
ԱՄԵՆԱԾԱՆՐ ՕՐԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ
Ամեն դեպքում, ինչքան էլ որ ենթադրենք, թե Արցախում ՌԴ-ի հետ պատերազմական բախման մեջ մտնելն Ալիեւի համար ամենամղձավանջային սցենարն է, որոշ այլ հանգամանքներ պետք է երբեք աչքաթող չանել (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=250475&l=am): Նախ, գործել է, գործում է եւ կգործի բրիտանական MI-6-ը, եւ այս կառույցից միշտ էլ ամենատարբեր անակնկալները պետք է սպասել: Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է տարբեր երկրների ղեկավարներին այս կամ այն ընթացքով ուղղորդելուն: Առավել եւս, երբ օրակարգում է Իսրայելի շահ ասվածը, որն այս պահին առավել ցցուն է դրված:
Նկատի ունենք փաստը, որ այս պահին իրանա-իսրայելյան հակամարտությունը հասել է իր կուլմինացիային, ընդ որում, ընթացքն ամենեւին էլ Իսրայելի օգտին չէ: Նկատի ունենք փաստը, որ ներկայումս Իրանը բառացիորեն թռիչքային վիճակում է ռազմական տեխնոլոգիաների հետ կապված, որն աչքի առաջ չեզոքացնում է մեծ տարածաշրջանում Իսրայելի ռազմական առավելությունները: Իսրայելի ներկայիս վերջին հաղթաթուղթը միջուկային զենքն է, սակայն ով իմանա, թե այն դեռ ինչքան կպահպանվի: Առավել եւս, երբ մի կողմից` Իրանը բոլոր ուղղություններով զարգացնում է կապերը Չինաստանի եւ շատ ավելի լուրջ` իր հարեւանությամբ գտնվող Ռուսաստանի հետ: Ու բոլորն են հասկանում, որ եթե Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական վերահսկողությունը դառնա անառարկելի, ապա ռազմական տեսանկյունից Իսրայելի փոխարեն հիմնական առավելությունները կանցնեն Իրանին: Գումարենք սրան ներիսրայելյան քաոսային վիճակը, եւ պատկերն ամբողջական կդառա:
Արդյունքում, ամենեւին էլ պատահական չէ, որ հենց այս ժամանակահատվածում է այսքան սրվել Հարավային Կովկասի համար աշխարհաքաղաքական պայքարը:
Մի կողմից՝ հիմնական տպավորությունն այն է, որ հարավկովկասյան երկրներից Հայաստանի հարցը, ի դեմս Նիկոլի, Արեւմուտքը վերջնակա-նապես է լուծել: Հերթական օրինակը. Գերմանիա այցի շրջանակներում Նիկոլը նաեւ նման միտք հնչեցրեց. «Շարունակելով ԵՄ-ի հետ համագործակցության թեման՝ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի նոր կարեւոր ձեւաչափի մասին՝ «Քաղաքական եւ անվտանգության երկխոսությունը», որի անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ անցյալ հունվարին Երեւանում...»: Այսինքն, գտնվելով միանգամայն այլ «անվտանգային դաշտում» (ՀԱՊԿ, ԵՏՄ, ՌԴ-ի հետ ուղիղ ռազմական համագործակցության պայմանագրեր եւ այլն), Նիկոլն արդեն հայ ժողովրդի թիկունքում Եվրոպայի հետ է սկսել «Քաղաքական եւ անվտանգության» օրակարգ: Այսինքն, միայն սա արդեն իսկ հաստատում է, որ իրականությանը համապատասխանում են այն պնդումները, թե Նիկոլի հիմնական ֆունկցիան Հայաստանի քաղաքական վեկտորի կտրուկ շրջադարձն է, որի համար էլ նրան իշխանության են բերել:
Կկարողանա՞, դա այլ հարց է: «Չար լեզուները» պնդում են, որ այդ այցի ընթացքում Նիկոլի առաջ նաեւ կոնկրետ պահանջներ են դրվել` հստա-կորեն շրջվել ռուսական ուղղությունից, այդ թվում` ռուսների ինտեգրացիոն կառույցներից դուրս գալու տեսքով: Սակայն նույն աղբյուրներն ակնարկում են նաեւ, որ պատահական չէր, որ Միրզոյան Արոն եվրոպաներից վերադառնալով, թռավ Հնդկաստան` Լավրովի հետ հանդիպելու: Այսինքն, որ փորձել է համոզել` Նիկոլը ոչ մի նման շրջադարձ էլ չի անի: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի. «Հստակեցվել են դիրքորոշումները միջազգային հարթակներում, ընդհա-նուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության առաջմղման նկատմամբ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ : Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման հրատապությունը…»: Դե, սրանից հետո Արեւմուտքին համոզի, որ Նիկոլը կրկնակի խաղ չի խաղում կամ` միաժամանակ բոլորից չի վախենում: Չնայած, Հայաստանն արդեն ունի ԱՄՆ նորանշանակ դեսպան, որը դեռ տեղ չհասած, արդեն սպառնում է «անել հնարավորինը՝ հայ-ադրբեջանական հակամարտության, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»: Երբ հաշվի ենք առնում, որ մինչ այս նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինն աշխատել է ՌԴ-ում, հետո` 2019 թվականից նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Կիեւում ԱՄՆ դեսպանատանը, ապա նրա այդ խոստումներից իրոք պետք է վախենալ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ իսրայելյան բազաներ տեղադրելու մասին արդեն անթաքույց են խոսում: Դա նշանակում է, որ ամենածանր օրերը դեռ առջեւում են, քանի դեռ Նիկոլ կա:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ