
ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ԱՐՑԱԽՈՒՐԱՑՈՒՄԸ
Ավանդաբար Մյունխենն այն վայրն է, ուր «կոլեկտիվ» ձևով զոհաբերում են որևէ փոքր երկրի շահեր` փորձելով «խաղաղեցնել» մեծ ախորժակ ունեցող որևէ ագրեսորի: 1938-ի Մյունխենից հետո Եվրոպա խաղաղություն չեկավ: 2023-ի Մյունխենից հետո մեզ մոտ պատերազմը, ամենայն հավանականությամբ, նոր թափ է ստանալու… 1938-ին զոհաբերում էին չեխերին, 2023-ին զոհաբերում են հայերիս:
ՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ, ԹԵ՞ ՆԵՄԵՍԻՍ
Հ1–ի եթերը հայհոյանքի տեղ չէ: Սակայն տխրահռչակ Սասուն Միքայելյանը որոշեց, որ հայհոյանքի տեղ է` դրանով թերևս ճամփա հարթելով մյուս նիկոլավաստակ տականքների համար: Հոխորտաց ընդդիմության դեմ, վատաբանեց գեներալներին, ժխտեց վերջին 30 տարիներին բանակի գոյությունը: Ու դրան հավելեց շատ կեղտոտ բան` առաջարկելով ընդդիմությանն ընտրություն կատարել Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև: Դա արեց հենց Արցախյան շարժման 35-ամյակի նախօրեին: Լրիվ հավասարվեց արսենյանգուգոներին, վիգենխաչատրյաններին, հովիկաղազարյաններին: Արեց դա Նիկոլի` մյունխենյան հայաստանուրացությանը և արցախուրացությանը զուգահեռ:
Մյունխենյան խայտառակությանն անդրադառնում են բոլորը, իսկ Արմեն Աշոտյանը դա մանրամասն վերլուծեց եթերներով, ու նաև կիրակի օրով ներկայացրեց լակոնիկ կետերով. «1938 թվականին՝ Մյունխենում, գերտերությունները Հիտլերի ախորժակը բավարարելու համար որոշեցին զոհաբերել Չեխոսլովակիան և սկուտեղի վրա մատուցել այն նացիստներին:
Չեխոսլովական պատվիրակությունը կանգնեց փաստի առջև և ստիպված՝ թույլ լինելու և դաշնակիցներին կորցնելու պատճառով համաձայնեց այդ խայտառակ գործարքին:
2023 թվականին նույն Մյունխենում Նիկոլ Փաշինյանն էլ ավելի «առաջ գնաց». եթե Չեխոսլովակիայի ղեկավարը 38-ի դավադրության մասնակից չէր, ապա Հայաստանին ներկայացնող անձնավորությունն անձամբ մասնակցում էր հայ ժողովր-դի դեմ ուղղված մյունխենյան դավադիր երկրորդ գործարքին:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ (տես տեսանյութը), Նիկոլ Փաշինյանն ինքն էր խոսում այն մասին, որ Հայաստանից չի կարելի սարքել երկրորդ Չեխոսլովակիա՝ Էրդողան-Ալիև նկրտումները բավարարելու համար:
Երեկ Նիկոլը հլու-հնազանդ՝ սահմանելով սեփական ազգի նկատմամբ դավաճանության նոր հակառեկորդ, համաձայնեց Հայաստանի մասնատմանը»:
Նիկոլի ու նրա կոդլի համար վաղուց է լացում քրեական օրենսգիրքը, հիմա` առավելևս: Եվրոպացիները Հաագայում տրիբունալ են ստեղծում ռուսների համար, մինչդեռ Հաագայում իրական տեղը Նիկոլինն է և նրա ազգուրաց խունտայինը` թուրքական օկուպացիան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում: Հաագայում նրա տեղն է թուրքերի հետ միասին, կամ միգուցե թուրքերից էլ առավել: ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը տարակուսանքով փաստում է. Թե ինչպես մեկ մարդը կարող է մսխել մի ողջ ժողովրդի 30-ամյա արյուն-քրտինքը, հույսերն ու հավատը, պայքարն ու հաղթանակները: Նորից ապացուցվեց, որ ժողովուրդ և պետություն ծնկի բերելու համար մեկ մարդը լիովին բավարար է: Դժվարությունն այն է, որ այդ մեկ մարդուն պետք է ամեն գնով դարձնել տվյալ պետության ու ժողովրդի ղեկավար: Իսկ թե ինչպե՞ս դա անել` լավագույնս նկարագրել է Ուինստոն Չերչիլը:
Այո՛, Չերչիլը դա նկարագրել է Ջին Շարփից և 21-րդ դարի «փափուկ ուժի» բազմահմուտ տեխնոլոգներից տասնամյակներ առաջ, շուրջ կես դար առաջ: Ոչ մի նոր բան չկա այս երկնակամարի տակ: Արցախյան շարժման մեկնարկից 35 տարի անց, ամեն բան պետք է սկսել զրոյից, այլապես Հա-յաստանը փակելու է իր պատմության վերջին էջը: Իսկ թե ինչպես անել անհնարինը` առավել քան մեկ դար առաջ ցույց տվեց Գարեգին Նժդեհը: 1920-ականներին նա իր ժամանակից մեկ դար առաջ էր ընկել` փաստացի կիրառելով այնպիսի ռազմական և քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք հիմա կոչում ենք 21-րդ դարի տեխնոլոգիաներ և ուսումնասիրում անգլալեզու մասնագիտական գրքերով:
ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԿՅԱՆՔԻ ԿԵՍԸ
35 տարի... Արցախյան շարժման մեկնարկին շատերը հուսավառ երիտասարդ էին, ում համար անհնարին ոչինչ չկար: Հիմա գրեթե ծերունի են: Ու այդ մարդկանց առավել քան կյանքի կեսի վաստակը ջուրը լցվեց: Ավելին, այդ սերնդի ստեղծածը զենքով պաշտպանող պատանիներին հազարներով միտումնավոր մատաղեցին... Անժամանցելի հանցանք: Իզուր չէ, որ տարբեր անդոնքոչարյանները փորձում են իրավական գնահատական տալ Հայոց Նեմեսիսին: Շատ լավ գիտեն, թե ինչի են արժանի:
Իսկ 35–ամյակի առթիվ եղավ ֆլեշմոբ Ստեփանակերտում, եղան տարբեր մասնագիտական քննարկումներ, եղավ Եռաբլուրի կայքի շնորհանդեսը... Մի նոր հուսավառ երիտասարդ սերունդ լինելո՞ւ է: Նաև ուղերձներ եղան: Ռոբերտ Քոչարյանի ուղերձը շատ լակոնիկ էր: Նիկոլի ուղերձին չենք էլ անդրադառնա` դրա առկայության փաստն իսկ պղծություն է, դա նույնն է, ինչ դահիճը հումանիզմի մասին ուղերձով հանդես գա...
Հանգամանալից էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, մասնավորապես. «Ղարաբաղյան շարժումով սկիզբ դրվեց Արցախի վերածննդին և կասեցվեց իր բնօրրանում դարերով ապրող հայ ժողովրդի մի հատվածի բնաջնջումը: 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ էր մտել տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը՝ Արցախի հայության միանգամայն օրինական ու արդար պահանջը: 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց որոշում, որով ամրագրում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Դա հիրավի շրջադարձային իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում, որի պատմաքաղաքական նշանակությունն անվիճելի է:
Հայրենիքի պաշտպանությունն ամենամեծ առաքինությունը համարող բազմաթիվ հայորդիներ Արցախում, մայր Հայաս-տանում և սփյուռքում համախմբվեցին հանուն ազգային նպատակի իրագործման, և այն պսակվեց հաջողությամբ: Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը մեր պատմության առանցքային իրադարձություններից է:
Ղարաբաղյան շարժումը և 1994 թվականին ազգային–ազատագրական պայքարում փառավոր հաղթանակն առաջին հերթին հայ ժողովրդի արժանապատվության, սեփական Հայրենիքում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքին տեր կանգնելու արտահայտություններն էին»:
Ամբողջ կենսագրությունն Արցախյան հաղթանակին և Հայոց պետությանը նվիրած նախագահը չէր կարող շրջանցել և օկուպանտների կամակա-տար խունտայի ոճիրներին. «Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետևողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին և շարունակաբար թուլացնում հայկական բանակը, խարխլում ազգային միասնականությունը, թշնամուն ձայնակցելով՝ կեղծ խաղաղասիրական թեզերով երկրի ներսում բթացնում արտաքին վտանգներին դիմակայելու զգոնությունը»: Երրորդ նախագահի համոզմամբ` վերամեկնարկող պայքարը հայկական պետականության, մեր լինելության, ինքնության պահպանման կենաց և մահու պայքարն է, որից մենք պարտադրված ենք հաղթանակած դուրս գալ:
Ու թույլ տվեք վստահաբար պնդել` «Հայկական Նյուրնբերգ» լինելո՛ւ է: Բազում աշխարհակալ կայսրություններ վերապրած ազգը չի կարող իր ներքին թշնամիների հարցը չլուծել:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ