիսի 14–ին կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է ԿԸՀ առաջիկա ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար։ Նրա առաջադրման մասին հայտարարությունը հանձնաժողովին են ներկայացրելիշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու նրա հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները։ Էրդողանի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության կողմից առաջադրված «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ «Էրդողանի թեկնածությանը կողմ են հիմնականում ազգայնական մահմեդական զանգվածները, քանի որ նախագահն իր քարոզարշավը կազմակերպել է կրոնական հենքի վրա, իսկ նրա խոստումները քրիստոնյա փոքրամասնությունների համար նշանակություն չունեն»,-անդրադառնալով Թուրքիայում առկա նախընտրական աժիոտաժին, ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով․
– Ավերիչ երկրաշարժն անշուշտ ազդեցություն է թողել ընտրական գործընթացի վրա։ Արհավիրքից տուժած շրջաններում ապրում էր 11 միլիոն մարդ, նրանցից 2,5 միլիոնը տարհանվել են, և հիմա շատ դժվար է կազմակերպել նրանց մասնակցությունը գալիք ընտրություններին, որովհետև աղետի գոտում ընտրատեղամասերը փլուզվել են, և տեղահանվածների պարագայում առաջացել են գրանցման հետ կապված խնդիրներ։ Այնուհանդերձ, ընտրապայքարը հիմնականում ընթանալու է երկու թեկնածուների միջև` գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մնացած ինը թեկնածուները դեռ պետք է վերջնական առաջադրման իրավունք ձեռք բերեն, որովհետև պետք է հավաքեն 100 հազար ստորագրություն։ Այս պահին նրանք այդ քանակի դեռ կեսն են ապահովել։ Այդուհանդերձ նրանցից ոչ ոք ընտրվելու հավանականություն չունի։ Ի դեպ, կարող եմ ասել նաեւ, որ Թուրքիայում վերջին անցկացված բազմաթիվ սոցհարցումներից միայն մեկի համաձայն է, որ Էրդողանը հաղթում է միասնական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլույին։ Ավելին, հարցումները վկայում են, որ մոտ տասը տարի նախագահող Էրդողանը կարող է պարտվել հենց առաջին փուլում։
Իլոնա Ազարյան
iravunk.com
դեպի ետ