• am
  • ru
  • en
Версия для печати
07.04.2008

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ և ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ՄԱՄՈՒԼՈՒՄ

   

Ռուբեն Մելքոնյան

Agos (medium)Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները (2008թ. փետրվարի 19) բնական հետաքրքրություն են առաջացրել նաև Թուրքիայում, և թուրքական մամուլը բավական մեծ ուշադրություն է հատկացրել հայկական թեմատիկային՝ փորձելով այդ ամենում տեսնել կամ գտնել իր շահը։ Բացի համառոտ տեղեկատվությունից, թուրքական թերթերի էջերում հայտնվում են նաև ծավալուն վերլուծական հոդվածներ, որոնց հեղինակները Թուրքիայում բավական հայտնի լրագրող վերլուծաբաններ են։ Թուրքական մամուլն ակտիվորեն հետևել է ինչպես նախընտրական Հայաստանում կատարվող իրադարձություններին, այնպես էլ հետընտրական զարգացումներին։

Սակայն, եթե թուրքական մամուլում հայտնվող ապատեղեկատվությունը, փաստերի խեղաթյուրումն արդեն սովորական են դարձել, և առավելապես հենց այս հատկանիշներով է բնորոշվում մերօրյա թուրքական լրատվական դաշտը, ապա պոլսահայ մամուլում և մասնավորապես «Ակօս» երկլեզվյա (հայերեն-թուրքերեն) շաբաթաթերթում տպագրվող նյութերը, որոնք վերաբերում են Հայաստանի նախագահական ընտրություններին և հատկապես դրան հաջորդած ցավալի զարգացումներին, ուղղակի մտահոգիչ են, ընդ որում՝ մի քանի առումներով:

Ինչպես նշել է հանգուցյալ Հրանտ Դինքը, իրենց թերթի հիմնական ընթերցողներն են առավելապես թուրքախոս հայերը, թուրք հասարակության առանձին շրջանակները և, որ ավելի հետաքրքիր է, Թուրքիայում բնակվող իսլամացված հայերի սերունդները: «Ակօս»-ը, ունենալով ընդդիմադիր և միևնույն ժամանակ՝ օբյեկտիվ լրատվամիջոցի համարում, գնահատվում և լուրջ ընդունվում է թուրքական գիտական, վերլուծական, մտավորական շրջանակների և հասարակական-քաղաքական գործիչների շրջանում: Ավելորդ չէ նշել, որ հատկապես Հրանտ Դինքի մահից հետո նրա հիմնադրած և մինչև սպանվելը խմբագրած «Ակօս»-ն ավելի մեծ հեղինակություն և պահանջարկ ձեռք բերեց, դա է վկայում թերթի տպաքանակի ավելացումը, ինչպես նաև սփռվածության զգալի աճը. այսօր «Ակօս» կարելի է հանդիպել անգամ Երևանի մամուլի կրպակներում:

Այս հեղինակությունը պահպանելու համար, ի թիվս այլ խնդիրների, պետք է շարունակական լինի նաև թերթին բնորոշ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու սկզբունքը։ Սակայն «Ակօս»-ի էջերում լրագրող Թալին Սուջիյանի տպագրած հոդվածները, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, խախտում են թերթի վերոնշյալ ավանդույթները և ունեն միակողմանի բնույթ: Առավելապես ընդդիմության տեսակետների ներկայացումը, լրագրողի հստակ կողմնակալ և կանխակալ վերաբերմունքը, նրա կտրուկ գնահատականները խոցելի են դարձնում տրված տեղեկատվության անաչառությունը և, ի վերջո, խեղաթյուրում ընդհանուր պատկերը` այն վերածելով միակողմանի քարոզչության: Լրագրողի աչքից «պատահաբար» կամ էլ միտումնավոր վրիպում են մի շարք կարևոր դեպքեր, և դա էլ իր հերթին հանգեցնում է պատկերի ոչ ամբողջական ներկայացման: Սա հատկապես մտահոգիչ է, քանի որ թուրքական մամուլը, վերլուծական կենտրոնները, առանձին վերլուծաբան-լրագրողներ, այս միակողմանի հրապարակումներն օգտագործելով որպես աղբյուր, բնականաբար, սխալ եզրակացությունների կարող են հանգել, և արդեն կան վերը նշվածը հաստատող հրապարակումներ: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ամբողջական և իրական պատկերն ներկայացնելու համար ճիշտ կլիներ «Ակօս»-ի էջերում տալ բազմակողմանի լուսաբանում` եզրահանգումները թողնելով ընթերցողին: Հոդվածաշարում բազմաթիվ են փաստերը, որոնք հստակորեն ցույց են տալիս, որ Թալին Սուջիյանը շատ մակերեսային կամ էլ երբեմն բացարձակ անտեղյակ է հայաստանյան իրականությունից: Եվ ընդհանրապես լուրջ կասկածի տեղիք է տալիս նաև նրա արևելահայերենի իմացությունը: Սակայն զարմանալի «խորն» են թղթակցի «գիտելիքները» հայերենի բարբառագիտության բնագավառում, և մնում է զարմանալ, թե ինչպես է կարճ ժամանակում նա այդքան «հմտացել» այդ ոլորտում:

Այսպես, նրա հոդվածներից մեկում ասվում է, թե անցնելով զինվորների կողքից՝ հստակ լսվել է, որ «նրանք խոսում էին Ղարաբաղի բարբառով»: Քաղաքական հստակ ենթատեքստ ունեցող այս ծայրաստիճան վտանգավոր հայտարարության հեղինակը միգուցե շփոթե՞լ է Ղարաբաղի բարբառը Գորիսի կամ այլ շրջանի բարբառի հետ: Բացի կողմնակալ գնահատականներից, հոդվածաշարում կան նաև ակնհայտ անճշտություններ, որոնք, ըստ երևույթին, կապված են Սուջիյանի արևելահայերենի իմացության՝ վերը նշված կասկածների հետ:

Օրերս հայաստանյան մի շարք թուրքագետներ կազմակերպել էին քննարկում «Ակօս»-ում նախընտրական և հետընտրական Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ առկա հրապարակումների շուրջ։ Խոր մտահոգություն և ափսոսանք է հայտնվել հայաստանյան ներքաղաքական վիճակն «Ակօս»-ում կողմնակալ ներկայացնելու վերաբերյալ, հույս է հայտնվել, որ վերջինս կվերագտնի անկողմնակալ ու օբյեկտիվ լրատվամիջոցի իր ճշմարիտ ուղին: Քննարկումը նախաձեռնել և իրականացրել են թուրքագիտության հայաստանյան երկու կենտրոնները՝ ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժինը: Հարկ է շեշտել, որ մեր մտահոգությունները Թալին Սուջիյանին հայտնելու, ինչպես նաև մեր կարծիքները ևս «Ակօս»-ի ընթերցողներին լսելի դարձնելու նպատակով առաջարկել ենք նրան հանդիպել և զրուցել, որին ի պատասխան՝ նրա կողմից կտրուկ և կոպիտ մերժում ենք ստացել, ինչը մեկ անգամ ևս փաստում է վերջինիս միակողմանի լինելն ու այլ կարծիքների չանսալու հակվածությունը:

Քննարկմանը հրավիրվել էր նաև «Ակօս»-ի հայաստանյան ներկայացուցիչ Տիրան Լոքմագյոզյանը, որի հետ զրույցը և վերջինիս պարզաբանումներն ի ցույց հանեցին, որ նա ևս չի կիսում լրագրող Թալին Սուջիյանի միակողմանի գնահատականները։

Հայաստանյան թուրքագետների քաղաքացիական և, միևնույն ժամանակ, մասնագիտական այս դիրքորոշման մասին նամակով ուղարկվել է «Ակօս» թերթի սեփականատեր Դինքերի ընտանիքին։ Ուրախալի է, որ նրանց կողմից արդեն ստացվել է արձագանք, որում թերթի սեփականատերերը հիմնականում համաձայնվել են քննարկման արդյունքում արտահայտված մտահոգությունների հետ և պատրաստակամություն հայտնել թերթի էջերը տրամադրել Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին բազմակողմանի տեղեկատվություն ներկայացսնելու համար:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր