Հակահայկականության դրսևորումները վրացական մամուլում


Հայ-վրացական ներկա միջէթնիկ հարաբերություններում որոշակի անվստահության աճը լուրջ անհանգստություն է առաջացնում հայ հասարակական-քաղաքական շրջանակներում։ Անզեն աչքով էլ արդեն նկատելի է անբարյացակամ (երբեմն՝ անթաքույց թշնամական) վերաբերմունքը Վրաստանի քաղաքացի էթնիկ հայերի նկատմամբ, ինչը չի կարող անտարբեր թողնել ՀՀ քաղաքական ընտրանուն և հասարակական ակտիվ շրջանակներին։
Կարելի է անվերջ խոսել տարածաշրջանի երկու քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու վրացիների դարավոր բարեկամության մասին՝ հղելով հատկապես 11-12-րդ դդ. հայ-վրացական զինակցության փայլուն օրինակներին։ Ցավոք, այսօրվա զարգացումներն այլ տրամաբանություն ունեն և միայն պատմական անցյալով չէ, որ պայմանավորված են։
Վրացալեզու մամուլում հաճախ ենք հանդիպում հակահայ հրապարակումներ։ Անշուշտ, համոզված չենք, որ դրանց հետևում կանգնած չեն որոշակի շահագրգռված ուժեր թե՛ Վրաստանի ներսում, թե՛ դրսում։ Աշխարհաքաղաքական շահերի պրիզմայով դիտարկելիս հայ-վրացական հարաբերությունների բարելավումը ձեռնտու է միայն հայերին ու վրացիներին։ Միևնույն ժամանակ, թերևս, տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս չենք գտնի մեկ այլ կարևոր «խաղացողի», որին նույնպես ձեռնտու է հայ-վրացական հարաբերությունների բարելավումը։
Այսպիսով, հայ-վրացական հարաբերություններում առկա կնճիռների հարթումը մնում է միայն երկու հարևան ժողովուրդների խնդիրը։
Նախ՝ հայերի շրջանում, որոնց մեջ արմատացած է հայ-վրացական դարավոր բարեկամության կարծրատիպը, տարակուսանք է հարուցում այն, թե ինչու է Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում այսօրվա անկախ Հայաստանը դիտվում որպես «պրագմատիկ համագործակից», իսկ Ադրբեջանը՝ «ռազմավարական դաշնակից»։
Ցավոք, արդի փուլում արտաքին կողմնորոշումներում և արտաքին քաղաքական դաշնակիցների ընտրության հարցում Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են քաղաքական, տնտեսական տարբեր խմբավորումներում։ Այս ամենին գումարվում և օրի օրի բացահայտվում են որոշ խնդիրներ, որոնք առկա են միջէթնիկ ընկալումներում և միջէթնիկ կամ միջհամայնական հարաբերություններում։
Մի կողմից՝ վրացական ազգայնական ընտրանու շրջանակներում վիրահայությունն ընկալվում է որպես հնարավոր մրցակից Վրաստանում և հատկապես մայրաքաղաք Թբիլիսիում իշխանության հաստատման հարցում։ Հայկական տարրը դիտվում է որպես ներքաղաքական կարևոր գործոն, որը հավակնություններ ունի Թիֆլիսի նկատմամբ, քանի որ վրացիները բազմաթիվ անգամներ լսել են, թե ինչպես են թիֆլիսահայերն ասում, որ Թիֆլիսն իրենք են կառուցել, և որ այն հայկական քաղաք է։ Այս հանգամանքը որոշակի ազդեցություն է գործում վրացական ընտրանու և հասարակ ժողովրդի հոգեբանության ու վարքաբանության վրա՝ առաջացնելով որոշակի անվստահություն հայերի նկատմամբ։
Հայկական կողմը բավական հաճախ է շեշտադրում «Հայկական Թիֆլիս» բառակապակցությունը, ինչն ավելորդ խանդի և ջղաձգության առիթի է վերածվում։ Անգամ «Թիֆլիս» կամ «Թբիլիսի» բառի կիրառման ընտրությունը նույնպես կարող է հակասությունների ու բախումների առիթ դառնալ։
Մյուս կողմից՝ վիրահայերի շրջանում գործում է կոլեկտիվ հիշողությունը 19-րդ դ. վերջին-20-րդ դ. սկզբին Թիֆլիսում իրենց սոցիալ-տնտեսական և քաղաքական գերակայության մասին։
Վրացական ներկա իշխանությունների ազգայնական կեցվածքը էթնիկ փոքրամասնություններին հուզող հարցերում էլ ավելի է ակտիվացնում վիրահայության այս կոլեկտիվ հիշողությունը, որը, թերևս, այդ ազգայնական քաղաքականության ուղղակի արդյունքն է։
Վրացական մամուլի հակահայ հռետորականությունն ունի պատմական արմատներ և ավանդույթներ։ Դեռևս 19-րդ դ. վերջին–20-րդ դ. սկզբին ուշագրավ գործելաոճ ունեին Թիֆլիսում հրատարակվող և բացահայտ հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք վրացալեզու թերթեր։ Դրանցից են «Ցնոբիս Փուրցելին» (Տեղեկությունների թերթիկ), «Ախալի Դրոեբան» (Նոր ժամանակներ), «Սախալխո Գազեթին» (Ժողովրդական թերթ), «Իվերիան», «Կավկազը», որոնք իրենց էջերում խոր հակակրանք էին արտահայտում հայերի հանդեպ՝ նրանց մեղադրելով վրացիների տնտեսական անկման մեջ։
Այսօր այս ավանդույթները ոչ միայն շարունակվում են, այլև դրանց նոր լիցքեր են հաղորդվում։ Վերջին շրջանում վրացական ազգայնական մամուլը (հիշատակության արժանի են հատկապես «Րեզոնանսի», «Ասավալ-Դասավալի», «Ցիսկարի», «Խվալինդելի դղե», «Ախալի Թաոբա», «Ջորջիան Թայմս» և այլ թերթեր1) շարունակական հակահայկականություն է սերմանում վրաց ընթերցողների շրջանում։
Հետաքրքիրն այն է, որ 100 տարվա կտրվածքով մամուլում հնչած շեշտադրումները գրեթե չեն փոխվել։ Հայերին մեղադրում են Վրաստանի և վրացիների ողջ պատմության ընթացքում կրած գրեթե բոլոր տառապանքների ու զրկանքների մեջ։ Զուգահեռ տարվում է քարոզչություն հայի կերպարը վարկաբեկելու ուղղությամբ։ Եթե անցյալում հայերին ներկայացնում էին որպես «գիշատիչ», «վաճառական», վաշխառու», «զավթող», «խորամանկ», ապա այսօրվա հրապարակախոսական մամուլը հարստացել է «ագրեսոր», «խորամանկ» ու «հաջողակ», անգամ «հարբեցող» պիտակավորումներով։
Իհարկե, կարելի է նաև որոշ տարբերություններ նկատել դրանցում։ Այսպես, եթե առաջներում հայերը հարուստ և իշխող խավի ներկայացուցիչներ էին կամ «Թիֆլիսի տերերը», ապա հիմա հայը ներկայացվում է որպես առավելապես ցածր սոցիալական շերտ զբաղեցնող ազգ՝ վարսահարդարներ, կոշկակարներ, վարորդներ, մանր վաճառականներ և այլն։ Բայց ժամանակակից Թիֆլիսում հայերի սոցիալ-տնտեսական դիրքերի թուլացումն ամենևին էլ չի խանգարում վրաց ազգայնականներին շարունակաբար քարկոծել և որպես մրցակից դիտել նրանց։
Մի քանի մեջբերում կատարենք վրացական մամուլից և տեսնենք, թե որոնք են հայերի «մեղքերը»։
Նախ նշվում է, որ վաղուց արդեն հասունացել է հայ-վրացական բարեկամության մասին «կեղծ» թեզի վերանայման անհրաժեշտությունը, որ «ժամանակն է վերափոխել կարծրատիպն այն մասին, թե իբր հայերն ու վրացիները եղբայրական ժողովուրդներ են, որ Հայոսն ու Քարթլոսը եղբայրներ են, իսկ Հայաստանն ու Վրաստանը՝ բարեկամ երկրներ»։ Հերթը հասել է նրան, որ կոչ է արվում վրաց-աբխազական պատերազմն ընկալել որպես հայ-վրացական պատերազմ։ Այդ մասին պարզ նշված է մի հոդվածում, որն այդպես էլ վերնագրված է՝ «Աբխազական պատերազմը հայ-վրացական էր» («Ցիսկարի», ապրիլի 5, 2006, թիվ 24, հեղինակ՝ աստղաֆիզիկոս Մալխազ Գվելուկաշվիլի)։
Մեկ այլ հոդվածում վրաց ընթերցողներին տեղեկացնում են, որ մենք՝ հայերս, վրացիներին անվանում ենք «գռուզին», ինչը մեզ մոտ ասոցացվում է ռուսերեն «գռուզ» կամ «գռուզչիկ» (բեռնակիր) բառերի հետ («Ասավալ-Դասավալի», մայիսի 12, 2006, հեղինակ՝ Առնո Խիդիրբեգիշվիլի)։ Հարկ է նշել, որ նման ընկալումը գոնե մեզ՝ հայերիս համար նորություն է։
Վրացական որոշ թերթերում իշխող հակահայ հիստերիային նոր լիցք հաղորդեց 6 հայկական եկեղեցիների խնդիրը, որոնք հայկական կողմը պահանջում է վերադարձնել իրեն։ Մի կողմ թողնելով այդ դիսկուրսը (թեպետ հայկական կողմը փաստարկում է այս պահանջը միանգամայն գիտական հիմնավորումներով՝ խորանի բարձրությամբ, մկրտության արարողության համար եկեղեցում հատկացված տեղի ընտրությամբ և այլն), նշենք, որ այս օրինական պահանջները վրացական հակահայկական մամուլը քննարկում է «հայկական պահանջատիրության» համատեքստում։ Օրինակ, նշվում է, որ հայերը պահանջում են Թիֆլիսն ու ամբողջ Վրաստանը, ստեղծել են «Մեծ Հայաստանի» քարտեզ, որ պնդում են, թե Շոթա Ռուսթավելին հայ է, որ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել վրացական այբուբենը և այլն։
2006թ. աշնանը Թիֆլիսի հայաշատ թաղամասում՝ Հավլաբարում բացվեց մի խանութ, որը կրում է «Արարատ» անվանումը։ Ամբողջ աշխարհում կան բազմաթիվ խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, կրպակներ և առևտրի ու սպասարկման կետեր պատմական Հայաստանի տեղանուններով, բայց ոչ մի երկրում նման ջղաձգություն դրանք չեն առաջացնում, որքան Վրաստանում։ Այս խանութը բացվելուն պես (որը միակն է Թիֆլիսում, որ կրում է հայերին կամ Հայաստանը հիշեցնող ցուցանակ) նորից հակահայկական հոդված է հայտնվում վրացալեզու մամուլում, որտեղ հեղինակը հիշեցնում է «Արարատ, հուպ-տուր» խորհրդային ժամանակներից հայտնի ֆուտբոլային կարգախոսը և նշում, թե այն հայերի զավթողական բնավորության վառ արտահայտությունն է։ Այնուհետև հեղինակը հռետորական հարց է տալիս, թե ինչու է «Արարատ» ցուցանակ հայտնվել Թբիլիսիի Հավլաբար թաղամասում. արդյո՞ք սա նույնպես հայերի տարածքային նկրտումների հերթական դրսևորումը չէ, և ինչո՞ւ է այդ ցուցանակը ռուսերեն (իրականում ցուցանակը ռուսերեն չէ, այն եռալեզու է՝ վրացերեն, հայերեն, անգլերեն)։
1897թ. Թիֆլիսում հրատարակվող «Իվերիա» թերթը հայերին նվիրված մի հոդվածում գրում է. «Ի՞նչ առումով է Թիֆլիսը հայկական քաղաք. աշխարհագրական դիրքո՞վ, տարածքային օրենքո՞վ, թե՞ այլ պետական կամ միջազգային իրավունքով։ Որտե՞ղ են հայերը կամ Հայաստանը, իսկ որտե՞ղ Թիֆլիսը։ Որտեղի՞ց մինչև ո՞ւր են հասնում նրանց ձեռքերը։ Արդյո՞ք իրենց են պատկանում գնված տները, թե՞ ոչ. դա դեռ կպարզվի։ Բայց Թիֆլիսը գտնվում է Վրաստանի տարածքում… Այստեղ հայը չի համարձակվի ձայն հանել… այստեղ հայերին ոչինչ չի պատկանում» (“Иверия” об армянах в Тифлисе. Перевод с груз. редакцией “Кавказа”, Кавказ, Тифлис, 1897, No 86)։
Կարծես թե նույն հեղինակի խոսքերն են հնչում մեր օրերում. «Այդ ինքնակոչները (իմա՝ հայերը) ապացուցում են, թե Վրաստանի կեսը հայկական է… Թող որ չմոռանան հայերը, որ իրենց Հայրենիքը մի մեծ փակուղի է։ Իրենք թշնամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, իսկ տնտեսապես կախված են Վրաստանից… Մենք՝ վրացիներս, չենք մոռացել, որ Աբխազիայում մեր եղբայրների, քույրերի, հայրերի, բարեկամների գլուխներով ֆուտբոլ էին խաղում նաև հայ գրոհայինները» (Գայոզ Մամալաձե, «Ջորջիան Թայմս», թիվ 29, հուլիսի 25, 2006)։
Ցավոք, հակահայկական քարոզչություն տարվում է ոչ միայն վրացական մամուլում, այլև եկեղեցիներում։ Կան տեղեկություններ, որ Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականներն իրենց հավատացյալներին քարոզում են, թե իբր հայերը քրիստոնյաներ չեն, այլ «սատանայականներ», նաև, որ վրացիներն են առաջինն ընդունել քրիստոնեությունը, ոչ թե հայերը։
Վերջում ավելացնենք Երուսաղեմի համալսարանի «Ռուսական նախագծի» ակադեմիական ղեկավար, դոկտոր Դան Շապիրայի խոսքերը. «Վրաց-քրիստոնյաները միշտ հայերի կողմից վտանգ են զգացել։ Հրեաներն ավանդաբար որպես վտանգ կամ խնդիր չեն ընկալվել։ Հրեաների ավանդական տեղը Վրաստանում զբաղեցրել են հայերը»։
1 Վրացալեզու որոշ հրատարակությունների թարգմանությունները վերցված են http://www.armenia.ge/ կայքից։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹԻՖԼԻՍԻ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 5-21-ՐԴ ԴԴ. (համառոտ ակնարկ)[24.10.2014]
- ԹԻՖԼԻՍՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[11.06.2012]
- ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ[16.01.2012]
- ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ[09.06.2011]
- ԹԻՖԼԻՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[11.04.2011]
- ՎՐԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ[08.11.2010]
- ԵՐԿԼԵԶՈՒ (ԲԻԼԻՆԳՎԱԼ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ[07.10.2010]
- ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱԷԹՆԻԿ ՀԱՆՐՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[09.06.2010]
- ՎՐԱՑԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ[11.12.2009]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՆ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ[03.11.2009]
- ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[23.06.2009]