• am
  • ru
  • en
Версия для печати
17.02.2023

«ԷՐՄԵՆԻՍՏԱՆ ՎԻԼԱՅԵԹ»-Ի ՎԿԱՆԵՐԸ

   

Տխրահռչակ Դանիել Իոհաննիսյանը սգի մեջ է: Ո՛չ, հանկարծ չկարծեք, որ Դանչիկը ողբում է Հայաստանի Հանրապետության սրընթաց թրքացման կամ Արցախի բլոկադայի համար` դա նրան չի հուզում: Իսկ շատ է հուզում «Նոր Հայաստանի նոր ոստիկանության»` պարեկների հրամանատար Արթուր Ումրշատյանի պաշտոնանկությունը: Չէ՞ որ իր փայփայած և «դուխ տված» կադրն է, որը կարծում էր (և այդ կարծիքը Դանչիկը կիսում էր), որ իրեն ամեն ինչ թույլատրելի է: Սակայն այդ գունագեղ երազանքները լխճվեցին պարեկներին ծաղրի առարկա սարքած «Համմերի» անիվների տակ:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕՃԱՌ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՏՔԻ ՏԱԿ

Կա այսպիսի միանգամայն գիտական կատեգորիա` նորմալության աղճատում: Փորձագետ Դավիթ Հայրապետյանը գիտնականի անվրդով կեցվածքով դա ներկայացնում է այսպես. «Նորմալության աղճատումը (normalicy bias) ճանաչողական աղճատում է, երբ մարդը թերագնահատում է իրեն սպառնացող վտանգի հավանականությունն ու հետևանքների լրջությունը: Օրինակ՝ օդանավերում գտնվող ուղևորներն արտակարգ իրավիճակներում հաճախ ոչ թե խուճապի են մատնվում, այլ հակառակը՝ տեղում սառում են ու գրեթե ոչ մի բան չեն անում իրենց կյանքին սպառնացող իրավիճակից դուրս գալու համար, նույնիսկ երբ այդպիսի հնարավորություն կա: Որոշ մասնագետներ այս վիճակն անվանում են «բացասական խուճապ» (negative panic): Նորմալության աղճատումը կարող է ազդել որոշումների կայացման վրա ինչպես, օրինակ՝ ՃՏՊ-ի դեպքում, այնպես էլ՝ խոշոր աղետների (համավարակ, պատերազմ, բնական աղետ)»:

«Նորմալության աղճատման» հայկական օրինակներ էլ է բերում: Օրինակ՝ 44-օրյա պատերազմի նախօրեին փորձագետները ահազանգում էին պատերազմի իրական և մոտալուտ վտանգի մասին, սակայն հանրությունը մեծ մասամբ համարում էր այդ զգուշացումները չափազանցված:

Հավանաբար նորմալության աղճատումով կարելի է բացատրել նաև Արցախի իշխանությունների ակնհայտորեն ոչ բավարար նախապատրաստությունը Ադրբեջանի կողմից շրջափակմանը, որը հնարավոր էր կանխատեսել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ից, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանի ստորագրությամբ հանձնվում են Քարվաճառը և Քաշաթաղը:

Նույն կերպ նորմալության աղճատման դրսևորում կարելի է համարել այն, որ այսօր ՀՀ բնակչության գերակշիռ մասը վստահ է, որ ՀԽՍՀ սահմաններն անձեռնմխելի են, թեպետ թշնամին արդեն իսկ մի քանի ուղղությամբ ներխուժել է ՀՀ տարածք, ամրացել և չի պատրաստվում այն լքել:

Ըստ ճանաչողական աղճատումների մասին «Դու այդքան էլ խելացի չես» գրքի հեղինակ, լրագրող Դեյվիդ Մաքրեյնի՝ նորմալության աղճատու-մը նաև կարող է վարակիչ լինել, քանի որ վտանգը թերագնահատող մեծամասնությունը փորձում է համոզել վտանգի մասին ահազանգողներին, որ վտանգը չափազանցված է: Իսկ Հայաստանի պարագայում այդ «վարակի» կենսունակությունը պահելը դարձել է կապիտուլյանտական խունտայի նպատակամղված քաղաքականություն, նաև դրան է ծառայեցվում քարոզչամեքենայի բովանդակ ռեսուրսը: Եվ եթե այդ հրեշավոր պրեսինգի պայ-մաններում տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիները պահպանում են ողջամտությունը և սթափությունը, ապա դա կարելի է իսկական հրաշք համարել: Ճիշտ է, սթափության պահպանմանը նպաստում են խունտայի դեմ պայքարող կուսակցությունները և քաղաքացիական հասարակության ինստիտուտները, սակայն այդ կառույցներում ընդգրկվածներն այնքան էլ շատ չեն:

Իսկ բանականության դեմ գրոհի թարմ օրինակ ներկայացնում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «67 օր Արցախը շրջափակման և հումանիտար աղետի մեջ է, իսկ Հայաստանում աչքալուսանք են բերել Թուրքիայից: Այսօրվա (փետրվարի 16-ի-խմբ.) կառավարության նիստում, ՀՀ ԱԳ այսպես կոչված նախարարը գլուխ էր գովում թե ինչպիսի կարևոր այցելություն է ունեցել Թուրքիա, որտեղ իհարկե չի խոսվել Արցախի ապաշրջափակման, Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացման, Թուրքիայի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքների, Սյունիքով միջանցքի անհնարինության, 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ փաստացի պատերազմած Թուրքիայի, Հայոց Ցեղասպանության և այլնի մասին: Սակայն ըստ Արարատի՝ երկու «կարևոր» հարց է իբրև լուծվել. մեկը՝ ՀՀ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձինք շուտով հնարավորություն կունենան այցելել Թուրքիա և երկրորդը՝ ինչ-որ հին կամուրջ են համատեղ վերանորոգելու»:

«ՎԻԼԱՅԵԹԻՍՏՆԵՐԸ» ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՆՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ա. Զաքարյանը տեսնում է դրա շարունակությունը. «Արարատի հաջորդ «աչքալուսանքը» երևի լինելու է այն, որ այս պաշտոնյաների իշխանական մասն իրավունք են ձեռք բերելու ստանալ Թուրքիայի քաղաքացիություն: «…Իսկ ի՞նչ վատ է, որ թող թավշյա կապիտուլյանտներն ազատ գնան Թուրքիա, թող լինեն նաև Թուրքիայի քաղաքացիներ, բա էլ ինչի՞ համար են ապօրինի իշխանափոխություն արել», - այսպես կպատասխանեն Նիկոլի կույր ջատագովները, որոնք, Նիկոլի հետ միասին, փաստացի հանդիսանում են Հայաստանի Հանրապետության գերեզմանափորները»:

Թուրքիայի երկրաշարժի ցավով տառապող ՔՊ-ի ներսում էլ «երկրաշարժներ» կան, ինտրիգների և կադրային ջարդերի պակաս չկա: Ճիշտ է, դեռ չեն կողմնորոշվել, Երևանի ընտրություններն արտահերթ անեն, թե ճիշտ ժամկետին... երևի թե ինչ-ինչ զուգահեռներ են տեսնում Էրդողանի մայիսյան ընտրությունների հետ: Նաև փետրվարի վերջին շաբաթը կարծես աշխարհաքաղաքական ցնցումների «ավելցուկ» է խոստանում: Չար լեզուներն էլ խոսում են, որ մարտի սկզբներին Լոնդոնում որոշվելու է ՀՀ իշխանության հարցը, ստվերային տիկնիկավարները պիտի կողմնորոշվեն` դեռ պահո՞ւմ են Նիկոլին, թե՞ գցում են պետքարան և ջուրը քաշում: Ջուրը քաշելու դեպքում էլ ո՞վ պիտի փոխարինի: Ինչպես նկատել է Արմեն Աշոտյանը. «Անգամ «օգտակար իդիոտներն» ունեն պիտանելիության ժամկետ. ե՞րբ է լրանալու Փաշինյանի ժամկետը»:

Իսկ ի սպաս «վիլայեթացմանը» դրվում են մետաճշմարտությունները, որոնց ժամանակին անդրադարձել էինք: Մետաճշմարտրությունը Հայրենիք չունի, ինչպես որ Հայրենիքը տեղ չունի բուն մետաճշմարտության մեջ: Եվ ոչ այն պատճառով, որ աշխարհի բոլոր ժողովուրդները ծնում են իրենց մետաճշմարտությունները, այլ այն պատճառով, որ մետաճշմարտությունը որպես բնակավայր ընտրելով, մարդը գիտակցաբար կամ չգիտակցելով այն հրաժարվում է Հայրենիքի հիմնական իմաստային բաղադրիչներից:

Նիկոլական հակաՀայաստանում «ժողովրդավարության բաստիոնը» պետականության լիկվիդացման գործիք է: Պետությունը ժողովրդի միտքն է. Ժողովուրդը պետության մարմինն է: Ողբերգությունը առաջանում է նրանց բաժանման պահին: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Ստեղծելով նոր մետաճշմարտություններ և դրանք մտցնելով ժողովրդի «մարմին»: Կեղծ «ճշմարտություն» պարտադրելով՝ զավթիչների արժեքները պետության առանցքային ասպեկտներում: Դա նման է այն բանին, որ կկուն իր ձվերը գցում է ուրիշների բները: Հանրությունը, չկարողանալով տարբերել օտար ձուն և իր «ձուն», ինկուբացնում է ամեն ինչ: «Կկուն» դուրս է գալիս երկու անգամ ավելի արագ, քան մյուս ճտերը, և մնացած ձվերը դուրս է նետում բնից:

Դրա գործարկիչը մանիպուլյատիվ է, ինչը նշանակում է ձախողման դատապարտել բոլոր մասնակիցներին, ովքեր լռելյայն ընդունել են մատնոցախաղի կանոնները` քաղաքացու ընտրության արհեստականորեն ստեղծված պատրանքը՝ կա՛մ ժողովրդի, կա՛մ պետության օգտին: Այս «վիրու-սային» հալյուցինացիան վարակում է զանգվածային գիտակցությունը և մեզ կանգնեցնում պետության և ժողովրդի աներևակայելի հակադրության հետ: Այսպիսով, ժողովուրդը, ընկալելով այն պետությունը, որի հետ պատմականորեն և աշխարհագրորեն նույնացվում է, որպես թշնամի, ըստ էության, սկսում է խժռել իրեն ներսից: Ինչպես առասպելական օձ Ուրոբորոսը:

2018-ին ստեղծված «ժողովրդական» վարչակարգը արդեն 5 տարի ստեղծում և վերստեղծում է խելագարության նոր պտույտներ: Եթե հանրային «մարմինը» 2018-ից ի վեր մերժում է ուղեղ-պետությանը, ապա դա նշանակում է խելագարության խորացում: Որի արդյունքում մի օր ՀՀ պետական ինստիտուտների փոխարեն կտեսնենք Էրմենիստան վիլայեթի անսքող ադմինիստրացիա: Այդ ընթացքը կարող է կանգնեցնել միայն վիրաբույժի հերձադանակը:

Սակայն «մերժիզմով» վարակված հանրությունն ուզում է առասպելական «ոչ նախկին, ոչ ներկա» վիրաբույժ: Բայց ո՞րտեղից պեղենք այդ առասպելական ուժին, որի մասին միֆը նույնպես մետաճշմարտություն է: Երկրորդ շերտի մետաճշմարտություն, հերթական վիրտուալ Հայաստանը` վիրտուալ քաղաքական դաշտով:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ