• am
  • ru
  • en
Версия для печати
12.01.2023

ՆՈՐԻՑ ԲԱԽՎՈՒՄ ԵՆՔ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ԱՂԵՏԱԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

   

Թե ինչի հետ է կապված մեր տարածաշրջանում այսքան սրված ներքին եւ աշխարհաքաղաքական պայքարը, նախօրեին անուղղակիորեն բացատրել են նաեւ ռուսական որոշ մասնագիտացված աղբյուրներ: Այդ թվում, ռազմական եւ աշխարհաքաղաքական վերլուծություններում մասնագիտացած «Rybar» տելեգրամյան ալիքը տեղեկացրել է կոմունիկացիոն միջանցքի ստեղծման ծրագրի մասին, որը նախաձեռնել են Ռուսաստանը եւ Իրանը:

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ»՝ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

Խոսքը՝ «Հյուսիս-Հարավի» մասին է, որի մասին տեւական ժամանակահատված է, որ խոսվում է: Այդ թվում, նաեւ դրանում Հնդկաստանի ունեցած հետաքրքրությունների մասին: Սակայն այս դեպքում առանձնահատկությունն այն է, որ աղբյուրը խոսում է նաեւ կոնկրետ տեխնիկական դետալների մասին, ինչպես նաեւ ֆինանսավորման՝ «Ռուսաստանի եւ Իրանի կառավարությունները մինչեւ 25 միլիարդ դոլար են ներդնում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման համար: Նոր երթուղու շահագործումը զգալիորեն կհեշտացնի ռուսական ապրանքների առաքումը համաշխարհային շուկաներ, առաջին հերթին՝ Ասիա»:

Սա հասկանալի է, այստեղ նոր բան չկա. մեկ տարի առաջ էլ էր խոսվում «Հյուսիս-Հարավի» եւ դրան ռուսների մասնակցության ցանկության մասին, 5 տարի առաջ էլ, 10 տարի առաջ էլ: Սակայն այս դեպքում կա մեկ էական դետալ՝ խոսվում է կոնկրետ ֆինանսավորման մասին:

Այսինքն, պատկերը սա է: Այն, որ ՌԴ-ն եւ Իրանը հարաբերությունների կտրուկ սերտացման ընթացք են վերցրել, հայտնի փաստ է: Հայտնի փաստ է, որ ԱՄՆ-ն այն աստիճան է դեմ այդ գործընթացին, որ մինչեւ իսկ գնաց Իրանում «հեղափոխություն» կազմակերպելու ուղղությամբ: Եվ ահա, չնայած այդ ամենին, Մոսկվան եւ Թեհրանը ֆիքսում են հարաբերությունների էլ ավելի սերտացման պատրաստակամության մասին, ինչի հնարավորությունը կարող է տալ հենց «Հյուսիս-Հարավը»: Այսինքն դրանով, ինչպես նաեւ աղբյուրն է միանգամայն տեղին մատնանշում, Ռուսաստանը եւ Իրանը ստեղծում են «առանձին միջանցք՝ անկախ արեւմտյան պետությունների ազդեցությունից»: Այսինքն, եթե ժամանակին, երբ խոսվում էր «Հյուսիս-Հարավի» մասին, կողմերը դա կապում էին հիմնականում տնտեսական շահի հետ, բայց ահա հիմա, բացի շահից, մեկ այլ էական կոմպոնենտ եւս ավելացել է՝ երկու երկրները, երբ Արեւմուտքը փորձում է նրանց առաջ փակել համաշխարհային շուկաներ տանող բոլոր ուղիները, ստեղծում են այլընտրանք, որը, ըստ աղբյուրի. «Փաստացի կչեզոքացնի պատժամիջոցների ճնշումը երկու երկրների վրա»: Կարճ ասած, լուծում են անվտանգության գերխնդիր:

Մեզ համար եւս այս գործընթացն ունի էական նշանակություն: Նախ, դեռ ընդամենը ամիսներ առաջ ռուսական աղ-բյուրներն էլի օրակարգ բերեցին այս թեման: Սակայն այն ժամանակվա քարտեզներով, նոր երթուղու հիմնական ծանրաբեռնվածությունը դրվում էր Կասպից ծովի վրա: Սակայն զգացվում է, որ հետագա հաշվարկները ցույց են տվել, որ դա անբավարար է: Խոսքը մեծ ապրանքաշրջանառության մասին է, որին Կասպից ծովի առկա բեռնափոխադրումային միջոցները, ըստ ամենայնի, միանգամայն անբավարար են: Դա հասկանալի է՝ Կասպից ծովը մինչ այս նախատեսված չի եղել մասշտաբային բեռնափոխադրումների համար, այնտեղ հիմնականում փոքր տրանսպորտային միջոցներ են, իսկ մեծերի ստեղծումը մեծ ժամանակ եւ միգուցե չարդարացված ծախսեր են պահանջելու: Եվ պատահական չէ, որ նոր քարտեզներում ներկայացված է ինչպես Կասպից ծովով, այնպես էլ Հարավային Կովկասով անցնող երթուղիները (Տե՛ս քարտեզը):

Այսինքն, եթե ժամանակին Հարավային Կովկասով ծրագրվող «Հյուսիս-Հարավը» կոմունիկացիոն խնդիրներ չունեցող Ռուսաստանի համար հավելյալ եկամտի աղբյուր կարող էր լինել, եւ դա դեռ ապացուցելու խնդիր ուներ, ապա հիմա այն ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թեհրանի համար ստացել է շատ ավելի լուրջ, ընդհուպ՝ անվտանգային նշանակություն:

Ըստ այդմ էլ, ինչպես նաեւ «Rybar»-ն է նկատում. «ԱՄՆ-ն ու դաշնակիցները բոլոր ջանքերը կգործադրեն երթուղու իրականացումը խափանելու համար»: Ու մասնավորապես. «Ուկրաինայում հակամարտության համընդհանուր ձգձգման ֆոնին Իրանում եւ Անդրկովկասում իրավիճակն ապակայունացնելու փորձեր կլինեն, եւ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը, որը, ըստ էության, մրցակից է Ռուսաստան-Իրան առեւտրային միջանցքին, Արեւմուտքի կողմից կարագացվի»:

Մի խոսքով, աշխարհաքաղաքական խաչմերուկի աղետաբեր ֆունկցիան նորովի է հայտնվել մեր առաջ:

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻԱԿ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀԵՌԱՑՆԵԼՆ Է

Իհարկե, պատահական չէ, որ «Rybar»-ի ներկայացրած քարտեզում հատուկ ընդգծված է մեր տարածաշրջանով ծրագրվող երթուղին: Հասկանալի է, սխեմատիկ տարբերակով, սակայն միաժամանակ շատ կոնկրետ նշված է Սյունիքը, որն էլ ակնհայտորեն հիմնական կռվախնձորն է: Իմաստը, իհարկե, սա է. հարավկովկասյան տիրույթում հյուսիսից՝ հարավ կամ արեւելքից՝ արեւմուտք գնացող տարբեր ուղիներ կան: Սակայն ո՞ր աշխարհաքաղաքական ուղղությունը կգործի, կախված է մեկ բանից՝ ով է վերահսկում Սյունիքը:

Այս առումով, իհարկե, պատահական չեն Իրանից եկող բազում պաշտոնական եւ ոչ պաշտոնական հայտարարություններ, եւ նախօրեին էլ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հայտարարությունը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, որ Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների ոչ մի փոփոխություն:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս ողջ իրավիճակը նաեւ պետք է Մոսկվայից հղված մեսիջ համարել: Այսինքն, իրենց բոլոր հաշվարկներում Ալիեւն ու Նիկոլը, գումարած՝ Էրդողանը, պետք է հաշվի առնեն, որ Մոսկվայի համար հարավկովկասյան ներկա «կարմիր գծերը» շատ ավելի սուր են դրված, կենսական նշանակություն ունեն, քան երբեւէ: Այն է՝ Մոսկվան Հարավային Կովկասում լուծում է անվտանգության խնդիր, եւ այդ ուղղությամբ բոլոր գործողությունները, ում կողմից էլ որ դա իրականացվի, կընկալվի հենց ՌԴ-ի անվտանգության դեմ ուղղված քայլեր՝ Արեւմուտքի կողմից թելադրված: Այսինքն, նույն պատկերը, ինչ անցած տարեսկզբին Ուկրաինայում էր, եւ այդ դեպքում Մոսկվան հանուն իր անվտանգության գնաց ռազմական քայլերի: Եվ դա, հասկանալի է, որ այդ «կարմիր գծերից» մեկն էլ, այն էլ՝ ամենացցուններից մեկը վերաբերում է նաեւ «Զանգեզուրի միջանցք» կոչվածին:

Էրդողանը, իհարկե, միշտ էլ մեծագույն ուրախությամբ կհատեր նման «կարմիր գիծը»՝ հանուն սեփական պանթյուրքիստական երազանքների: Եվ այն, որ այս սուր պահին Թուրքիայում հակաօրինական ճանաչվեց Սամանդաղի շրջանում հայկական եկեղեցուն պատկանող կալվածքները պետությանը փոխանցելու որոշումները, ինչպես նաեւ սկսեց խոսվել Մուսա լեռան հայկական գյուղերի մի շարք կալվածքներ իրական տերերին վերադարձնելու մասին, ավելի շատ նմանվում է Էրդողանից եկող ազդակի, թե տեսեք ինչ դեմոկրատ եմ, մեզանից վախենալու կարիք չկա, հանգիստ կարող եք ռուսների պաշտպանությունից հրաժարվել: Գումարենք օդային փոխադրումների հետ կապված մյուս «սիրաշահումը», եւ կարելի է հասկանալ, որ Անկարան Հայաստանի ուղղությամբ լուրջ աշխատանքներ, այնուամենայնիվ, տանում է: Թե որն է Նիկոլի արձագանքը, դեռ կհասնենք: Սակայն այս ուղղությունը Անկարայի համար էֆեկտիվ կարող է լինել մեկ դեպքում, եթե ռուսական զորքերն այստեղ հանկարծ չլինեն: Այդ դեպքում նաեւ Իրանին ճնշելն էլ է հեշտ, իսկ նիկոլյան խունտան, ինչ խոսք, առանց որեւէ տրտունջի «միջանցքը» կբացի:

Բայց մյուս կողմից էլ քանի դեռ ռուսական զորքերը կան, այս տարբերակը չի աշխատի: Նաեւ հաշվի առնելով, որ այս պահին առկա իրողությունները Էրդողանին ռուսների հետ սուր բախման գնալու հնարավորություն չեն տալիս: Օրինակ, արեւմտյան առանցքային քարոզչական աղբյուրներից մեկի՝ Bloomberg-ի գնահատմամբ, այս տարվա ամենակարեւոր ընտ-րությունները տեղի կունենան հունիսի 18-ին՝ Թուրքիայում, երբ «նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կփորձի իր իշխանությունը երկարացնել՝ հասցնելով երրորդ տասնամյակին »: Եվ, ըստ լրատվամիջոցի, արեւմտյան առաջնորդներն ուրախ կլինեն տեսնել Էրդողանի հեռանալը: Պատճառներն առավել քան շատ են, սակայն դա այլ խոսակցության թեմա է: Պարզապես ֆիքսում ենք փաստը՝ ինչքան էլ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ ուժն է համարվում, սակայն Արեւմուտքը սուր պայքարի մեջ է Էրդողանի հետ: Եվ մնալու համար նա կարող է հույսը դնել միայն Ռուսաստանի վրա:

Ալիեւը, իհարկե, մի փոքր ավելի լայն խաղերի մեջ է, հաշվի առնելով, որ նախ՝ իր փողերի էական մասը արեւմտյան բանկերում է: Երկրորդը, որ Ադրբեջանի էներգակիրների համակարգում Բրիտանիան հսկայական դեր ունի: Սակայն այդ իրավիճակում անգամ ռուսական զորքերն Արցախից դուրս մղելու մեկ տարբերակ ունի՝ ուղիղ բախման գնալը, նաեւ հաշվի առնելով, որ Լաչինի հետ կապված այս խաղն էլ կարծես թե չի ստացվելու: Իսկ նման այլ խաղ Mi-6-ում կկարողանա՞ն սարքել, դժվար է ասել: Բայց եթե միակ տարբերակը մնում է ուժայինը, ապա հազիվ թե Ալիեւը հանդգնի դրան գնալ:

Տարօրինակ թող չթվա, սակայն ռուսներին հեռացնելու խաղում կարող է որոշակի դեր ունենալ նաեւ Նիկոլը: Ու այն տպավորությունն է, որ հենց դա էլ փորձում են այս պահին խաղարկել:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ