
Ի՞ՆՉ «ՆՎԵՐ» Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՆԻԿՈԼԸ ԻԼՀԱՄԻ ԾՆՈՒՆԴԻՆ
Ե՛վ 44-օրյա պատերազմը, և՛ կապիտուլյացիոն ողջ գործընթացը լեցուն են դրվագներով, երբ հերթական հայակործան ակտը համապատասխանեցվել է այս կամ այն խորհրդանշական ամսաթվին: Սիմվոլիզմի հանդեպ թուլություն ունի և՛ Նիկոլը, և՛ նրա «կիրթ ու կառուցողական» քարդաշ-յոլդաշ Ալիևը, և՛ առաջինի «պապա» ու երկրորդի «ավագ եղբայր» Էրդողանը: Այդ պատճառով քաղաքական ու փորձագիտական դաշտը տագնապով սպասում են դեկտեմբերի 24-ին` Իլհամի ծննդյան օրվան...
ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ, ՈՉԻՆՉ` ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻ
Ժամանակին Իսպանիայի ֆաշիստական դիկտատոր գեներալ Ֆրանկոն հռչակել էր «Ամեն ինչ ազգի համար, ոչինչ` ընդդեմ ազգի» կարգախոսը: Ինչքան էլ պարադոքսալ հնչի` նիկոլենք նույնպես հետևում են այդ կարգախոսին: Պարզապես այն բանից հետո, որ Նիկոլը հայտարարեց, որ իրեն թուրք ասելուց չի վիրավորվում, պարզ դարձավ, որ սրանց ազգը թուրքն է, այլ ոչ թե` հայը: Այսինքն` սրանք անում են ամեն ինչ թուրքի համար, ոչինչ` ընդդեմ թուրքի: Ի դեպ, արդեն առիթ ունեցել ենք արձանագրելու, որ և՛ ՔՊ-ի, և՛ Ադրբեջանի գլխավոր թշնամիներն ու հակաքարոզչության թիրախները երեքն են` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ռուբեն Վարդանյան: Եվ, ի դեպ, կտրուկ ակտիվացել են հականիկոլական հռչակված, բայց իրականում նիկոլաթուրքական օրակարգը սպասարկող հակահիգիենիկ և Ֆեյսբուքում, Տելեգրամում ու Յութուբում մեծ լսարան ունեցող հակահիգիենիկ հարթակները, որոնք խոսում են «ղարաբաղյան կլանի» թալանից, արցախցիների` «հայաստանցի» զինվորների նկատմամբ իբր ծայրահեղ վատ վերաբերմունքի մասին, որոնք պարտությունը Նիկոլից ավելի նիկոլ ձևերով փորձում են գցել «թալանչի նախկինների» գրպանը:
Կոնկրետ Սերժ Սարգսյանի պարագայում, տեսնելով, որ երրորդ նախագահի քրեա-կան գործը դատարանում փլվեց և վերածվեց կրկեսի, նոր բան են մոգոնել: Պաշտոնական հայտարարությունների հրապարակման հարթակից տեղեկացանք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը 2023թ. հունվարի 19-ին հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: Ըստ Սերժ Սարգսյանի գրասենյակի պարզաբանման. «Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում: Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում: Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»:
Իսկ մարտահրավերը Թուրքիայի և Ադրբեջանի բանակների միավորումն է: Թուրքիայի պաշտպանության նախարարը խնդիր է դրել մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերը հասցնել թուրքականի մակարդակին: Այսինքն, մինչև 2025թ. ադրբեջանական բա-նակը պետք է համապատասխանի Թուրքիայի ԶՈւ բոլոր պահանջներին և չափանիշներին: Իսկ բանակների գլխավոր շտաբները և պաշտպանության նախարարությունները` շարունակական հիմունքներով կանցկացնեն համատեղ կոլեգիաներ (փաստացի` զորքերի միասնական կառավարում):
«Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը դառնում են մեկ օրգանիզմ և կկատարեն երկու պետությունների առջև ծառացած ընդհանուր խնդիրներն ու նպատակները»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի գնահատմամբ. «Հայտարարությանը պետք է լրջորեն վերաբերվեն Մեծ Մերձավոր Արևելքի բոլոր դերակատարները: Առաջին հերթին իհարկե Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը: Իրավիճակի լրջության մասին ընկալումները Նիկոլի և իր կառավարության մոտ, նման է մտավոր հետամնացների հաստատության ընկալումներին: Ապացույցները` բազմաթիվ են և անզեն աչքով տեսանելի»:
Ի դեպ, 2025թ. ավարտվում է ռուս խաղաղապահների մանդատն Արցախում, եթե Հա-յաստանը կամ Ադրբեջանը նման պահանջ դնեն: Ադրբեջանը հաստատ դնելու է, իսկ թրքահարճ Նիկոլի օկուպացիոն վարչակարգն էլ ամեն կերպ նպաստում է խաղաղապահների վարկաբեկմանը, այդ թվում` հենց անձամբ Նիկոլի շուրթերով:
ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՓԱԿԵԼՈՒ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԸ
Թե ինչու պետք է պահպանել ռուսական զորախումբը` դեկտեմբերի 20-ին կազմակերպել էր կլոր սեղան՝ «Ռուս խաղաղապահները, սահմանապահները եւ 102-րդ բազան` որպես կայունացնող գործոն Հարավային Կովկասում» թեմայով, որը մանրամասն կարելի է նայել https://bityl.co/GKTu կարճ հղումով: Նշենք միայն, որ այնտեղ մասնակցել են 5 կուսակցություններ, այդ թվում` ՍԻՄ-ը և ՀՀԿ-ն, ու բազում փորձագետներ:
Իսկ ազերի «բնապահպանները» հասան նրան, որ փակեցին անգամ բուն խաղաղա-պահների տեղաշարժը Բերձորի միջանցքով, և այդտեղ էր եկել Թուրքիայի դեսպանը: Նպատակը սադրիչ է` հրահրել արյուն ռուս զինվորների և «բնապահպանների» միջև և մեծ վայնասունով զորախումբը հեռացնել մինչև 2025-ը: Հատկանշական է, որ ՄԱԿ ԱԽ նիստում նիկոլական վարչախումբը չէր էլ բարձրացրել Ադրբեջանի դեմ կոնկրետ քայլերի պահանջ և բավարարվել էր սոսկ գնահատականի ակնկալիքով, ինչի մասին գրել էր քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը:
Իսկ թե ինչ դեգրադացման է հասցվել Բերձորի միւանցքի կարգավիճակը` գունեղ բառապաշարով ներկայացրել է Արմեն Աշոտյանը. «Հիշում էք, չէ՞, որ հայավարի, հպարտությամբ ու մի քիչ լոպազացած, Լաչինի ազատագրման հետ կապված մի պատմություն էինք պատմում իրար եւ օտարներին, թե ինչպես ՄԱԿ ԱԽ նիստին ֆրանսերեն թարգմանությամբ ստացվել էր, որ հայերը 1992 թվականին գրավել են Չինաստանը: Հիշու՞մ եք, չէ՞: Հավես էր, չէ՞: Հպարտ էիք, չէ՞: Հիշու՞մ եք, չէ՞, որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ Լաչինը մնում էր հայկական (անգամ Ալիեւն էր դա խոստովանել): Դե հիշեցնեմ նաեւ, որ երկու տարի առաջ կապիտուլյանտը գրչի հարվածով Լաչինի շրջանը հանձնեց Ադրբեջանին: Այս տարի բանավոր ու թաքուն պայմանավորվածությամբ Լաչին քաղաքը նվիրեց թշնամուն: Իսկ 30 տարի անց ազգովի ընկած քննարկում ենք նույն ՄԱԿ ԱԽ նիստը Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելու հարցով քննարկումը լավն էր թե չէ: Այսպիսի գեոպոլիտիկ դեգրադացիայի ոչ մի պետություն վերջին տարիներին չի ենթարկվել: Հիրավի, աննախադեպ ենք...»:
Աննախադեպ ենք, որ մինչև հիմա ակնհայտ պետական դավաճանների բոլուկը ոչ միայն բանտերում չի փտում, այլ իշխանության գլուխ է, և դրսում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից: Մի ուրիշ աննախադեպ բան ի ցույց է դրել «Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանը, վերլուծելով հնդկական սպառազինություն ձեռք բերելու` այդքան «փիարված» պատմությունը: Մասնավորապես. «Եթե ՀԱՊԿ-ը առաջարկում էր Հայաստանին ռազմա-տեխնիկական աջակցություն՝ այդ թվում սպառազինություն տրամադրել անհապաղ՝ ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակից, ապա ո՞րն է այդ առաջարկը մերժելու և երրորդ երկրից անորոշ ժամկետներում և հսկայական գնով զենք ձեռք բերելու իմաստը, երբ դրանց փաստացի ներմուծման պահին Հայաստանը կարող է կանգնած լինի էլ ավելի մեծ ռազմական ու տարածքային կորուստների կայացած փաստի առջև:
Շատերի ուշադրությունից վրիպեց, որ ՌԴ ամենամոտ դաշնակիցը համարվող Բելառուսը միայն վերջերս, Ուկրաինայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, հայտարարեց սեփական տարածքում Իսկանդեր համակարգերի տեղակայման մասին»:
Նիկոլն էլ ժեխին կերակրեց «Ես չեմ, ռուսներն են» մուննաթով, լռեցնելով բնական հարցը, թե ինչո՞ւ այս օրերին նույն «իշխանությունները» բազմահազարանոց հավաքներ չեն կազմակերպում, երթեր չեն անում, խլացնում են հայության բողոքի ձայնն ու առավելագույն կոմֆորտ ապահովում Ալիևի համար: Իսկ նրանց էլ, ովքեր փորձում են մի բան անել, ՔՊ-ական վիժվածքները վարկաբեկում են լրիվ թուրքավայել ձևով:
Այո՛, ընթերցող, իրավացի ես` որովհետև սրանք թուրք են:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ