
ԵՐԿՐԱՇԱՐԺ, ՋՐՀԵՂԵՂ, ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԳԱՂԹ, ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԶՈՀԵՐ. ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. Բացառիկ մանրամասներ
«Թուրքիայի հայ համայնքը երկրաշարժի հետևանքով ունեցել է 13 զոհ: Վիրավորվածների թիվը բավական քիչ էր, և ներկայումս նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընդհակառակը ապաքինման փուլում են: Հայ համայնքի հետ կապված այլ մտահոգիչ երևույթներ տեղի ունեցան: Հատկապես դպրոցական տարիքի երեխա ունեցող ընտանիքներ տեղափոխվեցին Ստամբուլ, որպեսզի իրենց զավակները հայկական վարժարաններ հաճախեն»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ավերիչ երկրաշարժից հետո հայերի վիճակին, ասաց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ, ապա անդրադառնալով ընդհանուր իրավիճակին, ընդգծեց.
-Աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է: Այդ շրջանների բնակիչները ներկայումս ծանր կացության մեջ են հայտնվել՝ նրանք մինչ այսօր բնակարաններով ապահովված չեն: Շատ տեղերում էլ վրանների, ինչպես նաև կոնտեյներային տնակների կարիք կա: Բացի երկրաշարժից այդ նույն վայրերում մեկ այլ աղետ էլ պատահեց: Մեկ շաբաթ առաջ ջրհեղեղ տեղի ունեցավ Շանլըուրֆա և Ադըյաման նահանգներում, ինչի հետևանքով ևս 20 քաղաքացի մահացավ: Սակայն բացի զոհերից, բավականին մեծ թվով վրաններ անգործածելի դարձան: Ավելին՝ միլիոնավոր մարդիկ գաղթեցին այդ տարածքներից դեպի այլ քաղաքներ:
Իշխանությունների առաջնահերթությունը ներկայումս ընտրություններն են դարձել: Այսինքն՝ ժողովրդի ուշադրությունը երկրաշարժի թողած հետևանքներից հետզհետե շեղեցին դեպի ընտրություններ և հասարակությունն ավելի շատ սկսել է ընտրություններից խոսել: Թեկնածուներ են հայտնվում: Այս պահին նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 թեկնածու, ինչն էլ տարակարծությունների պատճառ է դարձել: Հայտնի է, որ այդ 11 թեկնածուից հիմնական մրցակիցները երկուսն են լինելու՝ ընդդիմադիրների թեկնածուն և իշխանության թեկնածուն: Իշխանության թեկնածուն ներկայիս գործող նախագահն է, իսկ ընդդիմադիրներն էլ համաձայնության են եկել մեկ միասնական թեկնածուի շուրջ՝ ի դեմս Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի: Իսկ մնացած թեկնածուների մասնակցությունը քվեները նվազեցնելու նպատակ է հետապնդում: Սա է դարձել գլխավոր օրակարգը:
Իլոնա Ազարյան
iravunk.com
դեպի ետ