
ԱԼԻԵՎԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ԱՐՑԱԽԸ ԹԱՆԿՈՎ ՎԱՃԱՌԵԼ ՈՒԺԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ՈՒ ՄԵԿԻՆ․ԱՀ ԱԺ պատգամավորը Արցախը կլանելու թշնամու ճիգերի մասին
Ինչպե՞ս արցախահայությունը դիմագրավեց եւ շարունակում է դիմագրավել արդեն շուրջ 100-օրյա շրջափակմանը, բացի քաղաքական անորոշությունից, ի՞նչ առօրյա խնդիրների հետ են բախվում մեր հայրենակիցները։ Ասում են՝ դժվարությունները իրենց հետ ի հայտ են բերում նաեւ առօրյա կյանքում չերեւացող բացերը, ուրեմն՝ ի՞նչ խնդիրներ ի հայտ բերեց իր հետ շրջափակումը։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ, ով նախ արձանագրեց հետեւյալը․
- Արցախահայության 100 օրյա շրջափակման ոդիսականը դեռևս շարունակվում։ Ինչ բացահայտվեց այս 100 օրվա ընթացքում։ Առաջինը, որ չնայած ժողովրդի տոկունություն տեղն է, սակայն բազմաթիվ հարցեր ի հայտ եկան կապված տնտեսության կառուցվածքի և համակեցության կանոնների հետ։ Անհրաժեշտություն կա վերափոխելու մեր ներքին կյանքը, առաջնահերթությունները, կենցաղային և սոցիալական կառուցվածքը։ Պայքարի ճանապարհը երկար է և պիտի կարողանանք այնպես տեղաբաշխենք մեր ներքին ուժերը, որպեսզի հերիքի երկար «վազքի» համար։
Բացերից կարելի է նշել տնտեսության անպատրաստ լինելը այս մարտահրավերին, ինչպես նաև ներքին կյանքի կարգապահությունն է անհրաժեշտ վերանայել։ Ժողովրդավարությունը լավ բան է, բայց այժմ հարցեր կան, որոնք ավելի շուտ պահանջում են արագ լուծում և անձնական համարձակություն՝ պատասխանատվությունը սեփական անձի վրա վերցնելու համար։
- Պարոն Հովհաննիսյան, ե՞րբ եւ ինչպե՞ս են տեսնում արցախահայերը Լաչինի միջանցքի բացման հնարավությունները, հաշվի առնելով, որ Ալիեւի հռետորաբանությունը գնալով ավելի է կոշտանում։
- Իսկապես, Ալիևը իր հայտարարություններում ավելի կոշտ է դարձել, և անտեսանելի աչքով էլ ստիպում է դեֆորմացնել 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ ընդգրկված կետերի կատարողականը և բնույթը։ Ալիևը շտապում է, քանզի տարածաշրջանը դարձել է մի քանի ուժային կենտրոնների հետաքրքրությունների հարթակ և դեռևս անհայտ է այն ելքը, որը դեռ առջևում է մեզ սպասում։ Հիմա Ալիևը ամեն ինչ անում է կա՛մ ամբողջությամբ կլանելու Արցախը, կա՛մ իր ներքին լսարանին համոզելու, որ երկրի ներքին խնդիրներից առավել հիմա Արցախի հարցի վերջնական փակումն է և կա՛մ փորձելու է Արցախը թանկով վաճառել վերոգրյալումս նշված ուժային կենտրոններից մեկն ու մեկին։ Արցախահայության խնդիրը հստակ է՝ գոյապահպանության, ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում և հայրենի երկրում խաղաղ ապրելու և արարելու իրավունք։
Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
iravunk.com
դեպի ետ