• am
  • ru
  • en
Версия для печати
04.03.2023

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՌԱԿՏՈՒՄ ԵՎ ՀԱՆՁՆՈՒՄ. Թևան Պողոսյան

   

Արցախում առկա իրավիճակի, մասնավորապես` պաշտոնանկությունների եւ նշանակումների վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

«ԱՌԱՋ ՔԱՇԱԾ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԷՐ ՄԻԱՅՆ»

– Թեպետ Հաագայի դատարանի որոշմամբ` Ադրբեջանը պարտավորվում էր ապահովել տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Բերձորի միջանցքով` երկու ուղղություններով, բայց ճանապարհը շարունակում է մնալ փակ: Հաագայի դատարանից անդին,կա՞ որեւէ այլ ատյան, որն ի վիճակի է բացել ճանապարհը:

– Մենք նմանատիպ մի երեւույթ, կարծես թե, ունեցել ենք 90-ականներին: Լավագույն լուծումը տվել էր հայկական զինված ուժերը եւ Արցախի պաշտպանության բանակը:

– Ակնարկում եք, որ ճանապարհը կարող է բացվել միայն ռազմակա՞ն ճանապարհով:

– Երբ ասում են` «բաց ճանապարհ», այն ինձ համար երեւույթ է, որը պետք է ունենա բովանդակություն: Այն պետք է նշանակի, որ ցանկացած օրվա ժամին ցանկացած ուղղությամբ, ցանկացած ապրանք եւ ցանկացած մարդաքանակով` առանց որեւէ վտանգային զգացողությունների կարող են գնալ-գալ: Մինչեւ այդ իրավիճակը չկա ձեւավորված, ճանապարհը ցանկացած պարագայում կարող է փակվել` կա՛մ «կիսաբաց» է կոչվելու, կա՛մ վախի ճանապարհ, կա՛մ վտանգավոր ճանապարհ: Հիմա երբ ասում են` բացել ճանապարհը, դրա տակ ի՞նչ հասկանում: Միակ ժամանակահատվածը, որ ճանապարհը բաց է եղել` առանց որեւէ խնդիրների, եղել է 1992 թվականից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը:

– Ձեր գնահատմամբ` Հաագայի դատարանի հայանպաստ որոշման դիմաց, ի՞նչ զիջման գնաց հայկական կողմը:

– Եթե այդ որոշումը կյանքի չի կոչվելու, ի՞նչ զիջում:

– Ամեն դեպքում, Հաագայի որոշման հրապարակման հետ համընկավ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը: Սա բացառապես Ալիեւի՞ նախապայմանն էր:

– Ալիեւի առաջ քաշած նախապայմաններում Ռուբեն Վարդանյանի հարցը չէր միայն, այլ կային մի շարք նախապայմաններ: Ռուբեն Վարդանյանն այդ շարքում, երեւի, ընդհանրապես ամենակապչունեցողն է, որովհետեւ խոսել է առաջին հերթին «Զանգեզուրի միջանցքի», ճանապարհի վերահսկողության, սկաներների, հանքը չաշխատեցնելու եւ այլնի մասին: Հազարավոր հարցեր կան, եւ այս առումով միայն մեկ անձով ոչինչ չի փոխվելու: Բացի այդ, երբ քո թշնամին ամիսներ շարունակ ասում է, թե չի բանակցելու, սա այն զինատեսակն է, որից պետք է օգտվես: Հետեւապես, պետք է ամեն ինչ անեին, որ թույլ չտային Ռուբեն Վարդանյանի պարզապես հեռացումը:

«ԻՐԵՆՑ ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՑ ԱԶԱՏՎԵԼ»

– Դրա պատասխանը տվել է ՔՊ-ական պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը` հայտարարելով, թե` «Հիմա լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբեն Վարդանյանին ասենք՝ գնա, որտեղից եկել ես»:

– Պետք չէ իրենց որեւէ մի արտահայտած թեզը օրակարագային դարձնել, մի՛ կրկնեք: Այն բառերը, որոնք նա արտաբերել է պետք է դիտարկել էմոցիայի, մտքի եւ գաղափարի մեջ: Կարող ես ժպտալով կոպտել եւ կարող ես շատ սառը սրտով կամ առանց միմիկայի փոփոխության` բարեւել, բայց սա չի նշանակում, թե դա է իրական բովանդակությունը:

– Լրագրողներս հոգեբան չենք, մեջբերում ենք այն, ինչ ասում է իշխանական պատգամավորը:

– Իրականում նա ասել է, որ իրենց այսօրվա դրությամբ պետք է Արցախի հարցից ազատվել, որ այլեւս այդ հարցը չլինի Հայաստանում իշխանության որոշումներ կայացնելու աղբյուր, չլինի հայկական օրակարգի մաս:

– Շատ ավելի վատ, եթե սա էր ասածը…

– Մի ամիս առաջ էլ ասում էին` «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»: Նրանց ամբողջ խնդիրը այս թեմայից ձերբազատվելն է: Թուրքերը 1915 թվականին` մի դար առաջ, ասում էին` չկա հայ, չկա հայկական հարցի խնդիր, հիմա նույն խնդիրն են լուծում, ի՞նչ տարբերություն: Մարդիկ ՀՀ քաղաքական օրակարգից հեռացնում են Արցախի հարցը, որ հավերժ իշխանության խնդիր լուծեն կամ հաջորդ ընտրություններին այդ թեման առնվազն չարծարծվի: Իրենց միակ երազանքը սա է:

– Հայաստանյան իշխանության հետ ամեն ինչ պարզ, է, իսկ ի՞նչ է կատարվում Արցախում:

– Երբ ասում ենք` հայաստանյան իշխանությունների հետ ամեն ինչ պարզ է, դրանից էլ պետք է հետեւություններ անել Արցախի իրավիճակի մասին: Այս իշխանության ցանկությունն է ճնշումների միջոցով այնպես անել, որ այս թեման, որպես հայկական օրակարգի խնդիր, վերանա, հլու-հնազանդ ընդունեն այն, ինչի մասին արդեն իսկ հրապարակումներ կան, թե ինչ տեքստեր են քննարկվում: Սուսուփուս ընդունելու են Ադրբեջանի գերիշխանությունն Արցախում, հետո էլ ասեն` ենթարկվեք, կմնաք-կմնաք, չե՞ք մնա, ոչինչ: Եվրոպական միության կողմից մեկ անգամ չէ կրկնվել, իրենց մոտեցումը, թե հարմարվեք: 120 հազարն էլ կմնա կդառնա ադրբեջանցի, չե՞ն ուզում, կգան Հայաստանում մի տեղ կտան կամ Եվրոպայում` որպես փախստական կընդունեն, կանցնի, կգնա, միայն թե այս թեմային չխանգարեն:

«ՊԱՇՏՈՆԻՑ ԱՆՀԻՄՆ ՀԵՌԱՑՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ ԲԵՐՈՒՄ Է ՊԱՌԱԿՏՄԱՆ»

– Ու այս գործընթացին խանգարողը Ռուբեն Վարդանյա՞նն էր, որից շտապեցին ազատվել:

– Արդյո՞ք պետք է Ռուբեն Վարդանյանի վրա այդքան կենտրոնանալ եւ շեշտը դնել, թե միգուցե սա ազգային միտք պետք է դառնա: Հիմա, եթե դիցուք վաղը Դուք լինեք Ռուբեն Վարդանյանի տեղը, եւ ազգային միտք հնչեցնենք, այդ իմաստով հերթական Ռուբեն Վարդանյանն եք դառնալու:

– Իսկ Արցախի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կդառնա՞ հերթական Ռուբեն Վարդանյանը:

– Երբ վերցնում եք հիմք հայկական մամուլում առկա տեղեկությունները, որ նրա նշանակմանը Հայաստանի իշխանություններն են «օքեյ» տվել, եւ հերքում էլ չկա, ուրեմն` նա իրենց նույն գծի մեջ է: Այլապես Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս կարող էին «օքեյ» տալ: Այո՛, Գուրգեն Ներսիսյանը մնացել է Արցախում եւ ծառայում է իր հայրենիքին, բայց եթե այս կողմից «օքեյ» են տվել, ուրեմն` մի բան կա պայմանավորված: Այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները հայկական օրակարգն են ուզում առաջ տանել եւ պայքարում են թշնամու դեմ, որ Արցախի համար ամեն ինչ լավ լինի: Մինչդեռ Արցախը զրկանքներ է կրում, որ մայր Հայաստանի համար լավ լինի: Եթե լիներ այդ պայքարը, այդ դեպքում տարբերություն չէր լինի, թե ում հետ են այդ պայքարը տանելու: Այսօրվա դրությամբ` պաշտոնից հեռացման ցանկացած որոշում, բերում է պառակտման: Իսկ պառակտումն ամենամեծ թշնամին է, երբ ազգային հարցեր լուծելու մեծ մարտահրավերներ ունես: Ազգային միասնութուն է պետք: Իմաստը ո՞րն էր` Ռուբեն Վարդանյանին հեռացնելու, կոռուպցիայի մե՞ջ է մեղադրվում, օրենքի խախտո՞ւմ է թույլ տվել, այդ ո՞ր հարցն է բերել նման որոշման կայացման: Հանրային ձեւով եթե չեն ասում, ապա ժողովրդի մոտ լինելու են կասկածներ: Միգուցե, այնպիսի բան է եղել, որ պետք չէ՞ ասել, ուրեմն` փակ դռների հետեւում այնպիսի լուծում առաջարկեիք, որ պառակտում չլիներ: Հիմա հերիք չէ` այս մարդուն են սարքելու եսիմ ինչ, թե` վայ մեր հերոսն է, կեսն էլ հակառակն են պնդելու, մի հատ էլ Գուրգեն Ներսիսյանին են նույն դաշտ մտցնելու:

– Կարծում եք` Գուրգեն Ներսիսյանն էլ դառնալու է այս իրավիճակի հակահերո՞սը:

– Դե քանի որ իրեն են համաձայնել հայաստանյան իշխանությունները նշանակել… Այդ մարդը կարող է ամենաազնիվն էլ լինել, բայց արդեն հանրային դաշտում իր հանդեպ ձեւավորվելու են բացասական տրամադրություններ: Հարցնում էիք` ինչ է տեղի ունենում Արցախում, տեղի է ունենում պառակտում եւ հանձնում: Արդյունքը սա է, եւ տարբերություն չկա անձերի միջեւ:

– Այսինքն` գտնում եք, որ արտաքին ճնշում չի՞ եղել` Ռուբեն Վարդանյանին հեռացնելու հետ կապված:

– Անձնական, հայկական ճնշում է եղել, որտե՞ղ տեսաք միջազգային ճնշում: ԱՄՆ-ի համար ի՞նչ տարբերություն ով կլինի պետնախարարը, թե՞ Ռուսաստանի համար է շատ կարեւոր: Խնդիրն այն է, որ ստացվում է` Ալիեւի համար է այս որոշումը կայացվել: Դե եկեք ասենք, որ այս երկրի ղեկավարը Ալիեւն է: Բա էլ ի՞նչ ժողովրդավարության մասին էին խոսում: Ալիե՞ւն է Հայաստանում իշխանություն ստացել: Փաստորեն, ֆիքսենք, որ մենք ժողովրդավար ենք, բայց ով որտեղ կնշանակվի, ով որտեղ կապրի մեր տարածաշրջանում «յան» ազգանունով Ալիեւն է որոշելո՞ւ: Մի հատ թող կողմնորոշվեն: Հակառակը` եթե Ալիեւը դեմ էր կամ վախ ուներ Ռուբեն Վարդանյանից, շեշտն այդտեղ դնեիք:

«ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ 120 ՀԱԶԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

– Արեւմուտքից անանոսավորում են, որ առաջիկայում կայանալու է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, ի՞նչ կարող ենք անկնկալել այս փուլում:

– Ի՞նչ պետք է ակնկալենք, եթե Արեւմուտքի համար կան այլ շահեր` գազ եւ նավթային խնդիրներ ու Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացում: Իրենց համար 120 հազարի ճակատագիր, Հայրենիք, այդպիսի հարցեր գոյություն չունեն: Մինչդեռ մենք, կորցնելով Արցախը, կորցնելու ենք Հայոց պետականության վերջին էջը: Պետք է Արցախն ամեն կերպ պահենք:

– Մենակ կարո՞ղ ենք, ի վերջո, երրորդ տարերակ չկա` կա՛մ գնում ենք արեւմտյան սցենարով, կա՛մ ռուսական:

– Եթե ես ունեմ Արցախը պահելու նպատակ, ես կգտնեմ նրանց, ում հետ կարող եմ պահել: Եթե պետք է մի շաբաթ սրա հետ կպահեմ, մի շաբաթ` մյուսի, պետք է կարողանալ դա անել:

– Նիկոլ Փաշինյանն էլ է այդպես անում, բոլորին ասում է` այո, ձեզ հետ համաձայն եմ, ու մանեւրելով հասել ենք այս օրվան:

– Միգուցե բոլորին «ոչ» է պետք ասել: Երբ ես ասում եմ մեր շահերը տանել առաջ, չի նշանակում, բոլորին ասել` «այո»: Կարող եմ «ոչ» ասելով էլ իմ շահը տանել առաջ: Բայց դրա համար պետք է ունենանք մեր սեփական ռեսուրսը` ազգային միասնություն:

Հրանտ Սարաֆյան

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



www.iravunk.com


դեպի ետ