
ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդի իրավիճակը ծրագրված է անցյալով
Ցանկացած իրավիճակից դուրս գալու ելքի որոնումներին, ըստ երևույթին, պետք է նախորդի բուն իրավիճակի առավելագույն չափով ամբողջական իմաստավորումը և գիտակցումը։ Հակառակ դեպքում, գտնված ելքը կտանի դեպի հերթական փակուղի։
Այս համատեքստում չափազանց կարևոր է գիտակցել, որ ընթացիկ իրավիճակը Հայաստանի համար գալարագծով վերադարձ է դեպի անկախ հանրապետության ստեղծման պահին տիրող իրավիճակ։
Այն ժամանակ քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար ընդունվել են արևմտյան տնտեսության մասին ֆանտաստիկ, ամբողջովին խեղաթյուրված պատկերացումների վրա հիմնված որոշումներ։ Թեև արդեն նման ընդհանրացված մոտեցումը կոպիտ սխալ է։
Հասարակացված, գռեհիկ ծայրահեղականությունը մտածողության մեջ սկզբից ևեթ մերժում է «ոսկե միջինի» որոնումները՝ օտպիմումը պլանավորման և ազատականացման միջև, որոնց ձևերի և համադրման աստիճանն էլ որոշել են տնտեսության բոլոր մոդելների բովանդակությունը։
Չնայած քաղաքական և տնտեսական իշխանափոխություններին՝ ընդհանուր գիծը տնտեսության ոլորտում մնացել է գրեթե անփոփոխ։
Բոլոր քիչ թե շատ նշանակալի փոփոխությունները կապված էին արտաքին քաղաքական գծի և օլիգարխների կազմում տեղ գտած «սրբագրումների» հետ։
Արդյունքում՝ տնտեսության և կադրային քաղաքականության բնագավառներում թաքնված ականներ մնացին, որոնք սպասում էին պայթելու իրենց ժամին։ Մի օր այդ ժամը վրա էր հասնելու, և այն վրա հասավ։ Այդ իմաստով ճգնաժամը ընդամենը դրված ականների դետոնացիան է։
Ճգնաժամից դուրս գալու ուղղությունները. անցյալի հիմնարար սխալների արմատական վերացում
Առաջին հերթին, անհրաժեշտ է ելնել հետևյալից. ճգնաժամն, ըստ էության, արտակարգ իրավիճակ է։ Դա կառավարությանը հոգեբանական և իրավական հիմք պետք է տա ոչ սովորական, արմատական լուծումներ ընդունելու համար։
Ճգնաժամից դուրս գալու ուղղությունները պետք է պայմանավորված լինեն անցյալի հիմնական սխալների վերացման անհրաժեշտությամբ։
Առաջին ուղղությունը կապված է գյուղատնտեսության հետ
Գյուղատնտեսության մանրսեփականատիրական առկա հիմքը դրա զարգացման հիմնական արգելակն է։ Այն թույլ չի տալիս կիրառել տնտեսվարման ժամանակակից, ինտենսիվ ձևերը։
Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած է արմատական բարեփոխումների խիստ անհրաժեշտության առջև, որի նպատակն է տնտեսությունների խոշորացումը՝ դրանց արդյունավետության բարձրացման համար։
Այս հարցում չափազանց կարևոր է սոցիալական ասպեկտը՝ նոր ձևավորվող տնտեսությունների սեփականության ձևը։ Անթույլատրելի է, որ բարեփոխումը հանգեցնի նրան, որ մարդկանց մեծ զանգվածներ հեռանան գյուղատնտեսությունից։
Անհրաժեշտ է մանրակրկիտ, յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունների հաշվառմամբ որոշել տնտեսվարման կոլեկտիվ և անհատական ձևերի օպտիմալ հարաբերակցությունը։
Գյուղատնտեսության բարեփոխման երկրորդ, չափազանց կարևոր ասպեկտը պետք է կապված լինի դրա ենթակառուցվածքի հետ։
Մոտեցման էությունը կարելի է արտահայտել ամրագրված կանոնով. ենթակառուցվածքը գյուղացու համար, այլ ոչ թե հակառակը։ Խոսքը, մասնավորապես, ոռոգման վարձավճարի ձևերի և վճարման կարգի, տեխնիկայի օգտագործման, խորհրդատվությունների մասին է։
Անհրաժեշտ է խիստ վերահսկողություն սահմանել առևտրագնման կառուցվածքների վրա, որպեսզի գների ավելացումը գյուղացուց շուկա ճանապարհին չգերազանցի 15-20 տոկոսը։
Արտահանումը զսպող առանձին, խիստ կարևոր գործոն է նաև սերտիֆիկացումը եվրոպական չափանիշներին համապատասխան։ Լուծման տարբերակներից մեկը կարող է լինել եվրոպական սերտիֆիկացման հայտնի կենտրոնի մասնաճյուղի բացումը։
Գյուղատնտեսության հարցում պետությունը և կուսակցությունը, որը նախարարի պաշտոնին առաջադրում է իր թեկնածուին, պետք է կնքեն պայմանագիր, որը նախատեսում է հստակ գծված բարեփոխումների իրականացումը և կողմերի պատասխանատվության աստիճանը։
Երկրորդ ուղղությունը կապված է հիմնարար գիտության հետ
Բոլոր քիչ թե շատ քաղաքակիրթ երկրներում ընդունված է միանգամայն տրամաբանական կանոն. ճգնաժամային իրավիճակներում դիմել երկրի մտավոր ներուժին։
Ակադեմիական գիտությունը ազգային մտավոր ներուժի կազմակերպված ձևն է։
Այն չի գործադրվել անկախության սկզբում, երբ դրա մակարդակը բավական բարձր էր։
Այսօրվա իրավիճակում գիտության զգալիորեն ցածրացած մակարդակը ոչ մի դեպքում չպետք է այն անտեսելու առիթ կամ պատճառ դառնա։
Կառավարությունն այս իմաստով պետք է հանդես գա որպես կազմակերպող գործոն։
Ստեղծված ճգնաժամային իրավիճակում ակադեմիական ինստիտուտները ոչ մի դեպքում չեն զրկվում իրենց ակադեմիական կարգավիճակից և բազիսային ֆինանսավորումից։
Միաժամանակ, արտակարգ իրավիճակը թելադրում է կիրառական ասպեկտի առավելագույն ինտենսիֆիկացում, բիզնեսի հետ կապերի ձևավորում և ամրապնդում։
Կառավարությունը կարող է յուրաքանչյուր ինստիտուտից՝ իր մասնագիտացմանը համապատասխան, պահանջել խոշոր բիզնեսի հնարավորություններն ընդլայնող գիտատար փոքր արտադրությունների ստեղծման ծրագիր։
Երրորդ ուղղությունը կապված է ռազմավարական սեփականատերերի (մոլիբդեն, պղինձ, քիմիա, էներգետիկա, տրանսպորտ) վրա կառավարության ազդեցության լծակների հետ։
Արտակարգ, սոցիալապես վտանգավոր իրավիճակի պայմաններում անհրաժեշտ է ունենալ իրավական հիմք՝ կասեցնելու համար սեփականատերերի ռեակցիան բացառապես արտադրությունը կրճատելու ձևով։
Սեփականատերը՝ ի դեմս նշանակված կառավարչի, պետք է կողմնորոշվի դեպի փոխզիջումային լուծումների որոնումը, այդ թվում՝ նոր արտադրությունների ստեղծումը։ Հակառակ պարագայում կառավարությունը պետք է իրեն վերապահի սեփականատիրոջը փոխելու կամ առկա, շուկայականից ցածր գնով հետ գնելու իրավունքը։
Չորրորդ ուղղությունը՝ սոցիալականը, առանցքայինն է։
Որքան էլ տարօրինակ է (իհարկե, առաջին հայացքից), հենց ճգնաժամային իրավիճակում է անհրաժեշտ ուժեղացնել սոցիալական պաշտպանվածությունը։ Հակառակ դեպքում քաղաքացիների դժգոհությունը կարող է դառնալ անվերահսկելի։ Օրինակ, Ռուսաստանում վերջերս որոշում են ընդունել բարձրացնել կենսաթոշակները՝ հասցնելով մինչև ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնին, մեկ տարվա ընթացքում։
Այն իրավիճակում, երբ սոցիալական պաշտպանվածությունը և ինֆլյացիան հակասում են միմյանց, ընտրությունը պետք է կատարել հօգուտ առաջինի, բնականաբար՝ ինֆլյացիան պահելով բանական սահմաններում։
Անհրաժեշտ է կառավարության հովանու ներքո սոցիալական համաձայնության պայմանագիր ձևակերպել, որը կներառի շուկայի խոշոր մենաշնորհատերերի կողմից գների բարձրացման անթույլատրելիությունը։
Հինգերորդ ուղղությունը կապված է բանկային համակարգի ֆինանսական և մտավոր ներուժի ինտենսիֆիկացման հետ
Իմ կարծիքով՝ ճգնաժամը լուրջ կասկածի տակ դրեց կորպորատիվ ֆոնդային շուկայի՝ որպես բիզնես-գործունեության մեջ բնակչության խնայողությունների և ոչ ռեզիդենտների ներդրումների մասնակցության գործիքի, բացառիկությունը։ Ֆոնդային շուկայի մոդելը պետք է կրի որքան հնարավոր է վերահսկելի, սպեկուլյատիվ տատանումները բացառող բնույթ։ Միաժամանակ, անհրաժեշտ է ակտիվացնել ֆոնդային շուկայի այլընտրանքային տարբերակների որոնումը։
Կենտրոնական բանկը ֆինանսական անվտանգության գաղափարախոսության և պրակտիկայի գրեթե մենաշնորհային կենտրոն է հանդիսանում և տնտեսական անվտանգության գաղափարախոսության տեսանկյունից առավելագույն ներուժ ունի։
Բայց դրա համար Կենտրոնական բանկը պետք է դառնա կառավարության լիարժեք, անկախ գործընկերը՝ տնտեսական վերլուծության լիարժեք ներուժի առկայության առումով։
Եվ վերջում կուզեի նշել հետևյալը։ Մամուլում հաճախ խոսվում է այն մասին, որ ճգնաժամը կարող է նաև նպաստավոր լինել։ Դա, իհարկե, այդպես է, սակայն միայն այն դեպքում, եթե՝ հաշվի առնելով ծայրահեղ իրավիճակը, արագ և արդյունավետ կերպով վերացվեն անցյալի հիմնարար սխալները։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՆՐԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷԼԻՏԱ[28.07.2009]
- ԷՖԵԿՏԻՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ [27.05.2009]