ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ԳՈՐԾՈՆ

Տարածաշրջանային զարգացումների ֆոնին, հակամարտությունների լուծման ուղիների որոնումներում վերջին ժամանակներս ինչպես հարևան, նույնպես և արևմտյան տարաբնույթ գործիչները, անուղղակիորեն ճնշում գործադրելով հայոց երիտասարդ պետականության նկատմամբ, բավական մեծ հաճախականությամբ «բարեկամաբար» խորհուրդ են տալիս հայ ժողովրդին մոռանալ հարևանների հետ հարաբերություններում առկա «դժվար» անցյալը, ինչի շնորհիվ միայն կարելի է պայմանավորել իրական առաջընթացը։ Սա նախ և առաջ նշանակում է, որ այդ խորհրդատուները լիարժեք գիտակցում են պրոբլեմատիկ ներկայացվող խնդիրների շուրջ առկա կոլեկտիվ ու պատմական հիշողության գործոնի նշանակալից դերը հայ ինքնության կառուցվածքում։
Երկրորդ, նրանք առաջարկում են մեզ մի բան, ինչին իրենց իսկ ժողովուրդները երբեք չէին դիմի, քանի որ ցանկացած էթնիկ կամ ազգային ընդհանրության համար փորձություններով լի անցյալի հիշողությունը ոչ թե բեռ է, որ կարելի է հարկ եղած դեպքում թոթափել, այլ հարստություն, որ պետք է կարողանալ հավուր պատշաճի օգտագործել։
Երրորդ և կարևորագույն հանգամանք է այն փաստը, որ, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, հենց XX դարի ծանրագույն հետևանքներ ունեցող իրադարձությունների վերաբերյալ կոլեկտիվ ու պատմական հիշողությունը հայաստանցիների համար հանդիսացավ ազգային ինքնության այն հիմնական գործոնը, որը դարձավ Ղարաբաղյան շարժման կամ Հայկական հեղափոխության առաջ մղող, շարժիչ ուժ և թույլ տվեց թոթափել խորհրդային ամբողջատիրական ռեժիմը, ստեղծել ժողովրդավարության ուղին բռնած անկախ պետություն։ Նյութերի վերլուծությունը ցուցում է, որ Ղարաբաղյան շարժման տարիներին մարդկանց համար հենց ցեղասպանություն ընկալվող սումգայիթյան իրադարձությունների գնահատականը դարձավ խորհրդային տասնամյակների ընթացքում ձևավորված բազմաթիվ կաղապարների փորձաքարը, մի խոչընդոտ, որի վրա սայթաքեցին, չկարողացան հաղթահարել շուրջ յոթանասուն տարի քարոզվող խորհրդային պարադիգմերը՝ ճշմարտության հայելի մամուլը, ժողովուրդների անխախտ բարեկամությունը, ԽՄԿԿ-ն, իր քաղաքացիների բարօրության մասին օրուգիշեր մտածող Կենտրոնը, հայության գոյապահպանության նեցուկ ընկալվող խորհրդային-ռուսական բանակը, ամենաարդար դատական համակարգը և այլն։ Ղարաբաղյան շարժման մեջ ցեղասպանության թեման, դուրս գալով սկզբնական շրջանին բնորոշ ցավի ու մորմոքի սահմաններից, մարդկանց մղում էր ակտիվ գործողությունների. XX դարավերջի ճգնաժամից դուրս գալու փորձը զուգակցվում էր XX դարասկզբի ճգնաժամի հաղթահարման համար մղվող պայքարով, որի դրսևորումներից մեկն էլ այն է լինում, որ արդարություն և կարեկցանք հայցող զոհի խորհրդանիշն իր տեղը զիջում է մարտիկի կերպարին, որը գիտակցել է, որ ազգային նպատակների իրագործմանը կարելի է հասնել միայն պայքարի ճանապարհով։ Հայ ինքնության մեջ տեղ գտած թերևս հենց այս փոփոխությունն էր, որ հանգեցրեց Արցախի ազատագրման համար մղվող պայքարի հաջողությանը։
Ուսումնասիրությունները վկայում են, որ Ղարաբաղյան շարժման տարիներին ամբողջատիրական գաղափարախոսության կապանքները թոթափած քաղաքացու ազատ մտածողության ձևավորման հարցում ուղենիշային դեր էր ստանձնել հենց կոլեկտիվ և պատմական հիշողության կարևորագույն՝ ցեղասպանության հիշողության տարրը։ Այն դրսևորվում էր սումգայիթյան իրադարձությունները որպես ցեղասպանություն ընկալման, դրա քաղաքական գնահատականի պահանջի և սեփական գնահատական տալու, անմիջականորեն իրականացնողների և կազմակերպիչների բացահայտման և պատժի պահանջի, իրականացման և կազմակերպման հնարավոր մեղավորների մատնանշման, դատավարության գնահատականի մեջ։ Այսինքն՝ ցեղասպանության գործոնը դարձել էր այն լոկոմոտիվը, որը հնարավորություն էր ընձեռում քայլ առ քայլ փոխելու հին պատկերացումները և կարծրատիպերը, ձևափոխելու հին արժեքներին հենված ինքնությունը և աստիճանաբար ձևավորելու նոր ինքնություն։
Ամեն ժողովուրդ իր անցյալի վերաբերյալ ունի որոշակի կոլեկտիվ և պատմական հիշողություն, որի առանձին տարրեր նրա ինքնության կարևորագույն մասերից են։ Պատմական իրադարձությունների բերումով այնպես է ստացվել, որ հայոց ազգային ինքնության մեջ հենց ցեղասպանության հիշողությունն է դարձել ինքնության կարևորագույն բաղադրիչը, այսինքն մե՛ր ինքնության կարևորագույն բաղադրիչը կազմող հիշողությունը ցավի և կորստի հիշողություն է, որի չսպիանալուն օժանդակում է միջազգային հանրության մի նշանակալի մասի անտարբեր վերաբերմունքը, բայց ավելի շատ՝ ցեղասպանությունն իրականացրած հարևան պետության իրավահաջորդի կողմից դրա ժխտումը։ Նման հիշողության առկայությունը որոշակի դրսևորում ունի հայերի պատկերացումների համակարգում, մշակութային կյանքում, նույնպես և աշխարհի հետ շփումներում։ Եվ ինչպես աշխարհի այլ ժողովուրդներ չեն հրաժարվում իրենց ինքնության մաս կազմող «անցյալի բեռերից», նույնպես և հայերը չեն կարող հրաժարվել դժվարին անցյալի հիշողության ժառանգությունից։ Եվ դա միանգամայն նորմալ, օրինաչափ, միջազգային բազմաթիվ զուգահեռներ ունեցող, բնավ ոչ պախարակելի երևույթ է։ Մեր այս շեշտադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին ժամանակներս հայաստանյան հասարակության որոշ շերտերի (թերևս, առավելապես երիտասարդության) մեջ նկատվում են միտումներ, թե՝ բավական է խոսել ցեղասպանության մասին, դա մեզ պետք չէ, այն որոշակի ձևախեղումների է բերում մանուկ և պատանի սերունդների հոգեբանության մեջ, նպաստում է օտարատյացության ծավալների մեծացմանը և այլն, և այլն։ Նման մտայնությունների աճին անուղղակիորեն նպաստում է նաև պետական քարոզչական մեքենան, երբ ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին լսարանին ուղղված մեկնաբանություններում անընդհատ նշվում է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացման կարևորությունը մեր տնտեսության համար, փոխարենն էապես պակաս պարբերականությամբ են հնչում ձևակերպումներն առ այն, որ ցեղասպանության ճանաչման փաստը ազգային անվտանգության խնդիր է, որ հաջողությունների պարագայում այն կարող է հնարավորություն ընձեռել մեր պետությանն առավել ինքնուրույն գործելու արտաքին կողմնորոշումների ասպարեզում, բերել Հայաստանի կշռի և իմիջի աճի միջազգային ընկերակցության մեջ, ձևափոխել նրա նշանակության ընկալումը ինչ-ինչ ուժերի «ֆորպոստի» դերից դեպի լիիրավ գործընկերոջ կարգավիճակի։
Հիշողության գործոնը նման է երկսայր սրի։ Մոնոէթնիկ կամ գերազանցապես մոնոէթնիկ հասարակություններում այն կարող է բերել էթնիկ մոբիլիզացիայի և պետականության ամրապնդման, մինչդեռ բազմէթնիկ և թույլ քաղաքացիական հասարակություն ունեցող երկրներում վիճարկելի անցյալի խնդրահարույց հարցերի շուրջ պարբերական քննարկումներն (գորբաչովյան գլասնոստի նմանությամբ) այդ պետության համար հղի են անցանկալի հետևանքներով։ Այսպես, հայտնի է, որ հայերի ցեղասպանության ու հանրապետական Թուրքիայի կայացման սկզբնական փուլում տեղ գտած հայկական կոտորածների փաստի ժխտումը ներկայիս թուրքական իշխանությունների ինչպես ներքին, նույնպես և արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է։ Մեր կարծիքով, Թուրքիայի դեպքում անցյալի մերժումը պատճառաբանվում է ոչ միայն մեղքի ընդունման պարագայում հնարավոր բարոյական, նյութական կամ տարածքային կորուստներ ունենալու հնարավորության հանգամանքով, այլ նաև տասնամյակներ շարունակ ժխտողականության հիմքի վրա ձևավորված ազգային ինքնության հնարավոր խաթարման վախով, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև էթնիկ երանգ ունեցող մեծ հուզումների, որ վտանգավոր է դիտվում պետության միասնականության համար՝ առկա բազմէթնիկության պարագայում։
Ահա այս համատեքստում մեծապես կարևորվում են ոչ միայն արտաքին ճնշումները (մանավանդ դրանց հետևողականությունն ու արմատականության չափը մեծապես պայմանավորված են քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով), այլ նաև ներքին քաղաքական զարգացումներին միջամտելու հնարավորությունների հաշվառումն ու օգտագործումը։ Կարծում ենք, նման պարագայում պետք է փորձել որպես գործիք օգտագործել պատմական հիշողության գործոնը։ Ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ Թուրքիայի վրա իրականացվող արտաքին ճնշումներն առ այսօր թուրքական քարոզչական մեքենայի կողմից հաջողությամբ օգտագործվում են արտաքին թշնամու կերպարի շուրջ հասարակությանը մոբիլիզացնելու համար, մինչդեռ եթե դրանք զուգակցվեն ժխտողականության քաղաքականության հիմքերի արմատական քննադատությանն ուղղված հակաքարոզչությամբ, արդյունքը կարող է էականորեն տարբեր լինել։ Ինչպես ցույց տվեց իրադարձությունների ընթացքը, Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած բողոքի զգացմունքային դրսևորումները թուրքական լայն հասարակության մեջ չունեին խոր արմատներ, մինչդեռ հանրապետական Թուրքիայի կայացման և հայերի ցեղասպանության միջև առկա կապի ու, դրանով իսկ, ազգային ինքնության հիմնարար արժեքներին անդրադարձն ավելի հավանական է, որ կունենա առավել մեծ արձագանք։ Ահա այս համատեքստում կարևորվում է հայ- թուրքական դժվարին անցյալի շուրջ երկխոսության փաստորեն պարտադրանքի բնույթ ունեցող կոչերին (վերջինը հնչեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդի շուրթերից ապրիլի 12-ին) պատասխանելուց ոչ թե ամեն կերպ խուսափումը կամ պասիվ դիմադրությունը (համենայն դեպս, դա այդպես է մեկնաբանվում ու մատուցվում օտար լրատվամիջոցների ու քաղաքական մի շարք ազդեցիկ գործիչների կողմից), այլ այդ անցյալի քննարկումների մեջ թեմատիկ ուղղվածության և ձևակերպումների փոփոխությունը և թուրքական հեռուստատեսության ամենադիտվող ալիքների ամենակոմերցիոն ժամերի օգտագործման պահանջներ դնելը, գուցե նաև այլ, թուրքական կողմի համար թերևս անընդունելի դիտվող առաջարկների ներկայացումը, ինչը թույլ կտա նախաձեռնությունը վերցնել հայկական կողմի ձեռքը։
Գուցե և համեմատությունն այնքան էլ տեղին չէ, սակայն չպետք է մոռանալ, որ գերմանական ժողովրդի համար անցյալի մեղքերի ընդունման հանգամանքը պայմանավորված էր ոչ միայն համաշխարհային պատերազմում կրած պարտության, այլ նաև արտաքին (մասնավորապես՝ ամերիկյան) ճնշումների փաստով։ Այդ արտաքին գործոններին գումարվում էր և ներքին գործոնը. այն է, որ Նյուրնբերգյան դատավարությունից հետո միայն գերմանացիների մեծագույն մասի համար լիարժեքորեն հասանելի դարձավ ազգի «հայրերի», նացիզմի, համակենտրոնացման ճամբարների ու միլիոնավոր մարդկանց համակարգված ոչնչացման, գերմանական բանակի հանցագործությունների մասին տեղեկատվությունը։ Ավելի լայն առումով սա նշանակում է, որ մերօրյա ազգային, էթնիկ և մշակութային կոնֆլիկտների լուծումն աներևակայելի է առանց գործիքի կամ բանալու դեր կատարող հիշողության օժանդակման՝ միայն հետ նայելով է, անցյալի հիշողությունից դասեր քաղելով է, որ կարելի է մտածել ապագայի մասին ու առաջ շարժվել։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԻՍՐԱՅԵԼԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ[10.11.2009]
- ԻՍՐԱՅԵԼԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ. ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ [02.06.2009]
- ԼԵԶՎԻ ԴԵՐԸ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԱԶԳԱԿԵՐՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [06.05.2009]
- ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀՐԵՈՒԹՅԱՆԸ.ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ[19.05.2008]
- ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ[08.05.2008]
- ՀՐԵԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻՑ. ԱԼԻՅԱ. 1[17.09.2007]
- ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՄԵՄՈՐԻԱԼ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[23.07.2007]
- ՅԱԴ ՎԱՇԵՄՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ[16.07.2007]
- ՅԱԴ ՎԱՇԵՄ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՄԱՍԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ [21.06.2007]