• am
  • ru
  • en
Версия для печати
22.03.2023

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԼԱՑՈՒՄ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԸ

   

Լրատվադաշտի և սոցցանցերի քննարկման, նաև «բոցվելու», սովետական հայտնի ֆիլմի դրվագները հիշելու առիթ է դարձել այն, որ Ալեն Սիմոնյանը կոտրել է իր վերին վերջույթը: Իսկ մինչ այդ պատահարը, Ալենը դատողություններ էր անում, թե ով կարող է կամ չի կարող իր տարածքում ի կատար ածել Հաագայի դատարանի` Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշումը: Իր արևին սրամտում էր կամ ի ցույց դնում իր «խորիմաստ» գիտելիքները: Մինչդեռ Հաագայի իսկական «ապրանքը», ով չի կատարել Հաագայի վճիռը` Բերձորի միջանցքը ապաշրջափակելու, ապրում է Երևանից` շուրջ 700, իսկ Ստեփանակերտից շուրջ 400 կիլոմետր հեռավորության վրա:

ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ «ՆԱԽԿԻՆՆԵՐԸ», ՌՈՒՍՆԵՐԸ, ՄԵԿ ԷԼ` ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ

Դե իհարկե, Նիկոլն ու ՔՊ-ն ոչ մի բանում մեղավոր չեն: Մեղավոր չեն նաև իրենց տերերը` անատոլիական և մերձկասպյան թուրքերը: Առաջ ամեն ինչի մեղավորը «թալանչի նախկիններն» էին, դրան հետո ավելացան «անվտանգության սպառնալիք» ռուսները, գերագույն գլխավոր ստախոսի ասուլիսի ժամանակ էլ ծլեցին բանակում վխտացող «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչները: Դե, իսկ իրենք «ժողովրդավարության բաստիոն» են, որը նաև հաջողությամբ պայքարում է կոռուպցիայի դեմ: Եվ իհարկե վայելում է «ժողովրդավարության միջնաբերդ» ԱՄՆ-ի դրվատանքն ու քաջալերանքը:

Սակայն 2022թ. Հայաստանում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի հրապարակած մարդու իրավունքների մասին զեկույցն արձանագրում է մասնավորապես հետևյալ խնդիրները.

  • իրավապահ համակարգի կողմից խոշտանգումներ,
  • կամայական ձերբակալություններ կամ կալանավորումներ,
  • դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ,
  • մարդկանց անձնական կյանքին կամայական կամ ապօրինի միջամտություններ,
  • խոսքի ազատության սահմանափակումներ, ինչպես նաև հանցագործություններ, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիք,
  • բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի և իրավապահների կողմից այդ դեպքերի հետ կապված ոչ պատշաճ հետաքննություն,
  • բանակում զոհերի դեպքերի շուրջ կառավարության թափանցիկության բացակայություն և հանրային անվստահություն,
  • համակարգային կոռուպցիայի առկայություն տարբեր ոլորտներում (շինարարություն, հանքարդյունաբերություն, պետկառավարում, խորհրդարան, դատական համակարգ, գնումներ և այլն),
  • պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեություն:

Ինչպես նկատում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «ԱՄՆ Պետդեպի հրապարակած զեկույցում Հայաստանում վերհանված պրոբլեմներն այսքանով չեն սահմանափակվում: Սակայն կարծում եմ` սա էլ բավարար է, որ երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից»: Զեկույցի անգլերեն տարբերակն այնքան ծավալուն է, որ դրա սոսկ թերթելուց է մարդ հոգնում: Եվ զեկույցը տպավորություն է թողնում, որ Նիկոլին և նրա թիմակիցներին կարելի է ձեռնաշղթաներով տանել ուղիղ Հաագայի դատարան:

Այդ ի՞նչ պատահեց, որ Ամերիկան սրանց այլևս չի համարում «ժողովրդավարության բաստիոն», այլ ընդհակառակը` մեղադրում է ժողովրդավարական իրավունքների և ազատությունների համատարած խախտման համար և որակում է այնպիսի «քյառթու» կոռուպցիոներներ, որ «նախկինների» ամենաօդիոզ դեմքերը դրա համեմատությամբ անմեղ մանուկներ են: Չլինի՞ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Պետդեպի վրա «Իսկանդեր» են պահել ու ստիպել են այդպիսի զեկույց հրապարակել:

Մինչդեռ դա օրինաչափ է բոլոր նրանց համար, ովքեր միաժամանակ երկու և ավելի տերերի ծառա են: Սակայն սրանք դեռ տաք են ու դեռ նույ-նիսկ հալածանք են հարուցում ընդդեմ այն դատավորի, ով համարձակվել էր մերժել գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը: Իսկ երբ մի քիչ սառեն, ավանդական «մեղավորների» ցուցակին կավելացնեն նաև ամերիկացիներին: Չէ՞ որ ժեխը կուտի այն ամենը, ինչ սրանք փսխում են:

ԱՐՑԱԽԱՏՅԱՑ ՆԵՐՔԻՆ ԹՈՒՐՔԵՐԸ

100-օրյա բլոկադան, Արցախի կյանքի ճանապարհը թշնամու կողմից փակ պահելն էլ մազաչափ չի սասանել սրանց ազգադավ կեցվածքը: Օրինակ` ՔՊ խմբակցության ղեկավար հակահիգիենիկ Հայկ Կոնջորյանն ընդդիմությանը մեղադրեց. «Մանտրայի պես կրկնում եք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ձեր թեզերը»: Մինչդեռ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ էր նկատել, որ սրանք ինքնորոշումից խուսափում, փախչում են «ինչպես սատանան խունկից»:

Ե՛վ Ստեփանակերտում, և՛ աշխարհի տարբեր ծայրերում բլոկադայի 100-րդ օրը եղան բողոքի ակցիաներ, Երևանում էլ խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել է ԱԺ հայտարարություն ընդունել: ՔՊ-ն հերթական թրքությունն է արել. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի միջանցքի փակման կապակցությամբ ԱԺ հայտարարության ընդունումը տապալել է: Պատերազմական հանցագործներ Էրդողանն ու Ալիևը անշուշտ արժանի են Հաագայի դատարանում դատվելու, բայց արդյո՞ք այս թրքահարճերն ավելի մեղավոր չեն, քան թուրքը: Սրանք աշխարհին ի ցույց են դնում այնպիսի ստորաքարշություն, որ ո՛չ ռուսներին, ո՛չ եվրոպացիներին և ո՛չ էլ ամերիկացիներին ինչ-որ բանում մեղադրելու իրավունք չունենք: Լավրովն ասում է. «Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար՝ ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»: ՔՊ և Նիկոլ ունեցողի պատճառով է, որ մեզ ոտի վրա սարքում են «պատմաբանների բաժին»: Այս գենապղծվածների պատճառով է, որ ամերիկացիք, պահաջելով բացել Բերձորի միջանցքը, միաժամանակ շեշտում են, որ պատժամիջոցների հարց չի էլ քննարկվում: Սրանց պատճառով է, որ ՀՀԿ-ի վիթխարի լոբբիստական արդյունքում Արցախի ինքնորոշման իրավունքը Եվրախորհրդարանով ճանաչած ԵՄ-ն գերադասում է անտեսել Բաքվի ոճրագործությունները և այդ մակաբույծ գոյակցության հետ «էներգետիկ համագործակցություն» ծավալել:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը ահազանգում է. «Տեղեկատվական տարբեր ռեսուրսներ Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի մասին են գրում: Աղբյուրներ կան, որ պնդում են, թե Հայաստանի և Ադր-բեջանի միջև նոր պատերազմը հենց այս գիշեր է սկսվելու: Ադրբեջանական աղբյուրներն էլ 44-օրյա պատերազմից են կադրեր հրապարակում՝ փորձելով «թարմացնել» մեր հիշողությունը և կանխել «Հայաստանի նոր ագրեսիան»: Կներեք այս բառիս համար, բայց իսկական տեղեկատվական/քարոզչական վակխանալիա է, որը հետզհետե խուճապային տրամադրություններ է առաջացնում մեր հանրության մեջ»: Քաղաքագետը նաև նշում է. «Կասկածում եմ, որ դավաճանների այս իշխանության մատը խառն է մեր ժողովրդին ահաբեկելու գործում: Ի վերջո, մարդիկ պատրաստվում են «խաղաղության պայմանագիր» ստորագրել Ալիևի հետ: Բա չպիտի՞ այնպես անեն, որ հետո ոչ ոք չմեղադրի իրենց դավաճանության մեջ»:

Կասկածները տեղին են: Սրանցից սպասելի է` օգնեն Ադրբեջանին իրացնել առավելագույնը ստանալու վերջին շանսը: Հայության հանդեպ էլ անեն վերջին տականքությունը: Զի գիտեն իրենց վերջը, գիտեն, որ երանի են տալու ցանկացած դատարանի դահլիճում` լինի Հաագայի, լինի Հայաստանի Հանրապետության, մեղադրյալի աթոռին նստելու: Զի թեև հանրության մեծ մասի հուսահատությունն անսահման է, է՛լ ավելի անսահման է հանրության ամենաակտիվ մասի ցասումն ու ատելությունը:

Հովհաննես Գալաջյան
iravunk.com


դեպի ետ