• am
  • ru
  • en
Версия для печати
16.04.2007

Ինտերնետային ֆորումները՝ որպես հասարակական գործընթացների ուսումնասիրման մեթոդ և աղբյուր

   

Թամարա Վարդանյան

Ժամանակակից տեղեկատվական և կապի միջոցների զարգացումը միջանձնային շփման նոր ձևաչափեր և ուշագրավ հնարավորություններ է ստեղծել։ Շնորհիվ այդ զարգացումների ձևավորվել են տեղեկատվության փոխանակման և տարածման վիրտուալ դաշտեր, որոնցում բավական մեծ ակտիվություն են ցուցաբերում հատկապես երիտասարդները։ Նման վիրտուալ շփման ձևաչափերից են նաև ինտերնետային ֆորումները։

Միջանձնային վիրտուալ շփումը զգալիորեն ակտիվ է հատկապես գիտական, քաղաքական և այլ շրջանակներում ներգրավված «յուզերների» (օգտվողների) շրջանում։ Նրանց ջանքերով ու անմիջական մասնակցությամբ ստեղծվում են ինտերնետային ֆորումներ, որոնցում հետզհետե ներգրավվում են ավելի ու ավելի մեծ թվով անհատներ։

Անընդհատ մեծանում է մասնագիտական կողմնորոշվածության կամ ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա ձևավորված հանրույթների քանակը, որոնց միավորում են այդ ֆորումներն ու կայքերը։ Դրանք հետաքրքիր հնարավորություններ են ընձեռում օգտվողներին իրենց հետաքրքրությունների շրջանակներում որոշակի գործունեություն ծավալելու, տեղեկատվություն փոխանակելու, արտահայտվելու, կապեր հաստատելու, արդիական թեմաների շուրջ բանավիճելու և այլնի համար։

Ինտերնետային ֆորումները բավական գրավիչ երևույթ են մի քանի պատճառներով։ Դրանք ոչ միայն հրատապ և հուզող հարցերի շուրջ օպերատիվ տեղեկատվություն ստանալու և նշված խնդրի վերաբերյալ հանրության մեջ շրջանառվող տեսակետներին ծանոթանալու հնարավորություն են ընձեռում, այլև հարմար և արդյունավետ միջոց են ցանկացած խնդրի շուրջ սեփական դիրքորոշումն ու տեսակետն արտահայտելու և տարածելու, «ֆորումային» հանրույթի քննարկման առարկա դարձնելու համար։ Կարելի է այս ճանապարհով հրահրել մտքերի բախում և բացահայտել տվյալ հարցի հարաբերականորեն ամբողջականացված պատկերը։ Հարկ է նշել, որ նման ֆորումներում ներգրավված անձինք առավելապես տեղեկացված անհատներ են, որոնք հետևում են հասարակական-քաղաքական գործընթացներին, հաճախ նաև հանդես են գալիս որպես ձևակերպված խնդիրների կրողներ և ունեն ձևավորված դիրքորոշում քննարկվող խնդիրների վերաբերյալ։ Այսպիսով, ֆորումները գրավիչ են նախևառաջ այն պատճառով, որ օգտվողներին հնարավորություն են տալիս օպերատիվ հավաքագրել հրատապ խնդրի շուրջ շրջանառվող գրեթե բոլոր հնարավոր կարծիքները։

Ֆորումների գրավչությունը պայմանավորված է նաև նրանով, որ այն ազատ ու անկաշկանդ արտահայտվելու հնարավորություն է ընձեռում օգտվողներին, քանի որ վերջիններս կարող են հանդես գալ նաև ծածկանունով, ինչն էլ նպաստում է առավել անկեղծ և անմիջական շփմանը։

Հետևաբար, քաղաքական որոշումներ կայացնողների համար ինտերնետային ֆորումները կարող են ծառայել որպես հասարակական ակտիվության և հանրության հետաքրքրությունների մասին իրազեկման արժեքավոր աղբյուր։

Մեզանում հատկապես հետաքրքիր տարածում են գտել հայ-ադրբեջանական, հայ-վրացական, վրաց-աբխազական, վրաց-օսական ինտերնետային ֆորումները, այսինքն՝ միջէթնիկ որոշակի լարվածության կամ ակտիվ հակամարտության փուլում գտնվող էթնիկ հանրույթների միջև գործող ֆորումները։

Ինտերնետային ֆորումների տարածման հետ մեկտեղ աստիճանաբար ձևավորվում է յուրօրինակ «ֆորումային հանրույթ», որին մեծ ներգրավվածություն ունեն թե՛ ակտիվ երիտասարդները, թե՛ այս կամ այն խնդրով պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվող անհատները։ Մշակութաբանական տերմիններով՝ մեզանում ձևավորվում է «ֆորումային մշակույթ»։

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն անխուսափելիորեն հանգեցնում է հասարակական հարաբերություններում նոր ձևաչափերի առաջացմանը։ Ի դեմս ինտերնետային ֆորումների մենք նույնպես գործ ունենք հասարակական նոր երևույթի հետ։

Զգալիորեն մեծացել է ֆորումների դերը հակամարտող կողմերի միջև ընթացող քարոզչական պատերազմներում։ Դրանք դարձել են միջավայր, որտեղ տեղի է ունենում նաև հասարակական կարծիքի ձևավորման գործընթաց։ Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ մոտ ապագայում դրանց դերակատարությունը վիրտուալ աշխարհից տեղափոխվի նաև իրական քաղաքականություն։

Պարունակելով բավական հարուստ և ուշագրավ տեղեկատվություն՝ ֆորումները տեսանելի ապագայում կարող են ծառայել նաև որպես տարբեր հետազոտությունների արժեքավոր աղբյուր ինչպես մշակութաբանական, ազգաբանական, սոցիոլոգիական, այնպես էլ քաղաքագիտական և այլ ոլորտներում։ Օրինակ, թեմատիկ ֆորումները հասարակագետների համար, թերևս, արդեն անփոխարինելի աղբյուր են հասարակական զարկերակը շոշափելու համար։ Դրանք հասարակական ակտիվության ինդիկատոր են, որոնց միջոցով կարելի է բացահայտել տարաբնույթ սկզբունքներով ձևավորված կոլեկտիվ հանրույթների գոյությունը, որոնք տարբերակվում են հավաքական ինքնության որոշ տարրերով։ Դրանք կարող են լինել էթնիկ, սուբէթնիկ, մասնագիտական, ըստ զբաղվածության ոլորտի կամ քաղաքական կողմնորոշումների և այլն։ Փաստորեն, ինտերնետային ֆորումները հանրությանը հուզող հիմնախնդիրների մոտավոր ցանկի բացահայտման յուրօրինակ տեղեկատվության աղբյուր են։

Այսպես, մեր հրապարակումներում մենք շարունակաբար քննարկում ենք թիֆլիսահայ համայնքի ներկայիս կացությունը, առկա վտանգներն ու մարտահրավերները համայնքի գոյության և հայապահպանության տեսակետից։ Մեզ հետաքրքրող խնդրի շրջանակներում գործող ինտերնետային ֆորումը, որը միավորում է մի շարք թիֆլիսահայ ակտիվ երիտասարդների, բավական ուշագրավ հետազոտական նյութ է։

Նշենք, որ թիֆլիսահայ իրականության մեջ գործում է միայն մեկ ինտերնետային կայք (www.armenia.ge), որն ունի նաև մշտական գործող ֆորում։ Շփման առանձնահատկություններից մեկն այն է, որ ֆորումում ընդգրկված են հիմնականում երիտասարդներ։ Այս փաստն էլ ավելի արժեքավոր է դարձնում ստացված նյութը, քանի որ երիտասարդները, որպես կանոն, առավել օպերատիվ են արձագանքում հասարակական-քաղաքական անցուդարձերին, հետևողական են, մտահոգված իրենց ապագայով, երբեմն առավել ծայրահեղ իրենց գնահատականներում, ինչը բոլոր կարծիքների բախման և համադրման եղանակով միայն դրականորեն է անդրադառնում առկա վտանգների բացահայտման վրա։ Մասնակիցների թվում գերակշռում են հայերը, բայց կան նաև վրացիներ, ինչն, անկասկած, միայն հարստացնում է ֆորումի բովանդակությունը՝ շնորհիվ իշխող բազմակարծության։ Այսպիսով, նշված ֆորումի միջոցով կարելի է որոշակիորեն բացահայտել թիֆլիսահայ իրականության մեջ իշխող հասարակական տրամադրությունները, գնահատականները և մոտեցումները։

Սույն հոդվածում մեր խնդիրը ոչ թե թիֆլիսահայությանը հուզող հարցերի շուրջ քննարկում ծավալելն է, այլ ինտերնետային ֆորումի հնարավորությունները բացահայտելը որևէ արդիական խնդիր հետազոտելու ընթացքում։

Այսպիսով, մենք կսահմանափակվենք միայն ֆորումի կառուցվածքի քննարկմամբ և կտեսնենք, թե ինչպես է այն պատկերում թիֆլիսահայ իրականությունն իր բոլոր առանձնահատկություններով, թիֆլիսահայի մտահոգությունները՝ բոլոր հոգեբանական վայրիվերումներով։ Այս իմաստով բավական է միայն քննարկել ֆորումի կառուցվածքը, քանի որ այն պարզորոշ պատկերում է բոլոր այն խնդիրների համալիրը, որոնք հուզում են թիֆլիսահայերին։

Եթե դիտարկենք «թոփիկները» (թեմաները) և «սուբթոփիկները» (ենթաթեմաները), որոնք կազմում են ֆորումի կմախքը, ապա միանգամից աչքի է զարնում այն, որ Վրաստանում հայերն ունեն այս կամ այն ոլորտին առնչվող համակարգային պրոբլեմներ։ Դրանց մասին են վկայում ուղղակի վերնագրերի ձևակերպումները։

Այսպես, ֆորումում կան այսպիսի վերնագրեր. «Հայերի հիմնախնդիրները Վրաստանում», «Հակահայկական հիստերիա», «Հակահայկական կոմենտարիաներ», «Վիրահայոց թեմի խնդիրները Վրաստանում» և այլն։ Իսկ արդեն թոփիկների բովանդակությունն ամբողջությամբ նկարագրում է այդ դրսևորումները, տրվում են գնահատականներ, մասնակիցները փորձում են բացատրել ստեղծված իրավիճակը, գտնել լուծման օպտիմալ մեխանիզմներ և այլն։ Նշված թոփիկներում (կամ սուբթոփիկներում) զետեղված նյութերն ու քննարկումները գրեթե ամբողջությամբ առնչվում են վրացական ազգայնականության հակահայկական դրսևորումներին՝ կլինեն դրանք մամուլում, կենցաղում, աշխատանքային միջավայրում, թե քաղաքական գործիչների հռետորականության մեջ։

Ինտերնետային այս ֆորումի քննարկումը հասարակագետի հայացքով արդեն իսկ հնարավորություն է տալիս եզրակացնել, որ թիֆլիսահայերին հուզող այսօրվա առաջնային մտահոգության առարկան հենց վրացական որոշ շրջանակների հակահայ տրամադրություններն են։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր