• am
  • ru
  • en
Версия для печати
06.12.2022

«ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ» ԿՏԱՆԻ՞ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՄ Ի՞ՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ԼԱՎՐՈՎԸ

   

Ամսվա առաջին օրը, Բաքվից եւ Թբիլիսիից հետո, նաեւ Երեւան այցելեց ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը: «Դեկտեմբերի 1-4-ն իր այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին՝ ուղղված կայուն խաղաղության հասնելուն»,- այցի օրակարգի հետ կապված հայտնեց ԱՄՆ դեսպանատունը:

ԻՆՉ ԷՐ ՌԻՔԵՐԸ 4 ՕՐ ԿՈՐՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Էս ծանր օրերին, երբ ողջ աշխարհն իրար է խառնվել, ամերիկյան բարձրաստիճան դիվանագետը 4 օր ի՞նչ էր կորցրել Հայաստանում: Այցի օրակարգը, որը ներկայացրել էր ԱՄՆ դեսպանատունը, առնվազն տարակուսանքների տեղիք է տալիս: Եթե նպատակը միայն «հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին Միացյալ Նահանգների աջակցության քննար-կումն էր», ապա դա մեկ օրից ավել պետք է որ չտեւեր: Հաշված թվով մարդիկ են Հայաստանում այդ հարցով զբաղվում, ընդ որում՝ խիստ գաղտնիության պայմաններում: Ընդ որում, երկու-երեք պաշտոնյա կա, որի հետ Ռիքերը կարող է կոնկրետ բան քննարկել, եւ դա մեկ, հազիվ մեկուկես օր տեւեր: Այսինքն, ամերիկացի պաշտոնյան ներկայացված օրակարգը պետք է որ սպառեր արդեն դեկտեմբերի 2-ին եւ գնար: Բայց չէ, նա այստեղ էր եւս 2 օր, ու պարզ հարց է ծագում՝ ինչո՞վ էր զբաղ-ված: Հասկացանք, այդ երկու օրն էլ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլոց հետ» էր հանդիպում: Բայց հենց սա է «ամենաանհասկանալին». քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն եւ այլք ի՞նչ կապ ունեն հայ-ադրբեջանական բանակցային գերգաղտնի գործընթացի հետ: Եթե տեղեկացված են, ապա հարց է ծագում, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ հիմնականում ամերիկյան փողերով սնվող «քաղաքացիական հասարակության ներկայա-ցուցիչներ» կոչվածը բանակցային գործընթացի մեջ է, իսկ ողջ հայ ժողովուրդը՝ բանից բեխաբար: Իսկ եթե տեղյակ չէ, Ռի-քերի ի՞նչ գործն է՝ նրանց հետ նման հարցեր քննարկելը:

Կարելի է նաեւ այսպես նայել. միգուցե «քաղաքացիական հասարակությունը» բանակցություններից իրոք տեղյակ չէ (դա ամենահավանական տարբերակն է), եւ նրանց հետ Ռիքերը բոլորովին այլ հարցե՞ր է քննարկել: Այդ դեպքում ի՞նչ, նաեւ՝ ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունը ամերիկյան բարձրաստիճան դիվանագետի այցի սխալ օրակարգ ներկայացնում:

Այս բոլոր հարցերից շատ բան կարելի է կռահել: Եթե դեսպանատան նկարագրածի պես՝ Ռիքերն այդքան երկար էր Հա-յաստանում եւ ունենում էր հրապարակավ ներկայացման ոչ ենթակա հանդիպումների շարք, ապա դրանց իմաստը միայն հետեւյալը կարող է լինել: Այսպես, արդեն ակնհայտ է, որ ԱՄՆ-ի նախաձեռնած «Բրյուսելի ձեւաչափը» հայտնվել է տեղապտույտի մեջ, այդ թվում՝ դեկտեմբերի 7-ին կայանալիք Ալիեի եւ Նիկոլի հանդիպումը, չնայած ամերիկացիների ջանքերին, կարծես թե այդպես էլ չի կայանալու: Եթե այդպես է, կնշանակի, որ Ռիքերի այցը Բաքու չազդեց իրավիճակի վրա: Հաշվի առնելով նաեւ, որ դրան հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարարի այցը Մոսկվա: Միաժամանակ, թեեւ նիկոլյան թեւը հա-մառորեն պնդում էր, թե ամեն բան անում է, որ Ալիեւի հետ այդ հանդիպումը կայանա, սակայն այն տպավորությունն է, որ իրականում Նիկոլն Ալիեւի հետ միասին «պասերով» աշխատեցին դրա ձախողման ուղղությամբ: Ամեն դեպքում, միայն այն, որ Նիկոլը համառորեն առաջ էր տանում հանդիպմանը Մակրոնի մասնակցության հարցը, թերեւս քաջ գիտակցելով, որ դա Ալիեւի համար հանդիպումից հրաժարվելու պատրվակ է, հենց այդ մասին է ակնարկում: Ընդ որում, Բաքվում Ռիքերը սկսեց զարգացնել «հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունների» թեզը, իսկ «ուղիղ բանակցություն» ասվածը ենթադրում է, որ ոչ մի Մակրոն էլ պետք է չլինի: Այն, որ նույն թեզը նաեւ Հայաստանում ամերիկյան դեսպանատան հաղորդագ-րության մեջ էր, նշանակում է, որ դա դարձել է ամերիկացիների համար քաղաքական ուղղվածություն: Չնայած դրան, երբ Նիկոլի հետ հանդիպմանը չհետեւեց հայտարարություն, թե նա պատրաստ է առանց Մակրոնի մասնակցության հանդիպման, հուշում է, որ «ուղիղ բանակցությունների» այդ թեզին Նիկոլին ուղղորդել չի ստացվում: Այսինքն, որ Ռիքերին չի հաջողվում «Բրյուսելյան ձեւաչափը» տեղապտույտից հանել: Իսկ այդ դեպքում, թերեւս, պետք է «քաղաքացիական հասարակությանը» գործի դնել, որ սկսեն գործընթաց՝ կա՛մ Նիկոլին ճնշելու (եթե նա չի ցանկանում), կա՛մ՝ օգնելու (եթե չի կարողանում) համար, որ փորձեն փոխել իրավիճակը: Այսինքն, մնում է ենթադրել, որ Հայաստանում անցկացրած հավելյալ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլոց հետ» հանդիպումներով Ռիքերը հենց այդ նոր խաղն էր փորձում կառուցել:

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բայց նաեւ ասել, թե Բաքու Ռիքերի այցը իրոք ձախողված էր, կարող է սխալ լինել: Միգուցե իրոք «Բրյուսելի գործըն-թացը» տեղապտույտից հանել չի ստացվում: Սակայն դա ամենեւին էլ միակ միջոցը չէ, որով Վաշինգտոնը կարող է հայ-ադրբեջանական խաղի միջոցով իր դիրքերն ամրացնել Հարավային Կովկասում: Օրինակ, եթե Ալիեւը որոշի՝ բանակցելու փոխարեն գրոհել Սյունիքը եւ փակել Լաչինի միջանցքը, դա կարող է Վաշինգտոնի համար էլ ավելի լավ սցենար դառնալ, քան այդպես էլ արդյունք չբերող բանակցային գործընթացը:

Այս տեսանկյունից արդյոք պատահակա՞ն էր, որ դեռ Ռիքերը ոտքը Հայաստանից չքաշած, ազերի «բնապահպանները» դուրս եկան «Լաչինի միջանցք»՝ չգիտես ինչ «բնապահպանական» հարցեր լուծելու համար: Ու թարսի պես հենց այն պահին, երբ Բայրամովը պատրաստվում էր մեկնել Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպելու: Այն, որ այդ ակցիայով Բաքուն փոր-ձում էր Մոսկվային «ատամ ցույց տալ», դժվար չէ նկատել:

Բայց մյուս կողմից էլ ռուսները չհապաղեցին, ու արագորեն ճանապարհը բացվեց: Թերեւս, սրանով էլ Մոսկվան ցույց տվեց, որ այդ ուղղությունն ուշադրության կենտրոնում է: Առավել եւս, երբ դրան հաջորդեց մեկ այլ ցուցադրական քայլ: Այսպես, այս օրերին Հայաստանում էր ՌԴ նախագահի աշխատակազմի պատվիրակությունը՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորությամբ: Պատվիրակությունը, ի թիվս այլ միջոցառումների, Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղեկցությամբ այցելեց նաեւ Սյունիք: Ճիշտ է, պաշտոնապես այցը ներկայացվեց որպես ճանաչողական՝ մարզի հետ կրթական, մշակութային, գիտատեխնիկական, միջռեգիոնալ կապերի ամրապնդման եւ հետագա համագործակցության թեքումով: Սակայն նման «անմեղ» ծրագրերի տակ արդեն իսկ լուրջ մեսիջ կա: Նախ, հասկանալի է, որ ՌԴ նախագահի «ադմինիստրացիան» հենց այնպես չէր ընտրել Սյունիքի մարզը: Իսկ այդ ծրագրերով, որոնք սովորական իրավիճակում ավելի համապատասխան կլինեին, ասենք, ՌԴ մշակույթի նախարարությանը եւ ոչ թե նախագահի «ադմինիստրացիային», պարզապես հենց Պուտի-նի անունից ի ցույց դրվեց, որ ՌԴ-ն Սյունիքում ծրագրեր ունի: Հումանիտար, մշակութային, թե ինչ, դա չէ էականը, այլ բուն փաստը՝ ծրագրեր ունի: Իսկ այդ ծրագրերի իրականացման համար, հասկանալի է, որ թիվ 1 պայման է՝ Սյունիքն այս տեսքով պետք է գոյություն ունենա. ահա բուն մեսիջը՝ ուղղված ոչ միայն Բաքվին, այլ՝ նաեւ Վաշինգտոնին եւ, միգուցե, Նիկոլին:

Սա մոտավորապես նույն կարգի մեսիջ էր, ինչ Սյունիքում Իրանի հյուպատոսարանի գործարկումը: Դրանով եւս Թեհրանը փաստացի շեշտեց, թե Սյունիքի ներկա կարգավիճակը պետք է անկախ ամեն ինչից պահպանվի, եւ հիմա նույն բանը ներկայացվեց նաեւ Պուտինի անունից: Այսինքն, այստեղ կարելի է տեսնել նաեւ ՌԴ-Իրան դաշինքային ընդհանուր մեսիջ: Թե ինչ քայլերի կգնա Ադրբեջանը, այս առումով կարող է որոշիչ դառնալ Լավրով-Բայրամով երեկվա հանդիպումը, թեեւ դրա կուլուարային դետալները դեռ հասկանալ է պետք:

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԼԱՎՐՈՎԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ՝ ԲԱՅՐԱՄՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇԵՄԻՆ

Նկատենք, որ հազիվ թե պատահական էր, որ Լավրով-Բայրամով հանդիպման շեմին նկատված այս բոլոր զարգացում-ներին զուգահեռ, նաեւ մեկ այլ ուշագրավ դրվագ արձանագրվեց: Այն է, Լավրովը բացեց բանակցային մի շարք գաղտնիքներ, որոնք գալիս են հաստատելու, որ Նիկոլը հերթական անգամ «փափուկ բարձ է դրել» հայ ժողովրդի գլխի տակ:

Նախ, Լավրովը ընդգծեց, որ հենց Նիկոլն է առաջ տարել կարգավիճակի փոխարեն Արցախի բնակչության անվտանգա-յին հարցեր լուծելու սկզբունքը: Ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ դա տանում է Արցախից հրաժարվելուն, քանիցս ընդգծելու առիթ ունեցել ենք, որ Բաքուն պարզապես կխոստանա, որ պաշտպանում է արցախահայության բոլոր իրավունքները, ինչ-պես իր սեփական քաղաքացիներինը, եւ դրա դեմ արդեն ասելիք չի լինի: Ու հիմա, ինչպես ցույց տվեց Լավրովը, դա արդեն փաստ է:

Հաջորդը, ինչքան էլ Նիկոլն այսօր խոսում է «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակի մասին, որտեղ, ինչպես հերթական անգամ ընդգծեց Լավրովը, ներկայացված է Արցախի կարգավիճակի որոշման հետաձգման գաղափարը, բայց ահա Սոչիի վերջին հանդիպմանը բոլորովին այլ կերպ է իրեն դրսեւորել: Ըստ Լավրովի. «Սոչիում հոկտեմբերի վերջին մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին եւ հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ առաջ գնալ այն ջենթլմենական համաձայնության հիման վրա, ըստ որի, պետք է բոլոր հարցերը կարգավորել, իսկ կարգավիճակը թողնել հետոյին: Բայց երբ նրանք եկան Սոչի, Փաշինյանն ու Ալիեւը Պրահայից բերեցին այդ փաստաթուղթը, որում ասվում էր, որ նրանք ուզում են խաղաղության պայմանագիր կնքել` ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»: Իսկ Ալմա-Աթայի հռչակագիրն առանց վերապահումների ընդունումը, ըստ Լավրովի գնահատման, ոչ այլ ինչ է, քան Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստ:

Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի հռչակագրի հետ կապված այդ տրյուկից հետո Նիկոլի հայտարարությանը, թե Երեւանը կողմ է ԼՂ հարցով ռուսական կողմի առաջարկներին, Լավրովը գնահատեց այսպես. «Երբ Պրահայի փաստաթղթի ստորագ-րումից հետո, որտեղ հղում է արվում Ալմա-Աթայի հռչակագրին`առանց որեւէ վերապահման, հայկական կողմը մեզ ասում է` թող Ռուսաստանը հաստատի Ղարաբաղի կարգավիճակի հարցով առաջարկները, դա փոքր-ինչ բանակցություններ վարելու օպերայից չէ, այլ ուրիշ օպերայից է»:

Այսինքն, եթե Ալիեւն այս գարնանն ընդունում էր Մոսկվայի առաջարկը՝ հետաձգված կարգավիճակի առումով, ապա արդեն Սոչիում նա դրան դեմ գնաց: Թե ինչո՞ւ, դժվար չէ հասկանալ. այն խաղերից հետո, որոնք Նիկոլը տվեց Բրյուսելում, Ալիեւի ինչի՞ն էր պետք զիջումների գնալ:

Բայց նաեւ հասկանալ է պետք Լավրովի խոսքը «այլ օպերայի» մասին: Այսինքն, Լավրովն ուզում է ասել, թե Նիկոլը փորձել է ռուսական կողմին համոզել, թե ինքը «կթռնի՞» Ալմա-Աթայի հռչակագրի տարբերակից, եթե ռուսական կողմը շարունակի առաջ տանել իր «խաղաղության պայմանագրի» տարբերակը: Եվ եթե դա «դա փոքր-ինչ բանակցություններ վարելու օպերայից չէ», այսինքն՝ այդ խաղը բանակցային գործընթացով լուծելու ենթակա չէ, ուրեմն ո՞ր գործընթացով է ենթակա: Չէ՞ որ, խոշոր հաշվով, ըստ Լավրովի՝ կա նաեւ «ուրիշ օպերա»:

Վերջապես, ինչո՞ւ նա որոշեց Բայրամովի այցի շեմին պատմել ինչպես այն մասին, որ Ալիեւը դեռ գարնանը համաձայն էր հետաձգված կարգավիճակի գաղափարի հետ, այնպես էլ Նիկոլն իր իսկ ձեռքով այդ գործընթացը հասցրեց ձախողման, իսկ հիմա էլ փորձում է ռուսների միջոցով ինչ-որ նոր խաղի գնալ:

Լավրովի այս ամբողջ ելույթի մեջ մեկ այլ ընդգծված տեսլական էլ կար, որը թույլ տալիս է հասկանալ, թե նա ուր է տա-նում միտքը: Այն է՝ այս ողջ կաշան սարքեց Արեւմուտքը, ընդ որում՝ փորձելով ռուսներից գողանալ նրանց ձեռքբերումները հայ-ադրբեջանական ուղղությամբ: Այս ամենով Լավրովը պարզ ակնարկեց, որ խնդրին պետք է նայել նաեւ ոչ թե ընդամենը հայ-ադրբեջանական, այլ՝ Արեւմուտքի հետ ռուսական հակամարտության դիրքերից: Իսկ այդ տեսանկյունից, Մոսկվայի համար առաջնայինը ոչ թե այն է, թե ինչ են ստորագրել կամ պայմանավորվել Նիկոլն ու Ալիեւը Պրահայում՝ Մակրոնի ու Շառլ Միշելի քավորությամբ, այլ թե Արեւմուտքի հետ իր պայքարում ո՞րն է սեփական շահը:

Կարճ ասած, «ուրիշ օպերա» այս ուղղությամբ կա, դա հենց Մոսկվայի սեփական շահն է, եւ այդ կտրվածքով՝ Ալիեւի եւ Նիկոլի խաղերն արդեն երկրորդ պլանում են: Ընդ որում, ակնհայտորեն դա հասցեագրված էր Բայրամովին, այսինքն, որ հաշվի առնի այդ նյուանսները, երբ կժամանի Մոսկվա:

Ու այս համատեքստում, չմոռանանք, որ «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակն օրակարգից հանելու մասին խոսք անգամ չի եղել, անկախ Նիկոլի հիշատակված «շուստրիությունից»: Ռուսաստանի շահն է պահանջում, որ հենց այդ տարբերակն անցնի, եւ փաստը, որ բառացիորեն օրերս լուրջ եղավ, որ ՌԴ ներկայացուցիչը Բաքվում այդ փաստաթղթի հետ կապված հերթական քննարկումներն է անցկացնում, հաստատում է, որ փաստաթուղթը եղել եւ մնում է գործնական օրակարգում:

Վերջապես, Լավրովը հազիվ թե պատահական խոսեց ԽՍՀՄ-ի ժամանակներում, թեկուզեւ Ադրբեջանի կազմում, սա-կայն Ղարաբաղի ունեցած կարգավիճակի մասին: Կար ԼՂԻՄ, ուներ իր սահմանները, անվտանգության ապահովվածությունը եւ այլն: Այսինքն, եթե հիմա օրակարգ են բերում Ալմա-Աթայի հռչակագիրը, թող ոչ մեկը չմոռանա Արցախի այդ կարգավիճակի մասին, ընդ որում՝ Շուշիով եւ Հադրութով հանդերձ:

Այսինքն, եթե ենթադրենք, որ այս եւ նույն կարգի մի շարք այլ նրբերանգներ, որոնք էություն են փոխում, դրվել են Լավրովի եւ Բայրամովի բանակցային սեղանին, թերեւս չենք սխալվի: Եվ ոչ միայն նրանց. երեկ Ալիեւն ընդունեց նաեւ Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լեւիտինին, այսինքն՝ ինչ-որ ակտիվ բանակցային եռուզեռի մասին է խոսքը:

Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա դեռ որեւէ հոդաբաշխ արձագանք Լավրովի հայտարարությունների հետ կապված չի լսվել: Թեեւ Լավրովը նաեւ Բայրամովի հետ երեկվա ասուլիսում հայտարարեց նույն բանը, որ Նիկոլն ու Ալիեւն իրարար ձեռք-ձեռքի տված են Պուտինին ներկաայցրել Ալմա-Աթայի հռչակագրի հետ կապված ավանտյուրան:

Միայն այստեղ կա մեկ էական հարց. Արցախի բնակչությունը դեմ է Ադրբեջանի կազմ մտնելուն, անկախ Նիկոլի եւ Ալիեւի համատեղ ցանկություններից: Նույն արցախահայությունն էլ պաշտպանության համար դիմել է Մոսկվային: Կարճ ասած, Արցախի կարգավիճակի հարցի հետ կապված հենց Մոսկվայի դիրքորոշումն է որոշիչը:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ