• am
  • ru
  • en
Версия для печати
10.03.2009

«ՆՈՐ ՀԻՆ ԽԱՂ». ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ «ՀԵՏՄԱՅՆԴՈՐՖՅԱՆ» ՇՐՋԱՆՈՒՄ

Руский

   

Սերգեյ Մինասյան

2008թ. նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին հռչակագիր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևի նախաձեռնած հռչակագրի ստորագրումը հիմնականում նպատակ ուներ «ցրել» Արևմուտքում Ռուսաստանի համար Վրաստանի հետ օգոստոսյան պատերազմի քաղաքական-հոգեբանական հետևանքների և Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման բացասական ազդեցությունը: Միևնույն ժամանակ, Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Մոսկովյան (կամ, այլ կերպ, Մայնդորֆյան) հռչակագրի նշանակությունն այն է, որ այն պարզապես ամրագրեց նոր քաղաքական իրականությունը տարածաշրջանում «հնգօրյա պատերազմից» հետո: Դա առաջին հերթին դրսևորվեց Ղարաբաղում մարտական գործողությունների հավանականության զգալի նվազմամբ: 2008թ. վերջին Մոսկովյան հռչակագրի դրույթները հաստատվեցին և լրացվեցին Հելսինկիում դեկտեմբերի 4-5-ը տեղի ունեցած ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որտեղ ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարները կոչ արեցին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում և այսպես կոչված Մադրիդյան առաջարկների հիմքի վրա:

Թեև Մայնդորֆի հռչակագրի ստորագրումից միառժամանակ անց Ի.Ալիևը իտալական թերթերից մեկի հարցազրույցում կրկին հայտարարել էր Ղարաբաղում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստության մասին, պարզ է, որ Ադրբեջանի նախագահը պարզապես «ի պաշտոնե» ասել է այն, ինչ չէր կարող չասել: Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման իրական հնարավորություններ Ադրբեջանը միջնաժամկետ հեռանկարում չունի, և դա գիտակցում են նույնիսկ Բաքվում: Ինչը չի կարելի ասել տեղեկատվական պատերազմ վարելու Ադրբեջանի պատրաստության և հնարավորությունների մասին...

Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես և ցանկացած այլ էթնոքաղաքական հակամարտություն, լուրջ տեղեկատվական պատերազմի առիթ է հանդիսանում հակամարտող կողմերի միջև, որը շարունակվում է արդեն գրեթե երկու տասնամյակ: Ավելին, հակամարտության ռազմական փուլի համեմատական «սառեցվածության» պայմաններում հիմնական դաշտը, որտեղ բախվում են Ադրբեջանի, Հայաստանի և իր` Լեռնային Ղարաբաղի շահերը, և որտեղ շատ բանով անգամ իրականացվում է նրանց «ղարաբաղյան» քաղաքականությունը, հենց տեղեկատվական-քարոզչական ոլորտն է հանդիսանում: Արդյունքում` հակամարտող կողմերն օգտագործում են նույնիսկ տարածաշրջանային զարգացումների հետ կապված նվազագույն առիթները` մասշտաբային տեղեկատվական պատերազմ վարելու իրենց խնդիրները կատարելու համար:

2009թ. սկզբին Հարավային Կովկասում նոր տեղեկատվական-քարոզչական և քաղաքական սկանդալ բորբոքվեց: Առիթ հանդիսացավ ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Հայաստանին են հանձնվում հայկական Գյումրի քաղաքակում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ռազմատեխնիկան և սպառազինությունները: Ադրբեջանական աղբյուրները նույնիսկ նշում էին Հայաստանին փոխանցված սպառազինությունների մոտավոր արժեքը` 800 մլն դոլար, իսկ ինտերնետում հայտնվեց աղյուսակ մանրամասն թվարկմամբ, թե հատկապես ինչ զինատեսակներ են հանձնվել: Ակնհայտ է 1996թ. տխրահռչակ իրադարձությունների և Ռուսաստանի Պետդումայում հանգուցյալ գեներալ Ռոխլինի հայտարարած` Երևանին Մոսկվայի կողմից 1 մլրդ դոլարի «ապօրինի» սպառազինություն տրամադրելու փաստի հետ համեմատություն անցկացնելու փորձը: Այս անգամ Բաքվի մեղադրանքների համար առիթ ծառայեց ադրբեջանական ինտերնետ-գործակալություններից մեկի տրամադրած մի ինչ-որ փաստաթղթի պատճենը` ՌԴ ԶՈւ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի փոխհրամանատարի ստորագրությամբ:

Սկզբից ևեթ նշենք, որ նշյալ փաստաթուղթը, որ գրված է ակնհայտ ու բնութագրական ուղղագրական տառասխալներով, կեղծված լինելու հիմնավորված կասկածներ է հարուցում: Տեքստում կան նաև բազմաթիվ սխալներ և թերություններ, որոնք ակնհայտորեն վկայում են առնվազն հեղինակների պրոֆեսիոնալ գիտելիքների կամ էլ զինվորական կրթության բացակայության մասին: Օրինակ, տեքստում հիշատակվում է մի ինչ-որ «152մմ САУ 1С «Акасия» (Т-55-ի հիմքի վրա): Նախ` հասկանալի է, որ խոսքը ոչ թե «Ակասիա» ինքնագնաց հրետանասարքի (САУ - самоходной артиллерийской установки) մասին է, այլ «Ակացիայի»: Երկրորդ` տեքստում ենթադրվող 152մմ САУ-ն պետք է լինի ոչ թե «1С» , այլ «2С3»: Եվ վերջապես, այն ստեղծվել է ոչ թե Т-55 տանկի հիմքի վրա, այլ «Куб» զենիթահրթիռային համալիրի հատուկ շասսիի, որն, իր հերթին, մշակվել է АСУ-85 օդադեսանտային զորքերի ինքնագնաց հրետանասարքերի հիմքի վրա: Կամ էլ տեքստում հիշատակված 2П25 ինքնագնաց գործարկման սարքը (СПУ - самоходная пусковая установка) մտնում է ոչ թե «Бук» զենիթահրթիռային համալիրի, այլ դրա նախորդի` «Куб»-ի կազմի մեջ, որը մշակվել է դեռևս 1960-ական թթ. վերջին, և այլն, և այլն: Ընդհանուր առմամբ, տեքստում այնքան շատ են նման անճշտությունները, որ արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե փաստաթուղթը «սարքվել» է «տեղեկատվական պատերազմի» ադրբեջանական ակտիվիստների սիրողական մակարդակով:

Բայց բանը բոլորվին էլ այդ փաստաթղթի ավելի քան կասկածելի հավաստիությունը չէ, ուստի հոդվածը չենք ծանրաբեռնի ռազմատեխնիկական մանրամասներով ու տերմինաբանությամբ: Հասկանալի է, որ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել և տրամադրում է սպառազինություն և ռազմատեխնիկա (ՍՌՏ), բայց ոչ այնպիսի քանակությամբ, ինչպիսին նշված է ադրբեջանական աղբյուրներում: ՍՌՏ-ն Ռուսաստանի կողմից տրամադրվում կամ վաճառվում է Հայաստանին շատ ավելի մեծ ծավալներով և ոչ միայն այն անվանացանկով, ինչ նշված է ադրբեջանական լրագրողների ներկայացրած աղյուսակում: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ակտիվորեն զարգանում է երկու երկրների երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը, Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական ռազմակայան: Ուստի, որևէ նոր կամ արտասովոր, առավել ևս` «ապօրինի» բան չկա նրանում, որ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում և ՀԱՊԿ գծով Ռուսաստանի գործընկերներին արտոնյալ կարգով ռուսական սպառազինություններ մատակարարելու հաշվառմամբ Մոսկվան որոշակի քանակությամբ ՍՌՏ է տրամադրում նաև Հայաստանին (որը ներկայում նաև այդ ռազմաքաղաքական կազմակերպության նախագահող երկիրն է):

Չնայած դրան, 2009թ. սկզբին Ադրբեջանում, տեղեկատվա-քարոզչական դաշտում հանկարծ սկսեցին ակտիվորեն «պտտել» թվում է թե շարքային դրվագ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունից: Եվ դա` այն դեպքում, երբ վերջին տարիներին պաշտոնական Բաքուն ինքն է նախաձեռնում սպառազինությունների տարածաշրջանային մրցավազք, սպառնում է իր բազմամիլիարդանոց ռազմական բյուջեով, փորձում շանտաժի ենթարկել Հայաստանին և Ղարաբաղին պատերազմի «շուտափույթ» սկսմամբ և այլն: Ընդ որում` հարկ է հիշեցնել, որ Ադրբեջանն ինքն է ռուսական սպառազինությունների ակտիվ գնորդներից մեկը: Կոնվենցիոնալ սպառազինությունների ՄԱԿ գրանցամատյանի տեղեկություններով` միայն 2007թ. Ռուսաստանը Բաքվին մատակարարել է փաստորեն երկու տանկային գումարտակային համակազմ` 62 տանկ, ինչպես նաև 4 БТР1: Ադրբեջանը վերջին տարիներին ակտիվորեն ավելացնում է իր տանկերի լրակազմը նաև Ուկրաինայի և Բելառուսի հաշվին: Միայն բաց աղբյուրների տվյալների համաձայն` 2004-2007թթ. Բաքուն այդ երեք հետխորհրդային հանրապետություններից գնել է 167 տանկ, տասնյակ БМП և БТР, մարտական ինքնաթիռներ և այլ սպառազինություն: Ուկրաինայում Ադրբեջանը գնել է տարբեր տրամաչափի ավելի քան 160 հրետանային համակարգ, այդ թվում և 12 300մմ «Սմերչ», ինչպես նաև «Точка-У» տակտիկական հրթիռային համալիրներ և «Пион» ծանր 203մմ САУ 2С7: 2008թ. աշնանը ստորագրված մոտ 36 մլն դոլար արժողության պայմանագրի համաձայն` «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունը մինչև տարեվերջ Ադրբեջանին լրացուցիչ կմատակարարի Т-72 46 տանկ և 3 զենիթահրթիռային «Бук-М1»2 համալիր: Ադրբեջանը հրթիռային համակարգեր, անօդաչու ինքնաթիռներ և այլ սպառազինություն է գնում նաև Իսրայելից, Պակիստանից և այլ երկրներից: Ո՞րն է, ուրեմն, պատճառը, որ ակտիվորեն սպառազինվող Ադրբեջանն այսքան արտասովոր պատրաստակամությամբ զարկ է տվել տեղեկատվական պատերազմին` հիշատակելով Հայաստանին ռուսական ՍՌՏ մատակարարումների մասին:

Կարծում ենք` տրամաբանական բացատրություններից կարող են լինել Ադրբեջանի ներքին դաշտում ընկած գործոնները: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը բազում տարիներ ցուցադրաբար հնչեցրել է մարտական գործողություններն սկսելու բարձրագոչ հայտարարություններ, և հիմա նրա համար դժվար է բացատրել իր երկրի բնակչությանը, թե ինչու, ուրեմն, Ադրբեջանը, ի վերջո, չի սկսում իր հաղթական պատերազմը «Ղարաբաղի ազատագրության» համար: Եվ այստեղ հանկարծ շատ հարմար պատճառ է հայտնվում Ադրբեջանի կողմից Ղարաբաղում պատերազմն սկսելու անհնարինության ներհասարակական «լեգիտիմացման» համար. «ռուսները կրկին այնքան զենք են տվել հայերին, որ մենք նորից չենք կարող սկսել պատերազմը»:

Սակայն որքանո՞վ է ընդհանրապես նպատակահարմար իրենց իսկ` ադրբեջանական իշխանությունների համար կրկին Ռուսաստանով վախեցնել առանց այդ էլ օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո վախեցած իր բնակչությանը: Մի կողմից` Ադրբեջանի իշխանությունները ռևանշի տրամադրություններ են հրահրում երկրի բնակչության շրջանում, իսկ մյուս կողմից` նրան վախեցնում են ռուս-հայկական ռազմական համագործակցությամբ: Գուցե, սակայն, դա մասամբ արդարացված է, չէ՞ որ հայ հայտնի քաղաքական վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի խոսքերով` «Բաքվում սխալվում են, երբ կարծում են, թե Հայաստանին սպառազինությունների տարածաշրջանային մրցավազք են պարտադրում. ռազմականացման շարունակման պարագայում Ադրբեջանը ստիպված կլինի սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի հետ»:

Ընդ որում` հասկանալի է, որ մարտական գործողությունների վերսկսման նվազած հավանականությունը, հակամարտության գոտում ռազմական զուգակշռությունը փոխելու Բաքվի անկարողությունից բացի, առաջ է եկել առաջին հերթին Հարավային Կովկասում փոփոխված տարածաշրջանային համատեքստով` օգոստոսյան «հնգօրյա պատերազմից» և 2008թ. նոյեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ Մոսկվայի «Երեք նախագահների հռչակագրի» ստորագրումից հետո, որն էլ ամրագրել է այդ նոր ստատուս քվոն: Պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի հանրային ընկալման մեջ «ռուսական սպառնալիքի» վերակենդանացումը, Բաքվում Վրաստանի համար (նույնպես նախկին «մետրոպոլիա») անհաջող` Հարավային Օսիան վերադարձնելու ռազմական գործողության արդյունքների գնահատումը և հատկապես նավթի գների կտրուկ անկման գործոնը3:

Ադրբեջանի համար, որի ծախսերի 70%-ը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվում է էներգառեսուրսների վաճառքի հաշվին, դա նրա ռազմաքաղաքական ղեկավարության սթափման շատ էական գործոն է: Ի դեպ, 2009թ. բյուջեում 2003-ից ի վեր առաջին անգամ հայտարարվել է ռազմական ծախսերի նվազագույնը 10% կրճատման մասին` կապված նավթի գների կտրուկ անկման հետ: Եվ սա` առանց 2009թ. Ադրբեջանի բյուջեի պլանավորված սիկվեստրի հաշվառման, քանի որ այն հաստատվել է անցյալ տարվա աշնանը, երբ հաշվառվել էր նավթի մեկ բարելը` մոտավորապես 70 դոլար արժեքը: Նկատի ունենալով նավթի գների անկումը և 2012-ից կանխատեսվող կասպյան շելֆի նավթարդյունահանման նվազումը` հույսերը, որ նավթային եկամուտները կաճեն և կկազմեն արդյունավետ ռազմական բարեփոխումների և ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացման ֆինանսական հիմքը, Բաքվի համար անիրական են դառնում:

Ժամանակին մենք նշել ենք այն վտանգի մասին, որ սպասվում է Ադրբեջանին տնտեսական ոլորտում և Ղարաբաղյան հակամարտության նրա վարած քաղաքականությունում` նավթի գների կտրուկ անկման պարագայում4: Սակայն իրականությունը շատ ավելի վատ ստացվեց, քան ամենահոռետեսական կանխատեսումները Ադրբեջանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և նավթի գների անկման խորապատկերին, հատկապես հաշվի առնելով խորացող աշխարհաքաղաքական ռիսկերը կասպյան էներգառեսուրսների փոխադրման հաղորդակցային ուղիների համար:

Վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարության «խաղաղասեր» տրամադրությունների խորացման վրա ազդող մեկ այլ լուրջ խնդիր է այդ երկրի զինված ուժերի հետ կապված օբյեկտիվ իրավիճակը, ինչի մասին նշում են շատ անկախ աղբյուրներ: Օրինակ, 2008թ. հոկտեմբերի 29-ին Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) հրապարակել է «Ադրբեջան. պաշտպանական սեկտորի կառավարումը և բարեփոխումը»5 կարճ վերլուծական զեկույցը (Policy Briefing): Առաջին անգամ երկար տարիներ անց հրապարակվեց զեկույց Ադրբեջանի զինված ուժերի դրության մասին, որը պատրաստել էր հեղինակավոր միջազգային վերլուծական կազմակերպությունը և որը հավակնում էր անկողմնակալ լինել: Զեկույցն առնվազն երկու հիմնական խնդիր էր դրել իր առջև. Ադրբեջանի զինված ուժերի ներկա վիճակի բավական փակ թեմատիկայի ընդհանուր և իրատեսական նկարագրություն: Բնականաբար, զեկույցում հատուկ շեշտադրում էր արված ղարաբաղյան թեմատիկայի և հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման իրատեսության ուսումնասիրման վրա: Զեկույցում հստակ նշվում է, որ պատերազմը Ղարաբաղում ներկայում քիչ հավանական է և ցանկալի չէ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար: ICG զեկույցում նաև ընդգծվում է, որ Ադրբեջանի` գործնականում պատերազմական վիճակում գտնվող զինված ուժերում հատկապես անտանելի են կոռուպցիայի մակարդակը, «դեդովշչինան», բռնությունները սպաների կողմից, վատ են ծառայության պայմանները հատկապես ճակատամերձ և սահմանամերձ զորամասերում: Ուստի, այն զինակոչիկները, ովքեր նման հնարավորություն ունեն, փողով սահմանամերձ զորամասերից տեղափոխվում են թիկունք կամ էլ գերադասում են ծառայել ներքին զորքերում և Ադրբեջանի այլ ռազմականացված կառույցներում: Ելնելով նշվածից` պարզ է դառնում, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններն սկսելու Ադրբեջանի հնարավորությունները, անկախ նրա ղեկավարության բարձրագոչ հայտարարություններից, ներկայում ավելի քան սահմանափակ են6:

Միևնույն ժամանակ, նկատելի է, որ Ադրբեջանը 2009թ. սկզբից փորձում է օգտագործել հայ-ռուսական ռազմական համագործակցության ակտիվացման հերթական առիթը` Արևմուտքում քարոզչական նոր դիվիդենդներ ստանալու համար: Սակայն այստեղ ևս իրավիճակն այնքան էլ հեշտ չէ: Չնայած Արևմուտքում առկա և յուրաքանչյուր անգամ էլ ավելի խորացող սուբյեկտիվ (իսկ երբեմն էլ նույնիսկ իռացիոնալ) հակառուսական ստերեոտիպերին, Ռուսաստանի դաշնակից և ՀԱՊԿ անդամ Հայաստանը երբեք Արևմուտքում չի դիտարկվել որպես կովկասյան տարածաշրջանային քաղաքականության բացառապես ռուսամետ ակտոր: Լեռնային Ղարաբաղը արևմտյան քաղաքական ընտրանու ընկալումներում երբեք մի շարքում կանգնած չի եղել Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի հետ, իսկ Ադրբեջանը երբեք չի դիտարկվել որպես նույնպես բացառապես արևմտամետ պետություն, ինչպես Վրաստանը, և որն էլ, ըստ այդմ արժանի լինի Արևմուտքի աջակցությանը: Եվ բանը բոլորովին էլ միայն ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում հայկական սփյուռքի դերը չէ կամ հայկական արտաքին քաղաքական կոմպլեմենտարիզմի հատուկ արդյունավետությունը, որը փորձում է հավասարակշռվել Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններում: Հարավային Կովկասի գծով լավագույն ռուս մասնագետներից մեկի` Սերգեյ Մարկեդոնովի դիպուկ արտահայտությամբ` «Եթե Աբխազիան և Հարավային Կովկասը Արևմուտքի համար Կրեմլի խամաճիկներն են, ապա ԼՂՀ-ի պատմությունն այլ է: Ոչ բոլորի, բայց շատերի համար դա «փոքրիկ ազատատենչ հանրապետություն է, որը մարտահրավեր է նետել ԽՄԿԿ-ին և կոմունիստական բռնակալությանը»: Ղարաբաղն ընկալվում է որպես հակակոմունիստական ընդվզման մաս: Ի դեպ, Վրաստանի և Մերձբալթիկայի կողքին, թեև դա առաջին հայացքից պարադոքսալ է թվում: Իսկ Արևմուտքում (հատկապես ԱՄՆ-ում) դա լուրջ փաստարկ է»7: Ուստի, մեր կարծիքով, Ադրբեջանի նախաձեռնած տեղեկատվական «բադիկը» Հայաստանին Ռուսաստանի կողմից սպառազինություններ տրամադրելու առիթով Արևմուտքում կունենա բավական սահմանափակ գործնական արդյունք: Չէ՞ որ վաղուց արդեն առկա է հստակ գիտակցումն այն բանի, որ Հարավային Կովկասում Հայաստանը ցանկացած արտաքին հանգամանքների պայմաններում միշտ ավելի «արևմտամետ» կլինի, քան Ադրբեջանը, և միաժամանակ Երևանը Մոսկվայի կողմից կընկալվի որպես շատ ավելի մերձավոր տարածաշրջանային գործընկեր և ռազմաքաղաքական դաշնակից, քան Բաքուն:

Այսպիսով, ի տարբերություն արևմտյան տեղեկատվա-քարոզչական դաշտի, ադրբեջանական իշխանությունները կարող են արդյունավետորեն օգտագործել նշյալ իրադարձությունը միայն Ադրբեջանի ներսում, օրինակ` Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման անհնարինությունն արդարացնելու հետ կապված ներքաղաքական խնդիրները լուծելու համար:

Թվում է, թե մանրուք է, բայց Ադրբեջանի ներքաղաքական կյանքի առանձնահատկությունները հաշվի առնելով` դա բավական կարևոր գործոն է ադրբեջանական իշխանությունների համար:

Հետխորհրդային տարածքում ավտորիտա-դինաստիական ռեժիմները, սեփական բնակչության աչքին արտաքին հարաբերական ամրության ֆոնին, ներքուստ շատ խոցելի են լինում, հատկապես սոցիալական և գաղափարախոսական առումներով: Ղարաբաղյան պրոբլեմատիկան և ադրբեջանական իշխանությունների` Ղարաբաղը ցանկացած միջոցով «վերադարձնելու» վճռականությունը սեփական ժողովրդի աչքին Ի.Ալիևի ռեժիմի լեգիտիմության հիմնական գաղափարախոսական հիմքերից և ռեսուրսներից են: Համապատասխանաբար, Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման անհնարինության պարագայում և ադրբեջանական հասարակության ռևանշիստական տրամադրությունների խորապատկերին երկրի իշխանություններին կենսականորեն անհրաժեշտ են ճշմարտանման և մասշտաբային պատճառներ ներկա վիճակն արդարացնելու համար:

Այս պայմաններում «զինա-տեղեկատվական դեժավյուն»` Հայաստանին ռուսական սպառազինությունների նոր մատակարարումների հիշատակմամբ, չափազանց օգտակար տեղեկատվական զենք է ադրբեջանական իշխող ընտրանու և այդ երկրի իշխանությունների ձեռքին: Այն ավելի հրատապ է դառնում 2009թ. մարտին սպասվող` Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու հանրաքվեի հետ կապված, որոնցով նախատեսվում են Ի.Ալիևի համար երրորդ ժամկետով նախագահ ընտրվելու և, փաստորեն, այդ երկիրը ժառանգական սուլթանության վերածելու հնարավորություններ:

1http://disarmament.un.org/UN_REGISTER.nsf

2Украина поставит Азербайджану очередную партию оружия // http://azertopnews.3dn.ru/news/2008-10-09-476.

3Մանրամասն տե´ս Минасян С. Военно-политические итоги «Пятидневной войны» // 21-й Век (ռուսերեն հրատարակություն), №1 (9), 2009.

4Մանրամասն տե´ս Минасян С., Нефтяной фактор в карабахской стратегии Азербайджана: «ресурс» или «проклятие»? www.noravank.am, 25.04.2008.

5Azerbaijan: Defence Sector Management and Reform // Europe Policy Briefing №50, International Crisis Group.

6Մանրամասն տե´ս Минасян С. Между коррупцией и милитаризацией: новый доклад Международной кризисной группы о реформе оборонного сектора в Азербайджане www.noravank.am, 22.01.2009.

7Маркедонов С., Азербайджан – Россия: новое отталкивание http://www.politcom.ru/article.php?id=7515, 26.01.2009.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր