• am
  • ru
  • en
Версия для печати
30.11.2022

ՊՈՒՏԻՆԻ ՆՈՐ «ԽՈՐԱՄԱՆԿ ԾՐԱԳԻ՞ՐԸ», ԹԵ՞ ԷՐԴՈՂԱՆԸ «ԿՈՆՏՐՈԼԻՑ» ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ

   

Նախօրեին Թուրքիայի էրդողանական թեւի որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով պաշտոնյաներին, թե թուրքական բանակը գրեթե ավարտել է Սիրիայում ցամաքային գործողության նախապատրաստությունը եւ սպասում է Էրդողանի հրամանին: Սիրիական աղբյուրները եւս հայտնեցին, որ Սիրիայի բանակն էլ իր հերթին է տեղաշարժվել դեպի հյուսիս՝ այն ուղղություններով, որտեղից սպասվում է թուրքերի ներխուժումը: Այսպիսով, տպավորություն է ստեղծվում, որ թուրքական եւ սիրիական ուժերն այսօր-վաղը պատերազմ կսկսեն: Ու հաշվի առնելով, որ Սիրիայում ռուսներն են, դա կարող է հասցնել մինչեւ ՌԴ-Թուրքիա բախման:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Չնայած նկարագրված ֆոնին, ռուս-թուրքական հարաբերություններում ինչ-որ արտառոց սրացումներ չեն երեւում: Ավելին, մի շարք տեղեկացված աղբյուրներ հայտնում են, որ անգամ թուրք-սիրիական ուղղությամբ լուրջ սրացումներ չկան: Ավելին, որ այս օրերին ակտիվորեն նախապատրաստվում է Էրդողանի եւ Ասադի հանդիպումը, այն էլ՝ Մոսկվայում: Ընդ ո-րում, նման հանդիպման մեծ հավանականության մասին օրերս հայտարարեց նաեւ Էրդողանը:

Տարօրինակ պատկեր է նկատվում. մի կողմից բանակները գործնականում իրար դեմ են կանգնած: Իսկ մյուս կողմից՝ Էրդողանը, ով արդեն 10 տարի Ասադի անունն անգամ լսել չի ուզում, պատրաստակամություն է հայտնում հանդիպել նրա հետ եւ լուծել բոլոր հարցերը: Գումարած, այս օրերին Էրդողանը նաեւ աղմկում է, թե ռուսների հետ պայմանավորվել ենք, բայց այդպես էլ ահաբեկիչների խնդիրը չի լուծում: Բայց նաեւ, Ասադի հետ հանդիպման հարցով անցել է ռուսական միջնորդության հարթություն, լավ իմանալով, որ դա ԱՄՆ-ի հետ թշնամության մի նոր ուղղություն է:

Չնայած՝ այս բոլոր տարօրինակությունների բացատրությունը շատ պարզ է: Սիրիա թուրքական դեռ նախորդ ներխուժ-ման փուլում, երբ քրդերից խլեցին Աֆրինի տարածաշրջանը, ինչպես նաեւ Եփրատ գետից արեւելք ընկած Թուրքիայի սահմանամերձ որոշ հատվածներ, Անկարան Մոսկվայի եւ Թեհրանի հետ ձեռք բերեց պայմանավորվածություններ, որ սիրիական բանակը վերահսկողության տակ կվերցնի Եփրատից արեւելք ողջ հատվածը, որը գրավել են քրդերը: Նաեւ, որ քրդական զի-նյալները կզինաթափվեն, թուրքական սահմանը կկայունանա: Սիրիայի քրդական ուժերն այդ պահին ընդունեցին այդ պայմանները: Բայց ահա ամերիկաիսրայելյան «տանիքը» շարունակեց ակտիվորեն զինել նրանց, ու դրան գումարած, նաեւ իրաքյան քրդերին: Զուգահեռաբար, սկսեցին ակտիվացնել նաեւ թուրքական եւ իրանական քրդերին: Եվ ահա, իրանական ներկա «հեղափոխության» փուլում, երբ նաեւ Թուրքիայում սկսեցին խոշոր պայթյուններ արձանագրվել, ակնհայտ դարձավ, որ բուռն ընթացքի մեջ է Մեծ Քուրդիստանի ստեղծման ծրագիրը: Այսպես, Սիրիայում եւ Իրաքում քրդերը բավականին լուրջ ուժի են վերածվել: Իրանում հասել են արդեն կառավարական ուժերի հետ բախման աստիճանի: Իսկ ահա Թուրքիայում գա-լիք գարնանը ընտրություններ են, որտեղ քրդամետ ուժերը Էրդողանին տապալելու լուրջ շանսեր ունեն, եւ եթե դա հաջողվի, ապա Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի հաշվին Մեծ Քուրդիստանի ստեղծման հավանականությունը կաճի ինչպես երբեւէ:

Թե ԱՄՆ-ի եւ նրանից էլ առաջ՝ Իսրայելի ինչին է պետք Քուրդիստան ստեղծելը, այլ թեմա է: Այս պահին էականն այն է, որ նշված երկրներին արդեն գրեթե ժամանակ չի մնում. եթե այս ամիսներին այդ գործընթացը չկարողացան տապալել, եւ վրա հասան թուրքական ընտրությունները, ապա իրավիճակը միանգամից շատ ավելի բարդ կդառնա:

Վերադառնանք Սիրիա ներխուժմանը: Իրականությունն այն է, որ այստեղ թուրքական եւ սիրիական բանակները ոչ թե իրար դեմ են դուրս եկել, այդ դրա անվան տակ կանգնած են տիպիկ ամերիկյան «հեղափոխական»՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) անվանումով քրդական ուժերի երկու կողմում: Այսպիսով, թուրքական բանակը սպառնում է՝ հարձակվել քրդերի վրա եւ նույնիսկ վերջնագիր է ներկայացրել՝ մի քանի առանցքային քաղաքներ հանձնելու մասին: Սիրիական բա-նակը այստեղ է զուգահեռ խնդրի լուծման համար. քրդերը պետք է զինաթափվեն, ինչպես ժամանակին խոստացել են, Դամասկոսի վերահսկողությանը հանձնեն այն բոլոր տարածքները, որոնք տարիներ շարունակ վերահսկում են, այդ թվում՝ Եփրատի արեւելյան ֆոնին՝ նավթային շրջաններով հանդերձ եւ թուրքական սահմանային հատվածը: Այդ դեպքում արդեն մնացած հարցերը կլուծվեն Մոսկվայում՝ Ասադի եւ Էրդողանի հանդիպման ժամանակ:

ԱՄՆ-Ի ՈՒԺԵՐԸ ԵՐԵՎԻ ՉԲԱՎԱԿԱՆԱՑՆԵՆ

Բայց եթե SDF-ը զինաթափվի եւ լուծարվի, սա արդեն ԱՄՆ-ի համար կնշանակի լուրջ պարտություն՝ սիրիական տասնամյա պատերազմում: Բայց ասել, թե իրավիճակը փոխելու հարցում Վաշինգտոնը ռեալ քայլերի հնարավորություն ունի, սխալ կլիներ: Դրա համար պետք է ռազմական լուրջ ուժ, որն այս պահին Վաշինգտոնը հազիվ թե կարողանա ուղարկել Մեր-ձավոր Արեւելք՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ հակամարտությունն արդեն իսկ խլում է ԱՄՆ-ի հիմ-նական ուժերը: Ընդ որում, այս դեպքում ՆԱՏՕ-ից շատ բան սպասել հնարավոր չէ, քանի որ կոնկրետ սիրիական ուղղությամբ Դաշինքի երկրորդ ուժը՝ թուրքական բանակը, հակառակ կողմում է: Փորձ եղավ սպառնալ Սիրիային, թե Իսրայելը կներխուժի: Սակայն այս դեպքում էլ միանգամից արձագանքեց Իրանը՝ խոստանալով դուրս գալ Իսրայելի դեմ: Ամերիկացիները փորձեցին այս մեծ կաշային խառնել Իրանի կրոնական հակառակորդներին՝ արաբական սունի իսլամիստական երկրներին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Սակայն, ինչպես ցույց են տվել վերջին իրադարձությունները, սաուդյան իշխանությունները Բայդենի անունն անգամ լսել չեն ուզում, բայց փոխարենը ամենասերտ, ընկերական հարաբերությունների մեջ են Պուտինի հետ: Ավելին, կան խոսակցություններ, որ Մոսկվայի միջնորդությամբ Իրանն ու Սաուդյան Արաբիան կարող են նստել մեծ բանակցային սեղանի շուրջ, այդ թվում՝ կրոնական հանդուրժողականության խնդրի հետ կապ-ված, եւ եթե նման բան հաջողվի, ապա դա կդառնա պատմական մասշտաբով աննախադեպ երեւույթ: Կարճ ասած, սաուդները հազիվ թե համաձայնեն՝ դառնալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար «կրակից շագանակ հանող»:

Իսկ եթե Վաշինգտոնը չունի ուժային բաղադրիչ, եւ սկսվի քրդերի դեմ արշավանքը, ապա դիմադրելու մեծ շանսեր նրանք չունեն: Հաշվի առնելով, իհարկե, նաեւ այն փաստը, որ Իրանն էլ իր հերթին է մեծ ուժեր կենտրոնացրել իրաքյան Քուրդիստանի սահմաններին, թուրքերի օրինակով վերջնագիր է ներկայացրել, որ զինաթափվեն եւ անցնեն իրաքյան իշխանությունների վերահսկողության տակ:

Ինչ վերաբերում է քրդերին, ապա կարծես թե նրանք էլ են սկսել հասկանալ, որ կոնկրետ ռազմական օգնություն Վաշինգտոնից հազիվ թե ստանան: Արդյունքում, «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Արամ Խաննան նախօրեին հայտարարեց, որ իրենք խնդրել են Ռուսաստանի ներկայացուցիչներին՝ օգնել Սիրիայի կառավարության հետ համաձայնագիր կնքել երկրի հյուսիս-արեւելքում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները պաշտպանելու համար: Ռուսները, իհարկե, կմիջնորդեն: Բայց, թերեւս, հաշվի առնելով նախկին փորձը, երբ քրդերը խոստացան զինաթափվել, սա-կայն ԱՄՆ-ի ազդեցությամբ՝ հրաժարվեցին: Պարզապես այս անգամ, թերեւս, այն տպավորությունն է, որ պետք է շատ արագ պայմանավորվեն, զենքը հանձնեն եւ անցնեն խաղաղ կյանքի, քանի դեռ թուրքերի վերջնագրի ժամկետը չի լրացել: Իսկ մինչ այդ, թուրքերը շարունակում են օդային հարվածները քրդական կենտրոններին:

Ընդ որում, այստեղ, կրկնենք, խնդիրը միայն սիրիական քրդերը չեն: Էրդողանը հայտարարել է նաեւ Իրաք ներխուժելու ծրագրերի մասին, ընդ որում, Իրաքի սահմանին նաեւ Իրանի բանակն է կենտրոնացել: Իրաքում արդեն, ի տարբերություն Սիրիայի, ռուսները դեր չունեն: Ձեւականորեն, այստեղ ամերիկացիների վերահսկողությունն է, սակայն գործնականում դա անգամ չկա: Իսկ Իրաքի ներսում միանգամայն խառը իրավիճակ է, կան մի քանի ուժային կենտրոններ, որոնք իրար հետ հակամարտության մեջ են: Իրանը փորձում է Իրաքում ստեղծել իր վերահսկողությամբ կայուն իշխանական համա-կարգ, սակայն ամերիկյան ազդեցությունը կա, եւ այդպես էլ գործընթացը չի ավարտվում: Թերեւս, հենց այդ խնդիրն է, որ կփորձեն լուծել քրդերի դեմ ճնշումներով, որը կթուլացնի նաեւ ամերիկաիսրայելյան ազդեցությունը:

Ու նորից նույն իրավիճակն է. ԱՄՆ-ն կկարողանա՞ բավարար ուժեր կենտրոնացնել այս ուղղությամբ: Նաեւ հաշվի առ-նելով, որ աչքի առաջ սրվում է նաեւ Չինաստանի հետ հակամարտությունը: Այսինքն, ակնհայտ էր, որ չինական այս վերջին բողոքի ալիքը կազմակերպվել է Արեւմուտքի ուղղակի մասնակցությամբ: Եվ ահա, երեկ դա պաշտոնապես փաստեց նաեւ նախագահ Սին՝ ցուցարարներին անվանելով խաբված մարդիկ, ովքեր ենթարկվել են արեւմտյան երկրների ազդեցությա-նը: Իսկ ընդհանրական իմաստը սա է. արեւմտյան երկրները Չինաստանի որոշակի բնակիչների «խաբել» եւ մղել են հակակառավարական ելույթները: Եվ երբ այդ մասին հայտարարվում է նախագահ Սիի մակարդակով, դա մեկ բան է նշանակում՝ կլինի պատասխան: Զուգահեռաբար, ամերիկյան նավատորմը երեկ մի պահ մտավ չինական ջրերը, որի շուրջ բավականին մեծ աղմուկ առաջացավ: Այս ամենը մեկ բան է նշանակում՝ չին-ամերիկյան սրացումներն արդեն զսպելը դարձել է շատ դժվար: Թե ինչու ամերիկացիները հենց այս պահին գնացին «երկրորդ ճակատով» բախման, կարելի է հասկանալ, սակայն դա այլ թեմա է: Այս պահին, սակայն, փաստը սա է. «երկրորդ ճակատը» գործնականում բացված է, եւ այս ուղղությամբ ա-մերիկացիները պետք է կենտրոնացնեն իրենց հիմնական ուժերը: Մասամբ, ի հաշիվ ուկրաինական ուղղությունը թուլաց-նելու, եւ այստեղ եւս պետք է որ մոտ ժամանակներս լինեն կտրուկ փոփոխություններ: Իսկ ահա Մերձավոր Արեւելքում նման իրավիճակում, կրկնենք, ամերիկյան ուժային բաղադրիչը դժվար թե ավելանա, եւ դա տարածաշրջանի համար կայունության լուրջ հեռանկարներ է առաջ բերել:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ