
ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՇՐՋԱՆ, ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎ ԶԳԱԼ. Վրթանեսյան
«Իրավունքի» հետ զրույցում ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆՆ անդրադառնալով բարձրաստիճան զինվորականների դեմ հարուցվող քրեական գործերին` նշել է, որ այս ամենը նիկոլական ռեժիմի ստանդարտ գործելաոճն է: Ինչ վերաբերում է ՀՀ սահմանային անվտանգությանը, ըստ փորձագետի, այսօր վտանգված է ամբողջ Հայաստանը:
«ՀՈՍՔԱԳԾՈՎ» ԳՈՐԾԵՐ ԿԱՐԵԼԸ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԳՈՐԾԵԼԱՈՃ Է»
– Ըստ Ձեզ, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման որոշումը քաղաքական ենթատեքստ ունի՞: Այս եւ նմանատիպ այլ գործերը կարելի՞ է քաղաքական հետապնդում համարել:
– Իմ կարծիքով` Գրիգորի Խաչատուրովի, ինչպես եւ շատ այլ գեներալների ու բարձրաստիճան սպաների հետապնդումը պետք է դիտարկել բանակին նպատակաուղղված կազմաքանդման համատեքստում, որը ո՛չ երեկ է սկսվել, ո՛չ էլ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, այլ 2018 թվականի հեղաշրջումից անմիջապես հետո: Խաչատուրովի փաստաբանների ասուլիսից հետո որեւէ կասկած չի մնում, որ քննիչները պատվեր են կատարում` ամեն գնով մի գործ կարելու: Առավել անհեթեթ է այդ գործով գեներալին կալանավորելը, քանի որ ակնհայտ է, որ այդ գործը վաղ թե ուշ փլվելու է: Սա նիկոլական ռեժիմի ստանդարտ գործելաոճ է՝ «հոսքագծով» գործեր կարելը, մարդկանց ըստ գործը կարողների քմահաճույքի կալանավորելը, այդ մասին իշխանական քարոզչամեքենայով շեփորահարելը: Հիշեցնեմ, որ Փաշինյանի հրահրած առաջին այսպիսի դատարկ գործերից մեկով դեռ 2018 թվականի ամռանը փորձեցին կալանավորել Գրիգորի Խաչատուրովի հորը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
– Կան տեսակետներ, որ Գրիգորի Խաչատուրովի դեմ հարուցվող այս գործերի հետեւանքը կարո՞ղ է լինել վտանգը Տավուշի շուրջ: Տեսնո՞ւմ եք որեւէ կապ:
– Այսօր վտանգված է ամբողջ Հայաստանը: Չկա Հայաստանում որեւէ շրջան, որտեղ կարելի է ապահով զգալ: Ինչպես արդեն նշեցի, գեներալների եւ բարձրաստիճան սպաների դեմ գործերի շքերթը պետք է դիտարկել բանակը կազմաքանդելուն նպատակաուղղված ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Այստեղ առանձին գեներալների կամ սպաների, առանձին զորամասերի կամ միջադեպերի հարց չէ: Հետեւողական ձեւով կազմաքանդվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:
«ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ» ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՄԱՀԱԿ Է ԲԱՆԱԿԻ ԴԵՄ»
– ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին` նշել է, որ «մենք կորցրինք մի զինվորականի, ով կերտել է զինվորականի պահվածքը, եւ նա ի վիճակի է անել վերլուծություններ ե՛ւ իր անցած ճանապարհով կարող է կրթական ծրագրերի մեջ իր ուրույն մասնակցությունն ունենալ»: Ինչպե՞ս կգնահատեք հանկարծ ի հայտ եկած այս բարիդրացիական հարաբերությունները:
– Կարծում եմ, որ սա խաղ է. մի կողմից փորձեց նրան ընդդիմության քննադատության թիրախ դարձնել, մյուս կողմից՝ Օնիկ Գասպարյանին ինչ-որ անորոշ ակնարկ է անում (ռազմակրթական ոլորտում ինչ-որ պաշտո՞ն է խոստանում): Ծայրահեղ միամիտ է պետք լինել նիկոլականների նման խոստումներին հավատալու համար: Այս ռեժիմի հետ ցանկացած համագործակցություն վերջանում է քրեական գործերով, հետապնդումներով, նիկոլական քարոզչամեքենայի հարվածների տակ ընկնելով:
– Այդուհանդերձ, Օնիկ Գասպարյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի նիստին, ի՞նչ կտա այս մասնակցությունը:
– Չեմ կարող ասել, թե ինչ կտա հասարակությանը, բայց չմոռանանք, որ այդ «Քննիչ հանձնաժողովն» իրականում նիկոլական մահակ է բանակի դեմ: Քանի դեռ Փաշինյանի ռեժիմն է իշխանության, որեւէ օբյեկտիվ քննություն անհնարին է, քանի որ հենց Փաշինյանն է տարել մեր երկիրը պարտության:
«ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՋԱՆՔ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ԲԱՆԱԿԸ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
– Մինչ իշխանությունը ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի հանգամանքները, թշնամին, կարծես, կրկին դիրքավորվում է ՀՀ սահմանին, արդյո՞ք պատերազմի հավանականությունը մեծ է:
– Բավականին բարձր եմ գնահատում նոր ռազմական գործողությունների հավանականությունը: Եթե իշխող վարչակարգը ջանք չի խնայում բանակը կազմաքանդելու, ինչպես նաեւ բոլոր բնական դաշնակիցներին մեզնից վանելու համար, ապա ի՞նչը պետք է Ադրբեջանին հետ պահի նոր ռազմական գործողություններ սկսելուց:
– Իսկ հնարավոր ռազմական գործողությունները զսպելու առումով ի՞նչ կշիռ ունեն միջազգային կառույցները:
– Միջազգային կառույցները մեծ մասամբ շատ մեծ կշիռ ունեն, այլ հարց է, որ Փաշինյանի ռեժիմի վարած արտաքին քաղաքականությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի կամ այլ ուժերի շահերն է սպասարկում, այլ ոչ թե՝ Հայաստանի Հանրապետության:
Ս. Ասատրյան
iravunk.com
դեպի ետ