
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԹԵՎ ՁԵՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ Է. ադրբեջանագետ
Ադրբեջանական ագրեսիան օր օրի ավելանում է, թշնամին հայկական հողում հաստատվում է, նոր բարձունքներ գրավում, այս ընթացքում ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը, որոք կլինեն հետագա քայլերը, «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնել է ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ:
«ՆՊԱՏԱԿԱԴՐՎԵԼ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԻ ՀԱՍՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ»
– Պարոն Դավթյան, ի՞նչ է անում Ադրբեջանն այս փուլում, որո՞նք են հիմնական մտադրությունները:
– 2021թ.-ին` Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո, երբ կար հստակ իրենց կողմից առաջադրված նախընտրական ծրագիր, որով խոսվում էր դեօկուպացիայի, Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքից, այսինքն՝ ընդհանուր խոսվում էր հայանպաստ դիրքերից, դրանից հետո կտրուկ փոխվեց ոչ հայկական իշխանությունների դիրքորոշումը Արցախի նկատմամբ: Տարբեր մակարդակներում սկսեցին Արցախի տարբեր օկուպացված հատվածները ոչ հայկական անվանել, խոսվեց, թե դրանք ժամանակին օկուպացվել են Հայաստանի կողմից, շատ պատգամավորներ հարցականի տակ դրեցին Արցախի ինքնիշխան լինելու եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Խոսվեց, որ Ադրբեջանի հետ պետք է խաղաղության գնալ, այն էլ այն պայմաններում, երբ հայկական կողմը չէր առաջարկում այնպիսի տարբերակ, որով հնարավորություն կտար ոչ միայն Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացմանը, այլեւ՝ անվտանգության ապահովմանը: Ըստ էության, Ադրբեջանն ինչ որ հիմա անում է Հայաստանի ու Արցախի նկատմամբ՝ Հայաստանի ոչ հայկական իշխանությունների թեթեւ ձեռքի թույլտվությամբ է: Ադրբեջանի նպատակն է ընդհանուր վերջնակետի հասցնել Հայաստանի պետականության գոյությունը, այստեղ ունենալ 1000-ից 2000 հայ, որոնց մատով ցույց կտա ու կասի` Ադրբեջանն ունի փոքրամասնություն հայի տեսքով, եւ իրենց իրավունքները ապահովված են: Ադրբեջանի ամբողջ պետական քարոզչությունն այս 30 տարվա ընթացքում իրենց հանրությանը մատուցել է ապատեղեկատվություն, մասնավորապես, որ ոչ միայն Արցախը ամբողջությամբ մաս է կազմում Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի տարբեր մարզերը, մասնավորապես՝ Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը, Արարատի մարզը: Այսինքն՝ իրենք պարբերաբար խոսել են, որ դրանք ժամանակին ապօրինաբար Խորհրդային Միությունը պոկել տվել է հայերին, եւ հիմա իրենք իրականացնում են իրենց «պատմական արդարության» վերականգնման թե՛ քաղաքական, թե՛ ռազմական պրոցեսը: Եվ, ինչու ոչ, այդ ամենն իրականացվում է Հայաստանի ոչ հայկական իշխանությունների թույլտվությամբ: Կա կոնկրետ ագրեսոր պետություն, որի անունն է Ադրբեջան, ու իր հետ ոչ թե փորձում են հնարավոր լավ տարբերակ գտնել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Ադրբեջանը լեզուն չերկարացնի Հայաստանի տարածքների ու Արցախի նկատմամբ, ընդհակառակը, անտեսում ու ներկայացնում են անպայման խաղաղություն ստորագրելու հանգամանքը: Ադրբեջանը սա նկատում է, որ թույլ են տալիս իրեն օկուպացնել տարածք, թույլ են տալիս տարբեր մակարդակներում հայտարարություններ, թե Հայաստանի շատ տարածքներ ադրբեջանական է, փաստացի ընդունում են Ադրբեջանի թե՛ քաղաքական, թե՛ ռազմական օրակարգը: Սա է խաղաղության տխրահռչակ պայմանագիրը, որով Հայաստանը` որպես պետություն եւ սուբյեկտայնություն, այլեւս կդադարի գոյություն ունենալ, որի մեջ մտնում է նաեւ Արցախի կորուստը` հետագա ավելի աղետալի իրականությունը եւս, մասնավորապես, այսպես ասած՝ ադրբեջանցիների փախստականների վերադարձը Հայաստան, անկլավների խնդիրը: Համոզված եմ, որ ինչքան էլ մեզ մատուցում են եւ ասում, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, շատ հավանական է, որ հիմա էլ կպարզվի, որ դա էլ ինչ-ինչ պայմաններով համաձայնել են, որպեսզի Ադրբեջանը ճանապարհը օգտագործի` որպես իր տարածք:
«ԿԱ ՑԵՂԱՍՊԱՆՎԵԼՈՒ ՈՒ ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
– Ադրբեջանի «լեզուն այնքան է երկարել», որ օր օրի հաստատվում են մեր հողում, որտե՞ղ են Հայաստանի ու Արցախի ղեկավարները, ինչո՞ւ է զրո արձագանք:
– Հայաստանի հասարակության տարբեր հատվածներում կա ցեղասպանվելու ու նոր ագրեսիայի հավանականություն, դրա մասին նաեւ իշխանություններն են հայտարարում: Եվ երբ պետության ղեկավարն իրականացնում է նման քաղաքականություն եւ դրա հետ մեկտեղ պառակտում է Հայաստանի հասարակութանը, արցախահայությանը ներկայացնում են ոչ հայեր, անընդհատ ղարաբաղցի-հայաստանցի տարբերություն են շեշտադրում պրոիշխանական քարոզչական դաշտում, ես այլ բան չեմ տեսնում, քան այն, որ դիտավորություն կա այստեղ: Մի կողմից` թմրեցնում են հասարակությանը 30 տարվա կեղծ թեզերով, մյուս կողմից` իրենք են իրականացնում թալանի պրոցեսը, բազմապիսի կոռուպցիոն դեպքերի մասին է բարձրաձայնվում, կան տարածքներ կորսված, որ նախկին իշխանությունների ժամանակ չի եղել, այսինքն՝ արյունատար տարածքներ, որոնք էական մեծ նշանակություն ունեին: Եվ այս ամբողջ պրոցեսներից հետո ադրբեջանական դիրքերից խոսում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ շատ-շատ ՔՊ-ականներ:
– Իսկ որտե՞ղ են մեր դիվանագիտությունը եւ միջազգային կառույցները:
– Արդեն մոտ երկու տարի գործում է ուժի սկզբունքն իրավունքի դաշտում. ով ուժեղ է՝ ինքը թելադրում է իրավունքը: Ըստ էության, իրավունքը մեռել է, ուժն է թելադրում, ով ունի ավելի մեծ շահեր դիտարկված, նա էլ առաջ է մղում իր արտաքին քաղաքականությունը: Մեր դիվանագիտությունը վաղուց գոյություն չունի, մեր դիվանագիտությունը ոտքի վրա մաշվող քայլերի հաջոդականությունն է: Եթե Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության նպատակ կա, ապա դա իրականացվում է տգեղ ու անգրագետ ձեւով, բացի այդ, առանց որեւէ երաշխիքի, որ դու, հրաժարվելով քո դարավոր դաշնակցից, այսինքն՝ Ռուսաստանից, ինչ անվտանգության ալտերնատիվ ես առաջարկում քո հասարակությանը, եթե դու (իշխանությունը) ամեն օր խոսում ես ռազմական ագրեսիայի մասին: Այս պրոցեսները ինձ թույլ չեն տալիս ենթադրելու այն, որ Հայաստանի իշխանությունը նպատակ ունի իրականացնելու արտաքին քաղաքականություն, կամ ապահովելու Հայաստանի ու Արցախի հայերի ազատ կամքի արտահայտման հետ մեկտեղ նաեւ միմյանց ապագան Հայաստանում տեսնելու կամքի ապահովումը:
«ՀԵՆՑ ՕՐԵՐԸ ՏԱՔԱՆԱՆ, ՄԵՆՔ ԱՅԴ ԿԵՂԾ ԹԵԶԵՐԻ ԴԱԺԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԿՏԵՍՆԵՆՔ»
– Այս իրավիճակում որքանո՞վ է մեծ պատերազմի հավանականությունը:
– Պատերազմի հավանականությունը բավականին բարձր է: Ես չեմ հավատում, որ ինչպես իշխանական քարոզչությունն է իրականացնում, իբր Ադրբեջանը վախեցնում է Հայաստանին, զորքերի կուտակում կա, բայց մեծ պատերազմ չի սպասվում: Կարծում եմ, հենց օրերը տաքանան, մենք այդ կեղծ թեզերի դաժան հետեւանքները կտեսնենք: Ադրբեջանը չի կարող չօգտվել ներկայիս իրավիճակից, երբ տեսնում է, որ Հայաստանում անողնաշար իշխանություն կա, կա իրենց «պռոեկտները» կատարող կառավարություն: Ու չկան այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են ՀՀ պետական ու ազգային շահը ապահովել, հետեւաբար իրենք ճնշելու են ե՛ւ ռազմական ագրեսիայով, ե՛ւ տարբեր արտաքին քաղաքական հարթակներում տարբեր դաշնակիցներ ձեռք բերելով, որը հնարավորություն կտա Հայաստանի վրա հավելյալ ճնշում ապահովել: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան բավականին բարձր է, որովհետեւ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի նկատմամբ ունենալ այնպիսի տարածքային առավելություններ, որ Հայաստանը ուզի-չուզի Ադրբեջանի պահանջների դիրքերից խոսի: Օրինակ՝ վերահսկողություն հաստատի այնպիսի տարածքների վրա, որոնք Հայաստանի տնտեսության վրա կոնկրետ մեծ ու ցավալի հետեւանք կթողնեն: Եղանակային պայմանները լավ լինելու պարագայում անցյալ տարվա սեպտեմբերյան դեպքերը, որպես այդպիսին լինելու են, բայց լայնածավալ պատերազմի համար մի փոքր փոփոխություններ են պետք, որպեսզի Ադրբեջանը անկաշկանդ իրականացնի այն: Ադրբեջանը 2022թ. սեպտեմբերի հարձակումից հետո` մարսեց այդ ագրեսիան, Հայաստանը նստեց բանակցությունների Ադրբեջանի հիմնակարգով: Այսինքն՝ Ադրբեջանը հասկացավ, որ ուժի կիրառմամբ միայն Հայաստանին հնարավոր է բերել բանակցային սեղան: Ինչպես հիշում եք, Նիկոլ Փաշինյանի խոսքը 2022թ.-ի էսկալացիայից հետո փոխվեց էլ ավելի պրոադրբեջանականի, խոսվեց անպայման պայմանագիր ստորագրելու մասին, խոսվեց, որ այլ տարբերակ չկա, քան խաղաղությունը, այսինքն՝ թշնամու դիրքորոշումի հայտնման պրոցես սկսվեց: Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հասարակության մոտ իմունիտետը կոտրել եւ ամեն անգամ փոքր էսկալացիաներով մեծ զոհեր ու վնասներ պատճառել, ունենալ հոգեբանական ճնշման ղեկ:
Ս. Ասատրյան
iravunk.com
դեպի ետ