• am
  • ru
  • en
Версия для печати
01.02.2023

ԻՐԱՆԻՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ՔԱՇԵԼՈՒ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԵՒՍ MI6-Ի «ԱԿԱՆՋՆԵՐՆ» ԵՆ

   

Այն տպավորությունն է, որ վերջին օրերին Իրանի շուրջ տարաբնույթ մտահոգիչ լարվածությունն այն սրությամբ է, որ սկսում է անգամ խամրել ուկրաինական պատերազմի հանդեպ գլոբալ հետաքրքրությունը: Եվ դա հասկանալի է. Մերձավոր Արեւելքն այն «վառոդի տակառն» է, որտեղ այս պահին մեկ կայծն անգամ կարող է աշխարհի մասշտաբով հրդեհ առաջ բերել:

ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏ

Իհարկե, Իրանի ուղղությամբ թեժացումները տեսանելի էին դեռ անցած տարվա վերջին հատվածում: Նախ, դրան նպաստեց Ռուսաստանին անօդաչուներ ուղարկելու մասին թեման, որին գումարվեց նաեւ փոքր հեռահարության հրթիռների եւ ռուսական կողմից՝ ծանր զինտեխնիկայի տրամադրման մասին խոսակցությունները: Իրավիճակն էլ ավելի թեժացավ այն բանից հետո, երբ Իրանը պաշտոնապես հայտարարեց հիպերձայնային հրթիռներ ունենալու մասին, եւ անմիջապես էլ տարածվեցին խոսակցություններ այն մասին, թե Ռուսաստանն է համապատասխան տեխնոլոգիաները տվել: Ապա այդ խոսակցությունները, որում, չմոռանանք, ներգրավված էին արեւմտյան փորձագետներն, ու անգամ պաշտոնական աղբյուր-ները հասան նրան, թե բացի տեխնոլոգիաներից եւ ժամանակակից զինատեսակներից, մեծ է հավանականությունը, որ ռուսները Թեհրանին նաեւ միջուկային զենք են տվել կամ պատրաստ են ամեն պահի տալ:

Իրականում, թե ինչ է Մոսկվան տվել Թեհրանին եւ ինչ է ստացել, հարցի մի կողմն է: Ամենագլխավոր փաստը, որը, իհարկե, չի կարող լրջորեն չմտահոգել Արեւմուտքին, դա այն է, որ Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական, տնտեսական, կոմունիկացիոն, բուռն աճի փուլում են: Իսկ դա, չմոռանանք, ծանր հարված է բրիտանական Mi-6-ի կուրատորության ներքո գտնվող ծրագրերին, որոնք նախատեսում են Հայաստան-Ադրբեջան հատվածով կտրել ՌԴ-Իրան կապի ուղիները, ապա աստիճանաբար այդ բաժանարար գիծը տարածել դեպի Կասպից ծով-Կենտրոնական Ասիա: Միայն թե «Բրյուսելի ձեւաչափի» հայտնի տեսլականով հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» միջոցով Արցախից ռուսական ուժերին հեռացնելու նախնական ծրագիրն անցած տարեվերջին հայտնվեց տեղապտույտի մեջ: Մի կողմից այն պատճառով, որ Արցախը քանիցս հրաժարվեց Ադրբեջանի կազմ մտնելու սցենարից՝ դրանով օրակարգում թողնելով ռուսական ուժերի մնալու պատճառաբանությունը: Նաեւ, որ այդպես էլ չհաջողվեց Իրանում իշխանափոխություն կազմակերպել, որից հետո Թեհրանն էլ ավելի վճռական տոնով սկսեց դեմ հանդես գալ ամեն տեսակի «Զանգեզուրի միջանցքներին»՝ ընդհուպ սպառնալով ուժի գործադրմամբ: Իսկ ահա վերջին ծրագիրը, որի հետեւից բրիտանական հետախուզության շունչն ավելի ու ավելի է զգալի դառնում, Լաչինի միջանցքի փակումն էր, սակայն դա եւս ակնհայտորեն դարձել է փակուղային:

Մյուս կողմից էլ, ժամանակն այս սցենարների օգտին չի աշխատում: Այսինքն, բավական է, որ Ռուսաստանը սկսի է-ֆեկտիվ առաջընթաց ունենալ Ուկրաինայում, որ ոչ միայն Ալիեւի ու Նիկոլի, այլ նաեւ Թուրքիայի իշխանությունների (նույնիսկ, եթե այնտեղ իշխանափոխություն լինի) գլուխներից վերջնականապես դուրս բերի հյուսիս-հարավ առանցքին դեմ գնալու ամեն մի ցանկություն, որից հետո եթե անգամ «Mi-6-ի շեֆը ԿՀՎ-ի շեֆի ձեռքը բռնած»՝ գա Հայաստան, հազիվ թե բան փոխվի: Իսկ ռուսները, ի դեպ, արդեն բավականին հաջող հարձակումներ իրականացնում են, եւ արեւմտյան աղբյուր-ներն էլ ամենօրյա ռեժիմով խոսում են գլխավոր հարձակման շատ մոտ լինելու մասին:

Այսպիսով, այն տպավորությունն է, որ Արեւմուտքին պետք է արագորեն ինչ-որ բան անել Իրանի հետ կապված, եւ վեր-ջին օրերի իրադարձությունները, ըստ ամենայնի, դրա նախերգանքն են: Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ շանսեր կան:

ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ

Պատկերացում կազմելու համար, թե դեպի ուր կարող է գնալ Իրանի հետ կապված այս գերսրացումը, նախ հասկանալ է պետք, թե ինչ տեղի ունեցավ:

Խաղի մեկնարկը տվեց Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը: Առաջին հայացքից, դա կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպ էր. ինչ-որ մեկի կնոջը դեսպանատունն արգելել է մտնել Իրանի տարածք, ամուսինն էլ ավտոմատը վերցրել եւ եկել է «հաշիվ պահանջելու»՝ սկսելով կրակել: Միգուցե այդպես է: Բայց նաեւ կան հարցեր: Ասենք, ինչո՞ւ այդ կնոջը չէին թողնում անցնել Իրանի տարածք, ինչո՞ւ էին մինչ այդ ուժեղացրել դեսպանատան պաշտպանությունը, այդ թվում՝ Բաքվից մարդկանց բերելով, եւ ինչպե՞ս ստացվեց, որ անգամ դրանից հետո հարձակվողը կարողացավ այդ-քան հանգիստ մտնել շենքի տարածք եւ այլն: Վերջապես, եթե այդ ամենն իրոք կենցաղային միջադեպ էր, ինչո՞ւ Ալիեւը ո-րոշեց էվակուացնել ողջ դեսպանատունը՝ գնալով քաղաքական աննախադեպ սրացման: Այն դեպքում, երբ դեպքից հաշ-ված րոպեներ անց հարձակվողին իրանական իրավապահները կալանավորել էին: Այսինքն, ավելի հավանական չէ՞, որ դա սովորական պրովոկացիա էր, որը Բաքվին Իրանից դեսպանատունը հանելու առիթ տվեց, որից էլ օգտվելով, նախ Գերմանիան (Բեռլինին սկանդալային ուղղություններով առաջ գցելը կարծես թե մոդա է դառնում), ապա այդ հիմքի վրա նաեւ Բրիտանիան (առանց Mi-6-ի «ականջների» ինչպե՞ս կլիներ) սկսեցին խոսել իրենց դեսպանատները տարհանելու մասին:

Ու հաշվի առնելով, որ այս ամենը տեղի ունեցավ Իրանի վրա հարձակումների աղմուկի ֆոնին, ապա գործնականում բացառվում է, որ դրանք իրար հետ կապված չլինեին:

Այսպիսով, այն պահին, երբ Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներն արդեն հեռացել էին Իրանից, լուր հայտնվեց, որ Սպահան քաղաքում զենքի արտադրամասերից մեկում պայթյուն է եղել: Անմիջապես էլ հայտնվեց նաեւ տեսանյութը, ու հենց դա էլ ամենակասկածելին էր. այդ ո՞վ էր տեսախցիկով զինված՝ գիշերային ժամին դիրքավորվել այդ շինու-թյան դիմաց, որ կարողացավ ճիշտ պահին տեսանկարահանել բուն հարվածի պահը:

Գրեթե միաժամանակ սկսեցին կատաղի տեմպերով տարածվել լուրեր Իրանի տարբեր այլ օբյեկտների վրա գրոհելու մասին, որոնց արժանահավատ տեսք էր տալիս հենց Սպահանի պայթյունի այդ «պատահական» տեսանյութը: Ընդ որում, զուգահեռաբար ողջ Իրանով մեկ ինտերնետի խնդիրներ առաջացան, որի պարագայում այդ բոլոր լուրերի իսկությունը ստու-գելն էապես դժվարացավ, եւ հենց դա էլ այդ սկզբնական պահին արժանահավատության տեսք տվեց Իրանի դեմ զանգվա-ծային գրոհների մասին այդ պատմությանը:

Ու միայն առավոտյան, երբ Իրանի հետ կապը սկսեց քիչ թե շատ գործել, հասկանալի դարձավ, որ այդ ամենը, բացառությամբ երեւի միայն Սպահանի պայթյունի, ֆեյք լուրեր են, եւ Սպահանում էլ հարձակումն իրականացվել է ոչ թե իսրայելյան հեռահար հրթիռով կամ անօդաչուով, այլ տեղից. կիրառվել են փոքր անօդաչուներ, որոնցից երկուսին իրանական ու-ժերը ոչնչացրել են, իսկ մեկը պայթել է զինգործարանի տանիքին: Եվ հենց այդ փաստը եկավ հիմնավորելու, որ տեղի է ունեցել մի ամբողջ կազմակերպված օպերացիա, որն իրականացվել է Իրանում անօդաչուներ արձակողների, տեսագրությու-նը փոխանցողների, ապա ուկրաինական աղբյուրների՝ «Իսրայելը հարձակվել է...» քարոզչության եւ այդ ֆեյքային լուրերն այլ ուղղություններով տարածողների միջոցով: Ու հաշվի առնելով, որ այդ ողջ շղթայում քարոզչական կուրատորությունը Mi-6-ի ձեռքին է, պատկերը դառնում է առավել քան հասկանալի:

Ո՞ՐՆ ԷՐ ՍԱԴՐԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

Ո՞րն էր այդ օպերացիայի իմաստը, որ Թեհրանը պահի ազդեցության տակ կդիմի պատասխան գործողությունների՞: Միգուցե, բայց դա շատ պրիմիտիվ կլիներ: Հաշվի առնելով, որ աշխարհի վրա միգուցե ինչ-որ կարճ պահ այդ ֆեյքերն ազդեցություն թողնեին, բայց Թեհրանը տիրապետում էր տեղեկատվությանը, գիտեր, որ ոչ մի զանգվածային հարձակում էլ չկա, եւ միամտություն կլիներ սպասել, որ նա կսկսի հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ:

Ավելի շուտ այն տպավորությունն է, որ այս ամենով պարզապես սկսում են Իրանի շուրջ մթնոլորտը թեժացնել: Առավել եւս, երբ արեւմտյան դեսպանատները հայտարարում են Իրանից տարհանվելու մասին, դա նույն արեւմտյան լսարանի մոտ պետք է որ տպավորություն առաջացնի, թե Իրանում պատերազմն անխուսափելի է: Առավել եւս, որ առանց այդ էլ Բայդենն արդեն անթաքույց է խոսում Իրանին հարվածելու հեռանկարների մասին:

Մի խոսքով, նման է նրան, որ այս գործողություններով փորձում են Թեհրանին հունից հանել՝ նրա դեմ հիբրիդային պատերազմի պատկեր ստեղծելով եւ հրահրելով արմատական պատասխան գործողությունների: Այնպես, որ հնարավոր լինի Իրանին ագրեսոր «կնքել»: Կստացվի՞, լավ: Չի՞ ստացվի, կրկին կփորձեն:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ