
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՔ Է ԴԻՄԻ․ԱՀ ԱԺ պատգամավորը Ալիեւի սպառնալիքների եւ ֆորսամաժորային իրավիճակներում մշակված քայլերի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի՝ Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին Բաքու հրավիրելու, շուրջ 100-օրյա շրջափակմանը դիմակայելու կամքի, միջազգային հանրությունից ակնկալվող գործուն քայլերի, ռուս խաղաղապահ զորախմբի գործադրած ջանքերի եւ Սահմանադրական փոփոխությունների կարեւորության եւ ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունքը» զրուցել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ»խմբակցության ղեկավար ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ շուրջ 100-օրյա շրջափակման դժվարությունները հաղթահարելու 30-ամյա աներույթ պայքարի ուժին․
- 100-օրյա շրջափակում մեր 30 տարվա պայքարի շարունակություն է, մենք շարունակում ենք 30 տարի առաջ սկսած պայքարը հանուն մեր ինքնորոշման իրավունքի պահպաննման։ Դժվար է, դժվարը մեղմ է ասված, բայց դիմակայում ենք հանուն մեր երեխաների, հանուն այս հողում ընկած մեր հազարավոր տղաների ու հարյուրավոր ընկերների։
- Պարոն Հարությունյան, միջազգային հանրությունից որեւէ ակնկալիք ունե՞ք, հաշվի առնելով մինչ այս պահը նրանց արձագանքները, որոնք հերթապահ հայտարարություններից, կոչերից այն կողմ չեն գնում։
- Մենք բազմիցս ընդգծել ենք, որ այ՛ո, այդ կոչերը, հայտարարությունները, ընդունած բանաձեւերը ունեն իրենց դերն ու նշանակությունը, բայց մենք տեսնում ենք, որ մեր դիմաց Ադրբեջանն է, որը անտեսում է ամեն բան։ Ուստի ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը առավել առարկայական գործողությունների դիմի, չբավարարվի միայն կոչերով, հայտարարություններով, բանաձեւերով։ Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ քաղաքակիրթ աշխարհում Ադրբեջանը շարունակի էթնիկ զտման եւ եւ ցեղասպանական քաղաքականությունը, ինչը բազմիցս ապացուցվել է Ադրբեջանի գործողություններով։
Այս պահին ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունն է երաշխիք հանդիսանում, որպեսզի վերը նշված քաղաքականությունը ավատին չհասցվի։ Իհարկե, կան որոշակի խնդիրներ, այդ առաքելության իրականացման ընթացքում, բայց ընդհանուր առմամբ խաղաղապահ զորախմբի ներկայությունը եւ իրենց կողմից այդ սադրանքներին արձագանքելը հենց այդ երաշխիքներից մեկն է։ Այնպես որ մենք բավականին բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահների ներկայությունը եւ իրենց առաքելությունը Արցախում, եւ գտնում ենք, որ իրենց առաքելությանը պետք է տրվի անժամկետ մանդատ, որպեսզի մենք կարողանանք խաղաղություն եւ կայունություն ապահովվել։
- Այժմ Ադրբեջանն առաջարկում է առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում՝ քննարկելով այսպես կոչված «վերաինտեգրման», Արցախում «ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման» համար։
- Մենք միշտ էլ խոսել ենք բանակցությունների կողմ լինելու մասին, սակայն, բանակցությունները չպետք է լինեն պարտադրանքի կամ նախապայմանների լեզվով խոսելու ձեւաչափով։ Այսինքն դրանք պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված երաշխիքների եւ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա։ Այս դեպքում միայն կարեւրոր չի լինի այլեւս հանդիպման վայրը, կամ մյուս տեխնիկական հարցերը։ Սկզբունքորեն կարեւոր է, որ Ադրբեջանը հասկանա, որ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եւ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ թե պարտադրանքի, այլ միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա։
- Պարոն Հարությունյան, անդրադառնանք նաեւ Արցախում առկա ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես հանրային շրջանակներում շատ է քննարկվում, թե ինչո՞ւ Սահմանադրական փոփոխությունների փաթեթը հետ կանչվեց, հետո նորից ընդգրվեց օրակարգ, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է։
- Նախ ասեմ, որ հետ կանչված Սահամադրական փոփոխությունների նախագիծը ոչ մի աղերս չունի, որը այս պահին քննարկվում է։ Աբովանդակային առումով ամբողջությամբ տարբերվող Սահմանադրական փոփոխություններ են։ Այս պահին ունենք երկու Սահմանադրական փոփոխությունների փաթեթ։ Առաջին փաթեթը նա է, որը պետք է ընդունի ԱԺ-ն, իսկ երկրորդ փաթեթեը, որը ավելի մեծ փոփոխություններ են նախատեսում՝ այսինքն կառավարման համակարգի եւ այլ սկզբունքային փոփոխություններ, պետք է ընդունվի հանրաքվեով։ Այս պահին առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը վերաբերում է ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու պայմաններում՝ ԱԺ-ին իրավունք է վերապահվում ընտրել նախագահ։ Նախագիծը միտված է ֆորսամաժորային իրավիճակում պետական կառավարման համակարգի ռիսկերը կառավարելուն։ Ըստ իս այս դրույթը պետք է ընդունված լիներ դեռեւս 2017թ․-ին, որովհետեւ ռազմական դրության ընթացքում գտնվող պետության Սահմանադրության մեջ պարտադիր պետք է լինեն այնպիսի դրույթներ, որոնք ֆորսամաժորային իրավիճակներում թույլ են տալու պետական կառավարման շարունակությունը, անընդհատությունը պահպաննել։
Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
iravunk.com
դեպի ետ